2013
Ուրիշ աստվածներ չունենաս
Նոյեմբեր 2013


Ուրիշ աստվածներ չունենաս

Մենք ծառայո՞ւմ ենք առաջնահերթություններին կամ աստվածներին այն Աստծո փոխարեն, ում մենք խոստովանում ենք, որ երկրպագում ենք:

Տաս պատվիրանները Քրիստոնեական և հրեական հավատքների հիմնական մասն են հանդիսանում: Տրված լինելով Աստծո կողմից Մովսես մարգարեի միջոցով Իսրայելի որդիներին՝ այս պատվիրաններից առաջին երկուսն ուղղորդում են մեր երկրպագությունն ու առաջնահերթությունները: Առաջինում Տերը պատվիրել է. «Բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս» (Ելից 20.3): Դարեր անց, երբ Հիսուսին հարցրեցին. «Ո՞ր պատուիրանքն է մեծ օրէնքումը», Նա պատասխանեց. «Սիրիր քո Տեր Աստուծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը» (Մատթէոս 22.36–37):

Տաս պատվիրաններից երկրորդը մանրամասնում է ուրիշ աստվածներ չունենալու հրահանգը և նշում է, թե որը պետք է լինի ամենակարևոր առաջնահերթությունը մեր կյանքում որպես Իր զավակներ: «Քեզ համար կուռք չշինես, եւ ոչ վերը երկնքումը՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանութիւնը» (Ելից 20.4): Այնուհետև պատվիրանն ավելացնում է. «Նորանց երկրպագութիւն չանես, և նորանց չպաշտես» (Ելից 20.5): Ավելի քան պարզապես արգելելով երկրպագության նյութական առարկաները՝ սա սահմանում է հիմնական առաջնահերթություն բոլոր ժամանակների համար: Եհովան բացատրում է. «Որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ Աստուած եմ, … կողորմեմ նորանց, … որ սիրում են ինձ եւ իմ պատուիրանքները պահում» (Ելից 20.5–6): Նախանձոտ բառի իմաստը բացահայտվում է: Դրա եբրայերեն ծագումը նշանակում է «նուրբ և խորը զգացմունքներ ունեցող» (Ելից 20.5, ծանոթագրություն բ): Ուստի, մենք վիրավորում ենք Աստծուն, երբ «ծառայում» ենք այլ աստվածների՝ սահմանելով այլ առաջնահերթություններ:1

I.

Աստծո փոխարեն ի՞նչ այլ առաջնահերթությունների են մարդիկ «ծառայում», նույնիսկ կրոնասեր մարդիկ, մեր օրերում: Մտածեք այս հավանականությունների մասին, որոնք ընդունված են մեր աշխարհում.

  • Մշակութային և ընտանեկան ավանդույթներ

  • Քաղաքական բարեկրթություն

  • Կարիերայի ձգտումներ

  • Նյութական կարողություններ

  • Ժամանցի հետապնդումներ

  • Իշխանություն, հանրաճանաչություն, հեղինակություն

Եթե այս օրինակներից ոչ մեկը չի վերաբերում մեզանից որևէ մեկին, գուցե մենք կարող ենք առաջարկել այլ օրինակներ, որոնք վերաբերում են: Սկզբունքն ավելի կարևոր է, քան անհատական օրինակները: Սկզբունքն այն չէ, թե արդյոք մենք ունենք այլ առաջնահերթություններ: Երկրորդ պատվիրանի առաջադրած հարցն է՝ «Ո՞րն է մեր ամենակարևոր առաջնահերթությունը»: Մենք ծառայո՞ւմ ենք առաջնահերթություններին կամ աստվածներին այն Աստծո փոխարեն, ում մենք խոստովանում ենք, որ երկրպագում ենք: Մի՞թե մենք մոռացել ենք հետևել Փրկչին, ով ուսուցանում էր, որ եթե մենք սիրում ենք Նրան, մենք կպահենք Նրա պատվիրանները (տես Յովհաննէս 14.15): Եթե այդպես է, ապա մեր առաջնահերթությունները սխալ ուղղության վրա են դրված մեր օրերում սովորական դարձած հոգևոր անտարբերության և անկառավարելի ցանկությունների պատճառով:

II.

Վերջին Օրերի Սրբերի համար Աստծո պատվիրանները հիմնված են և անբաժանելի են Աստծո ծրագրից՝ փրկության մեծ ծրագրից, որն ունի Իր զավակների համար: Այս ծրագիրը, որը երբեմն կոչվում է «երջանկության մեծ ծրագիր» (Ալմա 42.8), բացատրում է մեր ծագումն ու ճակատագիրը որպես Աստծո զավակներ. որտեղից ենք գալիս, ինչու ենք այստեղ և ուր ենք գնում: Փրկության ծրագիրը բացատրում է արարման նպատակը և մահկանացու կյանքի պայմանները՝ ներառյալ Աստծո պատվիրանները, Փրկչի անհրաժեշտությունը և մահկանացու և հավերժական ընտանիքների էական դերը: Եթե մենք՝ Վերջին Օրերի Սրբերս, ում տրված է այս գիտելիքը, չենք հիմնում մեր առաջնահերթությունները համաձայն այս ծրագրի, մենք այլ աստվածների ծառայելու վտանգի մեջ ենք:

Իր զավակների մասին Աստծո ծրագրի իմացությունը Վերջին Օրերի Սրբերին տալիս է ամուսնության և ընտանիքի յուրահատուկ հեռանկար: Մեզ ճշմարտացիորեն ճանաչում են որպես ընտանիքակենտրոն եկեղեցի: Մեր աստվածաբանությունը սկսվում է երկնային ծնողներով, և մեր մեծագույն ձգտումն է հասնել հավերժական վեհացման լրիվությանը: Մենք գիտենք, որ սա հնարավոր է միայն ընտանեկան հարաբերությամբ: Մենք գիտենք, որ տղամարդու և կնոջ ամուսնությունն անհրաժեշտ է Աստծո ծրագրի իրականացման համար: Միայն այս ամուսնությունը կապահովի մահկանացու ծննդի համար հավանության արժանացած միջավայր և ընտանիքի անդամներին կնախապատրաստի հավերժական կյանքի համար: Մենք համարում ենք ամուսնությունը և երեխաների ծնումն ու սնումը որպես Աստծո ծրագրի մաս և որպես սրբազան պարտականություն նրանց համար, ում տրված է այս հնարավորությունը: Մենք հավատում ենք, որ երկրի և երկնքի ամենամեծ գանձերը մեր երեխաներն ու մեր սերունդներն են:

III.

Ընտանիքի հավերժական դերի հեռանկարն ունենալով՝ մենք վշտանում ենք շատ արևմտյան երկրներում ծնունդների և ամուսնությունների թվի կտրուկ նվազման պատճառով, ում պատմական մշակույթները Քրիստոնեական և Հրեական են: Վստահելի աղբյուրները հայտնում են հետևյալը.

  • Ներկայումս Միացյալ Նահանգներն ունի ամենացածր ծնելիությունն իր պատմության մեջ2 և շատ Եվրոպական Միության երկրներում և այլ զարգացած երկրներում ծնելիությունը ցածր է այն մակարդակից, որն անհրաժեշտ է իրենց բնակչության պահպանման համար:3 Սա սպառնում է մշակույթների և նույնիսկ ազգերի գոյատևմանը:

  • Ամերիկայում 18–29 տարեկան ամուսնացած երիտասարդների տոկոսը նվազել է 59 տոկոսից 1960-ին մինչև 20 տոկոս 2010-ին:4 Առաջին ամուսնության միջին տարիքն այժմ պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա է՝26 կանանց համար և գրեթե 29 տղամարդկանց համար:5

  • Շատ երկրներում և մշակույթներում (1) ամուսնացած մոր, հոր և երեխաների ավանդական ընտանիքը դառնում է բացառություն, այլ ոչ թե նորմա, (2) ամուսնության և երեխաներ ծնելու փոխարեն կարիերայի ձգտումն աճող ընտրություն է շատ երիտասարդ կանանց համար և (3) հայրերի դերն ու գիտակցված անհրաժեշտությունը նվազում է:

Լինելով նման միտումների մեջ, որոնք վերաբերում են մեզ, մենք նաև գիտակցում ենք, որ Աստծո ծրագիրն Իր բոլոր զավակների համար է, և որ Աստված սիրում է Իր բոլոր զավակներին, ամենուր:6 Մորմոնի Գրքի առաջին գլուխն ասում է, որ Աստծո «զորությունը, բարությունը և ողորմությունը երկրի բոլոր բնակիչների վրա են» (1 Նեփի 1.14): Հաջորդող գլուխներից մեկում ասվում է, որ «նա տվել է [իր փրկությունը] ձրի, բոլոր մարդկանց համար» և որ «բոլոր մարդիկ արտոնյալ են, մեկը մյուսի նման, և ոչ ոքի արգելված չէ» (2 Նեփի 26.27–28): Հետևաբար, սուրբ գրություններն ուսուցանում են, որ մենք պարտավոր ենք լինել կարեկցող և գթառատ (սիրառատ) բոլոր մարդկանց նկատմամբ (տես Ա Թեսաղոնիկեցիս 3.12; Ա Յովհաննէս 3.17; ՎևՈւ 121.45):

IV.

Մենք նաև հարգալից ենք բոլոր մարդկանց կրոնական համոզմունքների նկատմամբ, նույնիսկ այն աճող բազմության նկատմամբ, ովքեր անհավատություն են արտահայտում առ Աստված: Մենք գիտենք, որ Աստծո կողմից տրված ընտրության զորությամբ շատերը կունենան մեր համոզմունքներին հակառակ համոզմունքներ, բայց մենք հույս ունենք, որ մյուսները հավասարապես հարգալից կլինեն մեր կրոնական համոզմունքների նկատմամբ և կհասկանան, որ մեր համոզմունքները մեզ տանում են դեպի այլ ընտրություններ և վարքագիծ, քան՝ նրանցը: Օրինակ, մենք հավատում ենք, որ որպես Իր փրկության ծրագրի անհրաժեշտ մաս՝ Աստված հաստատել է հավերժական չափանիշ, որ սեռական հարաբերությունները պետք է տեղի ունենան միայն ամուսնացած տղամարդու և կնոջ միջև:

Մահկանացու կյանք ստեղծելու զորությունն ամենամեծ զորությունն է, որ Աստված տվել է Իր զավակներին: Դրա կիրառումը պատվիրվել էր Ադամին ու Եվային Աստծո առաջին պատվիրանով (տես Ծննդոց 1.28), բայց այլ կարևոր պատվիրաններ էին տրվել դրա սխալ կիրառումն արգելելու համար (տես Ելից 20.14; Ա Թեսաղոնիկեցիս 4.3): Շեշտադրումը, որ մենք կատարում ենք մաքրաբարոյության օրենքի վրա, բացատրվում է Աստծո ծրագրի իրականացման մեջ մեր կյանք տվող զորության նպատակի ըմբռնմամբ: Տղամարդու և կնոջ ամուսնության կապերից դուրս մեր կյանք տվող զորության բոլոր կիրառումներն ինչ որ չափով մեղսավոր են և հակառակ Աստծո՝ Իր զավակների վեհացման ծրագրին:

Կարևորությունը, որը մենք կապում ենք մաքրաբարոյության օրենքի հետ, ցույց է տալիս մեր նվիրվածությունը Ադամից և Եվայից սկիզբ առած ամուսնության օրինակին, որը որպես Աստծո օրինակ շարունակվել է դարերի ընթացքում Իր որդիների և դուստրերի միջև որպես կյանք տվող հարաբերություններ և Իր զավակների մասին հոգ տանելու օրինակ: Բարեբախտաբար, այլ դավանանքների կամ կազմակերպությունների անդամ հանդիսացող շատ մարդիկ համաձայնվում են մեզ հետ ամուսնության էության և կարևորության հարցում. ոմանք հիմնվելով կրոնական վարդապետությունների վրա, ոմանք էլ հիմք ընդունելով այն, ինչը կարծում են լավագույնն է հասարակության համար:

Իր զավակների համար Աստծո ծրագրի մասին մեր գիտելիքը7 բացատրում է, թե ինչու ենք մենք վշտանում, որ ավելի ու ավելի շատ երեխաներ ծնվում են ամուսնությունից դուրս (ներկայումս բոլոր ծնունդների 41 տոկոսը Միացյալ Նահանգներում),8 և որ ամուսնությունից դուրս միասին ապրող զույգերի թիվը զգալիորեն ավելացել է վերջին կես դարի ընթացքում: Հինգ տասնամյակ առաջ միայն փոքր տոկոսն էին ապրում միասին նախքան առաջին ամուսնությունը: Ներկայումս 60 տոկոս ամուսնություններին նախորդում է միասին ապրելը:9 Եվ սա աստիճանաբար ավելի շատ է ընդունվում հատկապես դեռահասների շրջանում: Վերջերս կատարված ուսումնասիրության տվյալները ցույց տվեցին, որ դեռահասների մոտ 50 տոկոսն ասում է ամուսնությունից դուրս երեխա ունենալն «արժեքավոր ապրելակերպ է»:10

V.

Կան բազմաթիվ քաղաքական և սոցիալական ճնշումներ իրավական և քաղաքականության փոփոխություններ ստեղծելու համար, որպեսզի հաստատեն վարքագծեր՝ հակառակ Աստծո պատվիրանների, որոնք վերաբերում են սեռական բարոյականության և ամուսնության ու երեխա ծնելու հավերժական բնույթին և նպատակներին: Այս ճնշումներն արդեն լիազորել են նույն գենդերային ամուսնությունները տարբեր պետություններում և երկրներում: Այլ ճնշումներ կմթագնեն սեռը կամ կհամասեռացնեն տղամարդկանց և կանանց միջև եղած այդ տարբերությունները, որոնք անհրաժեշտ են Աստծո երջանկության մեծ ծրագիրն իրականացնելու համար:

Աստծո ծրագրի և Նրա վարդապետության մեր ըմբռնումը մեզ տալիս է հավերժական հեռանկար, որը թույլ չի տալիս մեզ ընդունել նման վարքագիծը կամ գտնել արդարացում այն օրենքներում, որոնք թույլ են տալիս դրանք: Եվ, ի տարբերություն այն կազմակերպությունների, որոնք կարող են փոխել իրենց քաղաքականությունները կամ նույնիսկ վարդապետությունները, մեր քաղաքականությունները սահմանված են այն ճշմարտություններով, որոնք Աստված բնորոշել է, որ անփոփոխ են:

Մեր Հավատո տասներկուերորդ հանգանակը հայտարարում է մեր համոզմունքը քաղաքացիական իշխանություններին հպատակվելու և «օրենքին հնազանդվելու, այն հարգելու և պաշտպանելու» մասին: Բայց մարդու օրենքները չեն կարող բարոյական դարձնել այն, ինչն Աստված հայտարարել է՝ ոչ բարոյական: Մեր ամենակարևոր առաջնահերթությանը նվիրվելը՝ սիրել և ծառայել Աստծուն, պահանջում է, որ մենք ընդունենք Նրա օրենքը որպես մեր վարքագծի չափանիշ: Օրինակ, մենք մնում ենք աստվածային պատվիրանի ներքո չկատարել ամուսնական դավաճանություն կամ շնություն, նույնիսկ այն ժամանակ, երբ այս գործողություններն այլևս հանցագործություններ չեն այն պետությունների կամ երկրների օրենսդրությամբ, որտեղ մենք բնակվում ենք: Նմանապես, այսպես կոչված «նույն սեռի ամուսնությունը» օրինականացնող օրենքները չեն փոխում ամուսնության մասին Աստծո օրենքը կամ Նրա պատվիրանները և դրան վերաբերող մեր չափանիշները: Մենք մնում ենք ուխտի մեջ սիրել Աստծուն և պահել Նրա պատվիրանները և ետ կանգնել ուրիշ աստվածներին կամ գերակայություններին ծառայելուց, նույնիսկ նրանց, ովքեր հանրաճանաչ են դառնում մեզ համար հատուկ ժամանակահատվածում կամ վայրում:

Այս վճռականության հարցում մեզ կարող են սխալ հասկանալ, և մեզ կարող են վերագրել մոլեկրոնության մեղադրանքներ, կարող ենք զգալ խտրականություն կամ ստիպված լինել դիմակայել այն հարձակումներին, որոնք կատարվում են կրոնի մեր ազատ ընտրության պատճառով: Եթե այդպես է, ես կարծում եմ մենք պետք է հիշենք մեր առաջին առաջնահերթությունը՝ ծառայել Աստծուն, և ինչպես մեր պիոներ նախնիները, նրանց պես նույն տոկունությամբ համբերենք մեր անձնական փորձություններին:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի ուսմունքներից մեկը վերաբերում է այս հանգամանքին: 27 տարի առաջ այս համաժողովին նա համարձակորեն հայտարարեց. «Թող որ մենք ունենանք խիզախություն հասարակության կարծիքին դիմակայելու համար, խիզախություն՝ սկզբունքները պաշտպանելու համար: Ոչ թե փոխզիջումն, այլ խիզախությունն է բերում Տիրոջ հավանության ժպիտը: Խիզախությունը դառնում է կենդանի և գրավիչ առաքինություն, երբ այն համարվում է ոչ միայն որպես քաջաբար մահանալու պատրաստակամություն, այլ որպես պարկեշտորեն ապրելու վճռականություն: Բարոյական հարցերում վախկոտն այն անձնավորությունն է, ով վախենում է անել այն, ինչն իր կարծիքով ճիշտ է, որովհետև ուրիշները չեն ընդունի կամ կծիծաղեն: Հիշե՛ք, բոլոր մարդիկ ունեն իրենց երկյուղը, բայց նրանք, ովքեր արժանապատվությամբ դեմ առ դեմ են կանգնում իրենց երկյուղին, ունեն նաև խիզախություն»:11

Ես աղոթում եմ, որ մենք թույլ չտանք մահկանացու կյանքի ժամանակավոր մարտահրավերները պատճառ հանդիսանան, որ մենք մոռանանք մեր Արարչի և մեր Փրկչի կողմից տրված մեծ պատվիրաններն ու առաջնահերթությունները: Մենք չպետք է այնքան շատ դնենք մեր սրտերն այս աշխարհի բաների վրա և տենչանք մարդկանց գովասանքները (տես ՎևՈւ 121.35), որպեսզի չդադարենք հետամուտ լինել մեր հավերժական ճակատագրին: Մենք, որ գիտենք Իր զավակների համար Աստծո ծրագրի մասին, որ ուխտ ենք կապել դրանում մասնակցելու համար, ունենք հստակ պատասխանատվություն: Մենք երբեք չպետք է շեղվենք մեր ամենակարևոր ցանկությունից՝ձեռք բերել հավերժական կյանք:12 Մենք երբեք չպետք է հեռանանք մեր ամենակարևոր առաջնահերթությունից՝ չունենալ ուրիշ աստվածներ և չծառայել ոչ մի ուրիշ գերակայությունների Հայր Աստծո և Նրա Որդու՝ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փոխարեն:

Թող որ Աստված օգնի մեզ հասկանալ այս առաջնահերթությունը և հասկանալի լինել ուրիշների կողմից, երբ ձգտում ենք հասնել դրան իմաստուն և սիրալիր ճանապարհով, ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես, օրինակ, Վարդապետություն և Ուխտեր 124.84:

  2. Տես Joyce A. Martin and others, “Births: Final Data for 2011,” National Vital Statistics Reports, vol. 62, no. 1 (June 28, 2013), 4; Gloria Goodale, “Behind a Looming Baby Bust,” Christian Science Monitor Weekly, Feb. 4, 2013, 21, 23.

  3. Տես Population Reference Bureau, “2012 World Population Data Sheet,” www.prb.org/Publications/Datasheets/2012/world-population-data-sheet/data-sheet.aspx:

  4. Տես D’Vera Cohn and others, “Barely Half of U.S. Adults Are Married—a Record Low,” Pew Research Center, Social and Demographic Trends, Dec. 14, 2011, available at www.pewsocialtrends.org/2011/12/14/barely-half-of-u-s-adults-are-married-a-record-low; “Rash Retreat from Marriage,” Christian Science Monitor, Jan. 2 and 9, 2012, 34:

  5. U.S. Census Bureau, “Estimated Median Age at First Marriage, by Sex: 1890 to the Present,” available at www.census.gov/population/socdemo/hh-fam/ms2.xls.

  6. Տես Դալլին Հ. Օուքս, «Բորոլ մարդկանց համար ամենուր», Լիահոնա, Մայիս 2006, 77–80:

  7. Տես Դալլին Հ. Օուքս, «Երջանկության մեծ ծրագիրը», Ինսայն, Նոյ. 1993, 72–75:

  8. Տես Martin, “Births: Final Data for 2011,” 4:

  9. Տես The State of Our Unions: Marriage in America, 2012 (2012), 76:

  10. Տես The State of Our Unions, 101, 102:

  11. Thomas S. Monson, “Courage Counts,” Ensign, Nov. 1986, 41.

  12. Տես Դալլին Հ. Օուքս, «Ցանկություն», Լիահոնա, Մայիս 2011, 42–45: