2014
Լցրեք աշխարհը Քրիստոսի սիրով
Դեկտեմբեր 2014


Առաջին Նախագահության ուղերձ, դեկտեմբեր 2014

Լցրեք աշխարհը Քրիստոսի սիրով

Սուրբ Ծննդյան մասին մտածելիս, մենք հաճախ մտածում ենք նվերներ տալու և ստանալու մասին: Նվերները կարող են սիրված ավանդության մասը լինել, դրանք սակայն կարող են նաև նվազեցնել այդ օրերի պարզ նշանակությունը և շեղել մեզ մեր Փրկչի ծնունդը իմաստալից ձևով նշելուց:

Իմ անձնական փորձից գիտեմ, որ ամենահիշարժան Սուրբ ծնունդները եղել են նրանք, որոնք առավել համեստ են եղել: Իմ մանկության նվերներն իհարկե համեստ էին, դատելով այսօրվա չափանիշներով: Երբեմն ես ստանում էի ձևափոխված վերնաշապիկ, մի զույգ ձեռնոց կամ գուլպա: Հիշում եմ մի հատուկ Սուրբ ծնունդ, երբ եղբայրս ինձ նվիրեց իր ձեռքով պատրաստած փայտե մի դանակ:

Սուրբ ծնունդը իմաստալից դարձնելու համար թանկ նվերները պարտադիր չեն: Հիշում եմ մի պատմություն, որը պատմել էր Երեց Գլեն Լ. Ռուդը, ով 1987-1992թթ. ծառայել է որպես Յոթանասունական: Տարիներ առաջ, երբ նա եպիսկոպոսի պահեստի տնօրենն էր, Սուրբ ծննդյան նախօրեին իր եկեղեցական ղեկավարից տեղեկացավ իրենց քաղաք տեղափոխված մի կարիքավոր ընտանիքի մասին: Երբ գնաց այցելելու նրանց փոքր բնակարանը, տեսավ 10 տարեկանից փոքր չորս երեխաներով մի միայնակ երիտասարդ մոր:

Այդ ընտանիքն այնքան շատ կարիքներ ուներ, որ այդ Սուրբ ծննդյանը մայրը չէր կարող նվերներ գնել իր երեխաների համար, նա չէր կարող նույնիսկ տոնածառ գնել: Եղբայր Ռուդը զրուցեց ընտանիքի հետ և իմացավ, որ երեք փոքր աղջիկները կուզենային տիկնիկ կամ խաղալիք կենդանիներ ստանալ: Երբ նա հարցրեց վեցամյա որդուն, թե ինչ կցանկանար նա, սովահար տղան պատասխանեց. «Կուզենայի մի ափսե վարսակի շիլա»:

Եղբայր Ռուդը խոստացավ տղային վարսակի շիլա և գուցե էլի ինչ-որ բան: Ապա նա գնաց եպիսկոպոսի պահեստ, վերցրեց մթերքներ և այլ պարագաներ, որոնք կբավարարեին այդ ընտանիքի անմիջական կարիքները:

Այդ առավոտ մի մեծահոգի Վերջին Օրերի Սուրբ իրեն 50 դոլլար էր տվել «որևէ կարիքավորի» օգնելու համար: Վերցնելով այդ 50 դոլլարը Եղբայր Ռուդը գնաց Սուրբ ծննդյան գնումներ կատարելու իր երեք երեխաների հետ միասին, որպեսզի նրանք օգնեին իրեն այդ կարիքավոր երեխաների համար խաղալիքներ ընտրել:

Մեքենան լցնելով ուտելիքով, հագուստով, նվերներով, տոնածառով և տոնական զարդարանքներով, Ռուդերը գնացին այդ ընտանիքի մոտ: Նրանք օգնեցին այդ ընտանիքի մորը և երեխաներին տոնածառը զարդարել: Ապա նվերները դասավորեցին տոնածառի տակ և տղային տվեցին վարսակի շիլայի մի մեծ պարկ:

Մայրը արտասվում էր, երեխաները ուրախ էին, և նրանք միասին Սուրբ ծննդյան երգեր երգեցին: Այդ օրը ճաշի սեղանի շուրջ հավաքվելով, Ռուդերի ընտանիքը շնորհակալություն հայտնեց, որ հնարավորություն ունեցավ Սուրբ ծննդյան ուրախությունը պարգևել մեկ այլ ընտանիքի, և օգնեց մի փոքր տղայի ստանալ մեկ ափսե վարսակի շիլա:1

Քրիստոսը և նվիրելու ոգին

Մտածեք, թե ինչ հասարակ, բայց միևնույն ժամանակ արժանավայել ձև էր ընտրել մեր Երկնային Հայրը Իր Որդու ծնունդը պատվելու համար: Այդ սուրբ գիշերը հրեշտակները հայտնվեցին ոչ թե հարուստների, այլ հովիվների: Մանուկ Քրիստոսը ծնվեց ոչ թե պալատում, այլ մսուրում: Նա փաթաթված էր ոչ թե մետաքսե կտորով, այլ խանձարուրներով:

Այդ առաջին Սուրբ ծննդի պարզունակությունը նախանշեց Փրկչի կյանքը: Թեպետ նա ստեղծել էր աշխարհը, քայլել վսեմաշուք և փառահեղ տերություններում, կանգնել Հոր աջ կողմում, բայց Նա աշխարհ եկավ որպես մի անօգնական մանուկ: Նրա կյանքը համեստ ազնվականի օրինակ էր, և Նա քայլեց աղքատների, հիվանդների, վհատվածների և բեռնավորվածների մեջ:

Նա Ինքը լինելով թագավոր, չէր փնտրում մարդկային մեծ համբավ կամ հարստություն: Նրա կյանքը, խոսքերը և ամենօրյա գործերը դարձան հասարակ, բայցև կատարյալ արժանապատվության կոթողներ:

Հիսուս Քրիստոսը, ով կատարելապես գիտեր ինչպես պետք է տալ, մեզ համար տալու օրինակ ծառայեց: Նրանց, ում սիրտը ծանրացած է միայնակությունից և վշտից, Նա բերում է կարեկցանք և սփոփանք: Նրանց, ում մարմինը և միտքը չարչարված է հիվանդությունից և տառապանքից, Նա բերում է սեր և ապաքինում: Նրանց, ում հոգիները կքված են մեղքի ծանրության տակ, Նա բերում է հույս, ներում և փրկագնում:

Եթե Փրկիչը մեր մեջ լիներ այսօր, մենք կգտնեինք Նրան այնտեղ, ուր միշտ Նա էր՝ ծառայելով հեզերին, վհատվածներին, խոնարհներին, հուսալքվածներին և հոգով աղքատներին: Այս Սուրբ ծննդյան օրերին և միշտ, թող որ մենք տանք Նրան՝ Նրա պես սիրելով: Թող որ մենք հիշենք Նրա ծննդի, նվերների և կյանքի խոնարհ արժանապատվությունը: Եվ թող որ մենք բարության, գթասրտության և կարեկցանքի պարզ գործերով լցնենք աշխարհը Նրա սիրո և բուժիչ զորության լույսով:

Հղում

  1. Տես Glen L. Rudd, Pure Religion: The Story of Church Welfare since 1930 (1995), 352–53; տես նաև Glen L. Rudd, “A Bowl of Oatmeal,” Church News, Dec. 2, 2006, 16:

Ուսուցանում այս ուղերձից

Նախագահ Ուխդորֆն ուսուցանում է, որ մենք պետք է հետևենք նվիրելու Փրկչի օրինակին: Կարող եք խնդրել նրանց, ում դուք այցելում եք, հերթով նշել այն նվերը, որ Փրկիչը տվել է իրենց, և քննարկեք, թե ինչպես կարող են նրանք այդ նվերն օգտագործելով ծառայել մարդկանց: Օրինակ, եթե անդամն օրհնվել է երաժշտական կրթությամբ, նա կարող է գնալ և Սուրբ ծննդյան երգեր երգել իր հարևանների համար: Կարող եք առաջարկել նրանց, ում այցելել եք, ծնկի իջնել աղոթքով և ոգեշնչում խնդրել այն մասին, թե ինչ նվերներով, ինչպես և ում հետ կարող են կիսվել: Հետևեք ձեր ստացած ոգեշնչմանը:

Տպել