Առաջին Նախագահության Ուղերձ, փետրվար 2015
Վկայություն և դարձ
Ճշմարտության վերաբերյալ վկայություն ստանալու և կատարելապես դարձի գալու միջև տարբերություն կա: Օրինակ, Պետրոս Առաքյալը Փրկչին բերեց իր վկայությունը, որ նա գիտեր, որ Հիսուսը Աստծո Որդին էր:
«[Հիսուսը] նորանց ասեց. Իսկ դուք ո՞վ էք ասում ինձ համար, թէ լինիմ:
Սիմօն Պետրոսը պատասխան տուաւ եւ ասեց. Դու ես Քրիստոսը՛ կենդանի Աստուծոյ Որդին:
Եվ Յիսուսը պատասխան տուաւ և ասեց նորան. Երանի քեզ, Սիմօն՛ Յովնանի որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չհայտնեց քեզ, բայց իմ Հայրը որ երկնքումն է» (Մատթեոս ԺԶ.15–17):
Սակայն, հետագայում Պետրոսին տված հորդորներում Տերը տվեց նրան և մեզ մի ուղեցույց, որ կատարելապես դարձի գանք և այդ դարձը շարունակենք ողջ կյանքի ընթացքում: Հիսուսն այսպես ասաց դա. «Դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր» (Ղուկաս ԻԴ.32):
Հիսուսն ուսուցանեց Պետրոսին, որ վկայություն ունենալուց բացի մեծ փոփոխություն պետք է տեղի ունենա, որպեսզի կարողանանք մտածել, զգալ և գործել որպես Հիսուս Քրիստոսի կատարելապես դարձի եկած աշակերտներ: Դա է հզոր փոփոխությունը, որին բոլորս էլ ձգտում ենք: Երբ մենք ձեռք ենք բերում այն, պետք է, որ այն շարունակվի մինչև մեր մահկանացու փորձաշրջանի վերջը (Ալմա 5.13–14):
Մենք գիտենք մեր իսկ փորձառությունից և ուրիշներին դիտելուց, որ հոգևոր ուժի մի քանի հրաշալի պահեր ունենալը բավական չի լինի: Պետրոսն ուրացավ, որ ճանաչում էր Փրկչին, նույնիսկ Հոգուց վկայություն ստանալուց հետո, որ Հիսուսը Քրիստոսն էր: Մորմոնի Գրքի Երեք Վկաներին անհատապես վկայություն էր տրվել, որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն էր, սակայն հետագայում նրանք վարանեցին աջակցելու Ջոզեֆ Սմիթին որպես Տիրոջ Եկեղեցու Մարգարեի:
Մեր սրտերում պետք է փոփոխություն տեղի ունենա, ինչպես նկարագրված է Ալմայի գրքում. «Եվ նրանք բոլորը հայտարարեցին ժողովրդին ճիշտ նույն բանը, որ նրանց սրտերը փոխվել էին. որ նրանք այլևս չարիք անելու ցանկություն չունեին» (Ալմա 19.33, տես նաև Մոսիա 5.2):
Տերն ուսուցանել է մեզ, որ երբ մենք իսկապես դարձի գանք դեպի Իր ավետարանը, մեր սրտերը կհեռանան եսասեր մտահոգություններից և կդառնան դեպի ծառայությունը, բարձրացնելու ուրիշներին, մինչ նրանք շարժվում են դեպի հավերժական կյանքը: Այդ դարձը ձեռք բերելու համար մենք կարող ենք աղոթել և հավատքով գործել, որպեսզի դառնանք նոր մարդ, որը հնարավոր է դարձվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:
Մենք կարող ենք սկսել, աղոթելով հավատքի համար, որ ապաշխարենք եսասիրությունից և պարգևի համար, որ ուրիշների համար ավելի շատ հոգանք, քան մեզ համար: Մենք կարող ենք աղոթել զորության համար, որ կարողանանք կողք դնել հպարտությունը և նախանձը:
Աղոթքը բանալի կլինի ինչպես Աստծո խոսքի հանդեպ սիրո պարգևը ստանալու համար, այնպես էլ Քրիստոսի սիրո համար (տես Մորոնի 7.47–48): Երկուսը միասին են գալիս: Երբ մենք կարդանք Աստծո խոսքը, խորհենք և աղոթենք դրա վերաբերյալ, մենք կսկսենք սիրել այն: Տերը դնում է այն մեր սրտերում: Երբ մենք զգանք այդ սերը, մենք կսկսենք ավելի ու ավելի շատ սիրել Տիրոջը: Դրա հետ մեկտեղ առաջ կգա սերն ուրիշների հանդեպ, որը մեզ պետք է նրանց ամրացնելու համար, ում Աստված դնում է մեր ճանապարհին:
Օրինակ, մենք կարող ենք աղոթել, որ նկատենք նրանց, ում Տերը ցանկանում է, որ միսիոներները ուսուցանեն: Լիաժամկետ միսիոներները կարող են հավատքով աղոթել, որ Հոգով իմանան, թե ինչ ուսուցանեն և վկայեն: Նրանք կարող են հավատքով աղոթել, որ Տերը թույլ տա նրանց զգալ Նրա սերը յուրաքանչյուրի հանդեպ, ում նրանք հանդիպում են: Միսիոներները ոչ բոլորին կբերեն, ում հանդիպում են, դեպի մկրտության ջրերը և Սուրբ Հոգու պարգևը: Սակայն նրանք կարող են ունենալ Սուրբ Հոգին որպես ուղեկից: Ծառայության միջոցով և Սուրբ Հոգու օգնությամբ միսիոներներն այնուհետև իրենց ժամանակին սրտի փոփոխություն կունենան:
Այդ փոփոխությունը կրկին ու կրկին կկատարվի, մինչ նրանք և մենք անեսասիրաբար կշարունակենք ողջ կյանքի ընթացքում գործել հավատքով, որպեսզի ամրացնենք ուրիշներին Հիսուս Քրիստոսի ավետարանով: Դարձը չի լինի եզակի իրադարձություն կամ մի բան, որը կտևի կյանքի որոշակի պահ, այլ կլինի շարունակական գործընթաց: Կյանքը կարող է ավելի պայծառանալ, մինչև որ դառնա կատարյալ օր, երբ մենք կտեսնենք Փրկչին և կհասկանանք, որ մենք դարձել ենք Նրա նման: Տերն այսպես է նկարագրել այդ գործընթացը. «Այն, ինչ Աստծուց է՝ լույս է. և նա, ով ստանում է լույսը և շարունակում է Աստծո հետ, ստանում է ավելի շատ լույս. և այդ լույսն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում» (ՎևՈՒ 50.24):
Ես խոստանում եմ ձեզ, որ դա հնարավոր է մեզանից յուրաքանչյուրի դեպքում:
© 2015 Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում: Անգլերենի հաստատումը. 6/14: Թարգամնության հաստատումը. 6/14: First Presidency Message, February 2015-ի թարգմանությունը: Armenian 12582 201