2016
Մեր Հայրը, մեր Ուսուցիչը
Հունիս 2016


Առաջին Նախագահության Ուղերձ, հունիս 2016

Մեր Հայրը, մեր Ուսուցիչը

Դուք երբևէ բացե՞լ եք մասեր պարունակող տուփ, հանել հավաքման հրահանգները և մտածել․ «Ես սրանից ընդհանրապես գլուխ չեմ հանում»։

Երբեմն, չնայած մեր լավագույն մտադրությունների և ներքին վստահության, մենք հանում ենք մասերից մեկը և հարցնում՝ «Ինչի՞ համար է սա» կամ «Ո՞րն է սրա տեղը»։

Մեր հիասթափությունը մեծանում է, երբ նայում ենք տուփի վրա և նկատում նախազգուշացումը, որն ասում է․ «Նախատեսված է 8 տարեկան և ավելի մեծ երեխաների համար»։ Քանի որ մենք դեռևս չենք կարողանում լուծումներ գտնել, մեր վստահությունը և ինքնագնահատականը չեն կարող մեծանալ։

Երբեմն մենք նմանատիպ փորձառություն ենք ունենում ավետարանի հետ։ Մինչ ուսումնասիրում ենք դրա որևէ մասը, մենք կարող ենք քորել մեր գլուխն ու խորհել, թե ինչ է այն ուսուցանում։ Կամ մինչ քննում ենք մեկ այլ հատված, սկսում ենք գիտակցել, որ որքան էլ ջանում ենք լիարժեք հասկացողություն ձեռք բերել, չենք կարողանում պարզել, թե ինչու է այդ հատվածը ներառված այդտեղ։

Մեր Երկնային Հայրը մեր Ուսուցիչն է

Բարեբախտաբար, մեր Երկնային Հայրը տվել է մեզ հրաշալի հրահանգներ, թե ինչպես կառուցենք մեր կյանքը և դրսևորենք մեր լավագույն եսը։ Այդ հրահանգները կիրառելի են անկախ մեր տարիքից կամ պայմաններից։ Նա տվել է մեզ ավետարանը և Հիսուս Քրիստոսի Եկեղեցին: Նա տվել է մեզ փրկագնման ծրագիրը, որը փրկության ծրագիրն է՝ երջանկության ծրագիրը։ Նա մեզ մենակ չի թողել կյանքի ողջ անորոշության կամ դժվարությունների մեջ, ասելով․ «Ահա, գնա։ Հաջողություն եմ մաղթում քեզ։ Փորձիր գլուխ հանել այդ ամենից»։

Եթե մենք միայն համբերատար լինենք և առաջ նայենք խոնարհ սրտով և պատրաստակամ մտքով, մենք կտեսնենք, որ Աստված տվել է մեզ բազմաթիվ գործիքներ, որպեսզի ավելի լավ հասկանանք Նրա ընդգրկուն հրահանգները կյանքում մեր երջանկության համար։

  • Նա մեզ տվել է Սուրբ Հոգու անգին պարգևը, որն ունի մեր անձնական, երկնային ուսուցիչը լինելու ներուժ, մինչ մենք ուսումնասիրում ենք Աստծո խոսքը և փորձում համապատասխանեցնել մեր մտքերը և գործերը Նրա խոսքի հետ։

  • Նա մեզ հնարավորություն է տալիս օրվա ցանկացած պահի դիմել Իրեն հավատքի աղոթքների և անկեղծ խնդրանքների միջոցով։

  • Նա տվել է մեզ մեր օրերի առաքյալներին և մարգարեներին, ովքեր հայտնում են Աստծո խոսքը մեր օրերում և զորություն ունեն կապելու կամ կնքելու երկրի վրա և երկնքում։

  • Նա վերականգնել է Իր Եկեղեցին, որը հավատացյալների մի կազմակերպություն է, ովքեր միասին աշխատում են՝ օգնելով միմյանց ահով և դողալով գործելու իրենց անձերի փրկությունը և անզուգական ուրախությունը։1

  • Նա տվել է մեզ սուրբ գրությունները՝ Իր գրի առնված խոսքը։

  • Նա տվել է ժամանակակից տեխնոլոգիաների անհամար գործիքներ, որպեսզի օգնի մեզ աշակերտության մեր ճանապարհին։ Այս հրաշալի հրահանգներից շատերը կարելի է գտնել LDS.org-ում։

Ինչո՞ւ է մեր Երկնային Հայրն այդքան շատ օգնություն ապահովում մեր համար։ Որովհետև Նա սիրում է մեզ: Եվ որովհետև, ինչպես Նա է ասել՝ «Սա է իմ գործը և իմ փառքը՛ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»։2։

Այլ կերպ ասած, Երկնային Հայրը մեր Աստվածն է, իսկ Աստված մեր ուսուցիչն է։

Մեր Երկնային Հայրը գիտի Իր զավակների կարիքներն ավելի լավ, քան մեկ ուրիշը։ Նրա աշխատանքը կայանում է նրանում, որ օգնի մեզ բոլոր շրջադարձներին, տալով մեզ հրաշալի նյութական և հոգևոր ռեսուրսներ, որպեսզի օգնի մեզ Իր մոտ վերադառնալու մեր ճանապարհին։

Ամեն հայր ուսուցիչ է

Աշխարհի որոշ մասերում հայրերին ընտանիքները և հասարակությունը պատվում են հունիս ամսին։ Մեր ծնողներին պատվելը և հարգելը միշտ էլ լավ բան է։ Հայրերը բազում լավ բաներ են անում իրենց ընտանիքների համար և ունեն բազմաթիվ հիանալի հատկանիշներ։ Երկու ամենակարևոր դերերը, որոնք հայրերն ունեն իրենց երեխաների կյանքում, լավ օրինակ և ուսուցիչ լինելն է։ Հայրերն անում են ավելին, քան իրենց զավակներին ասելը, թե որն է ճիշտը կամ սխալը, նրանք անում են շատ ավելին, քան մի ձեռնարկ նետում նրանց և ակնկալում, որ նրանք ինքնուրույն բացահայտեն կյանքը։

Հայրերն ուսուցանում են իրենց թանկագին զավակներին և իրենց լավ օրինակով ցույց են տալիս, թե ինչպես պետք է ապրել ազնիվ մի կյանքով։ Հայրերն իրենց զավակներին մենակ չեն թողնում, այլ շտապում են օգնության, օգնելով նրանց ոտքի կանգնել ամեն անգամ, երբ նրանք սայթաքում են։ Եվ երբեմն, երբ տարիների ընթացքում ձեռք բերած իմաստությունը հուշում է, հայրերը թույլ են տալիս իրենց զավակներին պայքարել, գիտակցելով, որ սա կարող է լինել լավագույն ուղին, որի օգնությամբ նրանք կարող են սովորել։

Մենք բոլորս ուսուցիչներ ենք

Մինչ երկրային հայրերն անում են սա իրենց իսկ երեխաների համար, ուսուցանելու հոգին մի բան է, որը մենք պետք է առաջարկենք Աստծո բոլոր զավակներին՝ անկախ տարիքից, վայրից կամ պայմաններից։ Հիշեք, որ Աստծո զավակները մեր եղբայրներն ու քույրերն են․ մենք բոլորս նույն հավերժական ընտանիքից ենք։

Այդ իսկ պատճառով եկեք բոլորս էլ լինենք ուսուցիչներ, ցանկություն ունենանք օգնության հասնելու և միմյանց օգնելու, որպեսզի դառնանք լավագույն էակը, որ կարող ենք։ Քանի որ մենք Երկնային Հոր ազգից ենք, մենք Նրա նման դառնալու ներուժ ունենք։ Աստծուն և մեր մերձավորներին սիրելը, Աստծո պատվիրանները պահելը և Քրիստոսի օրինակին հետևելը ուղիղ, նեղ և ուրախ ճանապարհն է, որը հետ է տանում դեպի մեր երկնային ծնողների ներկայություն։

Եթե տիեզերքի Աստվածն այնքան շատ է հոգում մեր մասին, որ Նա ուսուցիչ է հանդիսանում մեզ համար, հավանաբար մենք էլ կարող ենք օգնության հասնել մեր մերձավորներին՝ անկախ նրանց գույնից, ռասայից, սոցիալ- տնտեսական հանգամանքներից, լեզվից կամ կրոնից։ Եկեք դառնանք ոգեշնչված ուսուցիչներ և օրհնենք ուրիշների կյանքը․ ոչ միայն մեր սեփական երեխաների, այլ նաև ողջ աշխարհում գտնվող Աստծո զավակների։

Ուսուցանում այս ուղերձից

Սկզբում դուք կարող եք խնդրել նրանց, ում ուսուցանում եք, մտածել այն պահի մասին, երբ Երկնային Հայրն ուսուցանել է նրանց։ Ապա դուք կարող եք խնդրել նրանց մտածել այդ պահի և այն պահի նմանությունների մասին, երբ զգացել են, որ ուսուցանվել են իրենց երկրային հոր կողմից։ Հրավիրեք նրանց գրի առնել նմանությունները, թե ինչպես են նրանք ուսուցանվել։ Դուք կարող եք հրավիրել նրանց կիրառել բաները, որոնք գրել են, որպեսզի ջանան ավելի լավ օրինակ լինել ուրիշների համար։