Հիսուս Քրիստոսի Եկեղեցին վերականգնված է
Նախքան այս երկիր գալը մենք ապրում էինք մեր Երկնային Ծնողների հետ։ Նրանք սիրում էին մեզ: Երկնային Հայրը հրաշալի ծրագիր ուներ մեզ համար: Մենք աշխարհ էինք գալու, ուստի կարող էինք ձեռք բերել մարմին, սովորել և աճել: Հետո մենք կարող էինք վերադառնալ ու ապրել մեր երկնային տանը: Բայց մենք դա չէինք կարող ինքնուրույն անել։ Մենք օգնության կարիք ունեինք:
Երկնային Հայրը ընտրեց մեր ավագ եղբորը՝ Հիսուս Քրիստոսին, որ գա երկիր և օգնի մեզ: Հիսուսը ցույց տվեց մեզ, թե ինչպես սիրենք ուրիշներին և հետևենք Երկնային Հոր պատվիրաններին: Հիսուսը ընտրեց Առաքյալներ, ովքեր պետք է ղեկավարեին Նրա Եկեղեցին:
Հետո Հիսուսը Գեթսեմանի պարտեզում տառապեց մեզ համար: Նա զգաց մեր բոլոր ցավերն ու տխրությունները: Նա մեզ համար մահացավ խաչի վրա։ Դրա շնորհիվ մենք կարող ենք ապավինել Նրան, երբ վիրավորված ենք, տխուր կամ օգնության կարիք ունենք: Մենք կարող ենք ապաշխարել, երբ ինչ-որ սխալ գործենք:
Իր մահից հետո երրորդ օրը Նա հարություն առավ: Հիսուսը նորից կենդանի էր: Սրա շնորհիվ մենք նույնպես հարություն կառնենք: Մահից հետո մենք կարող ենք նորից ապրել երկնքում։
Իր Հարությունից հետո Հիսուսը այցելեց Իր աշակերտներին Երուսաղեմում և Ամերիկա մայրցամաքում: Նա խնդրեց Իր Առաքյալներին շարունակել ուսուցանել ավետարանն Իր ժողովրդին: Շատ մարդիկ, ովքեր լսեցին Առաքյալներին, մկրտվեցին և միացան Եկեղեցուն:
Առաքյալների մահից հետո մարդիկ սկսեցին մոռանալ Հիսուսի ավետարանի որոշ կարևոր մասեր: Նրանք դադարեցին հավատալ, որ Երկնային Հայրը միշտ կոգեշնչի Իր զավակներին երկրի վրա։ Նրանք մոռացան, որ բոլորը երկրի վրա հնարավորություն ունեն մկրտվելու: Նրանք դադարեցին հավատալ, որ մարգարեները և առաքյալները միշտ կղեկավարեն Եկեղեցին:
Շատ տարիներ անցան: Ի վերջո, ժամանակն էր հետ բերելու Հիսուսի ավետարանի կորսված մասերը: Ժամանակն էր վերականգնել Նրա Եկեղեցին: Երկնային Հայրը պետք է կանչեր ինչ-որ մեկին որպես մարգարե և օգներ այն հետ բերել երկիր: Նա ընտրեց մի երիտասարդ տղայի՝ Ջոզեֆ Սմիթին:
Մի օր Ջոզեֆը կարդում էր Աստվածաշունչը: Հակոբոս 1.5-ում ասվում էր, որ Երկնային Հայրը կպատասխանի մեր հարցերին, երբ մենք խնդրենք հավատքով: Ջոզեֆը իրոք հարց ուներ: Նա գիտեր, որ գոյություն ունեին շատ եկեղեցիներ, որոնք ուսուցանում էին Հիսուսի մասին: Բայց նա ցանկանում էր պարզել՝ արդյոք կար որևէ եկեղեցի, որը նման էր Հիսուսի Եկեղեցուն Նոր Կտակարանում:
Գարնանային մի գեղեցիկ առավոտ Ջոզեֆը գնաց իր տան մոտ գտնվող անտառը։ Նա ծնկի իջավ և սկսեց աղոթել: Ապա Ջոզեֆը մի մռայլ զգացողություն ունեցավ: Սատանան փորձում էր հուսահատեցնել նրան: Բայց Ջոզեֆը շարունակեց աղոթել իր ողջ ուժով:
Ապա մի գեղեցիկ լույս իջավ վերից: Ջոզեֆը տեսավ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։ Սա կոչվում է Առաջին Տեսիլքը: Նրանք ասացին, որ Հիսուսի Եկեղեցին երկրի վրա չէր: Բայց շուտով կլիներ: Վերականգնումը սկսվում էր:
Երկնային Հայրը հրեշտակներ ուղարկեց՝ վերականգնելու ավետարանի կարևոր մասերը: Մորոնի հրեշտակը Ջոզեֆին տվեց ոսկե թիթեղները, որպեսզի Մորմոնի Գիրքի միջոցով մենք կարողանայինք սովորել Հիսուս Քրիստոսի մասին:
Հովհաննես Մկրտիչը վերականգնեց Ահարոնյան Քահանայությունը, որպեսզի մենք կարողանայինք մկրտվել: Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը բերեցին Մելքիսեդեկյան Քահանայությունը, որպեսզի մենք կարողանանք ստանալ Սուրբ Հոգին և օրհնություններ, երբ հիվանդ ենք:
Եղիան եկավ, որպեսզի մենք կարողանանք մեր ընտանիքների հետ կնքվել տաճարում։
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին կազմավորվեց: Դա նշանակում է, որ Հիսուսի Եկեղեցին վերադարձել է երկիր: Այս ամենը Վերականգնման մասն են կազմում:
Ավետարանի վերականգնումը դեռևս շարունակվում է այսօր: Մարգարեները, առաքյալները, միսիոներները և անդամները ամբողջ աշխարհում կիսվում են Հիսուս Քրիստոսի ավետարանի բարի լուրով: Շատ երկրներում տաճարներ են կառուցվում, որպեսզի մարդիկ կարողանան հավերժ կնքվել իրենց ընտանիքների հետ: Իսկ Եկեղեցին օգնում է մարդկանց այն տեղերում, որտեղ կա սով և աղետներ:
Բոլորը կարող են ինչ-որ բանով օգնել Վերականգնման գործին: Դուք կարող եք օգնել՝ սովորելով ձեր ընտանիքի պատմության մասին և կատարելով տաճարային մկրտություններ: Դուք կարող եք տասանորդ վճարել եկեղեցիներ և տաճարներ կառուցելու համար: Դուք կարող եք ծոմի նվիրատվություններ կատարել՝ օգնելու կարիքի մեջ գտնվող մարդկանց: Դուք կարող եք մարդկանց պատմել Հիսուս Քրիստոսի մասին:
Հիսուսը մեզ տվեց Իր Եկեղեցին, որպեսզի օգնի մեզ վերադառնալ մեր երկնային տուն Մենք կարող ենք ընդունել հաղորդությունը և միշտ հիշել, թե Նա ինչ է արել մեզ համար: Մենք կարող ենք սեր ցուցադրել ուրիշների հանդեպ, ինչպես Նա էր անում: Մենք կարող ենք օգնել բոլորին սովորել Նրա ավետարանի մասին: ●
Նկարները` Էյփրիլ Սթոտի