2020
Սպասավորություն ինքնապահովման միջոցով
Օգոստոս 2020 թ․


«Սպասավորություն ինքնապահովման միջոցով», Լիահոնա, օգոստոս 2020 թ․

Նկար
սպասավորություն

Սպասավորության սկզբունքները, օգոստոս 2020 թ․

Սպասավորություն ինքնապահովման միջոցով

Ինքնապահով դառնալու հարցում ուրիշներին օգնելը նշանակում է հոգ տանել և սպասավորել Տիրոջ ուղով:

Մեր ընտանիքների անդամներից, ընկերներից և հարևաններից շատերը ցանկանում են դառնալ ավելի ինքնապահով: Ինքնապահովման նախաձեռնության միջոցով Եկեղեցու անդամները հնարավորություններ են գտնում ծառայելու, հոգ տանելու և սպասավորելու, քանի որ օրհնում են ուրիշներին այն սկզբունքներով, որոնք «ավելի մեծ հույս, խաղաղություն և առաջընթաց» են բերում»:1

«Ես տանն էի»

Հեղինակ՝ Քրիսի Քեփլեր, Արիզոնա, ԱՄՆ

Ամուսնալուծվելուց հետո ես ֆինանսական դժվարություններ ունեի և ութ տարի մայրիկ-տնային տնտեսուհի լինելուց հետո փորձում էի վերադառնալ աշխատանքի: Ես նաև հոգևոր առումով դժվարություններ ունեի, որոնում էի ճշմարտություն և հավատք, չնայած պատանի հասակից եկեղեցի ոտք չէի դրել:

Մի կիրակի ես իմ լվացքն էի անում ավագ քրոջս՝ Պրիսցիլայի տանը, ով Եկեղեցու ակտիվ անդամ է: Երբ ես այնտեղ էի, Պրիսցիլան հրավիրեց ինձ այցելել եկեղեցի իր ընտանիքի հետ. ավելի քան 15 տարվա մեջ ես առաջին անգամ էի այդպիսի հրավեր ստանում:

Սկզբում ես դժկամությամբ գնացի, բայց հենց դրա նախորդ գիշերը ես խնդրում էի Աստծուց՝ ցույց տալ ինձ Իրեն ավելի մոտ լինելու ճանապարհը: Ես ներքին մղում զգացի և մտածեցի. «Իսկ ինչո՞ւ չգնամ եկեղեցի մեծ հասակում, չլսեմ և չտեսնեմ ինքս՝ իմ սրտով և իմ աչքերով»:

Երբ մենք մասնակցում էինք հաղորդության ժողովին, Կիրակնօրյա տեղեկագրում մի թերթիկ նկատեցի, որում հայտարարություն կար անձնական ֆինանսների վերաբերյալ ինքնապահովման դասընթացի մասին: Ես պատրաստ չէի վերադառնալ եկեղեցի, բայց ցանկություն ունեի մասնակցել 12-շաբաթյա այդ դասընթացին: Քրոջս և քրոջս ամուսնու քաջալերմամբ և աջակցությամբ գրանցվեցի այդ դասընթացին մասնակցելու համար՝ ակնկալելով, որ կսովորեմ, թե ինչպես կարող եմ ճիշտ բյուջե կազմել և մարել պարտքերս: Սակայն այդ դասընթացը հոգևոր առումով վերափոխեց ինձ:

Առաջին երկու շաբաթների ընթացքում ես հաճելիորեն զարմացած և տպավորված էի դասընթացի հոգևոր ուղերձներից, իսկ երրորդ դասաշրջանի ընթացքում լի էի համոզմամբ, որ ես տանն եմ և լսում եմ նոր, բայց ծանոթ ճշմարտություններ: Ես դուրս եկա դասընթացից և ուղիղ գնացի Պրիսցիլային տեսնելու: Արցունքներն աչքերիս ես հարցրեցի նրան. «Ինչպե՞ս կարող եմ ավելի շատ այսպիսի զգացողություններ ունենալ իմ կյանքում»: Նա կազմակերպեց, որ միսիոներները սկսեն ուսուցանել ինձ:

Ինքնապահովման իմ դասընթացի անդամները եկան իմ միսիոներական դասերին և աջակցեցին ինձ: Այդ դասերը մեծ ազդեցություն ունեցան իմ հոգևոր աշխարհի վրա և օգնեցին ձևավորել ավետարանի և ժամանակակից մարգարեների մասին վկայությունը:

Դասընթացին մասնակցելու ընթացքում ես կատարեցի մի շարք աշխարհիկ և հոգևոր փոփոխություններ: Ես նոր աշխատանքի անցա կայուն ընկերությունում և փակեցի մի քանի վարկ:

Դասընթացից ստացած կարևոր և ոգևորող օրհնությունների թվում հիանալի ընկերական հարաբերությունների ստեղծումն էր, քաջալերող եպիսկոպոսի հետ փոխվստահելի և դրական փոխհարաբերությունների ձևավորումը, տասանորդի մասին վկայության ձեռքբերումը, իմ տաճարային երաշխավորագրի ստացումը, օժտում ստանալը և իմ երկու ավագ երեխաների մկրտությունը:

Իմ ուղին դեպի ինքնապահովում դեռևս չի ավարտվել, սակայն իմ ամբողջ ճանապարհի ընթացքում ինձ համար թանկ և կարևոր են լինելու քաղված դասերն ու ստեղծված ընկերական հարաբերությունները:

«Յուրաքանչյուր դասից դուրս գալիս ես ինձ սիրված էի զգում»։

Երբ 2016 թվականի դեկտեմբերին Քեթի Ֆանկը իր 10-ամյա որդու՝ Վինսենթի հետ այցելեց Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթիի Տաճարային Հրապարակ, նա իրեն համարում էր «անհոգ ագնոստիկ»: Նա հեռացավ Եկեղեցուց 16 տարեկանում, 17 տարեկանում դարձավ միայնակ մայր, սկսեց դաջվածքներ անել և սուրճից կախվածություն ձեռք բերեց: Սակայն Տաճարային հրապարակ այցելության ժամանակ Վինսենթը զգաց Սուրբ Հոգուն և հարցրեց մորը, թե արդյո՞ք ինքը կարող է միսիոներական դասեր անցնել:

Չնայած Քեթին աշխատում էր երկու տեղ՝ շաբաթական 80 ժամ, նա սկսեց ուսումնասիրել ավետարանը Վինսենթի հետ՝ միսիոներական այցերի միջև ընկած ժամանակահատվածում որոնելով որդու հարցերի պատասխանները: 2017 թվականի ամռանը նա սկսեց հաճախել Եկեղեցու ժողովներին, որտեղ իմացավ Եկեղեցու ինքնապահովման դասընթացների մասին:

«Ես հասկացա, որ այդ դասընթացները կարող են օգնել ինձ», - ասաց նա: «Գուցե ես կարիք չեմ ունենա երկու տեղ աշխատելու կամ ամբողջ կյանքում հույս չեմ դնի ծնողներիս օգնության վրա»:

Իր դասընթացը Քեթին անվանել է «անչափ ամրապնդող աշխարհիկ և հոգևոր առումով». ոչ միայն իր ստացած գիտելիքների համար, այլև նրա համար, թե ինչպես է ինքնապահովման խումբն ընդունել և սպասավորել իրեն:

Հղում

  1. «Ուղերձ Առաջին Նախագահությունից»՝ Անձնական ֆինանսներ ինքնապահովման համար գրքում (2016), i.

Տպել