2020
Ինչպե՞ս մտնել Սուրբ ծննդյան տոնի տրամադրության մեջ: Որո՞նք են Սուրբ ծնունդի պարգևները
Դեկտեմբեր 2020


Տարածաշրջանի Նախագահության ուղերձը

Ինչպե՞ս մտնել Սուրբ ծննդյան տոնի տրամադրության մեջ: Որո՞նք են Սուրբ ծնունդի պարգևները

Սուրբ ծնունդը հատուկ ժամանակահատված է մարդկանց կյանքում: Այն կարելի է նկարագրել որպես մի հատուկ ներքին վիճակ, որը համադրվում է Փրկիչի ծննդյան նախօրյակին Նրան համեստ պարգևներ մատուցելու մեր ցանկության հետ: Սուրբ ծննդյան տոներին մենք խորը երախտագիտություն ենք զգում մեր կյանքում Փրկիչի ներկայության համար:

Հիսուս Քրիստոսի աշխարհ գալուց շատ դարեր առաջ տարբեր մայրցամաքներում ապրող մարդիկ հավատում էին Փրկիչի գալուստին: Ապշեցուցիչ է, թե Փրկիչի ծնունդից 760 տարի առաջ մարգարե Եսայիան ինչպես է նկարագրել Նրա կյանքի բոլոր գալիք իրադարձությունները՝ ասես դրանք արդեն տեղի էին ունեցել: Եսայիան զորություն ու սփոփանք է գտել դրանում։ Նա վկայել է․ «Նա անարգուած եւ մարդկանց երեսից ընկած, հարուածների տէր եւ ցաւի տեղեակ եղաւ, եւ մի այնպիսի, որից պէտք է երես ծածկել. Անարգուած էր, եւ մենք նորան ոչինչ էինք համարում։ Յիրաւի՜ նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ, բայց մենք նորան պատուհարուած էինք համարում, Աստուածանից զարկուած եւ նկուն եղած: Բայց նա մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը նորա վերայ եղաւ, եւ նորա վէրքերովը մենք բժշկուեցանք» (Եսայիա 53.3–5):

Մարդիկ հավատում էին Փրկիչի ծնունդին և Նրա քավիչ զորությանը: Նրանք հավատում էին, որ «չկա ոչ մի անուն երկնքի տակ տրված, բացի այս Հիսուս Քրիստոսից, որի մասին ես խոսեցի, որի միջոցով մարդ կարող է փրկվել»

(2 Նեփի 25.20): Այս խոսքերով է մարգարե Նեփին նկարագրում մարդկանց հավատքը Փրկիչի ծնունդից 500 տարի առաջ: Ամբողջ Մորմոնի գիրքը լի է տարբեր մարդկանց այսպիսի զարմանալի վկայություններով, ովքեր իրենց ամբողջ կյանքում սպասել էին Փրկիչի ծնունդին, ովքեր անձամբ տեսան Նրան կամ հավատացին ականատեսների խոսքերին, թե Նա աշխարհ եկավ և Նա ապրում է:

Անշուշտ, ամեն օր մենք ջանքեր ենք գործադրում ուշադիր և հոգատար լինելու համար, բայց Սուրբ ծննդյան նախօրյակին մեր սրտերը լցվում են սիրո հատուկ զգացումով մեր մերձավորների հանդեպ, խորը երախտագիտությամբ՝ Աստծո հանդեպ, և այն գիտակցության խաղաղությամբ, որ մենք Փրկիչ ունենք:

Բալթյան միսիայում մեր ծառայության ժամանակ մենք տեսանք, որ Սուրբ ծննդյան տոները հատուկ ժամանակաշրջան էին բոլոր մարդկանց համար: Մենք մասնակցեցինք շատ ոգևորիչ և ուրախ իրադարձությունների, որոնք մեզ պարգևեցին ուրախության և Փրկիչին մոտ լինելու հատուկ զգացումներ: Դրանց թվում կնշեմ Սուրբ ծննդյան հիմների միասնական կատարումը Ռիգայի, Վիլնյուսի, Տալլինի և այլ քաղաքների ձմեռային փողոցներում:Եվ երբ Եկեղեցու անդամներն ու միսիոներները միասին երգում էին հիմները, շատ անցորդներ կանգ էին առնում, լսում էին, միասին երգում էին, շնորհակալություն էին հայտնում և ավելի տոնական տրամադրությամբ շարունակում էին իրենց ճանապարհը: Երբ մենք երգում էինք Սուրբ ծննդյան հիմները, միշտ հնարավորություն ունեինք հրավիրել մարդկանց՝ մասնակցելու տեղական ծխի Սուրբ ծննդյան կիրակնօրյա հատուկ ժողովին և միասին տոնելու Փրկիչի ծնունդը: Մենք նաև միացյալ ծառայություն մատուցեցինք նրանց, ովքեր գտնվում էին ծանր ֆինանսական դրության մեջ, չունեին տաք հագուստ, սնունդ և կացարան: Շաբաթ օրերին այս մարդկանց տաք կերակուր բաժանելով՝ օգնեցինք լուսավոր շունչ տալ նրանց կյանքի դժվարին պայմաններին և Սուրբ ծննդյան տրամադրություն հաղորդել այդ ցուրտ ձմեռային օրերին:

Մեկ անգամ ևս համոզվեցի, որ ապշեցուցիչ զորություն կա մեր հիմներում, որը մենք ստանում ենք, երբ երգում ենք դրանք միասին: Երբ որևէ մեկին հրավիրում ենք ավելի շատ բան սովորել Քրիստոսի մասին, մենք ավելի ենք մոտենում Նրան: Երբ հոգ ենք տանում կարիքավորների մասին, մենք անում ենք այն, ինչ Տերն է խնդրում մեզ անել: Հնարավոր չէ պատկերացնել ավելի լավ Սուրբ ծննդյան տոն, քան այն մեկը, երբ օգնում ենք ինչ-որ մեկին զգալ Աստծո սերը, երբ կիսվում ենք ինչ-որ բանով և ի պատասխան ոչինչ չենք ստանում:

Սուրբ ծննդյան այս տոներին մենք ցնծում ենք մեր Փրկիչի աշխարհ գալով և միանում ենք Նեփիի խոսքերին, որոնք գրանցված են Մորմոնի Գրքում. «Եվ մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար» (2 Նեփի 25.26):

Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը, Ում մենք վստահում ենք, օգնության, աջակցության և պաշտպանության աղբյուր է: Մենք մոտենում ենք Նրան, երբ ամեն օր բացում ու կարդում ենք սուրբ գրությունները, երբ աղոթում ենք՝ մեր հարցերի պատասխանները ստանալու համար, և երբ անում ենք ամեն ինչ, որպեսզի լսենք Նրան: