2020
Կիսվել Փրկիչի լույսով Սուրբ ծննդյան տոներին
Դեկտեմբեր 2020


«Կիսվել Փրկիչի լույսով Սուրբ ծննդյան տոներին», Լիահոնա, դեկտեմբեր 2020

սպասավորություն

Սուրբ ծննդի լուսանկար՝ Նիլտզա Բեատրիս Սանտիլան Կաստիլյոյի, նվերի լուսանկարը Getty Images- ից

Սպասավորության սկզբունքներ, դեկտեմբեր 2020

Կիսվել Փրկիչի լույսով Սուրբ ծննդյան տոներին

Մտածեք նրանց մասին, ում դուք սպասավորում եք: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց ավելի մոտենալ Քրիստոսին այս Սուրբ ծննդյան տոներին:

Թեպետ մենք հիշում ենք Փրկիչ Հիսուս Քրիստոսին ողջ տարվա ընթացքում, սակայն Սուրբ ծնունդն այն ժամանակն է, երբ մենք փառաբանում ենք երբևէ տրված մեծագույն պարգևին. «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տուաւ» (Հովհաննես 3.16): Երբ մենք սպասավորում ենք Սուրբ ծննդյան տոների ժամանակ, մենք ևս կարող ենք նվերներ տալ, որոնք կօգնեն ուրիշներին ավելի մոտենալ Փրկիչին: Հրաշալի է մտածել մեր մասին՝ որպես մեր Երկնային Հոր պարգևի արտացոլողներ:

Ես դեռ փայփայում եմ այդ նվերը

Սյուզան Հարդի, Կալիֆորնիա, ԱՄՆ

Երբ ես 11 տարեկան էի, իմ կիրակնօրյա դպրոցի ուսուցիչը` Եղբայր Դիթսը, ասաց մեր դասարանին, որ եթե մենք անգիր սովորենք Հավատո Հանգանակները և բացատրենք իրեն, թե ինչ են դրանք նշանակում, նա մեզ համար կգնի սուրբ գրությունների լրակազմի մեր անձնական օրինակը:

Եղբայր և Քույր Դիթսերը երիտասարդ զույգ էին, ուղղակի սկսնակներ: Ես համոզված չէի, որ Եղբայր Դիթսը կարող էր իրեն թույլ տալ որևէ մեկին նվեր գնել: Բայց ես որոշեցի, որ եթե նա կարծում էր, որ Հավատո Հանգանակը բավականին կարևոր էր անգիր սովորելու համար, ես ընդունեցի մարտահրավերը:

Երբ 13 հանգանակները սովորեցի, բավականին ժամանակ անցավ, և ես մոռացա նրա խոստման մասին:

Ապա, Սուրբ ծննդյան օրը ես ստացա մի փաթեթ, որի վրա գրված էր իմ անունը: Ես բացեցի այն` գտնելով սուրբ գրությունների մի հավաքածու հատուկ ինձ համար, մի քարտի հետ, որը խրախուսում էր ինձ կանոնավորապես կարդալ դրանք: Դա 1972 թիվն էր, և մինչև այսօր ես դեռ ունեմ այդ սուրբ գրությունները: Դրանք թանկ են ինձ համար:

Նվերի գինը չէր պատճառը, այլ այն բարությունը, որը նա ցուցաբերեց իմ հանդեպ և այն զոհաբերությունը, որը նա կամեցավ կատարել ինձ համար, որն էլ իմ մեջ թողեց Աստծո խոսքն ուսումնասիրելու խորը ցանկություն: Ես փորձում եմ հետևել Եղբայր Դիթսի սպասավորման օրինակին` իմաստալի նվերներ տալով նրանց, ովքեր իմ շրջապատում են, հուսալով, որ կարող եմ օրհնել ուրիշների կյանքը, ինչպես նա օրհնեց իմը:

Դեր կատարելու հրավեր

Ռիչարդ Մ. Ռոմնի, Յուտա, ԱՄՆ

Երբ նրանք, ովքեր ծրագրում էին մեր ծխի Սուրբ ծննդյան միջոցառումը, խնդրեցին ինձ այցելել քիչ ակտիվ մի անդամի և հրավիրել նրան այդ ծրագրին, պետք է խոստովանեմ՝ ես նյարդայնացա: Ես Դերենին միայն մեկ անգամ էի տեսել նախկինում, երբ նա մասնակցել էր ծխի մի վաղուցվա միջոցառման: Նա ճակատին կրում էր մոտոցիկլավարի գլխակապ: Նրա երկար ճերմակ մազերը պոչ էր կապված, նա սպիտակ փարթամ մորուք ուներ, իսկ նրա բազուկները ծածկված էին դաջվածքներով:

Այժմ հանձնաժողովի անդամի ուղեկցությամբ ես կանգնած էի Դերենի դռան շեմին` մտածելով, թե ինչ էր նա ասելու: Նա խնդրեց մեզ ներս մտնել, և մենք նրան ասացինք, թե ինչու էինք այնտեղ: Նա ասաց. «Օ՜, ես սիրով կանեմ դա»:

Նա հրաշալի գործ կատարեց` օգնելով, որ այդ միջոցառումը իմաստալի դառնար շատերի համար: Կարճ ժամանակ անց ինձ հետ սպասավորող զուգընկերոջս և ինձ խնդրեցին կանոնավորապես այցելել Դերենին: Միշտ թվում էր, թե նա ուրախ է մեզ տեսնելիս, և մենք մի քանի հիանալի զրույցներ ունեցանք: Ես երախտապարտ եմ, որ ծխի միջոցառման ծրագրին նրան մասնակից դարձնելու ոգեշնչումը հանգեցրեց նվիրական հարաբերությունների:

Սպասավորել մյուսներին Սուրբ ծննդյան տոներին

Ահա մի քանի բաներ, որոնք կարող եք անել՝ համոզվելու համար, որ նրանք, ում դուք սպասավորում եք, իմանան, որ մտածում եք իրենց մասին, հատկապես տարվա այս ժամանակ:

  1. Երբեմն հեռախոսի մի զանգը կամ տեքստային մի հաղորդագրությունը հրաշքներ են գործում: Զրույցի բռնվելը մի պարզ «Ողջույն, ինչպե՞ս եք» նախադասությամբ, կարող է տարբերություն առաջացնել:

  2. Միացեք նրանց տոնակատարություններին, երբ հարմար լինի: Սուրբ ծնունդը կարող է հիանալի ժամանակ լինել` իմանալու այն համոզմունքների մասին, որոնք ընդհանուր են մեզ համար: Երբ կիսվում եք համոզմունքներով և լսում ուրիշներին, դուք ավելի շատ եք սկսում հասկանալ նրանց։

  3. Աղոթեք նրանց համար անվանապես: Խնդրեք Երկնային Հորը, որ օգնի ձեզ ուղիներ գտնել, որոնք նրանց ավելի կմոտեցնեն Նրա Որդուն:

  4. Հասարակ նվերները հաճախ ամենալավ հիշվողներն են: Պարտադիր չէ, որ նվերները նրբագեղ լինեն, որպեսզի սիրվեն: Ժամանակի նվերը, լսելու նվերը, լուսանկարով կամ հիշողությամբ կիսվելու նվերը, կարող են լինել սրտի նվերներ:

  5. Մատուցեք վկայության պարգևը: Խնդրեք նրանց ձեզ հետ կիսվել Փրկիչի հանդեպ իրենց սիրով և նրանց հետ կիսվեք ձեր սիրով Փրկիչի հանդեպ:

  6. Հրավիրեք նրանց մասնակցել Սուրբ ծննդին նվիրված ծառայությանը: Որոշ մարդիկ ցանկանում են երկրպագել, բայց չգիտեն, թե ուր գնան: Հրավիրեք նրանց գալ և երկրպագել ձեզ հետ:

  7. Լցրեք նրանց տունը խաղաղությամբ: Թույլ տվեք նրանց իմանալ, որ միսիոներները Սուրբ ծննդի հատուկ ուղերձ ունեն, որով նրանք կարող են կիսվել, այնպիսի մի ուղերձ, որը հույս և սեր կբերի նրանց սրտերին:

Համայնքով սպասավորել բոլորին

Յուրաքանչյուր համայնքի կարիքներն առանձնահատուկ են: Որոշ համայնքների համար օգտակար է ավելի մեծ միջոցառումներ կազմակերպել: Այլ համայնքների համար կարող է օգտակար լինել որևէ փոքր և պարզ մի բան: Նրանք, ովքեր զբաղվում են միջոցառումներ ծրագրելով և կազմակերպելով` աղոթքով մտածում են, թե ինչպես բավարարեն առկա կարիքները:

  • Փարիզում (Ֆրանսիա) գտնվող երեք ցցերի անդամներն օգնեցին՝ աջակցելով «Լուսավորիր աշխարհը» միջոցառմանը, որը ներառում էր տաղանդների և նորաձևության ցուցադրում: Նրանք իրեր պատրաստեցին, որոնք տվեցին փախստականներին և մարդկանց, ովքեր անօթևան էին:

  • Շառլոտա Հյուսիսային Կարոլինա կենտրոնական ցցում կազմակերպվեց «Սուրբ ծնունդ ամբողջ աշխարհում» միջոցառումը համայնքի համար. երեկույթ՝ տոնելու Քրիստոսի ծնունդը ուտելիքով, միջազգային Սուրբ ծննդի ավանդական ցուցադրումներով, երաժշտությամբ, ծառայողական ծրագրերով և Սուրբ ծնունդի մանուկների ցուցադրությամբ:

  • Վերո Բիչ Ֆլորիդա ցցի անդամները մասնակցեցին համայնքի «Ինչո՞ւ ենք տոնում Սուրբ ծնունդը» հիշեցման հավաքույթին: Նվիրաբերվեցին խաղալիքներ համայնքի բարեգործական կազմակերպություններին: Ելույթ ունեցավ Երեխաների միության երգչախումբը, իսկ շատ եկեղեցիներ տեղեկատվություն ցուցադրող տաղավարներ ունեին:

  • Ջեքսնվիլ Ֆլորիդա Հարավային ցիցը ներկայացրեց Աշխարհի Փրկիչը բեմադրությունը: