2021
Ի՞նչ ուսուցանեց ինձ ավլելը՝ ծնող լինելու մասին
Մարտ 2021


Օգնություն ծնողներին

Ինչ ուսուցանեց ինձ ավլելը ծնող լինելու մասին

Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ):

Իմ երեխաներն իրենց տնային գործերը կատարելով, օգնեցին ինձ գտնել իմ աղոթքի պատասխանը։

Նկար
children cleaning a floor with brooms and a mop

Նկարները` Դեյվիդ Գրինի

Մի առավոտ ես արթնացա գերհոգնածության զգացումով։ Իմ ծնողական պարտականությունները ծանր թվացին, և ես քաջատեղյակ էի իմ թուլություններից։ Թվում էր, թե մեծ անջրպետ կար իմ պատկերացրածի և իրականության միջև, թե ինչպիսի ծնող եմ ես։

Ես ծնկի իջա աղոթելու և ասացի Երկնային Հորը, թե որքան շատ էի սիրում Նրան։ Ես ասացի Նրան, թե որքան շատ էի սիրում երեխաներին, որոնցով Նա օրհնել էր մեր ընտանիքը։ Եվ ես սկսեցի պատմել Նրան, թե ինչպես էի փորձում լինել լավ ծնող, սակայն իմ կատարած աշխատանքներն ինձ բավարար չէին թվում։ Մինչ աղոթում էի, սկսեցի պատկերացնել, թե որքան ավելի լավը կլինեին իմ երեխաները, եթե Աստված անձամբ մեծացներ նրանց։

Ապա մտքիս եկավ մի պատկեր։ Ես պատկերացրի իմ երեխաներին խոհանոցի հատակն ավլելիս։ Սա մի շարք աշխատանքներից մեկն է, որը հանձնարարված է նրանց կատարել մեր ընտանիքին օգնելու համար։ Երբեմն այդ տեսարանին հետևելը հուզիչ է, քանի որ նրանք դեռևս սովորում են և մի շարք թերացումներ են նկատվում։ Սակայն ես նրանց թույլ եմ տալիս դա անել, ինչպես նաև այլ ամենօրյա գործեր, քանի որ ես ավելի մեծ տեսլական ունեմ նրանց համար։ Ես գիտեմ, որ այս բոլոր անկատար փորձերի միջոցով, նրանք կսովորեն և կաճեն։ Ի վերջո, նրանք կկարողանան անել դա այնքան արագ և արդյունավետ, որքան ես։ Այս տեսլականը, թե ինչպես են նրանք դառնում պատասխանատու և անկախ, շատ ավելի գոհացուցիչ է, քան եթե ես ամեն ինչ ինքս անեի։ Ես երեխաներին չեմ դաստիարակում կարճաժամկետ հաջողության հասնելու համար. ես փորձում եմ օգնել նրանց երկարաժամկետ հաջողությունների հասնել։

Եվ ես մտածեցի՝ արդյո՞ք նույն կերպ չեն մտածում նաև մեր երկնային ծնողները։ Երկնային Հայրը գիտի, որ մենք չենք կարող կատարյալ ծնողներ լինել։ Երբեմն գուցե մենք առիթ ենք տալիս Նրան հուզվելու, սակայն Նա թույլ է տալիս մեզ շարունակել, քանի որ գիտի, որ մենք սովորում և աճում ենք։ Նա ունի վերջնական, երկարաժամկետ հեռանկարը։ Նա պատկերացնում է, թե ինչպես մենք մի օր կդառնանք Նրա նման ծնողներ, ովքեր կկարողանան լիարժեք սիրել, արդյունավետ ուսուցանել և անթերի օրինակ ծառայել։ Նա գիտի, որ սայթաքելով մենք զարգացնում ենք այնպիսի հատկություններ, ինչպիսիք են համբերությունն ու կարեկցանքը։ Այսպիսով, Իր իմաստության համաձայն, Նա թույլ է տալիս մեզ աշխատել, ձախողվել և կրկին փորձել։

Շատ կցանկանայի արդեն իսկ կատարյալ ծնող լինել։ Ինչպես գրել է Ջոզեֆ Սմիթը, ես հաճախ կատարում եմ «շատ անմիտ սխալներ» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․28)։ Սակայն ես մխիթարվում եմ իմանալով, որ Աստված հասկանում է իմ սիրտը և գիտի, որ ես փորձում եմ սովորել։ Ես ուրախանում եմ, երբ իմ երեխաները հարցնում են․ «Ինչպե՞ս կարող եմ սա ավելի լավ անել» և կարծես թե ցանկանում են բարելավել։ Ի վերջո, ես կարող եմ այդպիսին լինել Երկնային Հոր համար։

Երբ այս բոլոր մտքերը պտտվում էին գլխումս, ես հիասթափության մեկ այլ պահ ևս ունեցա։ «Իսկ եթե որպես ծնող իմ թույլ տված սխալները վնասե՞ն իմ երեխաներին», մտածեցի ես։ «Ես չեմ ուզում խոչընդոտել նրանց առաջընթացին, նույնիսկ եթե այդ ընթացքում ես հրաշալի արդյունքի հասնեմ»։

Կրկին մտքիս եկավ երեխաներիս ավլելու պատկերը։ Այն բանից հետո, երբ դուստրս ջանասիրաբար փորձում է մաքրել հատակը, այնուհետև շտապում խաղալու կամ ավարտելու մեկ այլ առաջադրանք, ես սովորաբար լվանում եմ մնացած դժվարանցանելի բծերը։ Եվ ես մտածեցի Հիսուս Քրիստոսի անսահման ողորմության և զորության մասին, ում Քավությունը ծածկում է յուրաքանչյուր մարդու կյանքի դժվարանցանելի իրավիճակները։ Նրա շնորհը փոխհատուցում է ծնող լինելու իմ թերությունների համար, ճիշտ ինչպես Նրա շնորհը փոխհատուցում է այն ցավը, որ ապրում են իմ երեխաները՝ իմ թերությունների պատճառով։ Մի եղանակով, որը մեզանից ոչ ոք չի կարող հասկանալ, Նրա Քավությունը կարող է բուժել այդ ամենը։

Ինձ մեծապես մխիթարեց այդ օրվա իմ ստացած անձնական հայտնությունը։ Ես զգացի, որ Հոգին սովորեցնում էր ինձ, որ իմ լավագույն ջանքերը և Տիրոջ համագործակցությունը բավարար են։ Ես գիտեմ, որ Երկնային Հայրը կշարունակի գործել իմ զավակների կյանքում, կամաց-կամաց կատարելապես իրականացնելու այն, ինչը ես այդքան անկատար եմ անում։ Նրա օգնությամբ իմ երեխաները մի օր կկարողանան ինքնուրույն փայլել, այնպես պայծառ, կարծես Երկնային Հայրն է նրանց դաստիարակել առաջին իսկ օրվանից։ Բացի այդ, Նրա ծրագիրը նաև կարողանում է ընթացքում փոխել ինձ՝ սրբացնել և ձուլել այնպես, որ ավելի շատ նմանվեմ Նրան։ Օ՜հ, որքան մեծ է իմաստությունը մեր Աստծո։

Տպել