2021
Զորացնել երիտասարդներին
Օգոստոս 2021


Տարածաշրջանի Նախագահության ուղերձը

Զորացնել երիտասարդներին

Մեր թանկագին եղբայրնե՛ր և քույրե՛ր, ինձ համար մեծ արտոնություն է մի քանի րոպեով դիմել ձեզ Լիահոնայի այս ուղերձով: Նախ՝ ես կցանկանայի վկայություն բերել, որ մեր սիրելի Երկնային Հայրն իրականում ապրում է: Ավելին, ես վկայում եմ, որ Տեր Հիսուս Քրիստոսը աշխարհի Փրկիչն ու Քավիչն է:

Դուք պետք է իմանաք, որ մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, իրականում ապրել է, մահացել է և հարություն է առել: Դրանից հետո Նա բարձրացել է մեր Երկնային Հոր մոտ, որտեղ այժմ առաջնորդում է Իր Հոր ծրագիրը: Այս ամենը դարերով արձանագրվել է ինչպես սուրբ գրություններում, այնպես էլ մարգարեների և առաքյալների ուսմունքների ու վկայությունների միջոցով: Շատ մարդիկ նույնպես ստացել են այս նույն վկայությունը, քանի որ Աստված անաչառ է:

Ավելին, ես վկայում եմ, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը Վերականգնման մեծ մարգարեն է: Բազմաթիվ մարգարեներ և առաքյալներ, ինչպես նաև Տերն ինքը, Ջոզեֆ Սմիթի կանչից շատ առաջ ուսուցանել և վկայել են երկրի վրա Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ու կենդանի Եկեղեցու վերականգնման մասին (տես 2 Նեփի, գլուխ 3): Մենք վկայում ենք, որ Ջոզեֆ մարգարեն իսկապես ապրել ու մահացել է՝ որպես մեր Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ մարգարե:

Ես վկայում եմ, որ Նախագահ Բրիգամ Յանգը և բոլոր մարգարեները Մարգարե Ջոզեֆի ժամանակից ի վեր մինչև մեր ժամանակները, ներառյալ՝ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, նույն կերպ եղել են և կան որպես Աստծո սուրբ մարգարեներ:

Դրանում կասկած լինել չի կարող:

Մենք շատ լավ տեղյակ ենք կանանց և տղամարդկանց շրջանում տարածված կեղծ ուսմունքներից, որոնք պնդում են, որ մահկանացու կյանքի մեջ իմաստ չկա. դրանց թվում է նաև ամենամեծ սուտը, որ Աստված չկա: Նրանք սխալվում են: Նրանք չեն հասկանում, թե ինչ են խոսում: Չնայած ճիշտ է, որ մեր շուրջը կարող ենք տեսնել Աստծո ստեղծագործական մեծ զորության ապացույցներ, ինչի համար բոլորս շատ շնորհակալ ենք, բայց միշտ պետք է հիշենք, որ ցանկացած տղամարդու, կնոջ կամ կարող եմ ասել՝ երեխայի համար Աստծուն ճանաչելու միակ ուղին այն է, որ Նա Ինքն է Իր մասին հայտնում մեզ Երկնքից: Չնայած ճիշտ է, որ մեզանից շատերը մահկանացու կյանքում չեն տեսել Նրան, սակայն Քրիստոսի Լույսի միջոցով և հատկապես Սուրբ Հոգու զորությամբ մենք կարող ենք իմանալ, որ Նա իրականում ապրում է:

Սա հատկապես ակնհայտ է այն բանից հետո, երբ մենք մկրտվում ենք և ստանում Սուրբ Հոգու պարգևը՝ համապատասխան իշխանությամբ լիազորված մարդկանց ձեռնադրմամբ, ինչպես դա արվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում:

Սուրբ Հոգու զորությունը շատ ավելի հզոր է, քան ցանկացած գրված կամ արտասանված խոսք, կամ նույնիսկ այն, ինչը մենք կարող ենք տեսնել: Սուրբ Հոգին խոսում է մեր սրտի և մեր մտքի հետ այնպիսի զորությամբ, որը ցրում է ցանկացած կասկած: (Տես ՎևՈւ 8.2 և ՎևՈւ 9.7–9)

Ձեզանից ոմանք կարող են մտածել՝ արդյո՞ք իսկապես զգացել եմ Հոգին: Մյուսները կարող են մտածել՝ արդյո՞ք իրենք իսկապես լսել են, որ Նա խոսում է իրենց մտքում: Մի քանիսն էլ գուցե մտածեն՝ արդյո՞ք իրենք վկայություն են ստացել Հիսուս Քրիստոսի Վերականգնված Ավետարանի մասին: Այս մտահոգությունները կարող են ցրվել հենց հիմա: Չնայած ճիշտ է, որ մենք ձեզանից յուրաքանչյուրին անհատապես չենք ճանաչում, սակայն մենք շատ լավ գիտենք, թե Տերն ինչպես է կատարում Իր աշխատանքը: Նա սիրում է Իր զավակներից յուրաքանչյուրին՝ անկախ նրանց անձնական հանգամանքներից կամ նույնիսկ նրանց աշխարհագրական տեղակայումից: Նա մեզանից յուրաքանչյուրի հետ խոսում է անհատական և տարբեր ձևերով: Փաստորեն, Տերը սիրում է հաճախակի խոսել մեզ հետ: Եվ Նա մշտապես խոսելու է նրանց հետ, ովքեր լսում են Իրեն: (ՎևՈւ 121.45-46, Հովհաննես 14.26, ՎևՈւ 59.21, Մորմոն 9.7-9)

Ես և դուք, որ մկրտվել ենք մեր մեղքերի թողության համար և ստացել ենք Սուրբ Հոգու պարգևն ու զորությունը, Աստծո՝ Հավերժական Հոր և Նրա Որդու՝ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին կատարյալ գիտելիքներով հանդերձ, կարող ենք իմանալ, որ Հիսուս Քրիստոսն իրականում ապրում է: (ՎևՈւ 58.31-33)

Նույնքան կարևոր է, որ մենք պետք է հաստատ իմանանք, որ Նրա Եկեղեցին՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, կրկին գտնվում է Երկրի վրա:

Ամենակարևոր բանը, որ ես և դուք կարող ենք անել մահկանացության մեջ, այն է, որ պահենք հավատքը Տիրոջ հանդեպ և պահենք Նրա պատվիրանները, որպեսզի ձգտենք մշտապես ունենալ Սուրբ Հոգու ազդեցությունը մեր կյանքում: Երբ այդպես վարվենք, մենք կծառայենք ուրիշներին և կմոռանանք ինքներս մեզ, և այս գործընթացում մենք իրականում կդառնանք Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներ: (Մոսիա 3.19, 3 Նեփի 9.20)

Եկեղեցին և նրա ղեկավարները պատրաստ են աջակցել ձեզ: Մենք ունենք Եկեղեցու կողմից ձեզ տրամադրված մի հրաշալի գրքույկ՝ «Երիտասարդներին զորացնելու համար» վերնագրով (տես Ավետարանի գրադարան և churchofjesuschrist.org):

Բացի այդ, մենք օրհնված ենք, քանի որ ունենք երիտասարդների և ԵԱ-ի միջոցառումներ, որոնք նախատեսված են ընկերություն հաստատելու և միմյանց ամրապնդելու համար:

Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ, մեր աշակերտությունը կապված է ոչ միայն Հանգստության օրվա երկրպագության հետ, այլև հատկապես այն բանի հետ, թե ինչ ենք մտածում, ասում և անում մեր կյանքի ամեն օրը: Այս առումով մենք ջանում ենք նաև աղոթել առավոտյան ու երեկոյան և դրանով Սուրբ Հոգուն հրավիրում ենք մեզ հետ լինել, երբ ճանաչում ենք մեր սիրելի Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին մեր կյանքում:

Նմանապես, մեր կյանքի ամեն օրը մենք պետք է կարդանք սուրբ գրությունները, երբ ուսումնասիրում ենք Աստծո խոսքը: Երբեմն, հնարավոր է, ընդամենը մի քանի րոպե ունենանք կարդալու համար, երբեմն էլ՝ մի փոքր ավելի շատ: Հիշեք, որ Տերը նայում է մեր սրտերի նպատակներին և ամենից լավ է հասկանում մեր հանգամանքները:

Երբ մենք այս պարզ քայլերը կատարենք հետևողականորեն, Սուրբ Հոգու զորությունը կգա և կմաքրի մեզ մեր մեղքերից, ինչի արդյունքում մենք նորից ենք ստեղծվում Քրիստոսում: (2 Կորնթացիս 5.17, Մոսիա 27.25-26)

Սուրբ Հոգին մեզ նաև զորություն է տալիս ապրել Նրա Ավետարանով, զարգացնել մեր տաղանդներն ու կարողությունները՝ ուրիշներին օրհնելու և Նրա արքայությունը երկրի վրա կառուցելու համար: Կարևոր է, որ Սուրբ Հոգին իրականում դառնում է մեր մշտական ուղեկիցը: (Մորոնի 10.8-24)

Նախ և առաջ Սուրբ Հոգին մեզ ուրախություն կպարգևի, որը կարող ենք ստանալ միայն այն ժամանակ, երբ մենք ապրում ենք Հիսուս Քրիստոսի Ավետարանով: (Հռոմեացիներ 14.17)

Չկա որևէ բան, որը հաղթահարել հնարավոր չէ: Սա է այն պատճառներից մեկը, թե մենք ինչու ենք ձեզանից յուրաքանչյուրին խրախուսում ընդգրկվել ամենօրյա սեմինարիայում և ինստիտուտում, երբ դուք (հատկապես երիտասարդ տղամարդիկ) պատրաստվում եք լիաժամկետ միսիայի, տաճարային արարողություններին՝ Տիրոջ տանը և ամուսնությանն ու ընտանիքին՝ Տիրոջը ծառայելիս:

Մի անհանգստացեք ձեր անձնական հանգամանքների պատճառով: Մեզանից ոմանք օրհնված են Եկեղեցու ամուր ընտանիքներով, մինչ ոմանք ստիպված են միայնակ քայլել ուխտի արահետով, քանի որ մեր ընտանիքի անդամները կա՛մ Եկեղեցու անդամ չեն, կա՛մ այս պահին ակտիվորեն չեն հաճախում Եկեղեցի: Շատ մի անհանգստացեք դրա պատճառով: Ի վերջո, նրանցից շատերը կդառնան դեպի Տերը, երբ պատրաստ լինեն:

Ամփոփելով, ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը ճշմարիտ է, և որ մեզ անսահման զորություն է տրված հաղթահարելու աշխարհիկը, երբ մեր հույսը դնում ենք մեր Երկնային Հոր և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի վրա: Նրանք սիրում են մեզ, հսկում են մեզ և օրհնում են մեզ:

Թող Աստված օրհնի ձեզ, որ միշտ հավատարիմ լինեք Նրանց:

Տեր Հիսուս Քրիստոսի անունով ամեն:

Տպել