2021
Խաղաղության Իշխանը
Դեկտեմբեր 2021


Տարածաշրջանի Նախագահության ուղերձը

Խաղաղության Իշխանը

Ջորջ Ֆրեդերիկ Հենդելի «Մեսիա» ստեղծագործության մեջ երաժշտության հետ մեկտեղ թևածում են հնադարյան մարգարե Եսայիայի մարգարեական խոսքերը. «Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնուեցաւ, մեզ մի որդի տրուեցաւ, եւ իշխանութիւնը կ’լինի նորա ուսի վերայ, եւ նորա անունը կ’կոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան» (Եսայիա 9.6): Դժվար է պատկերացնել Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնակատարությունը առանց այդ վեհ օրհներգի, որն այդ օրերին միշտ հնչում է մեր ականջներում:

Այս սուրբ գրության մեջ Եսայիան մեզ տալիս է մի քանի անուններ, որոնցով Հիսուս Քրիստոսը հայտնի է սուրբ գրություններում և ամբողջ աշխարհում: Այնուամենայնիվ, վերջին անունը՝ Խաղաղության Իշխանը, իրոք արձագանքում է իմ հոգում վերջին երկու տարիներին:

Գուցե մենք ամենից հաճախ խաղաղություն ենք համարում այն վիճակը, երբ չկա զինված բախում կամ քաղաքական խառնաշփոթ: Աշխարհում շատերի համար այս վիճակը անցողիկ է և աննշան, և մենք բոլորս աղոթքով փնտրում ենք այդ խաղաղությունը: Այնուամենայնիվ, երբ մտածում ենք Խաղաղության Իշխանի մասին, այս անվան մեջ գտնում ենք նաև ավելի խորը իմաստ՝ իմաստ, որը դուրս է գալիս զինված բախումների դադարեցման շրջանակից: Նոր Կտակարանի հետևյալ խոսքերում մենք կարդում ենք այդ ավելի խորը իմաստը. «Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. Ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չ’խռովի եւ չ’վախենայ» (Հովհաննես 14.26):

Քանի որ համավարակը ազդել է բոլորիս վրա, մեր կյանքը խաթարվել է. շատ կյանքեր են կորսվել, սահմանափակումներ են դրվել տեղաշարժման և հավաքույթների վրա, իսկ մեր եկեղեցական հանդիպումները կասեցվել են: Կարելի է ասել, որ հետևյալ մարգարեությունը որոշ չափով իրականություն է դարձել. «Եվ բոլոր բաները կլինեն խառնաշփոթության մեջ. և, անկասկած, մարդկանց սրտերը կնվաղեն. քանզի երկյուղը կպատի բոլոր մարդկանց» (ՎևՈւ 88.91):

Ես գիտեմ, որ երբ բախվում ենք կյանքի մարտահրավերներին ու փորձություններին, մենք կարող ենք ապավինել Խաղաղության Իշխանին, ով Իր խաղաղությունն է բերում մեզ Իր ուսմունքների և Իր քավիչ զոհաբերության միջոցով: Ես գիտեմ, որ Խաղաղության Իշխանը կարող է մեզ ուրախություն բերել ամենադժվար ժամանակներում: Նախագահ Ռասել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ «Սրբերը կարող են երջանիկ լինել բոլոր հանգամանքներում: Մենք կարող ենք ուրախություն գտնել նույնիսկ վատ օրվա, վատ շաբաթվա կամ անգամ վատ տարվա մեջ: Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ուրախությունը, որը մենք զգում ենք, շատ քիչ կապ ունի մեր կյանքի հանգամանքների հետ, այն լիովին կապված է մեր կյանքի կենտրոնի հետ» (Ռասսել Մ. Նելսոն, «Ուրախություն և հոգևոր գոյատևում», հոկտեմբեր 2016 թ.):

Այս Սուրբ ծննդյան տոներին ես աղոթում եմ, որ ձեր կյանքի կենտրոնում լինի Խաղաղության Իշխանը: Ես աղոթում եմ, որ դուք սովորեք Նրա մասին, խորհեք Նրա ուսմունքների շուրջ և թույլ տաք, որ Նրա քավիչ զոհաբերությունը ձեզ բերի Իր խոստացած ներքին խաղաղությունը: Ես աղոթում եմ, որ դուք իմանաք, որ Նա ճանաչում և սիրում է ձեզ, իսկ այս գիտելիքը կհանգստացնի ձեր հոգին և կօգնի ձեզ դիմանալ կյանքի փորձություններին ու մարտահրավերներին:

Տպել