2022
Հիսուս Քրիստոսը՝ իմ Փրկիչը
Ապրիլ 2022


Տարածաշրջանի Նախագահության ուղերձը

Հիսուս Քրիստոսը՝ իմ Փրկիչը

1990 թվականին մեր ընտանիքում ծնվեց մեր առաջին երեխան՝ մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ։ Խորհրդային Միությունը նոր էր փլուզվել, և իմ երկիրը՝ Էստոնիան, վերականգնել էր կրոնական ազատությունը։ Շատերը շտապում էին ամուսնանալ եկեղեցով կամ իրենց մանկահասակ երեխաներին էին մկրտում։ Այնուամենայնիվ, թեպետ ես ու կինս նույնպես մտածում էինք մեր աղջկան մկրտելու մասին, սակայն որոշեցինք չանել դա։ Մենք դրանում իմաստ չէինք տեսնում։ Շատերի համար եկեղեցի գնալն այդ ժամանակ պարզապես մոդայիկ բան էր: Դա մի ավանդույթ էր, որը երկար տարիներ արգելված էր եղել, իսկ այժմ նորից հնարավոր էր դարձել: Այդպես վարվող մարդիկ հաճախ նույնիսկ չէին հավատում Աստծուն։ Մենք նույնպես հավատացյալ չէինք, և մեզ համար անիմաստ էր մկրտել մեր զավակին՝ առանց Աստծո և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ ունենալու: Ես այն ժամանակ մտածում էի, որ մկրտությունն ավելի շատ պետք է նման լինի Աստծո հետ ուխտ կապելուն, բայց ընդամենը մի քանի ամսական իմ փոքրիկն ի՞նչ կարող է իմանալ ուխտի մասին: Այսպիսով, թեպետ մեր երեխան չէր մկրտվել Լյութերական եկեղեցում, սակայն դա առաջին անգամն էր, երբ մենք մտածեցինք Աստծո և նրա սրբազան արարողությունների մասին։

Երկու տարի անց մենք հանդիպեցինք միսիոներներին և նրանք մեզ պատմեցին Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու և դրա սկզբունքների մասին: Այդ ամենն այնքան ճշմարիտ էր հնչում, որ արդեն մեր առաջին հանդիպման ժամանակ մենք ասացինք, որ ցանկանում ենք մկրտվել: Հաջորդող հանդիպումների ժամանակ միսիոներները մեզ ուսուցանեցին և պատրաստեցին մկրտության: Ինձ համար ամենակարևոր ուսմունքներից մեկն էր հասկանալ, որ Հիսուս Քրիստոսն իմ Փրկիչն է: Նա զոհաբերեց իր կյանքը իմ մեղքերի համար, որպեսզի ես և իմ ընտանիքը հավերժ ապրենք մեր Երկնային Հոր հետ: Հիշում եմ, որ այդ ժամանակ մտածում էի, թե ինչպես կարող եմ Նրան հայտնել իմ երախտագիտությունն այն ամենի համար, ինչ Նա արել է ինձ համար: Ես հասկացա, որ Նրան երախտագիտություն հայտնելու միակ միջոցն այն է, որ ընդունենք Նրա ուսմունքները, հետևենք այդ ուսմունքներին և ծառայենք Նրան:

Այսօր, երբ ես իմ կյանքի երեսուն տարին ծառայել եմ Նրան, կարող եմ վկայել, որ հավատում եմ Քրիստոսին: Որպես Նրա Եկեղեցու անդամ՝ ես հավատում եմ Նրան իմ ամբողջ սրտով: Որպես նրա ծառա, ես ուզում եմ բոլորին հրավիրել՝ «եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում,- ինչպես ասել է Մորոնին, - և հրաժարվեք ամեն անաստվածությունից» (Մորոնի 10.32): Ես վկայում եմ, որ Նա Աստծո Որդին է և աշխարհի Փրկիչը։

Ջոզեֆ Սմիթը՝ այս տնտեսության առաջին մարգարեն, գրել է.

«Մենք հավատում ենք Աստծուն՝ Հավերժական Հորը, և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն:

Մենք հավատում ենք, որ Քրիստոսի Քավության շնորհիվ ողջ մարդկությունը կարող է փրկվել՝ հնազանդվելով Ավետարանի օրենքներին և արարողություններին» (Հավատո Հանգանակ 1.1, 3):

Այդ պայմաններին ենթարկվելով՝ մենք բոլորս կարող ենք փրկվել՝ անկախ տարիքից, սեռից կամ ռասայից։ Մենք բոլորս պետք է հավատանք Նրան, ապաշխարենք մեր մեղքերից, մկրտվենք Նրա անունով, ստանանք Սուրբ Հոգու պարգևը և համբերենք մինչև վերջ, որպեսզի կարողանանք ստանալ հավերժական կյանք:

Տեր Աստված Իր սուրբ մարգարեներին ուղարկել է բոլոր ժողովուրդների մեջ, որպեսզի այս բաները քարոզեն բոլոր դարերում, ինչպես Նա անում է դա մեր օրերում:

Քրիստոսի երկրային ծառայությունից հարյուրավոր տարիներ առաջ Եսայիա մարգարեն Նրա մասին գրել է.

«Յիրաւի՜ Նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ: …

Բայց Նա մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցավ … եւ նորա վէրքերովը մենք բժշկուեցանք» (Եսայիա 53.4–5):

Եթե մենք իսկապես զգանք Փրկիչի սերը մեր հանդեպ և զգանք այն հնարավորությունները, որոնք Նա տվել է մեզ Իր զոհաբերության միջոցով, մենք չէինք հետաձգի մեր անօրինությունների ապաշխարությունը: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ պահենք Աստծո պատվիրանները և կարգի բերենք մեր կյանքը: Դա նշանակում է, որ ապաշխարենք մեծ և փոքր մեղքերից: Դա նշանակում է, որ սիրենք մեր ընկերին, ապրենք օրինակելի կյանքով և լինենք լավ ամուսին ու կին։ Դա նշանակում է, որ օրինակով և ուսուցանելով ցույց տանք մեր երեխաներին՝ ինչպես ընթանալ ճշմարտության և իմաստության ճանապարհով։ Դա նշանակում է, որ լինենք ազնիվ մեր գործերում և ծառայենք ուրիշներին, այդ թվում՝ աշխարհի հետ կիսվենք Հիսուս Քրիստոսի ավետարանով և սիրով ծառայենք կարիքավորներին:

Հուսով եմ, որ մեր Տիրոջ խոսքին հնազանդվելով, մենք բոլորս կճանաչենք և կսիրենք Նրան և պատրաստ կլինենք լինել այն երանելի մարդկանց թվում, ովքեր լսել և հավատացել են Նրա թանկագին խոսքերին Գեթսեմանիի այգում՝ Նրա մահկանացու կյանքի վերջին գիշերը. «Եվ սա է յավիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած.եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» (Հովհաննես 17․3)։ Դա նույնպես իմ վկայությունն է, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Տպել