Տարածաշրջանի ղեկավարության ուղերձ
Այն ժամանակ դու լսի՛ր երկնքում
Ամենաթանկ պարգևներից մեկը, որով ծնողներս կիսվել են ինձ հետ իմ մանկության տարիներին, նրանց սերն էր տաճարի հանդեպ: Տիրոջ տանը երկրպագելու նրանց ցանկությունը մշտական էր և երբեք չէր սասանվում, չնայած ամենամոտ տաճարը շատ հեռու էր և ծախսերը մեծ էին:
80-ականների վերջին Բեռնի (Շվեյցարիա) տաճարի վերանորոգման ժամանակ մեր ընտանիքը մեկնեց Ֆրանկֆուրտ, Գերմանիա: Ես դեռ հստակ հիշում եմ այն օրը, երբ մենք հասանք տաճար: Ես ընդամենը ինը տարեկան էի, ու թեև ես ու եղբայրս բազմիցս ուղեկցել էինք մեր ծնողներին տաճար, այդ փորձառությունը անմոռանալի էր ինձ համար: Երբ մենք մտանք այցելուների հյուրատան ընդունարան, ես զգացի ուրախության և պատկանելության զգացում, որը նախկինում երբեք չէի ունեցել: Հիշում եմ, որ նստած էի այնտեղ և տոգորված էի սիրո մի այնպիսի զգացումով, որն առաջին անգամ ունեցա: Հիշում եմ, որ մայրս բացատրում էր, որ այդ զգացմունքները տրվել են Տիրոջ Հոգու կողմից, որը վկայում էր ինձ, որ ես Իր սուրբ տանն եմ: Թեև այն ժամանակ ես դա լիովին չէի հասկանում, սակայն ինձ համար պարզ էր, որ այն, ինչ ես զգում էի, անձնական պարգև էր Տիրոջ կողմից:
Ք.ա. 10-րդ դարում՝ շատ սերունդներից հետո, Իսրայելի ժողովուրդը վերջապես կառուցեց Տիրոջ տաճարը: Թագավորների գրքում արձանագրված է Սողոմոն թագավորի կողմից մատուցված նվիրագործման աղոթքը։ Թագավորը հավաքել էր ժողովրդին՝ նվիրագործման արարողություն և խնջույք մատուցելու Տիրոջը։ Ուխտի տապանակը «սրբությունների սրբության մեջ»1 դնելուց հետո ամպ իջավ տաճարի վրա, և «Տիրոջ փառքը լցրեց Տիրոջ տունը»2: Ինչպես անապատում ճամփորդող իրենց հայրերին, Տերն Իր ներկայությամբ հստակ հայտնվում էր Իր ժողովրդին տաճարում3: Տերը տարբերություն չէր դրել գործվածքից պատրաստված ժամանակավոր խորանի և քարից պատրաստված թանկարժեք խորանի միջև. երկուսն էլ ընդունվեցին Նրա կողմից, քանի որ ներկայացնում էին լավագույն զոհաբերությունը, որ մարդիկ պետք է մատուցեին այդ ժամանակ:
Որպես նվիրագործման աղոթքի մաս՝ Սողոմոն թագավորը մի քանի անգամ աղաչում է՝ «լսի՛ր այս պաղատանքն ու աղոթքը, որ քո ծառան այսօր մատուցում է»4, նաև աղերսում է լսել Իր ժողովրդին, երբ նրանք ապաշխարեն և դառնան դեպի Իր տունը: Աղոթելիս Սողոմոնը հասկանում է, որ տաճարը օրհնում է ոչ միայն ժողովուրդներին և ազգերին, այլև հատկապես անհատներին և ընտանիքներին, և հետևաբար հավելում է. «Երբ Իսրայելի քո ամբողջ ժողովրդից որևէ մարդ, ով էլ որ լինի, գա աղոթք և աղերսանք մատուցելու, և ամեն մարդ, որ իր սրտի ցավը գիտի, իր ձեռքերը տարածի դեպի այս տունը, այն ժամանակ դու լսի՛ր երկնքում՝ քո բնակվելու տեղում, ների՛ր ու կատարի՛ր և այդ մարդուն տո՛ւր ըստ իր բոլոր ճանապարհների, քանի որ գիտես նրա սիրտը»5:
Տարիների ընթացքում անձնական ուրախությունն ու սերը, որ ես զգացի այդ օրը Ֆրանկֆուրտում, մեծացավ՝ դառնալով մեր Երկնային Հոր մասին գիտելիք և ավելի մեծ հասկացողություն, և ինձ տվեց Նրա սերն ու անձնական խորհուրդը զգալու օրհնությունը: Տաճարում ես հասկացել եմ, որ Տերը գիտի «իմ սրտի ցավը», և լսում է ինձ, երբ ես հավատքով գնում եմ տաճար: Մեկ այլ բան, որ ես սովորել եմ, այն է, որ տաճարում Քրիստոսի հետ անձնական հարաբերություններ կառուցելը և նրա մասին գիտելիքը պահանջում են զոհաբերություն, հավատք և ցանկություն: Երեց Բեդնարի խոսքերով. «Տարբերություն կա եկեղեցի հաճախող, տասանորդ վճարող անդամների միջև, որոնք երբեմն շտապում են տաճար՝ նիստին մասնակցելու համար, և այն անդամների միջև, որոնք հավատարմորեն և հետևողականորեն երկրպագում են տաճարում»6:
Նախագահ Նելսոնը նաև հավելել է. «Տաճարների շինարարությունը և պահպանումը կարող է չփոխել ձեր կյանքը, բայց տաճարում անցկացրած ձեր ժամանակն, անշուշտ, կարող է փոխել ձեր կյանքը»7: Թող որ մենք բոլորս բացահայտենք Նրա սուրբ տանը երկրպագելու ուրախությունը, որտեղ Աստված գիտի «մեր սրտի ցավը»5 և կլսի մեր աղերսները4: