«Հավատք առ Հիսուս Քրիստոս», Լիահոնա, ապրիլ 2023։
Լիահոնա ամսագրի ամենամսյա ուղերձ, ապրիլ 2023
Հավատք առ Հիսուս Քրիստոս
Առ Հիսուս Քրիստոս հավատք ունենալը ավետարանի առաջին սկզբունքն է (տես Հավատո Հանգանակ 1․4)։ Մեր հավատը կօգնի մեզ կատարել ընտրություններ, որոնք մեզ կվերադարձնեն մեր Երկնային Հոր մոտ։ Մենք կարող ենք աշխատել ամրացնել մեր հավատը մեր ողջ կյանքի ընթացքում։
Ի՞նչ է հավատքը:
Հավատքը հաստատուն համոզմունք կամ վստահություն է ինչ-որ բանի նկատմամբ։ Հավատք ունենալը ներառում է հուսալ և հավատալ այն բաներին, որոնք ճշմարիտ են, նույնիսկ երբ մենք չենք կարող դրանք տեսնել կամ ամբողջությամբ հասկանալ (տես Եբրայեցիս 11․1, Ալմա 32․21)։
Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնացած հավատք
Փրկության տանելու համար մեր հավատքը պետք է կենտրոնանա Հիսուս Քրիստոսի վրա՝ որպես մեր Փրկիչ և Քավիչ։ Առ Քրիստոս հավատք ունենալ նշանակում է վստահել Նրան։ Դա նշանակում է ամբողջովին ապավինել Նրան՝ վստահել Նրա զորությանը, խելքին և սիրուն։ Դա ներառում է նաև Նրա ուսմունքներին հավատալը և դրանց հետևելը։
Մեծացնենք մեր հավատքը
Հավատքը պարգև է Աստծո կողմից, բայց մենք պետք է փնտրենք այն և աշխատենք, որպեսզի ամուր պահենք։ Մենք կարող ենք մեծացնել մեր հավատքը աղոթելով և ուսումնասիրելով սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների ուսմունքները։ Մենք նաև ամրացնում ենք մեր հավատքը, երբ ապրում ենք արդար կյանքով և պահում մեր ուխտերը։
Ապրենք հավատքով
Հավատքն ավելին է, քան համոզմունքը։ Այն ներառում է այդ համոզմունքի հիման վրա գործելը։ Մենք մեր հավատքը ցույց ենք տալիս մեր ապրելակերպի միջոցով։ Հավատքն առ Հիսուս Քրիստոս մղում է մեզ հետևել Նրա կատարյալ օրինակին։ Մեր հավատքը մեզ առաջնորդում է հնազանդվել պատվիրաններին, ապաշխարել մեր մեղքերը և կապել ու պահել ուխտերը։
Հավատքը կարող է հանգեցնել հրաշքների
Ճշմարիտ հավատքը առաջ է բերում հրաշքներ, որոնք կարող են ներառել տեսիլքներ, երազներ, բժշկումներ և այլ պարգևներ, որոնք գալիս են Աստծուց։ Սուրբ գրություններում կան բազմաթիվ պատմություններ մարդկանց մասին, ովքեր տեսել են Տիրոջ հրաշքները, քանի որ հավատացել են Նրան։ Տես Սուրբ գրքերի ուղեցույցի «Հրաշք» բաժինը որոշ օրինակների համար։
Հավատը կարող է խաղաղություն բերել
Առ Աստված և Նրա փրկության ծրագիրը հավատք ունենալը կարող է ամրացնել մեզ մեր դժվար պահերին։ Հավատը կարող է մեզ ուժ տալ առաջ գնալու և մեր դժվարություններին քաջությամբ դիմակայելու համար։ Նույնիսկ երբ ապագան անորոշ է թվում, մեր հավատքն առ Փրկիչը կարող է մեզ խաղաղություն տալ։
Հավատքն առ Հիսուս Քրիստոսը տանում է դեպի Փրկություն
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի գործադրումը կարող է առաջ բերել մեր փրկությունը։ Քրիստոսը մեզ համար ուղի է պատրաստել՝ ստանալու հավերժական կյանք։ Երբ մենք ապրում ենք համաձայն Նրա հանդեպ մեր ունեցած հավատքի, մեր մեղքերը կարող են ներվել և մենք կարող ենք վերադառնալ ու կրկին ապրել Աստծո հետ։
© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly Liahona Message, April 2023-ի թարգմանությունը։ Language. 19006 201