2023
Պատրաստվենք այցելել տաճար
Դեկտեմբեր 2023


«Պատրաստվենք այցելել տաճար», Լիահոնա, դեկտեմբեր 2023։

Ամենամսյա Լիահոնա ուղերձ, դեկտեմբեր 2023

Պատրաստվենք այցելել տաճար

Նկար
մարդիկ քայլում են դեպի Օգդենի (Յուտա) տաճարը

Օգդենի (Յուտա) տաճարի լուսանկարը, հեղինակ՝ Մարկ Բրունսոն

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տաճարներում մենք կարող ենք սուրբ ուխտեր և արարողություններ ստանալ մեր և մեր նախնիների համար։ Մենք այցելում ենք տաճար՝ ցուցադրելու մեր սերն ու երախտագիտությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Մենք կարող ենք պատրաստվել այցելել տաճար՝ սովորելով Հիսուս Քրիստոսի ավետարանը և ապրելով դրանով։ Տաճարների վերաբերյալ ավելին իմանալու համար տես՝ Ավետարանի հիմունքների վերաբերյալ «Տաճարային աշխատանք» հոդվածը 2021 թվականի հոկտեմբերի Լիահոնա ամսագրում։

Նկար
Դուրբանի (Հարավային Աֆրիկա) տաճարի պատին գրված բառերը

Դուրբանի (Հարավային Աֆրիկա) տաճարի լուսանկարը, հեղինակ՝ Մեթյու Ռեյեր

Տիրոջ Տունը

Տաճարները կոչվում են «Տիրոջ տուն»։ Դրանք սուրբ վայրեր են, որտեղ մենք կարող ենք զգալ Աստծո Հոգին և Նրա սերը մեր հանդեպ։ Դրանք նաև վայրեր են, որտեղ մենք կարող ենք ուխտեր կապել և ստանալ հատուկ արարողություններ, որոնք մեզ կպատրաստեն հավերժական կյանք ունենալու համար։ (Ուխտերը սուրբ խոստումներ են Աստծո և Նրա զավակների միջև:) Հավատարիմ լինելով մեր ուխտերին և ստանալով այդ արարողությունները՝ օգնում ենք մեզ հատուկ հարաբերություններ ունենալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ։

Նկար
երիտասարդները կանգնած են Գուայաքուիլի (Էկվադոր) տաճարի մոտ

Գուայաքուիլի (Էկվադոր) տաճարի լուսանկարը, հեղինակ՝ Ջանեյ Բինգհեմ

Ո՞վ կարող է այցելել տաճար

Եկեղեցու անդամները կարող են մկրտություններ կատարել մահացածների համար սկսած այն տարվանից, երբ նրանք դառնում են 12 տարեկան։ Անդամները կարող են ստանալ օժտումը, եթե նրանք առնվազն 18 տարեկան են, եկեղեցու անդամ են առնվազն մեկ տարի և ցանկանում են կապել ու պահել տաճարային ուխտերը (տես Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 27.2.2, ChurchofJesusChrist.org)։ Տղամարդը և կինը, որոնք արդեն ստացել են իրենց տաճարային օժտումը, կարող են տաճարում կնքվել (ամուսնանալ) հավերժության համար։

Ուխտեր և արարողություններ

Տաճարում դուք ուխտեր կկապեք և արարողություններ կստանաք։ «Մտնելով ուխտյալ հարաբերությունների մեջ Աստծո հետ, մենք Նրա հետ կապվում ենք այնպիսի ձևով, որը հեշտացնում է կյանքում ամեն ինչ» (Ռասսել Մ. Նելսոն, «Հաղթել աշխարհին և հանգստություն գտնել», Լիահոնա, նոյ․ 2022, 97)։ Արարողությունը սրբազան ֆիզիկական գործողություն է, որը կատարվում է քահանայության իշխանությամբ։ Արարողությունները խորը հոգևոր նշանակություն ունեն։ Օրինակ, երբ մասնակցում եք արարողության, դուք ցույց եք տալիս Աստծուն, որ պատրաստ եք ստանալ և պահել Նրա ուխտերը։

Անձնական նախապատրաստություն

Պատրաստվեք հոգևոր առումով՝ հետևելով Հիսուս Քրիստոսի ուսմունքներին և պահելով ուխտերը, որոնք մկրտության ժամանակ դուք կապել եք Աստծո հետ։ Դուք կարող եք նաև ուսումնասիրել Եկեղեցու աղբյուրները, ինչպես, օրինակ՝ սուրբ գրությունները և գերագույն համաժողովի ելույթները։ Temples.ChurchofJesusChrist.org կայքը տրամադրում է տեղեկատվություն այն մասին, թե ինչ սպասել, երբ այցելեք տաճար։ Այն նաև ներառում է ավելի շատ մանրամասներ տաճարային ուխտերի, արարողությունների և խորհրդանշականության մասին։

Նկար
Նավու Իլինոյս տաճարի շրջակայքը

Նավու Իլիանոյս Տաճարի լուսանկարը, հեղինակ՝ Իվ Թաֆտ

Խորհրդանշականություն

Տերը հաճախ սովորեցնում է՝ օգտագործելով խորհրդանիշներ։ Օրինակ՝ մկրտության ժամանակ ջրի տակ մտնելը և նորից բարձրանալը, նման է ձեր հին անձի մեռնելուն և ձեր նոր անձի վերածնվելուն (տես Հռոմեացիներին 6․3-6)։ Տաճարային արարողությունները մատնանշում են Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությանը։ Երբ առաջին անգամ այցելեք տաճար, գուցե դժվար լինի հասկանալ ամբողջ խորհրդանշականությունը, բայց դուք կարող եք շարունակել սովորել, երբ վերադառնաք տաճար ձեր ողջ կյանքի ընթացքում։

Տաճարային երաշխավորագիր

Տաճար մտնելու համար դուք պետք է լինեք պատրաստ և արժանի։ Դուք կարող եք տաճար մտնելու երաշխավորագիր ստանալ ձեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի և ցցի կամ միսիայի նախագահի հետ հարցազրույցից հետո։ Այս ղեկավարները մի շարք հարցեր կտան՝ համոզվելու համար, որ դուք ապրում եք Հիսուս Քրիստոսի ավետարանով։ Ձեր ղեկավարները կարող են նախապես խոսել ձեզ հետ այս հարցերի շուրջ։

Վերադարձեք տաճար ձեր նախնիների համար

Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր բոլոր զավակները ուխտեր կապեն Իր հետ և ստանան սուրբ արարողություններ։ Այս արարողությունները, ինչպես, օրինակ՝ մկրտությունը և օժտումը, պետք է կատարվեն տաճարներում նրանց համար, ովքեր մահացել են առանց ավետարանը ստանալու։ Դուք կարող եք վերադառնալ տաճար՝ արարողություններ կատարելու ձեր ընտանիքի մահացած անդամների համար։

Տպել