Լիահոնա
Ավետարանով ապրելու հարատև ուրախությունը
Փետրվար 2024


«Ավետարանով ապրելու հարատև ուրախությունը», Լիահոնա, փետրվար 2024:

Ամենամսյա Լիահոնա ամսագրի ուղերձ, փետրվար 2024

Ավետարանով ապրելու հարատև ուրախությունը

Հարատև ուրախությունը գալիս է՝ Հիսուս Քրիստոսի ավետարանում հաստատուն մնալով և օգնելով ուրիշներին անել նույնը:

Նկար
Ադամն ու Եվան՝ Եդեմի պարտեզի ֆոնին

Եդեմի պարտեզը, Գրանտ Ռոմնի Քլաուսոն, Հեռացումը Եդեմի պարտեզից, Ջոզեֆ Բրիքի

Մեր կյանքի նպատակի հակիրճ արտահայտությունը կարելի է գտնել երկրի վրա մարդկային կյանքի սկզբի մասին Լեքիի մարգարեական ուսմունքներում: Եդեմի պարտեզում Ադամն ու Եվան ապրում էին անմեղության վիճակում։ Եթե նրանք մնային այդ վիճակում, նրանք «[չէին ունենա] ուրախություն, քանզի չգիտեին թշվառություն, չանելով բարիք, քանզի նրանք չգիտեին մեղքը» (2 Նեփի 2.23): Ուստի, ինչպես Լեքին է բացատրել, «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն, և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» (2 Նեփի 2.25, տես նաև Մովսես 5.10–11):

Երբ մենք մեծանում ենք ընկած աշխարհում, մենք սովորում ենք բարու և չարի տարբերությունը այն ամենից, ինչ մեզ սովորեցնում են և ինչ մենք զգում ենք: Մենք «դառնություն են[ք] ճաշակում, որպեսզի սովորեն[ք] գնահատել բարին»: (Մովսես 6.55): Ուրախությունը գալիս է, երբ մենք մերժում ենք «դառնությունը» և ավելի շատ ենք փայփայում և ամուր կառչում բարուց:

Ինչպես գտնել ուրախություն

Մեր հանդեպ Իր կատարյալ սիրո շնորհիվ Երկնային Հայրը ցանկանում է կիսվել մեզ հետ Իր կատարյալ ուրախությամբ՝ ինչպես այժմ, այնպես էլ հավերժության մեջ: Դա է եղել Նրա շարժառիթը ամեն ինչում ի սկզբանե՝ ներառյալ Նրա երջանկության փառահեղ ծրագիրը և մեզ փրկագնելու համար Նրա Միածին Որդու զոհաբերությունը:

Աստված չի փորձում մեզ պարտադրել ուրախություն կամ երջանկություն, այլ Նա սովորեցնում է՝ ինչպես գտնել այն: Նա նաև ասում է, թե որտեղ չի կարելի գտնել ուրախություն. «ամբարշտությունը երջանկություն [չէ և] երբեք չի եղել (Ալմա 41.10): Իր պատվիրանների միջոցով է, որ մեր Երկնային Հայրը մեզ համար բացահայտում դեպի ուրախությունը տանող արահետը:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն այսպես է նկարագրել դա.

«Գերագույն ճշմարտությունը հետևյալն է. չնայած աշխարհը պնդում է, որ ուժը, ունեցվածքը, ժողովրդականությունը և մարմնական հաճույքները երջանկություն են բերում, սակայն դա այդպես չէ։ Դրանք չեն կարող երջանկություն բերել։ Այն, ինչ դրանք կարող են տալ, ոչ այլ ինչ է, քան «օրհնված և երջանիկ վիճակի» կեղծ այլընտրանք այն մարդկանց համար, [որոնք] «պահում են Աստծո պատվիրանները» {Մոսիա 2.41]:

Ճշմարտությունն այն է, որ շատ ավելի հոգնեցուցիչ է երջանկություն փնտրել այնտեղ, որտեղ երբեք չես կարող գտնել այն: Սակայն, երբ դուք Հիսուս Քրիստոսի հետ լծվում եք այն հոգևոր աշխատանքին, որն անհրաժեշտ է աշխարհին հաղթելու համար, Նա և միայն Նա ունի զորություն բարձրացնել ձեզ դեպի իրեն ձգող այս աշխարհից»։1

Այսպիսով, հարատև ուրախությունը գտնվում է Աստծո պատվիրանները պահելու մեջ, իսկ Աստծո պատվիրանները գտնվում են Հիսուս Քրիստոսի ավետարանում: Բայց դա մեր ընտրությունն է։ Եթե մեր թուլության մեջ որոշ ժամանակ չկարողանանք պահել պատվիրանները, մենք դեռ կարող ենք շրջադարձ կատարել, մերժել դառնությունը ու մեկ անգամ ևս հետամուտ լինել բարուն: Աստծո սերը չի արդարացնում մեղքը, (դա կլիներ՝ ողորմածությունը կողոպտում է արդարադատությանը), բայց Իր Քավությամբ Հիսուս Քրիստոսն առաջարկում է փրկագնում մեղքից.

«Ամուղեկն … ասաց …, որ Տերն անկասկած պիտի գա փրկագնելու իր ժողովրդին, սակայն որ նա չպիտի գա փրկագնելու նրանց իրենց մեղքերի մեջ, այլ փրկագնելու նրանց իրենց մեղքերից:

Եվ նա Հոր կողմից զորություն ունի տրված, փրկագնելու նրանց իրենց մեղքերից՝ ապաշխարության շնորհիվ. այդ նպատակով նա ուղարկել է իր հրեշտակներին՝ հայտարարելու ապաշխարության պայմանների ավետիքը, որը բերում է դեպի Քավչի զորությունը, դեպի իրենց հոգիների փրկությունը» (Հելաման 5.10–11, շեշտադրումն ավելացված է):

Հիսուսն ասել է.

«Եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և մնում եմ Նրա սիրո մեջ:

Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ իմ ուրախությունը ձեզանում մնա, և ձեր ուրախությունը լցված լինի» (Հովհաննես 15.10-11):

Սա այն է, ինչ Լեքին զգաց իր երազում, երբ ճաշակեց կենաց ծառի պտղից, որը ներկայացնում է Աստծո սերը: Նա ասաց. «Երբ ես ճաշակեցի դրա պտղից, այն լցրեց իմ հոգին չափազանց մեծ ուրախությամբ» (1 Նեփի 8.12, տես նաև 11.21–23):

Լեքին նաև հայտնեց մի երկրորդ ուղի, որով մենք կարող ենք ուրախություն բերել մեր կյանք, երբ ասաց, «Ուստի ես սկսեցի փափագել, որ իմ ընտանիքն էլ ճաշակի [պտղից]» (1 Նեփի 8.12):

Նկար
ծառի ֆոնին մի ձեռքը միրգ է փոխանցում մյուս ձեռքին

Կենաց ծառ, Կազուտո Ուոտա

Ինչպես օգնել ուրիշներին ուրախություն գտնել

Բենիամին թագավորի նման մենք «լցվում ենք ուրախությամբ», երբ ստանում ենք մեր մեղքերին թողություն և զգում ենք «խղճի խաղաղություն» (Մոսիա 4.3): Մենք զգում ենք այն կրկին, երբ դուրս ենք նայում և ձգտում ենք օգնել ընտանիքի անդամներին և ուրիշներին ստանալ այդ նույն ուրախությունն ու խաղաղությունը:

Երբ Ալման երիտասարդ էր, ձգտում էր երջանկության այն բոլոր բաներում, որոնք հակադիր էին Հիսուս Քրիստոսի ավետարանին: Երբ հրեշտակը հանդիմանեց նրան, նա երկար ճանապարհ անցավ՝ «դառնությունից» դեպի «բարին»՝ ապաշխարության միջոցով «մինչև մահվան եզրը» (Մոսիա 27.28) և Փրկչի առատ շնորհը: Տարիներ անց Ալման հիացմունքով հայտարարեց իր որդի Հելամանին.

«Եվ, Օհ, ինչպիսի ուրախություն, և ինչ սքանչելի լույս ես տեսա. այո, իմ հոգին լցվեց ուրախությամբ՝ նույնքան սաստիկ, ինչպիսին իմ ցավն էր …

Այո, և այդ ժամանակից ի վեր՝ մինչև այժմ, ես տքնել եմ առանց դադարելու, որ ես կարողանամ ապաշխարության բերել հոգիներ. որ ես կարողանամ բերել նրանց՝ ճաշակելու այն սաստիկ ուրախությունից, որից ես ճաշակեցի. որ նրանք նույնպես կարողանան ծնվել Աստծուց և լցվել Սուրբ Հոգով:

«Այո, և այժմ, ահա, Օ, որդիս, Տերը տալիս է ինձ անչափ մեծ ուրախություն՝ իմ աշխատանքի պտղի մեջ.

Քանզի, [Հիսուս Քրիստոսի ավետարանի] խոսքի շնորհիվ», որ նա հաղորդել էր ինձ, ահա շատերն են ծնվել Աստծուց և ճաշակել ինչպես ես եմ ճաշակել» (Ալմա 36.20, 24–26):

Մեկ այլ առիթով Ալման վկայել է.

«Սա է իմ հրճվանքը, որ գուցե կարողանամ Աստծո ձեռքում գործիք լինել, որ ինչ-որ մի հոգու ապաշխարության բերեմ. և այս է իմ ուրախությունը:

Եվ ահա, երբ ես տեսնում եմ իմ եղբայրներից շատերին՝ իսկապես զղջացող, և եկող դեպի Տերը՝ իրենց Աստվածը, այդ ժամանակ է իմ հոգին լցվում ուրախությամբ» (Ալմա 29.9–10):

Ալման շարունակեց հռչակել այն բուռն ուրախությունը, որ նա զգացել էր, երբ մյուսները հաջողություն էին ունեցել՝ հոգիներ բերելով Քրիստոսի մոտ.

«Բայց ես չեմ ուրախանում իմ սեփական հաջողությամբ միայն, այլ իմ ուրախությունն ավելի լիուլի է իմ եղբայրների հաջողության պատճառով, ովքեր եղել են Նեփիի երկրում:

Ահա, նրանք չափից դուրս տքնեցին, և առաջ բերեցին շատ պտուղ. և որքան մեծ կլինի նրանց վարձքը:

Այժմ, երբ ես մտածում եմ իմ այս եղբայրների հաջողության մասին, իմ հոգին տարվում է հեռուն, մինչև իսկ կարծես թե անջատվելն իմ մարմնից, այնքան մեծ է իմ ուրախությունը» (Ալմա 29.14–16):

Մենք կարող ենք գտնել նույն ուրախությունը, երբ սիրում ենք ուրիշներին «Քրիստոսի մաքուր սիրով» (Մորոնի 7.47, տես նաև հատված 48), կիսվեք վերականգնված ճշմարտությամբ նրանց հետ, և հրավիրեք նրանց հավաքվել ուխտի ժողվրդի հետ:

Նկար
Փրկիչը Գեթսեմանիում

Օ, Իմ Հայր, Սայմոն Դյուվեյ

Ինչպես ուրախություն գտնել նեղությունների մեջ

Մենք չպետք է վախենանք, որ փորձություններն ու դժվարությունները, որոնց մենք անխուսափելիորեն դիմակայում ենք մահկանացու կյանքում, կխանգարեն կամ կոչնչացնեն մեր ուրախությունը: Ալման մեկն էր, որը թանկ գին վճարեց ուրիշներին մատուցած անձնուրաց ծառայության համար: Նա ենթարկվեց բանտարկության, երկարատև սովի ու ծարավի, ծեծի, կյանքին սպառնացող վտանգի և կրկնակի ծաղրի ու մերժման։ Եվ այնուամենայնիվ, այդ բոլորը «կուլ գնաց Քրիստոսի ուրախության մեջ» (Ալմա 31.38): Հավանաբար Ալմայի տառապանքները, որին հետևեց ուրախությունը, նույնիսկ ավելի մեծ դարձրեց այն:

Նախագահ Նելսոնը հիշեցնում է մեզ, որ ուրախությունը դեր խաղաց Փրկչի տառապանքների մեջ «որ իր առջև դրված ուրախության փոխարեն [Նա] խաչը հանձն առավ» (Եբրայեցիս 12.2):

«Մտածեք այդ մասին: Որպեսզի տաներ երկրի վրա երբևէ կրած ամենատանջալի փորձառությունը, մեր Փրկիչը կենտրոնացավ ուրախությանվրա:

Իսկ ո՞րն էր ուրախությունը, որը դրվել էր Նրա առաջ: Անշուշտ, այն ընդգրկում էր մեզ մաքրելու, բժշկելու և զորացնելու ուրախությունը, ուրախությունը` վճարելու բոլոր նրանց մեղքերի համար, ովքեր կապաշխարեն, ուրախությունը` իմ և քո տունդարձը հնարավոր դարձնելու համար, որպեսզի մաքուր և արժանի լինենք ապրելու մեր Երկնային Ծնողների ու ընտանիքների հետ:

Եթե մենք կենտրոնանանք ուրախության վրա, ինչ էլ որ պատահի մեզ կամ նրանց, ում սիրում ենք, ինչե՞ր կարող ենք համբերությամբ տանել, որոնք ներկայումս թվում են անհաղթահարելի, ցավոտ կամ պարզապես անհնար»:2

Հարատև ուրախությունը գալիս է՝ Հիսուս Քրիստոսի ավետարանում հաստատուն մնալով և օգնելով ուրիշներին անել նույնը: Հարատև ուրախությունը գալիս է, երբ մենք կենում ենք Աստծո սիրո մեջ՝ հնազանդվելով Նրա պատվիրաններին և ստանալով Փրկչի շնորհը: Ավետարանի արահետում ուրախություն կա ճամփորդության մեջ, ինչպես նաև ուրախություն՝ վերջում: Հիսուս Քրիստոսի ավետարանը ամենօրյա ուրախության արահետ է։

Տպել