Լիահոնա
Աստված կաջակցի և կպահպանի մեզ
Օգոստոս 2024


«Աստված կաջակցի և կպահպանի մեզ», Լիահոնա, օգոստոս, 2024:

Ամենամսյա Լիահոնայի ուղերձ, օգոստոս 2024

Աստված կաջակցի և կպահպանի մեզ

Մորոնի զորավարի նման մենք կարող ենք աստվածային օգնություն և հոգևոր զորություն ստանալ այն մարտերի համար, որոնց բախվում ենք կյանքում:

Նկար
Մորոնի զորավարը բարձրացնում է ազատության դրոշը

Նկարները՝ Էրիկ Չոուի

Երբ առաջին անգամ կարդացի Մորմոնի Գիրքը, ես մեծ բավականություն ստացա նեփիացիների և լամանացիների միջև տեղի ունեցող պատերազմների պատմությունից։ Ես հիացած էի այն հավատով, հնարամտությամբ ու մարտավարությամբ, որն օգտագործում էր Մորոնի զորավարը, որը նեփիական բոլոր զորքերի առաջնորդ էր նշանակվել ընդամենը 25 տարեկանում։ Նա իմաստուն էր, ուժեղ և խորաթափանց։ Նա լիովին նվիրված էր իր ժողովրդի ազատությանն ու բարօրությանը։ (Տես Ալմա 48․11-12:)

Ռազմական հաջողությունը իրեն վերագրելու փոխարեն՝ Մորոնին այն վերագրում էր Աստծուն և այն սրբազան աջակցությանը, որ իր զորքերը ստանում էին կռվին չմասնակցող կանանցից ու երեխաներից։ Նա թշնամու պարտված առաջնորդին ասել է. «Տերը … մատնել է ձեզ մեր ձեռքը: Եվ այժմ ես կկամենայի, որ դուք հասկանայիք, որ այս արվում է … մեր կրոնի և Քրիստոսի հանդեպ մեր հավատքի պատճառով»: Ապա Մորոնին կիսվում է այս մարգարեական մտքով. «Աստված կաջակցի և կպահի ու կպահպանի մեզ այնքան ժամանակ, քանի դեռ մենք հավատարիմ ենք նրան և մեր հավատքին և մեր կրոնին» (Ալմա 44.3, 4):

Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ Մորոնին մոդելավորել էր սկզբունքներ, որոնք մենք կարող ենք կիրառել, որպեսզի օգնենք մեզ հաղթահարել մեր ներկայիս կյանքի դժվարությունները: Երբ մենք հավատք գործադրենք Հիսուս Քրիստոսի՝ աշխարհի Փրկչի հանդեպ, Նա կօրհնի մեզ Իր զորությամբ: Բայց որպեսզի Նա այդպես վարվի և մենք ճանաչենք Նրա օրհնությունները, մենք պետք է հասկանանք մեր նպատակը, ռազմավարություն մշակենք հաջողության համար և պատրաստվենք փոխաբերական մարտերին, որոնց մենք բախվում ենք, ինչպես Մորոնին պատրաստվեց և դիմակայեց իր կյանքի իրական մարտերին։ Մինչ մենք դա անում ենք, Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կաջակցեն և կպահպանեն մեզ:

Հասկանանք մեր նպատակը

Մորոնին բազմիցս հիշեցրել է մարդկանց, թե ովքեր են նրանք (Աբրահամի ուխտի ժառանգներ), ում են պատկանում (Աստծո սիրելի զավակները), և պատճառը, որի համար նրանք պայքարել են (ընտանիք, հավատ և ազատություն): Մորոնին ուսուցանեց իր ժողովրդին, որ նրանք պայքարում են իրենց գոյատևման և ճնշումներից ու գերությունից ազատվելու համար: Ի հակադրություն դրա՝ նրանց թշնամիները կռվում էին իրենց շատացման և իշխանության համար՝ հպատակեցնելով ուրիշներին։

Երբ որոշ նեփիացիներ ձգտում էին յուրացնել իշխանությունը անձնական շահի համար, Մորոնին պատռեց իր պատմուճանը և դրա մի կտորի վրա գրեց իր ուղերձի հիմնական տարրերը. «Ի հիշեցումն մեր Աստծո, մեր կրոնի և ազատության, և մեր խաղաղության, մեր կանանց և մեր երեխաների»: Նա բարձրացրեց ձողը, որի ծայրին ամրացված էր դրոշը, որն անվանեց «ազատության դրոշ»: Ապա օգտագործեց այն, որպեսզի հիշեցնի ժողովրդին իրենց պայքարի նպատակի մասին, և համախմբի նրանց գործի շուրջը: (Տես Ալմա 46․12-13, 19-20 հատվածները:)

Կյանքի հոգևոր մարտերում «մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ … խավար աշխարհի տիրակալների դեմ, … [և] չար ոգիների դեմ» (Եփեսացիներին 6.12): Մենք նույնպես պետք է հիշենք, թե ինչի համար է այդ պայքարը։ Տասներկու Առաքյալների Քվորումի նախկին անդամ երեց Նիլ Ա. Մաքսվելը (1926–2004) արտահայտել է այս միտքը պերճախոս, թեև կարճ ձևով։

2004 թվականին ես այցելեցի երեց Մաքսվելին իր հիվանդասենյակում՝ նրա մահից ոչ շատ առաջ։ Նա շատ բարի էր բոլոր նրանց հանդեպ, ովքեր այցելում կամ օգնում էին իրեն։ Բուժաշխատողները մտան նրա սենյակ և արտասվելով դուրս եկան։ Ես ասացի նրան. «Երեց Մաքսվել, իսկապես դժվար է»: Նա ծիծաղեց և ասաց. «Օ, Դեյլ, մենք հավերժական էակներ ենք, որոնք ապրում են մահկանացու աշխարհում: Մենք մեր միջավայրից դուրս ենք, ինչպես ձուկը՝ ջրից դուրս: Միայն այն դեպքում, երբ մենք հավերժական հեռանկար ունենանք, մահկանացու կյանքի այս փորձառություններն ինչ-որ իմաստ կունենան»:

Մենք երբեք չպետք է մոռանանք մեր աստվածային էության և հավերժական ճակատագրի մեծ համադրությունը և մեզ հակադրվող դիվային ուժերը: Երկնային Հոր ծրագրի ճիշտ ըմբռնումը կմղի մեզ շարունակել պայքարել մեր հավերժական փրկության և հոգևոր գերությունից մեր ազատության համար:

Նկար
ամրություններ կառուցող մարդիկ

Հաջողության ռազմավարության մշակում

Մարտերի ընթացքում, երբ Մորոնիի զորքերը կռվում էին, նա ռազմավարություն էր մշակում հաջողություն ապահովելու համար: Նա լրտեսների միջոցով բացահայտում էր իր թշնամիների գործունեությունն ու մտադրությունները։ Նա ուղղորդում էր փնտրում Ալմա մարգարեից։ Այնուհետև Մորոնին ներդնում էր այդ ոգեշնչված մոտեցումը մարտերի ժամանակ: Նա տեղաբաշխում էր զորքերը ըստ անհրաժեշտության՝ ավելի շատ զինվորներ տեղավորելով այն քաղաքներում, որոնք ավելի քիչ էին ամրացված։ Ռազմավարական տեսանկյունից նա սահմանել էր գործառնական ծրագրեր՝ հիմնվելով արդիական տեղեկատվության վրա:

Այդպիսով նա առավելություններ ձեռք բերեց թշնամու զորքերի հանդեպ։ Նա երբեք գոհ չէր անցյալ հաղթանակներից: Ընդհակառակը, նա շարունակում էր բարելավել իր և իր զորքերի կարողությունները՝ ապագա մարտահրավերները հաղթահարելու համար։

Նման մոտեցումները մենք կարող ենք կիրառել նաև հոգևոր հակառակորդների հետ առնչվելիս։ Մենք կարող ենք սկսել՝ հասկանալով, թե սատանան ինչ է փորձում անել մեր կյանքում։ Նա փորձում է շեղել մեզ մեր նպատակից։ Երբ բախվում ենք գայթակղության, պետք է ինքներս մեզ հարցնենք.

  • Որքանո՞վ է իմ այս արարքը համեմատելի Աստծո հայտնած խոսքի հետ։

  • Որո՞նք են այս գործողության հետևանքները:

  • Արդյո՞ք այս արարքը կօգնի ինձ իրականացնելու իմ նպատակը երկրի վրա։

Մենք նաև պետք է ճանաչենք թեկուզ փոքր գայթակղություններին ենթարկվելու վերջնական արդյունքը: Երբ մենք ենթարկվում ենք գայթակղությանը, մենք սպառում ենք «թույնը աստիճանաբար» (Ալմա 47.18), որը չար ուժերի ամենից արդյունավետ ռազմավարությունն է, և կարող է հանգեցնել հոգևորապես մահացու արդյունքների:

Մենք կարող ենք ամրացնել մեզ սատանայի գայթակղությունների դեմ՝ հետևելով այն ուղղորդմանը, որ ստանում ենք մեր վերջին օրերի մարգարեից։ Դա օգնում է մեզ պահել հավերժական հեռանկարը, որի միջոցով կարող ենք գնահատել մեր գործողությունները։ Ռազմավարությունը, որով մենք դիմակայելու ենք գայթակղություններին, որոնք առաջ են գալիս մեր կյանքի տարբեր ոլորտներում, կօգնի մեզ այդ պահին ավելի ճիշտ որոշումներ կայացնել։ Նախապես ծրագրված ռազմավարություններն ու մոտեցումները կօգնեն մեզ պաշտպանվել մեր հավերժական նպատակից շեղող հանգամանքներից:

Այդ օրինակներից են տեխնոլոգիաները։ Տեխնոլոգիաները կարող է լինել երկսայր սուր՝ թե՛ օգտակար և թե վնասակար՝ կախված նրանից, թե ինչպես ենք օգտագործում այն: Որպեսզի օգնենք մեզ իմաստուն որոշումներ կայացնել մեր սարքերի վերաբերյալ, երիտասարդ թե տարեց կարող ենք դիմել «Պատասխանատվություն ստանձնել տեխնոլոգիաների համար» և Երիտասարդներին զորացնելու համար. ընտրություն կատարելու ուղեցույց: Դրանք հիշեցնում են մեզ մեր նպատակը, ուղղորդում են մեզ դեպի Հիսուս Քրիստոսը և օգնում են մեզ մեր կյանք հրավիրել Սուրբ Հոգուն: Ծրագրելով, թե ինչպես, երբ և որտեղ կօգտագործենք տեխնոլոգիաները, կուժեղացնենք մեզ աննպարկեշտ, աշխարհիկ մարտավարության դեմ պայքարում։

Նկար
Լամանացիները հարձակվում են նեփիացիների ամրությունների վրա

Պատրաստվում ենք փոխաբերական մարտերի

Սպասելով առաջիկա մարտերին՝ Մորոնին իր ժողովրդին անհատապես պատրաստել և զինել էր լանջապանակներով, վահաններով, սաղավարտներով և հաստ հագուստով: Նա հավաքականորեն պատրաստել էր իր ժողովրդին՝ քաղաքները շրջափակելով ամրոցներով՝ հողապատնեշներ կանգնեցնելով դրանց շուրջը:

Իսկ հոգևորապես մենք անհատապես ենք պատրաստվում՝ պահելով Աստծո պատվիրանները: Մենք Աստծո հետ ուխտեր ենք կապում և պահում, որոնք մեր կյանք են հրավիրում Հիսուս Քրիստոսի զորությունը: Մենք անձնական նվիրվածություն ենք դրսևորում, օրինակ՝ աղոթում ենք, ծոմ ենք պահում և ուսումնասիրում սուրբ գրությունները: Մենք նաև գործում ենք հավատքով՝ արձագանքելով մեր ստացած հոգևոր ուղղորդմանը: Մենք բարեխղճորեն պատրաստվում ենք հաղորդությանը և արժանավորությամբ ճաշակում ենք այն։ Երբ այդպես ենք վարվում, Փրկիչն ավելի իրական է դառնում մեր կյանքում, ինչպես Նա իրական էր Մորոնիի համար, որն ամուր էր Հիսուս Քրիստոսի հանդեպ իր հավատքում: Մորոնին գիտեր, որ ինքը կարող էր առաջնորդության և ազատման համար ապավինել Փրկչին (տես Ալմա 48.16)։ Մենք նույնպես կարող ենք առաջնորդություն և ազատագրում ստանալ Հիսուս Քրիստոսից։

Մենք կարող ենք այնուհետև պատրաստվել՝ զորացնելով մեր ընտանիքները։ Մեր Երկնային Հայրը կազմավորեց մեզ ընտանիքներով, որպեսզի օգնի մեզ լինել երջանիկ և սովորել վերադառնալ Իր մոտ: Մեր ընտանիքները կարող են օգնության աղբյուր լինել մեզ համար։ Բոլորս էլ կարող ենք ուրախություն և սեր զգալ՝ հիշելով, որ մենք Աստծո մեծ ընտանիքի մի մասն ենք՝ անկախ մեր ընտանիքների անհատական հանգամանքներից։

Մենք կարող ենք հավաքական ուժ ստանալ և պատրաստվել մեր հոգևոր մարտերին, երբ միաբանվենք Սրբերի համայնքներում։ Մեր ցցերն ու շրջանները ապաստանի և պաշտպանության այդպիսի վայր են ապահովում: Մենք կարող ենք սնուցել միմյանց հոգևորապես, օգնել միմյանց պահել Աստծո պատվիրանները և խրախուսել միմյանց ապավինել Քրիստոսին, միշտ և հատկապես՝ դժվարությունների ժամանակ: Երբ հավաքվում ենք, մենք հասկանում ենք, որ միայնակ չենք մեր պայքարի մեջ։ Մենք ունենք ընկերներ, ուսուցիչներ և ղեկավարներ, որոնք կարող են օգնել և պաշտպանել մեզ: Մենք ավելի ուժեղ ենք, երբ պատրաստվում ենք միասին:

Ուշագրավ է, որ Մորոնին իր ժողովրդի ողջ երջանկությունը վերագրում էր այն բանին, որ նրանք հավատում էին Աստծուն և իրենց կրոնին։ Մորոնիի նման մենք պետք է գիտակցենք, որ ուրախությունը գալիս է Երկնային Հոր և Նրա ծրագրի և Հիսուս Քրիստոսի ու Նրա Քավության շնորհիվ: Երբ մենք հասկանում ենք մեր նպատակը, ռազմավարություն ենք մշակում հաջողության համար և պատրաստվում ենք փոխաբերական մարտերին, ստանում ենք աստվածային օգնություն և զորություն:

Մորոնիի նման ես գիտեմ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը բերում են գերությունից վերջնական ազատում՝ ազատություն մահից և մեղքից: Նրանք օրհնում են մեզ Իրենց զորությամբ, երբ ամեն ինչում ապավինում և վստահում ենք Նրանց։

Հղումներ

  1. Taking Charge of Technology,” Gospel Library.

  2. Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություններ կատարելու ուղեցույց (2022), Gospel Library։

  3. Ռասսել Մ. Նելսոն, «Ուրախություն և հոգևոր գոյատևում», Լիահոնա, նոյեմբեր 2016, 82:

Տպել