2024
Պարզությունը, որը Քրիստոսի մեջ է
Օգոստոս 2024


Տարածաշրջանի ղեկավարության ուղերձ

Պարզությունը, որը Քրիստոսի մեջ է

Որպես Տասներկու Առաքյալների Քվորումի նոր անդամ՝ իր կանչը ստանալուց անմիջապես հետո, երեց Պատրիկ Քիրոնն ասել է. «Ես հիմա ավետարանում ավելի մեծ պարզություն եմ տեսնում, քան երբևէ […]»: Ակնհայտ է՝ նա չէր ենթադրում, որ իր կոչումը պարզ կլիներ: Ընդհակառակը, նա խոսել է նաև իր՝ «ցնցված լինելու և այս կոչման ցնցող բնույթի մասին»: Այլ կերպ ասած, մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալը լինելու այս սուրբ կանչից ընդամենը մի քանի օր անց երեց Քիրոնը կենտրոնացավ ավետարանի պարզության վրա, այլ ոչ թե իր կոչման բարդության վրա: Այդ փաստն ինձ ստիպեց անդրադառնալ այն դասին, որ «փոքր և հասարակ բաներով են իրականցվում մեծ բաները»:

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ իրավիճակը շարունակ բարդանում է: Ընդամենը վերջին 25 տարիների ընթացքում տեղի են ունեցել մի շարք տեխնոլոգիական և սոցիոլոգիական փոփոխություններ, որոնք ամեն օր ազդում են մեզանից շատերի վրա: Թեև աշխարհը միշտ բարդ է եղել, մեր տներ մուտք գործող տեղեկատվության ներկայիս հոսքը, ներառյալ կարծիքների տարբերությունները, սոցիալական և քաղաքական անորոշությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի փոփոխությունները երբեմն կարող են ճնշող թվալ: Կարծես «ողջ երկիրը խառնաշփոթի մեջ [է] […]». Այսպիսով, ո՞րն է մեր պատասխանը այդ աճող բարդությանը:

«Ամենապարզ հարցերի և ամենաբարդ խնդիրների պատասխանը միշտ նույնն է։ Պատասխանն է՝ Հիսուս Քրիստոս: Ամեն լուծում գտնվում է Նրանում»: Պողոս առաքյալն ուսուցանել է մեզ կենտրոնանալ «Քրիստոսի հանդեպ ունեցած այն միամտությ[ան վրա]»: Աճող բարդության աշխարհում Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ հասկանալ, թե իրականում ինչն է ամենից կարևոր:

Նախագահ Նելսոնը հիշեցրել է մեզ. «Հակառակորդը խելացի է։ Հազարամյակներ շարունակ նա բարին չար էր դարձնում, իսկ չարը՝ բարի։ Նրա ուղերձները կարող են լինել բարձր, հանդուգն և պարծենկոտ։ [...] Սակայն, մեր Երկնային Հոր ուղերձները զարմանալիորեն տարբերվում են: Նա հաղորդակցվում է պարզ, հանգիստ և այնպես հստակ, որ մենք չենք կարող չհասկանալ Նրան»:

Այսպիսով, երբ աշխարհը բարձրաձայն աղաղակում է խառն ուղերձներ, որոնք շփոթեցնող, ճնշող և ակնհայտորեն բարդ են, կիրառել Քրիստոսի մեջ եղած պարզությունը նշանակում է հրաժարվել այդ բարձր ձայներից և, ինչպես երեց Ուխդորֆն է առաջարկում՝ «մեկ քայլ հետ գնալ ու նայել ձեր կյանքին ավելի բարձր հարթակից և պարզեցնել աշակերտ լինելու ձեր մոտեցումը։ Կենտրոնացեք ավետարանի հիմնական վարդապետությունների, սկզբունքների և ծրագրերի վրա»:

Ես այս իրականությունը ճանաչել եմ իմ կյանքում: Ընտանեկան, աշխատանքային կամ եկեղեցական կոչումներիս հետ կապված դժվարություններին առնչվելիս, միայն իմ ուժերին ապավինելը հաճախ հաջող մոտեցում չէր: Բայց ինքս ինձ պարզ հարց տալով՝ «Ի՞նչ կաներ Հիսուսը», կամ դիտարկելով ավետարանի պարզ սկզբունքները, որոնք կարող էին կիրառելի իմ ներկա իրավիճակում, օգնեցին ինձ հենվել երկնային զորությունների վրա և շատ ավելի լավ ուղիներով հաղթահարել այդ մարտահրավերները: Պարտադիր չէ, որ խնդիրներն անհետանան, բայց ես գտա ուժ, հույս և կենտրոնացում՝ լուծելու կամ ապրելու իմ մտահոգություններով: Շփոթմունքը փոխարինվեց մտքի հստակությամբ և նպատակներով:

Երեց Բալլարդը հաճախ հիշեցնում էր մեզ. «Մի՛ բարդացրեք: Հենց այդ պարզության մեջ դուք կգտնեք խաղաղություն, ուրախություն և երջանկություն […]։: Այս մասին ես նույնպես վկայում եմ:

Հղումներ

  1. «Երեց Քիրոնի ուղերձը լրատվամիջոցներին. Դիմեք ողջ խաղաղության աղբյուրին՝ Հիսուս Քրիստոսին», 23 հունվարի 2024թ., Սոլթ Լեյք Սիթիի լրատվական թողարկում

  2. «Երեց Քերոնի ուղերձը լրատվամիջոցներին. Դիմեք ողջ խաղաղության աղբյուրին՝ Հիսուս Քրիստոսին», 23 հունվարի 2024 թ., Սոլթ Լեյք Սիթիի լրատվական թողարկում

  3. Ալմա 37.6

  4. Համեմատեք Ռիտա Մակգրաթին, Harvard Business Review-ում, 31 օգոստոսի, 2011թ.

  5. Վարդապետություն և Ուխտեր 45.26

  6. Ռայն Կ. Օլսեն, «Պատասխանն է՝ Հիսուս», գերագույն համաժողով, հոկտեմբեր 2022

  7. Բ Կորնթացիս 11.3

  8. Տես Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ամենակարևոր բաների մասին», գերագույն համաժողով, հոկտեմբեր 2010

  9. Ռասսել Մ. Նելսոն, «Լսի՛ր Նրան», գերագույն համաժողով, ապրիլ 2020

  10. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ավետարանը հրաշալիորեն գործում է», գերագույն համաժողով, հոկտեմբեր 2015

  11. Տես Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Աշակերտ լինելու գինը և օրհնությունները», գերագույն համաժողով ապրիլ 2014թ.

  12. Մ. Ռասսել Բալլարդ, «Հիսուս Քրիստոսի ճշմարիտ, մաքուր և պարզ ավետարանը», գերագույն համաժողով, ապրիլ 2019թ.