«3 Նեփի 12.17–48․ «Ես կամենում եմ, որ դուք լինեք կատարյալ»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«3 Նեփի 12.17–48», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
3 Նեփի 12.17–48
«Ես կամենում եմ, որ դուք լինեք կատարյալ»
Հիսուս Քրիստոսն ուսուցանում էր, որ մենք պետք է «լինենք կատարյալ», ինչպես Նա և մեր Երկնային Հայրն են կատարյալ (3 Նեփի 12.48)։ Թեև այս պատվիրանը կարող է դժվար թվալ, այն կարևոր գաղափարներ է տալիս մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի էության մասին։ Այն նաև ուսուցանում է, որ մենք կարող ենք Նրանց նման դառնալ։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ հասկանալ մեր Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին կատարելապես նմանվելու ձեր ներուժը։
Ձեր ներուժը
-
Սրանցից յուրաքանչյուրն ի՞նչ կարող է դառնալ, երբ ամբողջովին զարգանա։
-
Ի՞նչ է նրանց անհրաժեշտ՝ իրենց ներուժին հասնելու համար։
-
Ո՞րն է յուրաքանչյուր զավակի ներուժը Երկնային Հոր ծրագրում։
-
Ինչպե՞ս է ձեր աստվածային ներուժը հասկանալն ազդում ձեր որոշումների վրա։ Ինչպե՞ս է այն ազդում ձեր ներքին ինքնազգացողության վրա։
Այսօրվա դասն ուսումնասիրելիս մտածեք, թե որքան եք արդեն աճել ու սովորել ձեր կյանքի ընթացքում և ինչպիսին կարող եք դեռ դառնալ Աստծո օգնությամբ։
Փրկչի հրավերը՝ հասնելու մեր ներուժին
3 Նեփի 12.17–47 հատվածներում Հիսուսը Մորմոնի Գրքի մարդկանց մի քանի օրինակ բերեց Մովսեսի օրենքից։ Նա յուրաքանչյուր օրինակին բարձրագույն օրենքի բացատրություն էր տալիս կամ առաջարկում էր ապրել արդարակեցության ավելի բարձր մակարդակով, որը կարող է օգնել մեզ ավելի լավ հասկանալ, թե Նա և մեր Երկնային Հայրն ինչ են ցանկանում, որ մենք դառնանք։
Բարձրագույն օրենքի օրինակներ տեսնելու համար կարդացեք 3 Նեփի 12.21–22, 27–29, 38–42 հատվածները և փնտրեք եղանակներ, որոնցով Փրկիչն առաջարկում է մեզ զարգանալ դեպի մեր ներուժը։
-
Այդ ուսմունքներն ինչպե՞ս կարող են օգնել մեզ ավելի շատ նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։
Կարդացեք 3 Նեփի 12.48 հատվածը և փնտրեք, թե որն է այն լիարժեք ներուժը, որը Հիսուս Քրիստոսը գիտի, որ կա յուրաքանչյուրիս մեջ։
Այս հատվածն ուսուցանում է մեզ, որ Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ կատարյալ կերպով Նրան և մեր Երկնային Հորը նմանվենք։
-
Ըստ ձեզ՝ մարդիկ ի՞նչ հարցեր կամ մտահոգություններ կարող են ունենալ այս ուսմունքի վերաբերյալ։ Ինչո՞ւ։
-
Ի՞նչն է ձեզ հույս կամ վստահություն տալիս, որ հնարավոր է նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։
-
Այս ճշմարտությունն ի՞նչ կապ կարող է ունենալ դասի սկզբում ներկայացված նկարների հետ։
Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կատարյալ սերը
Դառնալ կատարյալ նշանակում է նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։ Այս գլխում Քրիստոսի ուսուցանած բարձրագույն օրենքը կարող է օգնել մեզ հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի բնավորությունն ու հատկանիշները։ Երբ ավելի լավ հասկանանք, թե ով են Նրանք, կարող ենք ձգտել նմանվել Նրանց և հույս ունենալ, որ Նրանք համբերատարությամբ կօգնեն մեզ մեր առաջընթացին ձգտելիս։
Կարդացեք 3 Նեփի 12.43–45 հատվածները և Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը և փնտրեք, թե ինչ են նրանք ուսուցանում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սիրո մասին։
Ես երախտապարտ եմ՝ իմանալու, որ, չնայած իմ թերություններին, գոնե Աստված կատարյալ է, և գոնե Նա կարող է սիրել իր թշնամիներին, քանի որ շատ հաճախ մեր մեջ գտնվող «բնական տղամարդու» և կնոջ պատճառով ես և դուք երբեմն այդ թշնամին ենք։ Որքան երախտապարտ եմ ես, որ գոնե Աստված կարող է օրհնել նրանց, ովքեր չարամտորեն օգտագործում են Իրեն, քանի որ առանց այդպես վարվելու ցանկության կամ մտադրության մենք բոլորս երբեմն չարամտորեն օգտագործում ենք Նրան։ (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Արդ դուք կատարեալ եղիք, ի վերջո», Լիահոնա, նոյեմբեր 2017 թ․, 41)։
Կատարելությունը մի գործընթաց է, որը հնարավոր է միայն Հիսուս Քրիստոսի միջոցով
Բնական է մտածել, թե արդյո՞ք հնարավոր է կատարյալ դառնալ։ Եթե մենք փորձեինք ինքնուրույն հասնել կատարելության, կամ եթե կատարելության հասնեինք մեր մահկանացու կյանքի ընթացքում, դա անհնար կլիներ։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.69–70 և Մորոնի 10.32–33 հատվածները և փնտրեք, թե ինչն է հնարավոր դարձնում կատարյալ դառնալը։ Կարող եք այս հատվածները խաչաձև կապել 3 Նեփի 12.48 հատվածի հետ։
-
Նրանք, որոնք ի վերջո կատարյալ են դարձել, ինչի՞ շնորհիվ են կարողացել անել դա։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 93.11–13 հատվածները և փնտրեք, թե այդ հատվածներն ինչո՞վ են ավելացնում Հիսուս Քրիստոսի կատարելության մասին մեր հասկացողությունը։
-
Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ նույնիսկ Հիսուս Քրիստոսի կատարելությունն էր գործընթաց։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կատարելության սահմանման և գործընթացի մասին ուսուցանել է հետևյալը․
Նկատի ունեցեք, որ [կատարյալ] բառը չի ենթադրում «ազատում սխալներից»։ …
Մենք չպետք է շփոթվենք, եթե կատարելությանն ուղղված մեր անկեղծ ջանքերն այժմ ծանր [դժվարին] և անվերջանալի են թվում։ Կատարելությունն ընթացքի մեջ է։ Այն լիովին կարող է իրագործվել միայն Հարությունից հետո և միայն Տիրոջ միջոցով։ Այն սպասում է բոլոր նրանց, ովքեր սիրում են Նրան և պահում են Նրա պատվիրանները: (Ռասսել Մ. Նելսոն, «Կատարելությանը սպասելիս», Ensign, նոյեմբեր 1995, 86, 88)
-
Այս խոսքերն ի՞նչ են ավելացնում կատարելության վերաբերյալ ձեր հասկացողությանը։