«Ալմա 24․ «Կթաղենք դրանք խորը՝ հողի մեջ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Ալմա 24», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Ալմա 24
«Կթաղենք դրանք խորը՝ հողի մեջ»
Երբեմն մենք հասկանում ենք, որ նույն մեղքին ենք տրվում և վատ սովորություն կամ նույնիսկ կախվածություն ենք ձեռք բերում։ Մեղքերի հաղթահարումը կարող է շատ դժվար լինել։ Դեպի Տերը դարձի գալուց առաջ անթի-նեփի-լեքիներից շատերը մեղսավոր գործելակերպ ունեին։ Փրկչի ներումը ոգեշնչեց նրանց խուսափել այդ մեղքերին վերադառնալուց։ Այս դասը կարող է օգնել ձեզ Փրկչի օգնությամբ հաղթահարել մեղքը և վատ սովորությունները։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հաղթահարեք մեղքը Փրկչի օգնությամբ
Կարդացեք հետևյալ սցենարը.
Սամանտան տարիներ շարունակ տառապում էր մի որոշակի մեղքից։ Երբ նրա դարձը Դեպի Տերը խորացավ, մեծ ջանքեր գործադրեց ապաշխարելու համար և դիմեց Փրկչին, որ իր խնդիրը հաղթահարելու ուժ տա։ Նա զգաց Տիրոջ ներումն ու սերը։ Սակայն թուլության պահերին նա երբեմն նորից այդ մեղքի մեջ էր ընկնում։
-
Սամանտան ի՞նչ կարող էր զգալ այդ իրավիճակում։
Մտածեք, թե ձեր կարծիքով որքանով արդյունավետ կարող է լինել ձեր օգնությունը Սամանտային, և ուրիշ ինչ է անհրաժեշտ իմանալ ու հասկանալ՝ այդ օգնությունն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Մտածեք նաև այն խնդիրների մասին, որոնք կարծում եք, որ Տերը կարող է օգնել ձեզ հաղթահարել։ Ուսումնասիրության ընթացքում փնտրեք, թե ինչ ճշմարտություններ կարելի է կիրառել, որոնք կարող են հրավիրել Փրկչին օգնելու Սամանտային և ձեզ՝ հաղթահարել մեղքը։
Անթի-Նեփի-Լեքիի ժողովուրդը
Անթի-Նեփի-Լեքիի ժողովուրդը լամանացիներն էին, որոնք նախկինում իրենց սրերով սպանում էին ուրիշներին։ Սակայն երբ «դարձի եկան դեպի Տերը», նրանք «վայր դրեցին իրենց ապստամբության զենքերը» (Ալմա 23.6–7)։
Կարդացեք Ալմա 24.1–4 հատվածը և տեսեք, թե ինչպես արձագանքեցին մյուս լամանացիները։ Նշենք, որ զենքեր նշանակում է զենքի տեսակներ։
-
Եթե լինեիք անթի-նեփի-լեքիներից մեկը, ի՞նչ մտքեր ու զգացողություններ կունենայիք այդ պահին։ Ինչո՞ւ։
Ամմոնը և նրա եղբայրները խորհուրդ արեցին Լամոնի թագավորի և նրա եղբոր հետ, որն Անթի-Նեփի-Լեքի կոչվող ժողովրդի թագավորն էր (տես Ալմա 24.5)։ Հետո թագավորը դիմեց իր ժողովրդին։
Թագավորի խոսքերը կարդացեք Ալմա 24.7–16 հատվածում։ Փնտրեք և նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են հետևյալը․
-
Ինչ արեց Աստված այս մարդկանց համար
-
Ինչ արեցին մարդիկ ապաշխարելու համար
-
Ինչ խորհուրդ տվեց թագավորը, որ անեն՝ մեղքերը թողնելու համար
-
Ի՞նչ մտքեր և զգացողություններ կարող էիք ունենալ, եթե լսեիք այդ խոսքերը։ Ինչո՞ւ։
-
Ի՞նչ բառեր կամ արտահայտություններ կօգնեին ձեզ ձգտելու երբեք չվերադառնալ ձեր մեղքերին։
Թաղում են իրենց պատերազմի զենքերը
Կարդացեք Ալմա 24.17–19 հատվածները և նշեք, թե ինչպես արձագանքեցին մարդիկ այս խոսքին, և ինչու։
-
Ըստ ձեզ՝ անթի-նեփի-լեքիների փորձառությունն ի՞նչ կապ կարող է ունենալ մեզ հետ։
Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք առանձնացնել այս պատմությունից, այն է, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր սերն ու նվիրվածությունը կարող է օգնել մեզ թողնել մեր մեղքերը։
Մի պահ խորհեք, թե ինչու է այս սկզբունքը ճիշտ։
-
Մեղքը թողնելու մեր ձգտումներում ինչո՞ւ կարող է օգնել, եթե հիշենք, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են մեզ, նաև, թե Նրանք ինչ են արել մեզ համար։ (Օգտակար կլինի խորհել հետևյալ արտահայտությունների շուրջ՝ «նա ներել է մեզ» [Ալմա 24.10], «մեծ Աստված ողորմություն ունեցավ մեր հանդեպ» [Ալմա 24.14] և «նա սիրում է մեր հոգիները» [Ալմա 24.14])։
-
Սրերը «խորը՝ հողի մեջ» թաղելը (Ալմա 24.17) ինչպե՞ս օգնեց այս մարդկանց թողնել իրենց մեղքերը։
Ուշադրություն դարձրեք հատված 18-ի հետևյալ արտահայտություններին (ընդգծված են)․
-
«Նրանք տալիս էին սեփական կյանքը՝ իրենց եղբայրների արյունը թափելու փոխարեն»։
-
«Նրանք տալիս էին իրենց եղբորը՝ նրանից խլելու փոխարեն»։
-
«Նրանք տքնում էին առատորեն իրենց ձեռքերով՝ իրենց օրերն անգործության մեջ անցկացնելու փոխարեն»։
Իրականում անթի-նեփի-լեքիները ոչ միայն պարզապես թաղեցին իրենց պատերազմի զենքերը, այլ նաև իրենց նախկին մեղքերը փոխարինեցին դրական գործերով։
-
Դա ինչպե՞ս կարող է օգնել մեզ թողնել մեղքերը։
-
Ի՞նչ եղանակներով կարող ենք անել դա այսօր:
Օրինակը տեսնելու համար կարող եք դիտել «Մորմոնի Գրքի զորությունը դարձի համար» տեսանյութի 6:11-8:12-ը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
Անթի-Նեփի-Լեքիի ժողովրդի պարտավորությունը
Կարդացեք Ալմա 24.20–27 հատվածը և տեսեք, թե Անթի-նեփի-լեքիներն ինչպես ապրեցին մեղքը թողնելու պարտավորությամբ։ Կարդալու ընթացքում պատկերացրեք, որ այնտեղ եք։ Աղոթքով խորասուզվելիս մտածեք, թե ինչ տեսարաններ, ձայներ կամ զգացողություններ կարող էիք տեսնել, լսել կամ ունենալ՝ իմանալով, որ ձեզ պաշտպանելու ոչինչ չունեք, և ամբողջովին Տիրոջ ձեռքերում եք:
-
Ի՞նչն է տպավորում ձեզ նրանց պարտավորության մեջ։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը նկարագրել է, թե անթի-նեփի-լեքիների զոհաբերությունն ինչ կապ կարող է ունենալ մեզ հետ այսօր։
Ամբողջապես թաղեք ձեր ապստամբության զենքերը` առանց դուրս մնացած բռնակների: Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ ուխտեր կապելը՝ դրանք հուսալիորեն պահելու անկեղծ միտումով, ընդմիշտ կօրհնի ձեր կյանքը: Դուք ավելի կնմանվեք Փրկչին, երբ միշտ հիշեք Նրան, հետևեք Նրան և պաշտեք Նրան: Ես վկայում եմ, որ Նա է ամուր հիմքը: Նա վստահելի է և նրա խոստումները հաստատ են: (Դեյլ Գ. Ռենլանդ, «Անսասան նվիրվածություն առ Հիսուս Քրիստոս»,Լիահոնա, նոյեմբեր 2019 թ․, 25)
Ինչպես թողնել մեղքը
Վերհիշեք Սամանտայի պատմությունը դասի սկզբում: Բացատրեք, թե ինչպես խորհուրդ կտայիք նրան կիրառել այսօր ուսումնասիրած սկզբունքները։ Ներառեք հետևյալը.
-
եղանակներ, որոնցով նա կարող է հիշել, որ Տերը սիրում է իրեն
-
որոշակի գործողություններ, որ նա կարող է կատարել՝ նախկին մեղքերին վերադառնալուց խուսափելու համար
Թողեք ձեր մեղքերը
Ձեր օրագրում գրեք, թե այսօր սովորածն ինչպես կկիրառեք ձեր կյանքում։ Գրեք քայլեր, որոնք կատարելով կարող եք հիշել Տիրոջ սիրո մասին։ Ներառեք գործնական քայլեր մեղքը թողնելու և դրան վերադառնալուց զգուշանալու համար:
Երբ ձգտեք հետևել ձեր ծրագրին, վստահություն ունեցեք, որ Փրկիչը սիրում է ձեզ և կօգնի, երբ փորձեք խուսափել այն հանգամանքներից, որոնք կարող են դրդել մեղանչելու։