Համաշխարհային հոգևոր հավաքներ
Ճշմարտությունը և հանդուրժողականությունը


Ճշմարտությունը և հանդուրժողականությունը

ԵԿՀ Հավաք Երիտասարդ Չափահասների համար • 11 սեպտեմբերի, 2011թ. • Բրիգամ Յանգ Համալսարան

Իմ թանկագին երիտասարդ եղբայրներ և քույրեր, Քրիստենի և ինձ համար մեծ արտոնություն է լինել ձեզ հետ այս նշանակալի իրադարձության ժամանակ: Մենք հանդիպել ենք սեպտեմբերի 11-ին՝ այն իրադարձության 10-ամյակին, որը խորապես ազդեց և երկար տարիներ կշարունակի ազդել մեր կյանքի և մեր մտածելակերպի վրա: Այն ընդմիշտ կապված է Երկվորյակ աշտարակների հետ:

Ես հուշում եմ զգացել այս երեկո խոսելու մեկ այլ երկվորյակ զույգի՝ Ճշմարտության և Հանդուրժողականության զուգածին գաղափարի մասին: Այս թեմաները չեն ընտրվել, քանի որ դրանք բացառապես ձեր մտահոգության առարկան են՝ որպես երիտասարդ ամուրիների, ինչպես ժամադրությունը, ընկերներով ժամանակ անցկացնելը և ամուսնությունը, որոնց մասին ես խոսել եմ այս լսարանի հետ մի քանի տարի առաջ: Ճշմարտության և հանդուրժողականության հանդեպ իմ մոտեցումը ձեզ կհրավիրի մտածել այս քույր թեմաների մասին և սովորեցնել դրանք, քանի որ դրանք կարևոր են աճող սերնդի համար, որոնց ավագ անդամները դուք եք:

Մենք հավատում ենք բացարձակ ճշմարտությանը

Առաջինը` ճշմարտության մասին: Մենք հավատում ենք բացարձակ ճշմարտությանը, ներառյալ` Աստծո գոյությունը և Նրա պատվիրաններով հաստատված ճիշտը և սխալը: Մենք երգում ենք.

Երնքից եկող և երկրի շատրվանից դուրս թափղղ,

Ճշմարտությունը՝ գոյության իմաստը,

Հավերժական, անփոփոխ, մշտական:1

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի խոսքերով ասած. «Մենք հավատում ենք ողջ ճշարտությանը, անկախ նրանից, ինչ թեմայի է այն վերաբերում: Չկա ճշմարտության եզակի սկզբունք աշխարհի դավանանքներից և հարանվանություններից որևէ մեկի մոտ, որ մենք չընդունենք կամ որ մենք մերժենք: Մենք պատրաստ ենք ընդունելու ողջ ճշմարտությունը, անկախ նրանից, թե ինչ աղբյուրից է այն գալիս. քանի որ ճշմարտությունը կանգուն կմնա, ճշմարտությունը կհարատևի»:2

Ճշմարտության գոյությունն ու էությունը մահկանացու կյանքի հիմնարար հարցերից մեկն է: Հիսուսն ասաց Պիղատոսին՝ հռոմեական կառավարչին, որ Նա աշխարհ է եկել, որպեսզի «ճշմարտության համար վկայի»: Անհավատ մարդու պատասխանը սա էր. «Ի՞նչ է ճշմարտությունը» (տես Հովհաննես 18.37–38): Ավելի վաղ Փրկիչը հայտարարել էր. «Ես եմ ճանապարհը և ճշմարտութիւնը և կեանքը» (Հովհաննես 14.6): Ժամանակակից հայտնություններում Նա հայտարարել է. «Ճշմարտությունը գիտություն է բաների մասին, ինչպես որ կան, և ինչպես որ կային, և ինչպես որ կլինեն» (ՎևՈւ 93.24):

Իմ երիտասարդ եղբայրներ և քույրեր, մենք գիտենք, որ Աստծո գոյությունն ու բացարձակ ճշմարտության գոյությունը հիմնարար դեր ունեն այս երկրային կյանքի համար, անկախ նրանից մենք հավատում ենք դրանց, թե ոչ: Գիտենք նաև, որ չարը գոյություն ունի, և որ որոշ բաներ բացարձակապես, լրջորեն և մշտապես սխալ են: Դուք, ում հետ ես խոսում եմ, խորշում եք չարից և փնտրում եք ճշմարտությունը: Ես ձեզ ողջունում եմ ձեր արդար գործերի և արդար ցանկությունների համար: Որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալ՝ իմ ցանկությունն է օգնել ձեզ ճիշտ ընտրություններ կատարել աշխարհում, որը մեծապես բեվեռացված է հավատքի և անհավատության, բարու և չարի միջև:

Վերջին երկու ամիսների լայնածավալ գողությունների և խաբեությունների մասին ապշեցուցիչ հաղորդումները քաղաքակիրթ հասարակություններում բարոյական դատարկություն են առաջացնում, որտեղ շատ քչերի մոտ է մնացել ճշտի և սխալի զգացումը: Մեծ Բրիտանիայում անցյալ ամսվա համատարած աղմուկն ու թալանը և Ջորջիայի Ատլանտա քաղաքում մանկավարժների կողմից ամոթալից համատարած խաբեությունները տարրական և հիմնական դպրոցների պետական լիազորված թեստերի ժամանակ շատերին է տարակուսանքի առիթ տվել, թե արդյոք մենք կորցնում ենք բարոյական հիմքերը, որ արևմտյան երկրները ձեռք են բերել իրենց հրեա-քրիստոնեական ժառանգությունից:3

Ճանաչեք բարոյական հարաբերապաշտությունը

Անհրաժեշտ է մտածել մեր մահկանացու ժառանգության մասին: Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ հասարակական ազդեցություն ունեցող շատ ու շատ մարդիկ խոսքով և գործով քարոզում են, որ չկա բացարձակ ճշմարտություն և սխալ, որ վարքի բոլոր հիմքերն ու կանոնները մարդ արարածի ընտրություններն են, որոնք կարող են գերակշռել Աստծո պատվիրանների հանդեպ: Շատերը հարցական են դնում նույնիսկ Աստծո գոյության փաստի վրա:

Բարոյական հարաբերապաշտության իմաստասիրությունը, որը ենթադրում է, որ յուրաքանչյուր ոք ազատ է իր համար ընտրելու ինչն է ճիշտ և սխալ, Ամերիկայում և այլ արևմտյան երկրներում դառնում է ոչ պաշտոնական կարգախոս շատերի համար: Ծայրահեղ մակարդակով չար գործերը, որոնք նախկինում տեղայնացվում ու ծածկվում էին ինչպես թարախապալարը, ներկայումս օրինականացվում են և դրոշի նման շքերթի են հանվում: Այս իմաստասիրությամբ տարված՝ աճող սերնդից շատերը՝ շատ երիտասարդներ և երիտասարդ ամուրիներ, տարվում են շահամոլության հաճույքներով, մարմնի տարբեր մասերի վրա նկարելու և օղեր կրելու կռապաշտական սովորությամբ, անպարկեշտ խոսելով, մերկահագուստ կրելով, տռփագրություն դիտելով, անազնվությամբ և նվաստացուցիչ սեռական հաճույքներով:

Ճշտի և սխալի հիմնարար համոզմունքի հարցում անհանգստացնող հակապատկեր կա տարեց սերնդի և երիտասարդ սերնդի միջև: Երկու տասնամյակ առաջ կատարված հարցումի տվյալներով տարեց ամերիկացիների 80 տոկոսը հավատում էր, որ «բարու և չարի համար հստակ ուղենիշ կա, որը կիրառելի է յուրաքանչյուր մարդու համար՝ անկախ իրավիճակից»:4 Ի հակադրություն՝ քոլեջի ավարտական կուրսերի ուսանողների շրջանում վերջերս կատարված հարցումները ցույց են տվել, որ «[նրանցից] երեք-քառորդը հավատացած են, որ ճշտի և սխալի միջև տարբերությունը հարաբերական է»5

Կրոնական շատ ղեկավարներ են ուսուցանում, որ Աստված Գերագույն Օրենսդիրն է և ըստ Նա` վարքի որոշակի տեսակները բացարձակապես ճիշտ են, իսկ վարքի մյուս տեսակները` բացարձակապես սխալ են և ոչ ճշմարիտ:6 Աստվածաշնչի և Մորմոնի Գրքի մարգարեները կանխատեսել են այս ժամանակը, երբ մարդիկ կլինեն «ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր» (Բ Տիմոթեոս. 3.4) և, իսկապես, երբ մարդիկ կուրանան Աստծուն (տես Հուդա 1.4; 2 Նեփի 28.5; Մորոնի 7.17; ՎևՈւ 29.22):

Նման անհանգիստ իրավիճակում, մենք, որ հավատում ենք Աստծուն և դրանից հետևող ճշտի և սխալի բացարձակ ճշմարտությանը, մարտահրավեր ունենք ապրելու աստվածուրաց աշխարհում, որտեղ բարոյազրկությունն աճում է: Նման իրավիճակում, բոլորս, և հատկապես դուք՝ աճող սերունդդ, պարտականություն ունենք ոտքի կանգնելու և խոսելու՝ հաստատելով, որ Աստված ապրում է, և որ կան Նրա պատվիրաններով հաստատված բացարձակ ճշմարտություններ: Այդպես վարվելով, մենք՝ Վերջին Օրերի Սրբերս, ապավինում ենք այն ճշմարտությանը, որը ես քիչ առաջ մեջբերեցի.

Ճշմարտությունը պիտ հարատևի,

և երազները չար բռնակալի

պիտի վերածվեն հող ու մոխրի:7

Նայելով նվիրված երիտասարդների այս լսարանին՝ ես տեսնում եմ, որ ձեզանից ոմանք տարակուսում են, թե ինչու եմ ես խոսում մի բանի մասին, որը ձեզ համար ակնհայտ է, և ինչը, ենթադրում եք, ակնհայտ է նաև ուրիշների համար: Հիշեք այն վիճակագրական տվյալները, որոնք ես սկզբում նշեցի, ըստ որի ավարտական կուրսերի ուսանողների մոտ երեք-քառորդը հավատացած են, որ ճշտի և սխալի միջև տարբերությունը հարաբերական է:

Ես ընտրել եմ խոսելու ճշմարտության մասին, քանի որ ուսուցիչները դպրոցում, քոլեջում և համալսարանում ուսուցանում են հարաբերական բարոյականություն: Դա ձևավորում է երիտասարդ ամերիկացիներից շատերի վերաբերմունքը, որոնք փոխարինում են նրանց, ովքեր ուսուցանում են մեր երեխաներին և զանգվածային լրատվամիջոցների ու հանրաճանաչ զվարճապատումների միջոցով հասարակական կարծիք են ձևավորում: Բարոյական այս հարաբերապաշտությունը ժխտում է միլիոնավոր քրիստոնյաների, հրեաների և մահմեդականների հիմնարար սկզբունքները, իսկ այդ ժխտումը լուրջ խնդիրներ է ստեղծում բոլորիս համար: Թե ինչպես պետք է վարվեն հավատացյալ մարդիկ այս դեպքում, ներկայացնում է իմ մյուս երկվորյակ թեման՝ հանդուրժողականությունը:

Հանդուրժողականություն

Հանդուրժողականությունը սահմանվում է որպես բարյացակամ և արդար վերաբերմունք օտարոտի կարծիքների ու գործերի կամ դրանք կրող մարդկանց նկատմամբ: Քանի որ ժամանակակից փոխադրամիջոցներն ու հաղորդակցման միջոցները տարբեր մարդկանց և տարբեր գաղափարների շփումն ավելի հասանելի են դարձնում, հանդուրժողականության կարիքն ավելի է մեծանում: Երբ ես երիտասարդ ամուրի էի՝ մոտ 60 տարի առաջ, ամերիկացիների մեծ մասը միայն գրքերով ու պարբերաթերթերով էին ծանոթանում տարբեր մշակույթների, արժեքների ու մարդկանց հետ: Այդպիսի տարբերությունների հետ մենք այժմ առնընչվում ենք հեռուստացույցով և համացանցով, ճամփորդելիս և հաճախ հարևանության շրջապատում կամ հասարակական վայրերում շփվելիս:

Բազմազանության այս ավելացումը ինչպես հարստացնում, այնպես էլ բարդացնում է կյանքը: Մենք հարստանում ենք տարբեր մարդկանց հետ շփումներով, ինչը մեզ հիշեցնում է Աստծո զավակների հրաշալի բազմազանության մասին: Սակայն մշակույթների և արժեքների բազմազանությունը մեզ համար նաև մարտահրավեր է` ստուգելու, թե ինչը կարող ենք և ինչը չենք կարող համահունչ ընդունել ավետարանի մեր մշակույթի և արժեքների հետ: Այս կերպ բազմազանությունը մեծացնում է բախումների հավանականությունը և մեզանից պահանջում է ավելի շատ մտածել հանդուրժողականության բնույթի մասին: Ի՞նչ է հանդուրժողականությունը, ե՞րբ է այն կիրառելի, իսկ երբ՝ ոչ:

Սա ավելի ծանր հարց է դառնում նրանց համար, ովքեր հաստատում են Աստծո և բացարձակ ճշմարտության գոյությունը, քան նրանց համար, ովքեր հավատում են բարոյական հարաբերապաշտությանը: Որքան քիչ է Աստծո և բարոյական տիպարների հանդեպ մարդու հավատքը, այնքան ավելի քիչ են դեպքերը, երբ ուրիշների գաղափարներն ու գործերը մեզ հանդուրժող լինելու մարտահրավեր կնետեն: Օրինակ՝ աթեիստը կարիք չունի որոշելու, թե աստվածանարգության որ ձևերին կամ դեպքերին կարելի է հանդուրժել կամ հակադրվել: Նրանք, ովքեր չեն հավատում Աստծուն, ոչ էլ բարոյական հարցերում բացարձակ ճշմարտությանը, իրենց կարող են ամենահանդուրժող մարդիկ համարել: Նրանց համար ամեն ինչ տեղավորվում է հանրաճանաչ խոսքի մեջ. «Դու արա ինչ ուզում ես, ես էլ կանեմ, ինչ ես եմ ուզում»: Համոզմունքի այս համակարգում կարող է տեղավորվել գրեթե ցանկացած վարք և գրեթե ցանկացած մարդ: Ցավոք սրտի, բարոյական հարաբերապաշտությանը հավատացող մարդկանց մի մասը, կարծես, դժվարանում են հանդուրժել նրանց, ովքեր պնդում են, որ կա Աստված, որին պետք է հարգել, և կան բարոյական տիպարներ, որոնք պետք է պահպանել:

Հանդուրժողականության երեք բացարձակ ճշմարտությունները

Անհավատների հանդուրժողականության կամ անհանդուրժողականության մասին այևս չեմ խոսի: Իմ լսարանը վերջին օրերի Սրբերն են, ովքեր հավատում են Աստծուն և բացարձակ ճշմարտությանը: Ի՞նչ է նշանակում հանդուրժողականությունը մեզ համար և մյուս հավատացյալների համար, և որո՞նք են դրանք կիրառելու մեր մարտահրավերները:

Ես կսկսեմ երեք բացարձակ ճշմարտություններից: Ես կխոսեմ դրանց մասին որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալ, սակայն հավատացած եմ, որ հավատացյալներն, ընդանուր առմամբ, մեծամասամբ կիսում են այս հայացքները:

Առաջինը՝ Աստծո առաջ բոլոր մարդիկ եղբայրներ և քույրեր են, իրենց տարբեր կրոններով ուսուցանված՝ սիրելու և բարիք անելու միմյանց: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին վերջին օրերի Սրբերի հետ կիսվել է հետևյալ գաղափարով. «Յուրաքանչյուրս [տարբեր հավատքի մարդիկ] հավատում ենք Աստծո հայր լինելուն, չնայած որ կարող ենք տարբեր ձևով նկարագրել Նրան: Յուրաքանչյուրս մեծ ընտանիքի՝ մարդկային ընտանիքի մաս ենք, Աստծո որդիներ և դուստրեր, և հետևաբար, եղբայրներ և քույրեր: Մենք պետք է ավելի քրտնաջան աշխատենք, որպեսզի փոխադարձ հարգանք, ինքնազսպվածություն զարգացնենք, հանդուրժողական լինենք մեկմեկու հենդեպ, անկախ նրանից, թե ինչ վարդապետությունների ու իմաստասիրության ենք հետևում»:8

Նկատի առեք, որ Նախագահ Հինքլին խոսել է «փոխադարձ հարգանքի», ինչպեսև հանդուրժողականության մասին: Մեկ տասնամյակ անց ելույթ ունենալով ԲՅՀ-ում, մահմեդական մի գիտնական՝ ինդոնեզիացի դոկտոր Ալվի Շիհաբը արտահայտեց այդ միտքը հետևյալ խոսքերով. «Հանդուրժելը ենթադրում է սովորել ապրել դրա հետ, նույնիսկ եթե կարծում ես, որ դա սխալ է և ուղղակի չար… Ես հավատացած եմ, որ մենք պետք է հանդուրժողականությունից էլ ավելին անենք, եթե ցանկանում ենք ներդաշնակության հասնել մեր աշխարհում»:

Հիմնվելով Ղուրանի ուսմունքների վրա՝ դոկտոր Շիհաբը շարունակեց. «Մենք պետք է հարգենք մարդկային էակներից յուրաքանչյուրի` անգամ, մեր թշնամիների աստվածատուր արժանապատվությունը, քանի մարդկային հարաբերությունների որ ողջ նպատակը ՝ լինեն դրանք կրոնական, սոցիալական, քաղաքական, թե տնտեսական, պետք է լինի համագործակցությունը և փոխադարձ հարգանքը»:9

Մեր տարբերություններով հանդերձ՝ միասին փոխադարձ հարգանքով ապրելն այս աշխարհի մարտահրավերներից է: Այնուամենայնիվ, և այստեղ ես արտահայտում եմ երկրորդ բացարձակ ճշմարտությունը, այդ տարբերություններով հանդերձ ապրելն այն է, ինչ մեզ ուսուցանում է անել Հիսուս Քրիստոսի ավետարանը:

Աստծո արքայությունը նման է թթխմորի, ուսուցանել է Հիսուսը (տես Մատթեոս 13.33): Թթխմորը կամ խմորիչը խառնում են ավելի մեծ զանգվածի հետ, մինչև որ ողջ զանգվածը խմորվում է, այսինքն՝ խմորիչի ազդեցությամբ բարձրանում է: Մեր Փրկիչը նաև ուսուցանել է, որ Իր հետևորդները նեղություններ կկրեն աշխարհում և նրանց թիվն ու տիրապետությունները փոքր կլինեն (տես 1 Նեփի 14.12), և որ նրանց կատեն, քանի որ նրանք աշխարհից չեն (տես Հովհաննես 17.14): Սակայն դա մեր դերն է: Մենք կանչված ենք ապրելու Աստծո այլ զավակների հետ, որոնք չեն կիսում մեր հավատքը, ոչ էլ մեր արժեքները, և որոնք չունեն ուխտի պարտավորություններ, որոնք մենք ենք հանձն առել: Դրա համար էր, որ Իր ծառայության ավարտին, Հիսուսը խնդրեց Հորը. «Այս աղաչում եմ ոչ թէ նրա համար, որ նրանց վերացնես աշխարհից, այլ որպէսզի նրանց [հեռու] պահես չարից»։ (Հովհաննես 17.15): Մենք պետք է լինենք աշխարհում , բայց ոչ աշխարհից :

Քանի որ Հիսուս Քրիստոսի հետևորդներին պատվիրված է լինել թթխմոր,– չվերցվել աշխարհից, այլ մնալ աշխարհում,– մենք պետք է հանդուրժողականություն փնտրենք նրանցից, ովքեր մեզ ատում են աշխարհից չլինելու պատճառով: Որպես դրա բաղկացուցիչ մաս, մենք պետք է երբեմն պահանջ ներկայացնենք օրենքների դեմ, որոնք սահմանափակում են մեր հավատքը կիրառելու ազատությունները, հիմնվելով մեր հավատքով ապրելու սահմանադրական իրավունքների վրա: Ինչպես նկարագրել է Միացյալ Նահագների Գերագույն դատարանի առաջ Լյութերական դպրոցի գործը պաշտպանող փաստաբանը, մեծագույն մտահոգությունն այն է, որ «կառավարությունը չվերահսկի բոլոր հավատքների մարդկանց կարողությունը` շփվելու Աստծո հետ և միմյանց հետ»:10 Ահա, թե ինչու մենք հասկացողության և աջակցության կարիք ունենք, ներառյալ` ձեր հասկացողությունն ու կարիքը, երբ անհրաժեշտություն է առաջանում պայքարել կրոնական ազատության համար:

Մենք նաև ինքներս պետք է հանդուրժողականություն և հարգանք ցուցաբերենք ուրիշների հանդեպ: Ինչպես ուսուցանել է Պողոս Առաքյալը, քրիստոնյաներս պետք է. «հետամուտ լինենք խաղաղութեան և շինութեան՝ միմեանց հանդէպ» ((Հռովմեացիս 14.19) և, որքան հնարավոր է, «բոլոր մարդկանց հետ խաղաղությամբ ապրենք» (Հռովմեացիս 12.18): Հետևաբար, մենք պետք է արթուն լինեք` հարգելու բարիքը, որ տեսնում ենք բոլոր մարդկանց մեջ և բոլոր կարծիքների ու սովորությունների մեջ, որոնք կարող են տարբերվել մեզանից: Ինչպես ուսուցանում է Մորմոնի Գիրքը.

«Բոլոր բաները, որոնք բարի են, գալիս են Աստծուց …

Ուստի, ամեն բան, որ հրավիրում և հրապուրում է անել բարիք, և սիրել Աստծուն, և ծառայել նրան, ոգեշնչված է Աստծուց:

Ուստի, ուշք դարձրեք… որ դուք չդատեք… այն, ինչը որ բարի է և Աստծուց՝ դևից լինի» (Մորոնի 7.12–14):

Տարբերությունների հանդեպ նման մոտեցումը հանդուրժողականություն և նաև հարգանք կբերի:

Ուրիշների և նրանց հավատամքների հանդեպ մեր հարգանքը պատճառ չի լինի հրաժարվելու մեր իմացած ճշմարտությունների հանդեպ մեր պարտավորությունից և մեր կապած ուխտերից: Դա երրորդ բացարձակ ճշմարտությունն է: Մենք չենք հրաժարվում ճշմարտությունից և մեր ուխտերից: Որպես ռազմիկներ՝ մենք ճշմարտության և սխալի միջև պատերազմի ճակատում ենք: Այստեղ չկա չեզոք դիրք: Մենք պետք է պաշտպանենք ճշմարտությունը, անգամ երբ հանդուրժողականություն և հարգանք ենք ցուցաբերում այլ հավատքների ու գաղափարների և դրանք կրող մարդկանց հանդեպ:

Չնայած մենք պետք է հանդուրժողականություն և հարգանք ցուցաբերենք ուրիշների և նրանց հավատալիքների հանդեպ, ներառյալ իրենց դիրքը բացատրելու և պաշտպանելու նրանց սահմանադրական իրավունքները, մեզանից չի պահանջվում հարգել և հանդուրժել սխալ վարքագիծը: Ճշմարտության հանդեպ մեր պարտավորությունը մեզանից պահանջում է ձգտել ազատվել վարքի որոշ տեսակներից, որոնք սխալ են: Դա հեշտ է նկատել, երբ այն ներառում է ծայրահեղ վարքագիծ, որը հավատացյալների և ոչ հավատացյալների կողմից ճանաչվում է որպես սխալ և անընդունելի: Օրինակ՝ մենք պետք է դատապարտենք սպանությունը կամ ահաբեկչական այլ գործողություն, նույնիսկ եթե այն արվում է ծայրահեղականների կողմից կրոնի անվան տակ: Եվ մենք բոլորս պետք է ընդդիմանանք բռնությանն ու գողությանը:

Ճշմարտություն և հանդուրժողականություն`երկկողմանի մետաղադրամ

Ինչ վերաբերում է ավելի քիչ ծայրահեղ վարքագծին, որտեղ նույնիսկ հավատացյալները համակարծիք չեն, թե արդյոք դա սխալ է, թե ոչ, մեր հանդուրժողականության բնույթը և չափը շատ ավելի դժվար է սահմանել: Այսպիսով, մի մտախոհ ՎՕՍ կին գրել է ինձ իր մտահոգության մասին, որ ««հանդուրժողականության» աշխարհի սահմանումը, կարծես թե, գնալով ավելի շատ է օգտագործվում ամբարիշտ ապրելակերպը հանդուրժելու համար»: Նա հարցրել է, թե ինչպես է Տերը սահմանում «հանդուրժողականությունը»:11

Նախագահ Բոյդ Ք. Փակերը ոգեշնչված նախաբան է առաջարկել այս թեմայի վերաբերյալ: Խոսելով ինստիտուտի ուսանողների լսարանի հետ երեք տարի առաջ, նա ասել է. «Հանդուրժողականություն բառը չի կանգնում միայնակ. Այն պահանջում է առարկա և արձագանք, որպեսզի որակվի որպես առաքինություն: … Հանդուրժողականությունը հաճախ պահանջում են, սակայն հազվադեպ են վերադարձնում: Զգուշացեք հանդուրժողականություն բառից: Այն կարող է շատ անկայուն առաքինություն լինել»:12

Այս ոգեշնչված զգուշացումը մեզ հիշեցնում է, որ բացարձակ ճշմարտությանը հավատացող անձանց համար վարքի հանդեպ հանդուրժողականությունը նման է երկկողմանի մետաղադրամի: Մետաղադրամի մի կողմում հանդուրժողականությունը կամ հարգանքն է, բայց մյուս կողմում միշտ ճշմարտություն կա: Դուք չեք կարող տիրապետել կամ օգտագործել հանդուրժողականության մետաղադրամն առանց երկու կողմերին ուշադրություն դարձնելու:

Մեր Փրկիչը կիրառել է այս սկզբունքը. Երբ կանգնած էր շնության մեջ բռնված կնոջ առաջ, Հիսուսն ասաց հանդուրժողականության մխիթարիչ խոսքեր. «Ոչ էլ ես եմ դատապարտում քեզ»: Այնուհետև, ճանապարհելով նրան, Նա խոսեց պատվիրանի ճշմարտության խոսքեր. «Գնա, և այլևս մեղք մի գործիր» (Հովհաննես 8.11): Մենք պետք է բոլորս շենանանք և ամրապնդվենք այս օրինակով, որտեղ արտահայտվեց և՛ հանդուրժողականություն, և՛ ճշմարտություն` բարություն հաղորդակցության մեջ, բայց հաստատակամություն ճշմարտության մեջ:

Հայհոյանքի, կենակցության և հանգստության օրը չպահելու դեպքերին հանդիպելը հակասում է ճշմարտության և հանդուրժողականության սկզբունքներին:

Եկեք դիտարկենք, թե ինչպես կարելի է կիրառել այդ օրինակը մի քանի այլ վարքագծերի հանդեպ: Մեկ այլ մտախոհ ՎՕՍ գրել է.

«Մոսիա 18.9 հատվածում Ալման ասում է, որ մենք մկրտվում ենք ուխտ անելով «կանգնելու որպես Աստծո «վկաներ» բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, որ դուք կարող է լինեք»: … Ի՞նչ է նշանակում այս սուրբ գրությունը մեր օրերի համար և ինչպես կարող է այն կիրառվել վերջին օրերի Սրբերի կողմից:

Ապրելով միսիայի ծառայության մեջ՝ ես հաճախ եմ լսում Տիրոջ անվան ոչ հարգալից օգտագործման դեպքեր, նաև ունեմ ծանոթներ, որ ինձ ասում են, թե կենակցում են իրենց ընկերների հետ: Նկատել եմ նաև, որ հանգստության օրվա պահպանությունը գրեթե հնացած է: Ինչպե՞ս կարող եմ պահել իմ ուխտը՝ կանգնելու որպես վկա և չվիրավորելու այդ մարդկանց»:13

Հայհոյանքը, կենակցությունը և հանգստության օրը չպահելը հիանալիորեն ցույց են տալիս, թե ինչպես կարող են Վերջին Օրերի Սրբերը իրենց կյանքում այս դժվար պայմաններում հավասարակշռել իրենց մրցակցող պարտականությունները ճշմարտության և հանդուրժողականության հետ:

Ես սկսում եմ մեր անձնական վարքից՝ ներառյալ մեր երեխաներին ուսուցանելը: Ճշմարտության և հանդուրժողականության երբեմն իրար մրցակցող պահանջները կիրառելիս այս երեք վարքագծի և ուրիշ շատ դեպքերում մենք չպետք է հանդուրժող լինենք մեր նկատմամբ: Մենք պետք է ղեկավարվենք ճշմարտության պահանջներով: Մեզ վերաբերող հարցերում մենք պետք է ամուր լինենք պատվիրանները և մեր ուխտերը պահելիս և պետք է ապաշխարենք և կատարելագործվենք, երբ ինչ-որ հարցում թերանում ենք:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է այն համաժողովին, որի ժամանակ նա հաստատվեց որպես մարգարե. «Իմ երիտասարդ ընկերնե՛ր, ամուր եղեք:… Մեղքի դեմքն այսօր հաճախ ծածկվում է հանդուրժողականության դիմակով: Մի՛ խաբվեք, դրա հետևում սրտի կսկիծ է, դժբախտություն և ցավ: Դուք գիտեք, ինչն է ճիշտ և ինչը` սխալ, և ոչ մի քողարկում չի կարող փոխել այն: Զանցանքի բնույթը մնում է նույնը: Եթե ձեր այսպես կոչված ընկերները ձեզ դրդում են անել մի բան, որը գիտեք, որ սխալ է, դուքեղեք այն մեկը, որ կանգնում է ճշմարտության համար, նույնիսկ եթե միայնակ պետք է կանգնեք»:14

Նմանապես, մեր երեխաների և ուրիշների հանդեպ, ում պարտականություն ունենք ուսուցանելու, ինչպես օրինակ` Եկեղեցական մեր կոչումներում, ճշմարտության հանդեպ մեր պարտականությունը գերագույնն է: Իհարկե, ուսուցանելու ջանքերը միայն պտուղ են տալիս ուրիշների կամքի ազատության շնորհիվ, այնպես որ այն պետք է միշտ արվի սիրով, համբերությամբ և համոզվածությունով:

Այժմ ես կանդրադառնամ ճշմարտության և հանդուրժողականության պարտավորություններին մեր անձնական շփումներում այն ընկերների հետ, ովքեր մեր ներկայությամբ հայհոյում են, ովքեր չամուսնացած կենակցում են, կամ ովքեր պատշաճ ձևով չեն պահում հանգստության օրը: Ինչպե՞ս պետք է մենք արձագանքենք նրանց և շփվենք նրանց հետ:

Հանդուրժողականության պարտավորությունը ենթադրում է, որ այդ վարքագծերից ոչ մեկի նկատմամբ, ոչ էլ նմանատիպ որևէ այլ պահվածքի նկատմամբ, մենք չպետք է արձագանքենք ատելությամբ կամ չար գործերով: Սակայն ճշմարտության հանդեպ մեր պարտավորությունը առաջ է քաշում իր ուրույն պահանջները և իր ուրույն օրհնությունները: Երբ «իւրաքանչիւրն իր ընկերոջն ասում է ճշմարտութիւնը» (Եփեսացիս 4.25), և երբ «ճշմարտությունն ասում ենք սիրով», ինչպես Պողոս Առաքյալն է ուսուցանել (Եփեսացիս 4.15), մենք գործում ենք որպես Տեր Հիսուս Քրիստոսի ծառաներ՝ անելով Նրա գործը: Հրեշտակները կկանգնեն մեր կողքին, և Նա մեզ կուղարկի Իր Սուրբ Հոգին, որ առաջնորդի մեզ:

Այս զգայուն հարցում մենք պետք է առաջին հերթին հաշվի առնենք, թե արդյոք պետք է, և թե ինչ չափով է պետք ասել ճշմարտությունը մեր ընկերներին` իրենց վարքագծի մասին: Շատ դեպքերում այդ որոշումը կարող է կախված լինել նրանից, թե ինչպես է նրանց պահվածքն անմիջականորեն ազդում մեզ վրա:

Մեր ներկայությամբ անընդհատ օգտագործվող հայհոյանքը պատշաճ առիթ է` նշելու այն փաստը, որ այն վիրավորական է մեզ համար: Հայհոյանքը, որ օգտագործվում է անհավատ մարդկանց կողմից ոչ մեր ներկայությամբ, վիրավորողներին հակառակվելու հարմար առիթ չէ:

Կենակցությունը մենք գիտենք, որ լուրջ մեղք է, որով Վերջին Օրերի Սրբերը չպետք է զբաղվեն, անկախ հանգամանքներից: Երբ կիրառվում է մեր շրջապատի մարդկանց կողմից, այն կարող է լինել կամ մասնավոր վարք, կամ մի բան, որ մեզ խնդրում են ներողամիտ լինել, հովանավորել կամ նպաստել: Ճշմարտության և հանդուրժողականության հավասարակշռություն փնտրելիս հանդուրժողականությունը կարող է գերիշխել այն դեպքում, երբ պահվածքը չի առնչվում անձամբ մեզ հետ: Եթե կենակցությունը առաջարկվում է անձամբ մեզ, մենք պետք է կառավարվենք ճշմարտության հանդեպ մեր պարտավորությամբ: Օրինակ՝ մի բան է անտեսել լուրջ մեղքերը, երբ դրանք մասնավոր են. բոլորովին այլ բան է, երբ մեզ խնդրում են հովանավորել կամ լռելայն հաստատել դրանք, ինչպես օրինակ՝ դրանց տեղ տալ մեր տներում:

Ինչ վերաբերում է հանգստյան օրը պահելուն, Վերջին Օրերի Սրբերը գիտեն, որ մեզ սովորեցնում են հանգստության օրն այլ կերպ պահել, քան շատ այլ քրիստոնյաների: Մեզանից շատերը մտահոգված են հանգստության օրը լեփ-լեցուն առևտրի կենտրոններով և այլ առևտրային գործունեությամբ: Գուցե մենք պետք է բացատրենք մեր համոզմունքը, որ հանգստության օրը պահելը, այդ թվում` հաղորդությունը ճաշակելը, մեզ հոգևորապես վերականգնում է և նպաստում է, որ ավելի լավ մարդկիկ դառնանք շաբաթվա ընթացքում: Այնուհետև, այլ հավատացյալ մարդկանց մենք կարող ենք շնորհակալություն հայտնել այն փաստի համար, որ մենք ընդհանուր եզրեր ունենք այն բաների շուրջ, որոնք ամենակենսականն են, քանի որ մեզանից յուրաքանչյուրը հավատում է Աստծուն և բացարձակ ճշմարտության գոյությանը, թեև մենք տարբերվում ենք այդ հիմունքների մեր սահմանումներով: Բացի այդ, մենք պետք է հիշենք Փրկչի ուսմունքը, որ մենք պետք է խուսափենք հակառակությունից (տես 3 Նեփի 11.29–30), և որ մեր օրինակը և մեր քարոզը պետք է լինեն «նախազգուշացնող ձայն, ամեն մարդ իր մերձավորին, մեղմությամբ ու հեզությամբ» (ՎևՈւ 38.41):

Բոլոր այս հարցերում մենք չպետք է ենթադրենք, որ կարող ենք դատել մեր հարևաններին կամ ընկերներին իրենց վարքագծի և դրա երկարատև ազդեցության համար: Այդ դատաստանը Տիրոջն է, ոչ թե մերը: Նույնիսկ նա ձեռնպահ մնաց մահկանացու կյանքի վերջնավճիռ կայացնելուց կնոջ համար, որը բռնվել էր շնություն գործելիս: Հանդուրժողականությունը պահանջում է նման ձևով զերծ մնալ ուրիշներին դատելուց:

Ճշմարտության և հանդուրժողականության չորս սկզբունքները` կառավարության որոշումների վրա ազդելու հարցում

Քննարկելով ճշմարտության և հանդուրժողականության հավասարակշռման անհրաժեշտությունը մեր անձնական վարքում և մեր ընկերների հետ հարաբերություններում, ես մոտենում եմ մեկ այլ ավելի դժվար հանգամանքի: Երբ հավատացյալները մուտք են գործում հասարակական հրապարակ, փորձելով ազդել օրենքների կազմման ու կիրառման վրա, հիմնավորվելով իրենց համոզմունքներով, նրանք պետք է կիրառեն այլ սկզբունքներ:

Որպես երիտասարդ ամուրի՝ դուք կարող եք մտածել, թե ինչու եմ խոսում սկզբունքների մասին, որոնց մենք պետք է հետևենք, երբ մենք ձգտում ենք ազդել կառավարության գործողությունների վրա, ինչպիսին է`օրենքներ ընդունելը: Դուք կարող եք ասել. «Սա մի խնդիր է, որը Եկեղեցու բարձր իշխանությունները պետք է կարգավորեն»: Ես նկարագրում եմ այդ սկզբունքները ձեզ՝ երիտասարդ ամուրիներ, քանի որ դուք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ներկա անդամներն ու ապագա ղեկավարներն եք, և դուք պետք է որոշում կայացնեք այս տեսակի հարցերի վերաբերյալ ավելի շուտ, քան կարծում եք: Դուք պետք է հասկանաք, թե հասարակական հրապարակում մեր ջանքերն ինչպես են հասու դառնում՝ պահպանելով ճշմարտության և հանդուրժողականության միջև հավասարակշռությունը:

Թե արդյոք պետք է, կամ թե ինչպես մենք կարող ենք ձգտել ունենալ օրենքներ, որոնք կպարտադրեն կամ ազդեցություն կգործեն այն վարքի վրա, որը մենք ցանկալի ենք համարում Աստծո և Նրա պատվիրանների հանդեպ մեր հավատքի պատճառով, շատ լայն թեմա է իմ ելույթի եզրափակիչ մի քանի րոպեների համար: Հետևաբար, ես կսահմանափակվեմ, նկարագրելով չորս առաջնային սկզբունքները, որոնցով պետք է ղեկավարվել նման ջանքերում:

Առաջին՝ երբ Հիսուս Քրիստոսի հավատացյալները ճշմարտության իրենց տեսակետներով հասարակական հրապարակ են դուրս գալիս, նրանք պետք է փնտրեն Տիրոջ ոգեշնչումը՝ իմաստուն ձևով ընտրելու, թե որ ճշմարիտ սկզբունքները պետք է ձգտեն խթանել օրենքով կամ գործադիր ակտերով: Ընդհանուր առմամբ, նրանք պետք է ձեռնպահ մնան առաջադրելու օրենքներ կամ վարչական ակտեր, անգամ ենթատեքստով, որոնք հեշտացնում են հավատացյալների առանձնահատուկ համոզմունքները, ինչպես օրինակ՝ երկրպագության գործադիր ակտերը,: Հավատացյալները կարող են պակաս զգուշավոր լինել, երբ առաջարկում են կառավարական ակտեր, որոնք կծառայեն ավելի լայն օրենքների, քան պարզապես իրենց համոզմունքների կիրառման հեշտացմանը, ինչպիսիք են` օրենքները հանրային առողջության, անվտանգության և բարոյականության վերաբերյալ:

Ամեն դեպքում, որպես հավատքի պաշտպաններ՝ հավատացյալները կարող են և պետք է նպաստեն այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք կպահպանեն կրոնական ազատությունը: Բարոյական հարաբերականության բարձրացմանը զուգահեռ Միացյալ Նահանգներում անհանգստացնող ձևով ցածրանում է ընդհանուր հասարակության հարգանքը կրոնի հանդեպ: Մի ժամանակ ամերիկյան կյանքի ընդունված մասը լինելով, այժմ կրոնի հանդեպ վերապահում կա շատերի սրտում: Նրանց համար այն դարձել է մի բան, որը պետք է ապացուցի իր օրինականությունը, որպես մեր հասարակական կյանքի մի մաս: Որոշ ազդեցիկ ձայներ նույնիսկ հարցականի տակ են դնում այն, թե որ չափով պետք է մեր սահմանադրությունը պաշտպանի կրոնի ազատ իրականացումը, ներառյալ` կրոնական սկզբունքները կիրառելու և քարոզելու իրավունքը:

Սա կարևոր հարց է, որի շուրջ մենք, որ հավատում ենք Գերագույն Էակին, որը հաստատել է մարդկային վարքի բացարձակ ճիշտ և սխալ լինելը, պետք է միավորվենք, որպեսզի պահանջենք մեր կրոնով ապրելու դարերով սրբագործված սահմանադրական մեր իրավունքները, որ մեր խղջի ձայնը տանք հասարակական հարցերին և մասնակցենք ընտրություններին և քննարկումներին հանրային ասպարեզում և արդարադատության սրահներում: Երբ այդպես վարվենք, հրեշտակները կկանգնեն մեր կողքին: Մենք պետք է նաև ուս-ուսի տանք մյուս հավատացյալների հետ, որպեսզի պահպանենք և ամրապնդենք մեր կրոնական հավատալիքները պաշտպանելու ու կիրառելու ազատությունը, ինչպիսին էլ դրանք լինեն: Այդ նպատակով մենք պետք է քայլենք միասին նույն ուղով, որպեսզի ապահովենք մեր ազատությունը՝ անհրաժեշտության դեպքում, հետամուտ լինելու մեր առանձին ճանապարհին` ըստ մեր համոզմունքների: Առաջնորդվելով երկնքի կողմից այս արդար գործում, մեր խոսքերը քաղցր կլինեն և տեղ կգտնեն շատերի սրտերում:

Երկրորդ՝ երբ հավատացյալները ձգտում են առաջ քաշել իրենց դիրքերը հասարակական հրապարակում, իրենց շահերի պաշտպանության ձևերն ու բնույթը միշտ պետք է հանդուրժողական լինեն նրանց կարծիքների և դիրքորոշումների հանդեպ, ովքեր չեն կիսում իրենց համոզմունքները. Մենք չպետք է խորացնենք այն ծայրահեղականությանը, որը պառակտում է մեր հասարակությունը: Որպես հավատացյալներ՝ մենք պետք է միշտ խոսենք սիրով և համբերություն, հասկացողություն և կարեկցանք ցուցաբերենք մեզ ընդդիմացողների հանդեպ: Քրիստոնյա հավատացյալներին պատվիրված է սիրել իրենց մերձավորներին (տես Ղուկաս 10.27), ներել (տես Մատթեոս 18.21–35) և բարիք անել իրենց չարչարողներին (տես Մատթեոս 5.44): Նրանք պետք է միշտ հիշեն Փրկչի ուսմունքն այն մասին, որ մենք պետք է «օրհնենք [մեզ] անիծողներին, բարիք անենք [մեզ] ատողներին և աղոթենք [մեզ] չարչարողների և [մեզ] հալածողների համար» (Մատթեոս 5.44):

Որպես հավատացյալներ՝ մենք պետք է մեր փաստարկներն ու դիրքորոշումները ձևավորենք այնպես, որ դրանք նպաստեն հիմնավորված քննարկումներին և համաձայնություններին, որոնք բազմակարծ հասարակության մեջ էական են ժողովրդավարական կառավարման համար: Այս ձևերով մենք կնպաստենք բարեկրթությանը, որը կարևոր է, որպեսզի պահպանենք մեր քաղաքակրթությունը:

Երրորդ` հավատացյալները չպետք է վախենան այն ծանոթ մեղադրանքներից, որ փորձում են բարոյականությունը օրինականացնել: Շատ ոլորտներում, օրենքները հիմնված են հրեա-քրիստոնեական բարոյականության վրա և այդպիսին են եղել դարեր շարունակ: Մեր քաղաքակրթությունը հիմնված է բարոյականության վրա և չի կարող գոյություն ունենալ առանց դրա: Ինչպես Ջոն Ադամսն է հայտարարել. «Մեր Սահմանադրությունը ստեղծվել է միայն բարոյական ու կրոնական ժողովրդի համար: Այն բացարձակ անհամապատասխան է այլ տեսակի կառավարության համար»:15

Չորրորդ՝ հավատացյալները չպետք է ընկրկեն ձգտելու օրենքների, որոնք կպահպանեն հասարակական պայմանները կամ ընթացակարգերը, որոնք նրանց աջակցում են իրենց հավատքի պահանջները կիրառելը, այն դեպքում, երբ այդ պայմանները կամ ընթացակարգերը բարենպաստ են նաև հանրային առողջության, անվտանգության կամ բարոյականության համար: Օրինակ՝ չնայած բազմաթիվ քրեական օրենքների և որոշ ընտանեկան օրենքների ետևում կրոնական համոզմունքներ են կանգնած, այնուամենայնիվ, այդ երկարատև պատմությունը ցույց է տվել դրանց պատշաճությունը ժողովրդավարական հասարակություններում: Այդուհանդերձ, երբ հավատացյալները մեծամասնություն են կազմում, նրանք միշտ պետք է զգայուն լինեն փոքրամասնությունների տեսակետների հանդեպ:

Մեզ՝ Վերջին Օրերի Սրբերիս, երբեմն մեղադրում են ուրիշների հանդեպ ինքնաարդարամիտ ու անհանդուրժողական լինելու մեջ, հատկապես երբ մենք մեծամասնություն ենք կազմում կամ երբ մյուսներն են մեծամասնություն կազմում, և մեր հավատալիքները պատճառ են դառնում ընդդիմանալու նրանց: Անկասկած, Վերջին Օրերի Սրբերը պետք է ավելի իմաստուն և հմուտ լինեն մեր տեսակետները բացատրելիս, մեր շահերը հետապնդելիս և մեր ազդեցությունն օգտագործելիս, որտեղ որ մենք ունենք այն:

Դա է երկկողմանի մետաղադրամի՝ ճշմարտության և հանդուրժողականության ոգին: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հիանալի օրինակ է ծառայել այդ երկվորյակ առաքինությունները կիրառելիս: Ողջ կյանքի ընթացքում նա օրինակ է եղել այլ հավատքի անդամներին ու ղեկավարներին ձեռք մեկնելու և համագործակցելու հարցում, միացյալ ջանքերով աշխատելով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և քրիստոնեական ընկերակցության ու մտահոգությունների գործերում, որոնք անցնում են դավանաբանական սահմանները:16

Ի վերջո, ճշմարտության և հանդուրժողականության մեր հավասարակշռության ոգին արտահայտվում է Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի այս խոսքերում. «Եկեք ձեռք մեկնենք մեր համայնքի այն մարդկանց, ովքեր մեր հավատքից չեն: Եկեք լինենք լավ հարևաններ՝ բարի, առատաձեռն և բարեգութ: Եկեք մասնակցենք համայնքի բարի նախաձեռնություններին: Կարող են լինել և կլինեն իրավիճակներ, երբ լուրջ բարոյական խնդիրների պատճառով մենք չենք կարող փոխել մեր սկզբունքները: Բայց նման դեպքերում մենք կարող ենք սիրալիր ձևով չհամաձայնվել, առանց անարգալից վերաբերմունքի: Մենք կարող ենք ընդունել նրանց անկեղծությունը, ում դիրքորոշումը չենք կարող ընդունել: Մենք կարող ենք խոսել սկզբունքների, այլ ոչ թե` անձերի մասին»:17

Իմանալու պարգևը և հավատալու պարգևը

Ես ավարտում եմ այս հավաստիացմամբ ու այս վկայությամբ:

Աստվածաշունչը սովորեցնում է, որ մարգարեի գործառույթներից մեկը «դետ» լինելն է, որպեսզի զգուշացնի Իսրայելին (տես Եզեկիել 3.17; 33.7): Տերը հայտնությամբ ավելացրել է այս առակը ժամանակակից Սիոնի վերաբերյալ. «Նշանակեք… որպեսզի մեկը պահապան լինի աշտարակի վրա», որը «կտեսնի թշնամուն, մինչ նա հեռվում [է]» և կզգուշացնի, որպեսզի «այգին [փրկվի] կործանիչի ձեռքից» (ՎևՈւ 101.45, 54):

Ես խոսել եմ ձեզ հետ, որպես այդ դետերից մեկը, մի թեմայի շուրջ, որը Հոգին հանձնարարել է ինձ: Վստահեցնում եմ ձեզ, որ իմ ուղերձը ճշմարիտ է: Եթե դուք կասկած ունեք այդ մասին կամ եթե հարցեր ունեք այն մասին, թե ինչպես կիրառել այս սկզբունքները ձեր կյանքում, ես հորդորում եմ ձեզ ուղղություն փնտրել նույն աղբյուրից:

Ինչ վերաբերում է այն հարցին, որը լայնորեն քարոզվում է մեր օրերի աթեիստների կողմից, ես հռչակում եմ իմ գիտելիքը, որ Աստված ապրում է: Նրա ստեղծագործությունները վկայում են Նրա գոյության մասին, և Նրա ծառաները լսում և հռչակում են Նրա ձայնը: Ժամանակակից հայտնությունը սովորեցնում է, որ ոմանք ունեն պարգև՝ իմանալու, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, աշխարհի մեղքերի համար խաչված, ուրիշներին էլ տրվում է հավատալ իրենց խոսքերին (ՎևՈւ 46.13–14): Որպես մեկը, ով գիտի, ես հրավիրում եմ ձեզ հավատալ իմ խոսքերին:

Ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի՝ այգու Տիրոջ մասին: Նա մեր Փրկիչն է, և Նա հասնում է մեզանից յուրաքանչյուրին՝ ժամանակին հրավիրելով ստանալ Նրա խաղաղությունը, սովորելով Նրանից և քայլելով Նրա շավիղներով (տես ՎևՈւ 19.23):

«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ:

Ձեզ վրա առեք իմ լուծը և ինձանից սովորեցեք. որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք:

Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը` թեթև» (Մատթեոս 11.28–30):

Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. “Oh Say, What Is Truth?” Hymns, no. 272.

  2. Joseph F. Smith, Gospel Doctrine, 5th ed. (1939), 1.

  3. Sես “Anarchy in the UK,” The Economist, Aug. 13, 2011, 14; Patrick Jonsson, “Is the US a Nation of Liars?” The Christian Science Monitor, July 25, 2011, 20:

  4. Stephen L. Carter, The Culture of Disbelief: How American Law and Politics Trivialize Religious Devotion (1993), 225.

  5. “Campus Confidential,” The Wall Street Journal, July 5, 2002, W11.

  6. Sես, որպես օրինակ, John Paul II: The Encyclicals in Everyday Language, 3rd ed., ed. Joseph G. Donders (2005), 210–13; Harold Kushner, Who Needs God (1989), 83–84:

  7. “Oh Say, What Is Truth?” Hymns, no. 272.

  8. Gordon B. Hinckley, Teachings of Gordon B. Hinckley (1997), 665.

  9. Alwi Shihab, Building Bridges to Harmony Through Understanding (forum address at Brigham Young University, Oct. 10, 2006), http://speeches.byu.edu/reader/reader.php?id=11324.

  10. Eric Rassbach, quoted in William McGurn, “Religion and the Cult of Tolerance,” The Wall Street Journal, Aug. 16, 2011, A11.

  11. Letter to Dallin H. Oaks, May 14, 1998.

  12. Boyd K. Packer, “Be Not Afraid” (address at the Ogden Institute of Religion, Nov. 16, 2008), 5; see also Bruce D. Porter, “Defending the Family in a Troubled World,” Ensign, June 2011, 12–18.

  13. Letter to Dallin H. Oaks, Dec. 22, 1987.

  14. Thomas S. Monson, in Conference Report, Apr. 2008, 66; or Ensign, May 2008, 65.

  15. John Adams, from an address to officers of the militia of Massachusetts, Oct. 11, 1798, in The Works of John Adams, Second President of the United States, ed. Charles Francis Adams, 10 vols. (1856), 9:229.

  16. Sես Heidi S. Swinton, To the Rescue: The Biography of Thomas S. Monson (2010), especially chapters 25 and 28 and pages 462–63:

  17. Gordon B. Hinckley, Teachings of Gordon B. Hinckley, 662.

Տպել