Եկ, հետևիր ինձ 2024
Հոկտեմբերի 7-13-ը․ «Ահա, իմ ցնծությունը լիակատար է» 3 Նեփի 17-19


Հոկտեմբերի 7-13-ը․ «Ահա, իմ ցնծությունը լիակատար է» 3 Նեփի 17-19», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)

«Հոկտեմբերի 7-13-ը: 3 Նեփի 17-19», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2023)

Հիսուսը հայտնվում է նեփիացիներին

Նրա դեմքի լույսը փայլեց նրանց վրա, Գարի Լ. Քապ

Հոկտեմբերի 7-13-ը․ «Ահա, իմ ցնծությունը լիակատար է»

3 Նեփի 17-19

Հիսուս Քրիստոսը նոր էր ավարտել ծառայության օրը Լիառատ երկրում՝ ուսուցանելով Իր ավետարանը, մարդկանց հնարավորություն տալով տեսնել ու զգալ նշանները Իր հարություն առած մարմնի վրա և վկայելով, որ Ինքը խոստացված Փրկիչն է: Այժմ եկել էր մեկնելու ժամանակը։ «Իմ ժամանակը մոտ է», - ասաց Նա (3 Նեփի 17.1): Նա պատրաստվում էր վերադառնալ Իր Հոր մոտ և Նա գիտեր, որ մարդիկ ժամանակի կարիք ունեին՝ խորհելու Իր ուսուցանածի շուրջ: Ուստի, խոստանալով վերադառնալ հաջորդ օրը, Նա բազմությանը ուղարկեց իրենց տները: Սակայն ոչ ոք չհեռացավ: Նրանք չասացին, թե ինչ էին զգում, բայց Հիսուսը զգում էր դա. Նրանք հույս ունեին, որ Նա «մի քիչ էլ [կ]մնա[ր] իրենց հետ» (3 Նեփի 17.5): Նա այլ կարևոր գործեր ուներ անելու, բայց Աստծո զավակների հանդեպ կարեկցանք ցուցաբերելը Նրա համար միշտ առաջնահերթություն է: Ուստի Հիսուսը մի փոքր էլ մնաց։ Այն, ինչ տեղի ունեցավ հաջորդիվ, հավանաբար ծառայության ամենաբարի օրինակն էր, որը գրանցված է սուրբ գրություններում: Նրանք, ովքեր ներկա էին, կարողացան միայն ասել, որ դա աննկարագրելի էր (տես 3 Նեփի 17.16–17): Հիսուսը՝ Ինքը ամփոփեց հանպատրաստից առաջ եկած հոգևոր զեղումը հետևյալ պարզ և զորավոր բառերով. «Եվ այժմ, ահա, իմ ցնծությունը լիակատար է» (3 Նեփի 17.20):

Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար

3 Նեփի 17, 18.24–25, 30–32

Փրկիչը սպասավորության մեր կատարյալ օրինակն է

Մոտ 2500 մարդ ներկա էր, երբ Փրկիչը հայտնվեց, սակայն Նա գտավ եղանակ՝ մեկ առ մեկ սպասավորելու նրանց: Ի՞նչ եք իմանում Նրա սպասավորության եղանակի մասին 3 Նեփի 17, 18.24–25, 28–32 հատվածներում։ Ի՞նչ կարիքներ էր նա սպասավորում: Ո՞ր հատկանիշներն էին արդյունավետ դարձնում Նրա սպասավորությունը: Կարող եք նաև մտածել, թե ինչպես է Նա սպասավորում ձեզ: Դուք ինչպե՞ս կարող եք հետևել Նրա օրինակին: (Տես նաև 3 Նեփի 18.24–25, 28–32):

Տես նաև «Հիսուս Քրիստոսը կարեկցում և բուժում է մարդկանց» (տեսանյութ), Gospel Library.

3 Նեփի 17.13–22, 18.15–25, 19.6–9, 15–36

Փրկիչն ուսուցանել է ինձ՝ ինչպես աղոթել

Պատկերացրեք, որ Փրկիչը աղոթում է ձեզ համար: Ինչպե՞ս կարող է նման փորձառությունը ազդել ձեր աղոթելու ձևի վրա: Խորհեք այս մասին, երբ ուսումնասիրեք 3 Նեփի 17.13–22, 18.15–25 և 19.6–9, 15–36 հատվածները։ Ի՞նչ եք սովորում Հիսուս Քրիստոսի օրինակից և աղոթքի մասին ուսմունքներից: Փնտրեք գաղափարներ այն մասին, թե ինչպես, երբ, որտեղ, ում համար և ինչու աղոթել: Ուրիշ ի՞նչ գաղափարներ եք դուք ձեռք բերում այս հատվածներից:

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 10.5։

3 Նեփի 18.1-12

սեմինարիայի պատկերակ
Ես կարող եմ լցվել Հոգով, երբ ընդունում եմ հաղորդությունը

Երբ մենք ինչ-որ բան հաճախ ենք անում, դա կարող է դառնալ սովորական կամ առօրեական: Մենք երբեմն դա անում ենք նույնիսկ առանց մտածելու: Ինչպե՞ս կարող եք դա կանխել հաղորդության շաբաթական արարողության միջոցով: 3 Նեփի 18.1–12 հատվածները կարդալիս խորհեք, թե ինչպես կարող եք հոգևորապես «սնվել»՝ ամեն անգամ հաղորդություն ընդունելիս (տես նաև 3 Նեփի 20.1–9)։ Ըստ 5–7, 11 հատվածների, որո՞նք են այն մի քանի բաները, որ դուք պետք է «միշտ» անեք: Դուք կարող եք նաև խորհել, թե ինչու Հիսուսը տվեց մեզ հաղորդության արարողությունը, և արդյոք հաղորդությունն իրականացնում է Նրա նպատակները ձեր կյանքում: Ինչո՞ւ է հաղորդությունը սուրբ ձեզ համար:

Իր «Միշտ հիշիր Նրան» (Լիահոնա, փետրվար 2018 թ․, 4–6) ուղերձում Նախագահ Հենրի Բ. Այրինգը ներկայացրել է «երեք առաջարկ, թե ինչ կարող եք հիշել, երբ ամեն շաբաթ ճաշակում եք հաղորդության սրբազան խորհրդանիշները»: Նրա առաջարկների մեջ ի՞նչն է ավելի տպավորիչ ձեզ համար։ Ի՞նչ կարող եք անել՝ ձեր երկրպագությունը հաղորդության ժամանակ և ամբողջ շաբաթվա ընթացքում բարելավելու համար:

Ուրիշ ի՞նչ կարող եք անել՝ ավելի իմաստալից երկրպագելու համար: Դուք կարող եք ինքներդ ձեզ տալ նմանատիպ հարցեր. «Ինչպե՞ս է Փրկչի զոհաբերությունն ազդում իմ առօրյա կյանքի վրա»: «Ինչպիսի՞ աշակերտ եմ ես, և ի՞նչը կարող եմ բարելավել»:

Տես նաև Մատթեոս 26.26–28, Ջեֆրի Ռ. Հոլանդ «Ահա Աստծո Գառը», Լիահոնա, մայիս 2019 թ․, 44–46, «Ինչպես հիմա մենք ընդունում ենք հաղորդությունը», Հիմներ, հմր. 169, «Հիսուս Քրիստոսը ներկայացնում է հաղորդությունը» (տեսանյութ), Gospel Library, Ավետարանական թեմաներ՝ «Հաղորդություն», Gospel Library.

Ժամանակ տվեք խորհելու համար։ Երբեմն սուրբ գրություններն ուսումնասիրելը դառնում է կարդալու, աղոթելու և խորհելու միախառնություն: Ժամանակ հատկացնելով ձեր սովորածի մասին հանգիստ մտածելու և Աստծո հետ խոսելու համար՝ դուք կարող եք ավելացնել Նրա խոսքի զորությունը ձեր կյանքում:

3 Նեփի 18.22–25

Ես կարող եմ «բարձր պահել» Հիսուս Քրիստոսի լույսը

Պատկերացրեք, որ դուք ունեք մի ընկեր, ով ոչինչ չգիտի Հիսուս Քրիստոսի մասին, բացի նրանից, որ դուք Նրա հետևորդներից մեկն եք: Ի՞նչ եզրակացություն կանի ձեր ընկերը Նրա մասին՝ հիմնվելով ձեր արարքների վրա: Ի՞նչ է նշանակում ձեզ համար «բարձր պահել ձեր լույսը, որպեսզի այն լույս տա աշխարհին»: (3 Նեփի 18.24): Ի՞նչ ուրիշ առաջարկներ է արել Փրկիչը 3 Նեփի 18.22–25 հատվածներում, որոնք օգնում են ձեզ բարձր պահել այդ լույսը:

Տես նաև Բոննի Հ․ Քորդոն «Որ նրանք կարողանան տեսնել», Լիահոնա, մայիս 2020 թ․, 78–80։

3 Նեփի 18.36-37, 19.6-22

Հիսուս Քրիստոսի աշակերտները փնտրում են Սուրբ Հոգու պարգևը

Մտածեք ձեր վերջին աղոթքների մասին: Ձեր աղոթքներն ի՞նչ են ուսուցանում ձեզ ձեր խորը ցանկությունների մասին: Փրկչի ներկայության մեջ մի օր անցկացնելուց հետո մարդիկ «աղոթեցին նրա համար, ինչն իրենք ամենաշատն էին փափագում»՝ Սուրբ Հոգու պարգևը (3 Նեփի 19.9): Ինչո՞ւ է Սուրբ Հոգու պարգևն այդքան ցանկալի: Այս հատվածները կարդալիս խորհեք Սուրբ Հոգու ընկերակցության համար ձեր սեփական ցանկության մասին։ Ինչպե՞ս կարող եք իրապես և ջերմեռանդորեն փնտրել այդ ընկերակցությունը:

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

3 Նեփի 17.7, 20–25

Փրկիչը սիրում է Երկնային Հոր զավակներից յուրաքանչյուրին

  • Դուք կարող եք օգտագործել այնպիսի նկար, ինչպիսին այս համառոտ շարադրանքում տեղադրված նկարներն են կամ «Հիսուս Քրիստոսն աղոթում է, և հրեշտակները սպասարվորում են երեխաներին» տեսանյութը (Gospel Library), որպեսզի օգնեք ձեր երեխաներին պատկերացնել 3 Նեփի 17 գլխի պատմությունը: Կարող եք կարդալ 3 Նեփի 17 գլխի այն արտահայտությունները կամ հատվածները, որոնք շեշտում են ժողովրդի հանդեպ Փրկչի սերը (օրինակ՝  7 և 20–25 հատվածները)։ Այնուհետև երեխաները կարող են նկարել Հիսուսի մի նկար իրենց հետ: Երբ նրանք նկարեն նկարը, օգնեք նրանց մտածել, թե Հիսուսն ինչպես է Իր սերը ցույց տվել նրանց.

Հիսուսն օրհնում է երեխաներին

Նայեք ձեր փոքրիկներին, Գարի Լ. Քապ

3 Նեփի 18.1-12

Ես կարող եմ մտածել Հիսուսի մասին, երբ ճաշակում եմ հաղորդությունը

  • Առաջարկեք երեխաներին, որ բացատրեն, թե ինչ է տեղի ունենում հաղորդության ժամանակ։ Այնուհետև դուք կարող եք կարդալ 3 Նեփի 18.1–12 հատվածները և խնդրել ձեր երեխաներին ձեռք բարձրացնել, երբ լսեն մի բան, որը նման է նրան, ինչ մենք այսօր անում ենք: Հիսուս Քրիստոսն ի՞նչ է ցանկանում, որ մենք «հիշենք» կամ մտածենք հաղորդության ժամանակ (տես 3 Նեփի 18.7, 11

3 Նեփի 18.15–24, 19.6–9, 15–36

Հիսուսն ուսուցանել է ինձ՝ ինչպես աղոթել

  • Աղոթքի մասին որևէ երգ, օրինակ՝ «Երեխայի աղոթքը» (Մանկական երգարան, 12–13) միասին երգելը լավ միջոց է օգնելու ձեր երեխաներին մտածել, թե ինչու ենք մենք աղոթում: Այնուհետև դուք և ձեր երեխաները կարող եք կարդալ 3 Նեփի 18.18–21 հատվածները և խոսել այն մասին, թե ինչ է Հիսուսն ուսուցանում աղոթքի մասին: Առաջարկելով ձեր երեխաներին պատմել ձեզ, թե ինչ են զգում, երբ աղոթում են՝ դուք կարող եք օգնել նրանց կիսվել աղոթքի մասին իրենց վկայությամբ:

  • Երեխաների համար հետաքրքիր կլինի գնալ որոնելու աղոթքի օրհնությունների գանձերը։ Սուրբ գրությունների հետևյալ հղումները կարող եք գրել թերթիկների վրա և թաքցնել դրանք. 3 Նեփի 18.15, 3 Նեփի 18.20, 3 Նեփի 18.21, 3 Նեփի 19.9 և 3 Նեփի 19.23։ Այնուհետև ձեր երեխաները կարող են գտնել թերթիկները և կարդալ հատվածները՝ փնտրելով այն, ինչ Հիսուս Քրիստոսը կամ Նրա աշակերտներն ուսուցանել են աղոթքի մասին:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

հրեշտակները շրջապատել են Հիսուսին և նեփիացի երեխաներին

Հրեշտակները սպասավորեցին նրանց, նկարի հեղինակ՝ Ուոլթեր Ռեյն։