Եկ, հետևիր ինձ 2024
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը. «Ես եմ օրենքը և լույսը» 3 Նեփի 12-16


«Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը. «Ես եմ օրենքը և լույսը» 3 Նեփի 12-16», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)

«Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը։ 3 Նեփի 12-16», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)

Նկար
Հիսուսը ցույց է տալիս Տասներկու Առաքյալներին

Երրորդ Նեփի. Այս Տասներկուսն են, ում ես ընտրեցի, Գարի Լ. Քապ

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը․ «Ես եմ օրենքը և լույսը»

3 Նեփի 12-16

Հիսուսի աշակերտների նման, որոնք Քարոզը լսելու համար հավաքվեցին Գալիլեայի սարի մոտ, մարդիկ, որոնք հավաքվեցին Լիառատ երկրի տաճարի մոտ, ապրում էին Մովսեսի օրենքով: Նրանք հետևում էին դրան, քանի որ այն ուղղում էր նրանց հոգիները դեպի Քրիստոսը (տես Հակոբ 4:5), և հիմա Քրիստոսը կանգնած էր նրանց առաջ՝ հայտարարելով ավելի բարձր օրենք: Բայց նույնիսկ մեզանից նրանք, ովքեր երբևէ չեն ապրել Մովսեսի օրենքով, կարող են հասկանալ, որ Հիսուսի կողմից Իր աշակերտների համար հաստատված չափանիշը շատ ավելի բարձր օրենք էր: «Ես կամենում եմ, որ դուք լինեք կատարյալ» (3 Նեփի 12:48): Եթե դա ստիպում է ձեզ անհամապատասխան զգալ, հիշեք, որ Հիսուսը նաև ասաց. «երանելի են հոգով աղքատները, ովքեր գալիս են ինձ մոտ, քանզի նրանցն է երկնքի արքայությունը» (3 Նեփի 12:3): Այս ավելի բարձր օրենքը հրավեր է, մեկ այլ եղանակ՝ ասելու «Եկեք ինձ մոտ և փրկվեք» (3 Նեփի 12:20): Մովսեսի օրենքի նման, այս օրենքը մեզ ուղղորդում է դեպի Քրիստոսը՝ այն Մեկը, ով կարող է փրկել ու կատարելագործել մեզ: «Ահա,- ասել է նա,- ես եմ օրենքը, և լույսը: Նայեք ինձ, և համբերեք մինչև վերջ, և դուք կապրեք» (3 Նեփի 15:9):

Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար

3 Նեփի 12-14

Նկար
սեմինարիայի պատկերակ
Ես կարող եմ լինել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը

Ահա մի եղանակ, որով կարող ենք ուսումնասիրել և կիրառել այն ամենը, ինչ Փրկիչն ուսուցանել է 3 Նեփի 12–14 գլուխներում. ընտրեք հատվածների մի խումբ և տեսեք՝ արդյոք կարող եք ամփոփել, թե հատվածներն ինչ են ուսուցանում, մի նախադասության մեջ, որը սկսվում է «Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները …» Օրինակ՝ 3 Նեփի 13:1–8 հատվածների ամփոփումը կարող է լինել՝ «Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները չեն փնտրում հրապարակային գովասանք բարի գործ անելու համար»: Փորձեք դա հետևյալ հատվածներում․

  • 12:3–16

  • 12:38–44

  • 13:19-24

  • 14:1-5

  • 14:21-27

  • Այլ հատվածներ, որոնք ոգեշնչում են ձեզ

Այս հատվածները կարդալուց հետո դուք ի՞նչ եք ոգեշնչում անել՝ Հիսուս Քրիստոսին հետևելու համար:

3 Նեփի 12:48-ի պատվիրանը կարող է չափազանց դժվար թվալ, նույնիսկ անհնարին: Ի՞նչ եք սովորում Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի «Արդ դուք կատարեալ եղիք, ի վերջո» (Լիահոնա, նոյեմբեր 2017 թ․, 40–42) ուղերձից, որն օգնում է ձեզ հասկանալ Փրկչի խոսքերն այս հատվածում: Ըստ Մորոնի 10:32–33 հատվածների, ի՞նչն է հնարավոր դարձնում , որ լինենք Փրկչի պես կատարյալ:

Տես նաև Դալլին Հ. Օուքս «Դառնալու մարտահրավերը», Ensign, նոյ. 2000 թ․, 32–34, Ավետարանական թեմաներ՝ «Դառնալ Հիսուս Քրիստոսի նման» Gospel Library, «Տեր, ես կհետևեմ քեզ», Հիմներ, հմր. 220, «Հիսուս Քրիստոսը ուսուցանում է, թե ինչպես ապրել Բարձր օրենքով» (տեսանյութ), Gospel Library։

Օգտագործեք առարկայական դասեր: Փրկիչն ուսուցանել է հիմնարար ճշմարտություններ՝ հղում կատարելով ծանոթ առարկաներին: Դուք կարող եք նմանատիպ բան անել, երբ ուսումնասիրում կամ ուսուցանում եք 3 Նեփի 12 գլուխը։ Աղը, մոմը կամ վերարկուն ձեռքում պահելը կամ դրանք դիտարկելը կարող է ավելի արդյունավետ դարձնել Փրկչի ուսուցանած հավերժական ճշմարտությունների վերաբերյալ քննարկումը:

3 Նեփի 12:1-2, 15:23-24, 16:1-6

Օրհնված են նրանք, ովքեր հավատում են առանց տեսնելու

Աստծո զավակներից շատ քչերն են տեսել Փրկչին և լսել Նրա ձայնը, ինչպես Լիառատի ժողովրդը: Մեզանից շատերը ավելի շատ նման են ժողովրդին, որը նկարագրված է 3 Նեփի 12:2, 15:23, և 16:4–6-ում: Ի՞նչ խոստումներ են տրված այդպիսի մարդկանց այս հատվածներում: Այս խոստումներն ինչպե՞ս են իրականացել ձեր կյանքում:

Տես նաև Հովհաննես 20:26–29, 2 Նեփի 26:12–13, Ալմա 32:16–18:

3 Նեփի 12:21–30, 13:1–8, 16–18, 14:21–23

Ես կարող եմ ձգտել մաքրել իմ սրտի ցանկությունները

Մի թեմա, որը դուք կնկատեք այս գլուխներում, բարձր օրենքով ապրելու Փրկչի հրավերն է՝ արդար լինել ոչ միայն մեր գործողություններում, այլև մեր սրտերում: Փնտրեք այդ թեմաները, երբ Փրկիչը խոսում է հակառակության մասին (3 Նեփի 12:21–26), անբարոյականության մասին (3 Նեփի 12:27–30), աղոթքի մասին (3 Նեփի 13:5–8), և ծոմապահության մասին (3 Նեփի 13:16–18): Ուրիշ ի՞նչ օրինակներ կարող եք գտնել: Ի՞նչ կարող եք անել ձեր սրտի ցանկությունները մաքրելու համար:

3 Նեփի 14:7–11

Երկնային Հայրն ինձ բարի բաներ կտա, երբ ես խնդրեմ, փնտրեմ և թակեմ

Մինչ կարդում եք Փրկչի հրավերը 3 Նեփի 14:7-11-ում՝ խնդրելու, փնտրելու և թակելու վերաբերյալ, խորհեք, թե Նա ինչ «բարիքներ» է ուզում, որ դուք խնդրեք: Հետևյալ լրացուցիչ սուրբ գրությունները կարող են օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես խնդրել, փնտրել ու թակել: Դրանք կօգնեն նաև բացատրել, թե դուք ինչու չեք ստանում որոշ աղոթքների պատասխանը այնպես, ինչպես ակնկալում եք. Եսայիա 55:8–9, Հելաման 10:4-5, Մորոնի 7:26–27, 33, 37 և Վարդապետություն և Ուխտեր 9:7–9, 88:64։ Ինչպե՞ս կարող են այս հատվածներն ազդել ձեր՝ խնդրելու, փնտրելու և թակելու ձևի վրա:

Տես նաև Միլթոն Կամարգո, «Խնդրեք, փնտրեք և թակեք»․ Լիահոնա, նոյ. 2020, 106–8։

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

3 Նեփի 12:14–16

Ես կարող եմ լավ օրինակ լինել` Հիսուսին հետևելու միջոցով

  • Երբեմն երեխաները չեն պատկերացնում, թե իրենց օրինակներն ինչպես կարող են օրհնել ուրիշներին։ 3 Նեփի 12:14–16 հատվածների օգնությամբ խրախուսեք նրանց, որ թույլ տան իրենց լույսը շողա: Օրինակ՝ երբ այս հատվածներում կարդում եք «դու» կամ «ձեր» բառերը, խնդրեք երեխաներին, որ ձեռքով ցույց տան իրենց: Պատմեք երեխաներին այն լույսի մասին, որը դուք տեսնում եք նրանց մեջ, երբ նրանք հետևում են Հիսուս Քրիստոսին, և թե ինչպես է դա ոգեշնչում ձեզ հետևել Նրան: Կարող եք միասին մի երգ երգել, որը խրախուսում է երեխաներին շողալ լույսի նման, օրինակ՝ «Ես աստղի նման եմ» (Մանկական երգարան, 163)։

  • Որպեսզի խրախուսեք ձեր երեխաներին չթաքցնել իրենց լույսը (տես 3 Նեփի 12:15), առաջարկեք նրանց հերթով թաքցնել կամ ծածկել լամպը կամ մեկ այլ լույսի աղբյուր: Նրանք կարող են բացել լույսը ամեն անգամ, երբ ինչ-որ բան են ասում, որ իրենք կարող են անել՝ ուրիշների համար լավ օրինակ լինելու համար:

3 Նեփի 13:19-21

«Ձեզ համար գանձեր դիզեք երկնքում»

  • Այս հատվածների ընթերցումը կարող է քննարկման թեմա հուշել այն բաների մասին, որոնք թանկ են մեզ համար: Կարող եք առաջնորդել ձեր երեխաներին գանձեր որոնել և գտնել այնպիսի բաներ, որոնք հիշեցնում են իրենց հավերժական արժեք ունեցող գանձերի մասին:

3 Նեփի 14:7–11

Երկնային Հայրը պատասխանում է իմ աղոթքներին

  • Երբ կարդաք 3 Նեփի 14:7 հատվածը, ձեր երեխաները կարող են կատարել գործողություններ, որոնք կներկայացնեն այս հատվածում Փրկչի յուրաքանչյուր հրավերը։ Օրինակ՝ նրանք կարող են բարձրացնել իրենց ձեռքերը (հարցնել), իրենց ձեռքերին հեռադիտակի տեսք տալ (փնտրել), կամ ձևացնել, թե թակում են դուռը (թակել): Օգնեք ձեր երեխաներին մտածել այն մասին, թե ինչ կարող են ասել և ինչ կարող են խնդրել իրենց աղոթքներում։

  • Փոքր երեխաները կարող են բավականություն ստանալ խաղից, որի ժամանակ նրանք խնդրում են ինչ-որ բան և ստանում բոլորովին ուրիշ բան: 3 Նեփի 14:7–11 հատվածներում ի՞նչ էր Փրկիչը ցանկանում, որ մենք իմանայինք մեր Երկնային Հոր մասին:

3 Նեփի 14:21–27, 15:1

Փրկիչը ցանկանում է, որ ես լսեմ և կատարեմ այն, ինչ Նա ուսուցանում է

  • Մտածեք եղանակներ, որոնցով կարող եք օգնել ձեր երեխաներին պատկերացնել այս հատվածների առակը: Երեխաները կարող են նկարել նկարներ, կատարել վարժություններ կամ կառուցել որևէ բան ամուր հիմքի և ավազե հիմքի վրա: Նրանք կարող են նաև իրենց անուններով փոխարինել «իմաստուն մարդ» բառակապակցությունը՝ 3 Նեփի 14:24–27 հատվածները կարդալիս կամ «Իմաստուն մարդը և հիմար մարդը» (Children’s Songbook, 281) երգը երգելիս: Կամ նրանք կարող են ոտքի կանգնել ամեն անգամ, երբ լսում են «կատարում է» բառը 3 Նեփի 14:21–27 և 15:1 հատվածներում։

  • Ահա մի առարկայական դաս, որը դուք կարող եք փորձել. խնդրեք ձեր երեխաներին պատկերացնել, որ իրենց ոտքերից մեկը խորհրդանշում է Փրկչի խոսքերը լսելը, իսկ մյուսը՝ Փրկչի ուսուցանածը կատարելը:: Առաջարկեք ձեր երեխաներին փորձել հավասարակշռությունը պահել միայն իրենց «լսող» ոտքի վրա: Ի՞նչ կպատահի, եթե ուժեղ քամի փչի սենյակում։ Այնուհետև դուք և ձեր երեխաները կարող եք փնտրել որոշակի բաներ, որոնք Փրկիչը ուսուցանել է մեզ անել. տես 3 Նեփի 12:3–12, 21–26, 13:5–8 հատվածները։

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Նկար
Հիսուսն ուսուցանում է նեփիացիներին

Փրկչի այցելությունը Ամերիկայի ժողովրդին, նկարի հեղինակ՝ Գլեն Ս. Հոփկինսոն։

Տպել