Եկ, հետևիր ինձ 2024
Սեպտեմբերի 23-29-ը․ «Բարձրացեք և առաջ եկեք ինձ մոտ» 3 Նեփի 8–11


«Սեպտեմբերի 23-29-ը․ «Բարձրացեք և առաջ եկեք ինձ մոտ» 3 Նեփի 8-11, «Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)

«Սեպտեմբերի 23-29-ը․ 3 Նեփի 8-11», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)

Նկար
Հիսուսը հայտնվում է նեփիացիներին

Ես եմ աշխարհի լույսը, Ջեյմս Ֆուլմեր

Սեպտեմբերի 23-29-ը․ «Բարձրացեք և առաջ եկեք ինձ մոտ»

3 Նեփի 8-11

«Ահա, ես եմ Հիսուս Քրիստոսը, ում մասին մարգարեները վկայել էին, որ պիտի գա աշխարհ» (3 Նեփի 11.10): Այս խոսքերով հարություն առած Փրկիչը ներկայացրեց Իրեն՝ իրականացնելով Մորմոնի Գրքի ավելի քան 600 տարվա մարգարեությունները: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը գրել է. «Այդ հայտնությունը և այդ հայտարարությունը Մորմոնի Գրքի ամբողջ պատմության ամենակարևոր և բարձրագույն կետն է: Դա ապացույցն էր և որոշումը, որը հայտնվել և ոգեշնչել էր յուրաքանչյուր Նեփիացի մարգարեի: … Բոլորը նրա մասին էին խոսում, երգում ու երազում էին նրա մասին և աղոթում նրա հայտնվելու համար, և ահա նա փաստորեն այստեղ էր: Ամենակարևոր օրը նրանց համար: Աստված, որ առավոտյան լույսի է վերածում ամեն մի մութ գիշեր, արդեն եկել էր» (Christ and the New Covenant [1997], 250–51):

Տես նաև «Հիսուս Քրիստոսը հայտնվում է Հին Ամերիկայում» (տեսանյութ), Gospel Library:

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

3 Նեփի 8-11

Հիսուս Քրիստոսն աշխարհի լույսն է

Դուք կարող եք նկատել, որ խավարի և լույսի հետ կապված թեմաները կրկնվում են 3 Նեփի 8–11 գլուխներում: Ի՞նչ եք սովորում այս գլուխներից հոգևոր խավարի և լույսի մասին (օրինակ՝ տես 3 Նեփի 8.19–23, 9.18, 10.9–13 հատվածները)։ Ի՞նչ ազդեցություն ունի խավարը ձեր կյանքում: Ի՞նչ ազդեցություն ունի լույսը ձեր կյանքում։ Ձեր կարծիքով, Փրկիչն ինչո՞ւ Իրեն ներկայացրեց որպես «աշխարհի լույսը և կյանքը»: (3 Նեփի 9.18, 11.11):

Իրադարձությունները, որոնք նկարագրվում են 3 Նեփի 9–11 գլուխներում Մորմոնի Գրքի ամենասրբազան իրադարձությունների շարքում են: Կարդացեք դրանք դանդաղ և ուշադիր խորհեք: Ահա մի քանի հարց՝ ձեզ օգնելու համար։ Կարող եք գրանցել այն տպավորությունները, որ դուք ունեցաք:

  • Ի՞նչ կզգայի, եթե այդ մարդկանց մեջ լինեի։

  • Ի՞նչն է ինձ տպավորում Փրկչի մասին այս գլուխներում:

  • Ինչպե՞ս եմ իմանում, որ Հիսուս Քրիստոսն իմ Փրկիչն է:

  • Ինչպե՞ս է Նա լույս եղել իմ կյանքում։

Տես նաև Շերոն Յուբենկ, «Քրիստոս. Լույս, որը փայլում է խավարի մեջ», Լիահոնա, մայիս 2019, 73-76։

Գրանցեք տպավորությունները։ Երբ գրի եք առնում ձեր ստացած հոգևոր տպավորությունները, առավել հավանական է, որ ավելի շատ ստանաք դրանք:

3 Նեփի 9-10

Հիսուս Քրիստոսը ցանկանում է ներել

Երեց Նիլ Լ. Անդերսենը նշել է․ «Ես վկայում եմ, որ Փրկիչը կարող է և ցանկանում է ներել մեր մեղքերը» («Ապաշխարեք … որպեսզի ես կարողանամ բժշկել ձեզ», Լիահոնա նոյեմբեր 2009, 40)։ 3 Նեփի 9–10 գլուխներում վկայություն փնտրեք Քրիստոսի ներելու ցանկության մասին: Ի՞նչ եք գտել 3 Նեփի 9.13–22 և 10.1–6 հատվածներում, որն օգնում է ձեզ զգալ Փրկչի սերն ու ողորմածությունը: Ե՞րբ դուք զգացել եք, թե Նա ինչպես է «հավաքել» և «կերակրել» ձեզ (տես 3 Նեփի 10.4):

3 Նեփի 9.19-22

Տերը պահանջում է «կոտրված սիրտ և փշրված հոգի»

Նախքան Փրկչի գալը կենդանիների զոհաբերությունները Հիսուս Քրիստոսի զոհաբերության խորհրդանիշն էին (տես Մովսես 5.5–8): Ինչ նոր պատվիրան տվեց Փրկիչը 3 Նեփի 9.20–22 հատվածներում։ Ինչպե՞ս է այն մեզ մատնացույց անում դեպի Նա և Նրա զոհաբերությունը:

Ի՞նչ է նշանակում ձեզ համար՝ զոհ մատուցել կոտրված սիրտը և փշրված հոգին: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Փրկիչը ուզում այս զոհաբերությունը ձեզանից:

3 Նեփի 11.1-8

Նկար
seminary icon
Ես կարող եմ սովորել լսել և հասկանալ Աստծո ձայնը

Ինչպե՞ս կարող եք իմանալ, թե երբ է Աստված խոսում ձեզ հետ։ Հավանաբար 3 Նեփի 11.1–8 հատվածներում նկարագրված ժողովրդի փորձառությունը կարող է օգնել ձեզ հասկանալ Աստծո ձայնը լսելու և հասկանալու որոշ սկզբունքներ: Դուք կարող եք իմանալ Աստծո ձայնի առանձնահատկությունները, որոնք մարդիկ լսեցին, և այն, թե նրանք ինչ արեցին այն ավելի լավ հասկանալու համար:

Դա կարող է օգնել նաև ուսումնասիրել այլ սուրբ գրություններ, որոնք նկարագրում են Աստծո ձայնը կամ Նրա Հոգու ազդեցությունը: Ահա մի քանիսը: Հնարավոր է՝ այս հատվածները կարդալուց հետո դուք կարողանաք գրել հայտնությունը ճանաչելու մի քանի ուղեցույց. Գ Թագավորաց 19.11–12, Գաղատացիս 5.22–23, Ալմա 32.27–28, 35, Հելաման 10.2–4, Եթեր 4.11–12, Վարդապետություն և Ուխտեր 9.7–9, 11.11–14։

Ձեզ համար օգտակար կլինի նաև լսել դա այսօրվա մարգարեներից, առաքյալներից և Եկեղեցու այլ ղեկավարներից, որոնք Աստծո ձայնը լսելու և հետևելու փորձառություն ունեն: Նրանցից մի քանիսը կիսվում են իրենց փորձառություններով Gospel Library-ի «Լսիր Նրան» տեսանյութերի հավաքածուում։ Դիտեք դրանցից մեկը կամ մի քանիսը:

Ինչպե՞ս կկիրառեք այն, ինչ սովորել եք, Աստծո ձայնն ավելի հստակ լսելու և ճանաչելու համար:

Տես նաև Ռասսել Մ. Նելսոն «Լսիր Նրան», Լիահոնա, մայիս 2020, 88–92, «Սա է իմ սիրելի Որդին», Մանկական երգարան, 76, Ավետարանական թեմաներ, «Անձնական հայտնություն», Gospel Library։

Նկար
Հիսուսը նեփիացիներին ցույց է տալիս բևեռների նշանները Իր ձեռքերի վրա

Մեկ առ մեկ, նկարի հեղինակ՝ Վոլթեր Ռեյն

3 Նեփի 11.8–17

Հիսուս Քրիստոսը առաջարկում է ինձ անձնական վկայություն ձեռք բերել Իր մասին

Մոտ 2500 մարդ էր հավաքվել Լիառատի տաճարում, երբ Հիսուս Քրիստոսը հայտնվեց (տես 3 Նեփի 17.25)։ Չնայած մարդկանց մեծ թվին, Փրկիչը առաջարկեց նրանց մեկ առ մեկ շոշափել բևեռների նշանները Իր ձեռքերի և ոտքերի վրա (3 Նեփի 11.14–15): Երբ կարդաք, պատկերացրեք, թե ինչ կզգայիք, եթե հայտնվեիք այնտեղ: Ի՞նչ եղանակով է Փրկիչը հրավիրում ձեզ՝ «բարձրանալ և առաջ գալ» Իր մոտ: (3 Նեփի 11.14)

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Քանի որ այս կիրակին ամսվա հինգերորդ կիրակին է, Երեխաների միության ուսուցիչներին խրախուսում ենք օգտագործել ուսումնական միջոցառումները Հավելված Բ. Պատրաստել երեխաներին Աստծո ուխտի ուղու վրա ողջ կյանքի համար:

3 Նեփի 8-9

Երբ ես մթության մեջ եմ, Հիսուս Քրիստոսը կարող է իմ լույսը լինել

  • Որպեսզի օգնեք ձեր երեխաներին պատկերացնել և հասկանալ 3 Նեփի 8–9 գլուխներում նկարագրված փորձառությունները, կարող եք վերապատմել կամ լսել այս գլուխների ձայնագրված բաժինները մութ սենյակում: Քննարկեք, թե ինչի՞ նման կլիներ երեք օր մթության մեջ ապրելը։ Հետո դուք կարող եք խոսել այն մասին, թե ինչո՞ւ Հիսուս Քրիստոսն Իրեն անվանեց «Աշխարհի լույսը» (տես 3 Նեփի 9.18)։ Հիսուսն ի՞նչ առաջարկեց մարդկանց և մեզ անել, որպեսզի Նա լինի մեր լույսը (տես 3 Նեփի 9.20–22):

3 Նեփի 10.4–6

Հիսուսը պաշտպանում է Իր ժողովրդին այնպես, ինչպես հավն է պաշտպանում իր ճտերին

  • Իր ճտերին հավաքող հավի գաղափարը կարող է հզոր ուսուցողական գործիք լինել, որը կօգնի երեխաներին հասկանալ Փրկչի էությունն ու առաքելությունը: Դուք կարող եք կարդալ 3 Նեփի 10.4–6 հատվածները, մինչ ձեր ընտանիքը նայում է հավի ու ճտերի նկարը: Հավը ինչո՞ւ պետք է հավաքի իր ճտերին: Ինչո՞ւ է Փրկիչը ցանկանում հավաքել մեզ Իր մոտ: Ինչպե՞ս ենք մենք գալիս Նրա մոտ ապահովություն գտնելու համար։

3 Նեփի 11.1-15

Հիսուս Քրիստոսը հրավիրում է ինձ գալ Իր մոտ

  • Ինչպե՞ս կօգնեք ձեր երեխաներին զգալ Հոգին՝ 3 Նեփի 11.1–15 հատվածները միասին կարդալիս։ Գուցե խնդրեք երեխաներին ձեզ տեղյակ պահել, երբ այս հատվածներում գտնեն մի բան, որը կօգնի նրանց զգալ Աստծո սերը։ Դուք կարող եք նույնն անել՝ օգտագործելով այնպիսի նկարներ, ինչպիսիք են այս համառոտ շարադրանքում տեղադրված նկարները կամ «Հիսուս Քրիստոսը հայտնվում է տաճարում» տեսանյութը (Gospel Library): Պատմեք ձեր երեխաներին, թե ինչ եք զգում, երբ կարդում և խորհում եք այդ իրադարձությունների շուրջ։ Նրանց նույնպես հնարավորություն տվեք կիսվել իրենց զգացումներով:

3 Նեփի 11.1-8

Աստված խոսում է ինձ հետ մեղմ, հանդարտ ձայնով

  • Գուցե դուք կարող եք կարդալ այս հատվածներից մի քանիսը փափուկ «մեղմ ձայնով» (3 Նեփի 11.3): Կամ կարող եք մի երգի ձայնագրություն միացնել, օրինակ՝ «This Is My Beloved Son» (Children’s Songbook, 76), այնպես, որ այն դժվար լինի լսել: Մարդիկ ի՞նչ պետք է անեին, որպեսզի հասկանային երկնքի ձայնը (տես 5–7 հատվածները)։ Մենք ի՞նչ ենք սովորում նրանց փորձառությունից:

3 Նեփի 11.21–26

Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ ես մկրտվեմ

  • 3 Նեփի 11.21–26 հատվածները կարդալիս կարող եք առաջարկել երեխաներին ոտքի կանգնել ամեն անգամ, երբ լսեն «մկրտել» բառը։ Հիսուսն ի՞նչ ուսուցանեց մկրտության մասին: Եթե ձեր երեխաները նախկինում տեսել են մկրտություն, խնդրեք նրանց նկարագրել իրենց տեսածը։ Ինչո՞ւ է Հիսուսը կամենում, որ մենք մկրտվենք:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Նկար
Հիսուսը հայտնվում է նեփիացիներին

Մի Հովիվ, նկարի հեղինակ՝ Հովարդ Լայըն։

Տպել