Եկ, հետևիր ինձ 2024
Սեպտեմբերի 2-8-ը․ «Հիշիր Տիրոջը» Հելաման 7-12


«Սեպտեմբերի 2-8-ը․ «Հիշիր Տիրոջը» Հելաման 7-12, Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)

«Սեպտեմբերի 2-8-ը։ Հելաման 7-12», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2023)

Նեփին աղոթում է այգու աշտարակի վրա

Նեփին աշտարակի վրա, Ջերրի Թոմփսոն

Սեպտեմբերի 2-8-ը․ «Հիշիր Տիրոջը»

Հելաման 7-12

Նեփիի հայրը՝ Հելամանը, հորդորեց իր որդիներին «հիշել, հիշել»։ Նա ցանկանում էր, որ նրանք հիշեն իրենց նախնիներին, հիշեն մարգարեների խոսքերը, և բոլորից առավել հիշեն «մեր Քավի[չին], որը Քրիստոսն է» (տես Հելաման 5.5–14): Պարզ է, որ Նեփին իրոք հիշում էր, քանի որ տարիներ անց այս նույն ուղերձը նա «անխոնջությամբ» հայտարարեց ժողովրդին (Հելաման 10.4): «Ինչպես կարողացաք մոռանալ ձեր Աստծուն», - հարցրեց նա (Հելաման 7.20)։ Նեփիի ջանքերը՝ քարոզել, աղոթել, հրաշքներ գործել և Աստծուց սով խնդրել, փորձեր էին՝ օգնելու մարդկանց դիմել Աստծուն և հիշել Նրան: Բազմաթիվ առումներով, Աստծուն մոռանալը ավելի մեծ խնդիր է, քան Նրան չճանաչելը: Եվ հեշտ է մոռանալ Նրան, երբ ձեր մտքերը շեղված են «այս աշխարհի ունայն բաներով» և մթագնած՝ մեղքով (Հելաման 7.21, տես նաև Հելաման 12.2): Բայց, ինչպես ցույց է տալիս Նեփիի ծառայությունը, երբեք ուշ չէ հիշել և «դա[ռնալ] դեպի Տերը՝ ձեր Աստվածը» (Հելաման 7.17):

Գաղափարներ տանը և եկեղեցում սովորելու համար

Հելաման 7-11

seminary icon
Մարգարեները հայտնում են Աստծո կամքը ժողովրդին

Հելաման 7-11 գլուխները արժեքավոր են՝ իմանալու համար, թե ինչ են անում մարգարեները։ Երբ կարդում եք այս գլուխները, ուշադրություն դարձրեք Նեփիի գործողություններին, խոսքերին և Տիրոջ հետ նրա հաղորդակցությանը: Նեփիի ծառայությունն ինչպե՞ս է օգնել ձեզ հասկանալ մարգարեի դերը: Ահա մի քանի օրինակներ: Ուրիշ ի՞նչ եք գտնում:

Ձեր կարդացածի հիման վրա ինչպե՞ս կբնութագրեք, թե ով է մարգարեն, և ինչ է նա անում: Գրեք հակիրճ սահմանումը: Այնուհետև տեսեք, թե ինչ կարող եք ավելացնել ձեր սահմանմանը՝ «Մարգարե» գրառումը Սուրբ գրությունների ուղեցույցում (Gospel Library) կամ «Հետևեք ապրող մարգարեին» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Էզրա Թաֆթ Բենսոն [2014], 147–55) կարդալուց հետո:

Նկատեցի՞ք, թե որքան համարձակ էր Նեփին Հելաման 7.11–29 հատվածներում: Ինչո՞ւ երբեմն մարգարեները պետք է Նեփիի նման համարձակությամբ խոսեն: Կարող եք պատասխաններ փնտրել երեց Նիլ Լ. Անդերսենի «Աստծո մարգարեն» (Լիահոնա, մայիս 2018 թ․, 26) ուղերձի «Մի զարմացեք» բաժնում։

Հիշելով բոլոր այս ճշմարտությունները՝ խորհեք, թե ինչպես է Տերն օրհնել ձեզ Իր մարգարեների ծառայության միջոցով: Վերջերս ի՞նչ է Նա ուսուցանել ձեզ մեր կենդանի մարգարեի միջոցով: Դուք ի՞նչ եք անում Տիրոջ ցուցումները լսելու և դրանց հետևելու համար:

Տես նաև Ավետարանական թեմաներ՝ «Մարգարեներ», Gospel Library։

Հելաման 9, 10.1, 12–15

Հիսուս Քրիստոսի հանդեպ իմ հավատքը պետք է կառուցվի ոչ միայն նշանների և հրաշքների վրա

Եթե նշաններն ու հրաշքները բավարար լինեին փոխելու մարդու սիրտը, ապա բոլոր նեփիացիները դարձի կգային այն բոլոր ուշագրավ նշաններից հետո, որոնք Նեփին տվեց Հելաման 9 գլխում։ Բայց դա տեղի չունեցավ: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են մարդիկ տարբեր եղանակներով արձագանքում հրաշքին Հելաման 9–10 գլուխներում։ Օրինակ՝ դուք կարող եք համեմատել հինգ մարդու և գլխավոր դատավորների արձագանքները Հելաման 9.1–20 հատվածներում (տես նաև Հելաման 9.39–41, 10.12–15): Ի՞նչ եք սովորում այս փորձառություններից այն մասին, թե ինչպես ամրացնել ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս:

Տես նաև 3 Նեփի 1.22, 2.1–2։

Հելաման 10.1–12

Տերը զորություն է տալիս նրանց, ովքեր փնտրում են Իր կամքը և ձգտում են պահել Իր պատվիրանները

Հելաման 10.1–12 հատվածներն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք, թե ինչ արեց Նեփին Տիրոջ վստահությունը շահելու համար: Նա ինչպե՞ս ցույց տվեց, որ ինքը ավելի շուտ փնտրում է Տիրոջ կամքը, քան իրենը։ Նեփիի փորձառությունն ի՞նչ է ոգեշնչում ձեզ անել:

Հելաման 10.2-4

Աստծո խոսքի շուրջ խորհելը հրավիրում է հայտնություն

Երբ դուք ճնշված, անհանգիստ կամ շփոթված եք զգում, կարող եք մի կարևոր դաս սովորել Նեփիի օրինակից Հելաման 10.2–4 հատվածներում: Նա ի՞նչ արեց, երբ «ընկճված» զգաց (հատված 3

Նախագահ Հենրի Բ. Այրինգը բացատրել է. «Երբ մենք խորհում ենք, հրավիրում ենք Հոգու հայտնությունը» («Ծառայեք Հոգով», Լիահոնա, նոյ. 2010 թ․, 60): Ինչպե՞ս կարող եք խորհելու սովորություն ստեղծել:

Հելաման 12

Տերը կամենում է, որ ես հիշեմ Իրեն

Ինչպե՞ս եք հիշում կարևոր տեղեկությունները, օրինակ՝ ընտանիքի անդամի ծննդյան օրը կամ քննության համար նախատեսված տեղեկությունները: Ինչո՞վ է սա նման այն ջանքին, որը պահանջվում է Տիրոջը հիշելու համար (Հելաման 12.5): Ինչո՞վ է այն տարբերվում:

Հելաման 12 գլուխը նկարագրում է մի քանի բան, որի պատճառով մարդիկ մոռանում են Տիրոջը: Կարող եք գրել դրանք և խորհել, թե արդյոք դրանք կարող են շեղել ձեզ Նրանից: Ի՞նչն է օգնում ձեզ հիշել Հիսուս Քրիստոսին: Ի՞նչ եք դուք ոգեշնչվում անել՝ հիմնվելով ձեր սովորածի վրա։

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79, «Այժմ ակնածալից և հեզորեն», Հիմներ, հմր. 185։

Օգտագործեք առարկայական դասեր: Ավետարանի սկզբունքները Փրկիչը հաճախ կապում էր առօրյա երևույթների հետ, որոնց մարդիկ ծանոթ էին: Հելաման 12.1–6 հատվածները սովորելիս կամ ուսուցանելիս դուք կարող եք համեմատել «մարդկանց … անկայունությունը» այն զգացումի հետ, երբ մենք փորձում ենք հավասարակշռություն պահել մեկ ոտքի վրա: Մենք ինչպե՞ս կարող ենք հոգևորապես կայուն մնալ։

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Հելաման 7.20–21

Տերը կամենում է, որ ես հիշեմ Իրեն

  • Տիրոջը հիշելու մասին զրույց սկսելու համար կարող եք ձեր երեխաներին պատմել մի դեպքի մասին, երբ դուք ինչ-որ բան մոռացել եք: Հնարավորություն տվեք նրանց կիսվել իրենց ունեցած նմանատիպ փորձառությամբ: Այնուհետև կարող եք միասին կարդալ Հելաման 7.20–21 հատվածները և հարցնել երեխաներին, թե իրենց կարծիքով, ինչ է նշանակում մոռանալ Աստծուն։ Ձեր երեխաները կարող են նկարել այնպիսի բաների նկարներ, որոնց պատճառով մենք կարող ենք մոռանալ Տիրոջը և օգտագործել իրենց նկարները՝ Հիսուսի նկարը ծածկելու համար: Այնուհետև նրանք կարող են մտածել, թե ինչ կարող են անել՝ Նրան հիշելու համար: Երբ նրանք կիսվում են իրենց մտքերով, կարող են նկարները մեկ առ մեկ հեռացնել՝ մինչև երևա Փրկչի նկարը։

Հելաման 8.13–23

Մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին

  • Օգնեք ձեր երեխաներին ուսումնասիրել Հելաման 8.13–23 հատվածները և գտնել մարգարեների անունները, որոնք ուսուցանել են Հիսուս Քրիստոսի մասին: Ամեն անգամ մի անուն գտնելիս երեխաները կարող են միմյանց փոխանցել Հիսուսի նկարը։ Ի՞նչ է ուսուցանել մեր ապրող մարգարեն Փրկչի մասին:

  • Միասին երգեք մարգարեների մասին մի երգ, օրինակ՝ «Հետևիր մարգարեին» (Մանկական երգարան, 110-11)։ Երեխաների հետ միասին երգից ընտրեք մի հիմնական արտահայտություն և այդ արտահայտությունից գրեք մեկական բառ՝ մի քանի թղթե ոտնահետքերի վրա։ Այնուհետև այնպես դասավորեք ոտնահետքերը, որ դրանք տանեն դեպի Փրկչի նկարը, և ձեր երեխաները կարողանան այդ ոտնահետքերով գնալ դեպի նկարը: Մարգարեին հետևելն ինչպե՞ս է մեզ ուղղորդել դեպի Հիսուս Քրիստոսը:

Հելաման 10.1–4

Աստծո խոսքերի շուրջ խորհելը հրավիրում է հայտնություն

  • Որպեսզի օգնեք ձեր երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում խորհել, կարող եք միասին կարդալ «Խորհել» հոդվածը Սուրբ գրությունների ուղեցույցում (Gospel Library): Խորհել բառի նման ի՞նչ ուրիշ բառեր կան։ Կարող եք միասին կարդալ Հելաման 10.1–3 հատվածները և խորհել բառը փոխարինել այդ ուրիշ բառերով: Խոսեք ձեր երեխաների հետ այն մասին, թե ինչ եղանակներով կարող է խորհելը դառնալ իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության մաս:

Հելաման 10.11–12

Ես կհնազանդվեմ Երկնային Հորը

  • Նեփին հնազանդվում էր Երկնային Հորը, նույնիսկ երբ դա նշանակում էր որևէ դժվար բան անել: Որպես օրինակ՝ դուք և ձեր երեխաները կարող եք կարդալ Հելաման 10.2, 11–12 հատվածները։ Երեխաները կարող են դերախաղով ցուցադրել Նեփիի արածը. քայլել դեպի սենյակի մի կողմը (կարծես թե տուն են գնում), կանգ առնել, շրջվել և քայլել դեպի սենյակի մյուս կողմը (կարծես թե վերադառնում են ժողովրդին ուսուցանելու)։ Որո՞նք են այն մի քանի քայլերը, որ Երկնային Հայրն ուզում է, որ մենք կատարենք:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Բացահայտվեց, որ Սեանթումն է մարդասպանը

Մարգարեության պարգևի շնորհիվ Նեփին բացահայտեց գլխավոր դատավորի սպանությունը։

© Մորմոնի Գիրքը պատանի ընթերցողների համար, Սեանթում՝ մարդասպանը հայտնաբերված է, հեղինակ՝ Բրիանա Շակրոֆտ, պատճենահանումն արգելվում է