Եկ, հետևիր ինձ 2024
Սեպտեմբերի 9–15-ը. «Մեծ ուրախության ավետիք» Հելաման 13–16


«Սեպտեմբերի 9–15-ը. «Մեծ ուրախության ավետիք» Հելաման 13–16», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)

«Սեպտեմբերի 9-15-ը։ Հելաման 13-16», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2023)

Սամուել Լամանացին ուսուցանում է պատի վրա

Սամուել Լամանացին պատի վրա, Առնոլդ Ֆրայբերգ

Սեպտեմբերի 9–15. «Մեծ ուրախության ավետիք»

Հելաման 13-16

Առաջին անգամ, երբ Սամուել Լամանացին փորձեց կիսվել «մեծ ավետիքով» Զարահեմլայում (Հելաման 13.7), կարծրասիրտ նեփիացիները նրան մերժեցին և դուրս նետեցին: Կարծես թե նրանք իրենց սրտերի շուրջը կառուցել էին մի անթափանցելի պատ, ինչը թույլ չէր տալիս նրանց ստանալ Սամուելի ուղերձը: Սամուելը հասկացավ ուղերձի կարևորությունը, որով պետք է կիսվեր, և հավատք ցուցադրեց՝ հետևելով Աստծո պատվիրանին, որ «ինքը պիտի կրկին վերադառնար, և մարգարեանար» (Հելաման 13.3): Սամուելի նման մենք ևս հանդիպում ենք պատերի, երբ «պատրաստում ենք Աստծո ճանապարհը» (Հելաման 14.9) և ձգտում ենք հետևել Նրա մարգարեներին: Եվ Սամուելի նման, մենք ևս բերում ենք վկայություն Հիսուս Քրիստոսի մասին, «ով, անկասկած, պիտի գա աշխարհ» և հրավիրում ենք բոլորին «հավատալ նրա անունին» (Հելաման 13.6, 14.13): Ոչ բոլորը կլսեն, իսկ ոմանք կարող են ջանասիրաբար ընդդիմանալ մեզ: Բայց նրանք, ովքեր հավատում են այս ուղերձին Քրիստոսի հանդեպ հավատքով, համարում են, որ այն իսկապես «մեծ ուրախության ավետիք» է (Հելաման 16.14

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Հելաման 13

Տերն Իր նախազգուշացումները տալիս է Իր մարգարեների միջոցով

Սուրբ գրություններում մարգարեներին երբեմն համեմատում են աշտարակի կամ պատի վրա կանգնած պահակների հետ, որոնք նախազգուշացնում են վտանգի մասին (տես Եսայիա 62.6, Եզեկիել 33.1–7): Հելաման 13-ում Սամուելի խոսքերն ուսումնասիրելիս մտածեք, թե նա ձեզ համար ինչո՞վ է նման պահակի: Ի՞նչ է ասել նա, որը կարծես, վերաբերում է մեր օրերին: (հատկապես տես հատվածներ 8, 21–22, 26–29, 31, և 38)։ Օրինակ՝ ի՞նչ էր ուսուցանում Սամուելը ապաշխարության մասին, խոնարհության և հարստության մասին, «անօրինություն անելով» երջանկություն փնտրելու մասին։

Կարող եք նաև ուսումնասիրել վերջին համաժողովների ուղերձները՝ ժամանակակից մարգարեների միջոցով Տիրոջ կողմից տված նմանատիպ նախազգուշացումներ գտնելու համար: Ի՞նչն եք ոգեշնչվում անել՝ կապված այդ նախազգուշացումների հետ։

Փնտրեք օրինակներ։ Օրինակը մի ձևանմուշ է, որին մարդը կարող է հետևել կամ կրկնօրինակել, որպեսզի ինչ-որ բան ստեղծի: Սուրբ գրություններում մենք գտնում ենք ձևանմուշներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Տերը կատարում Իր աշխատանքը:

ընտանիքը դիտում է գերագույն համաժողովը

Երբ լսենք մարգարեներին, նրանք կուղղորդեն մեզ դեպի Հիսուս Քրիստոսը։

Հելաման 13-15

seminary icon
Աստված ինձ հրավիրում է ապաշխարել

Աստծո դատաստանների վերաբերյալ Սամուելի նախազգուշացումները մշտապես ներառում էին ապաշխարության գթառատ հրավեր։ Փնտրեք այս հրավերները Հելաման 13–15 գլուխներում (տես հատկապես Հելաման 13.6–11; 14.15–19; 15.7–8 հատվածները)։ Ի՞նչ ենք սովորում այդ հատվածներից ապաշխարության մասին։ Որոշ մարդիկ ապաշխարությունը դիտում են որպես դաժան պատիժ, որից պետք է խուսափել։ Ձեր կարծիքով, ինչպե՞ս էր Սամուելը ցանկանում, որ նեփիացիներն վերաբերվեն ապաշխարությունը:

Ձեր ուսումնասիրությունը խորացնելու համար կարող եք կարդալ նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել» ուղերձը (Լիահոնա, մայիս 2019 թ․, 67)։ Ինչպե՞ս է նա սահմանում ապաշխարությունը: Անկեղծ ապաշխարության ի՞նչ օրհնություններ եք գտնում նրա ուղերձում: Դուք կարող եք նաև փնտրել կոնկրետ բաներ, որոնք մարգարեն մեզ առաջարկել է փոխել: Ի՞նչի մասին է ձեզ ասում Սուրբ Հոգին, որ պետք է փոխեք: Գրի առեք ձեր ստացած անձնական հայտնությունը:

Ինչո՞վ է տարբերվում ապաշխարությունը պարզապես ձեր վարքագիծը փոխելուց: Ինչո՞ւ է կարևոր ընդունել ապաշխարելու Աստծո հրավերը: Երբ խորհեք այդ մասին, կարող եք երգել կամ լսել մի օրհներգ, որն արտահայտում է այդ հրավերը, օրինակ՝ «Որքան մեղմ են Աստծո պատվիրանները» (Հիմներ, հմր․ 125)։

Տես նաև «Հիսուս Քրիստոսը կօգնի քեզ», Երիտասարդներին զորացնելու համար. Ուղեցույց ընտրություն կատարելու համար, 6–9, «Ապաշխարություն. ուրախ ընտրություն», «Խաղաղության սկզբունքներ. ապաշխարություն» (տեսանյութեր), Gospel Library, Ավետարանական թեմաներ «Ապաշխարություն», Gospel Library:

Հելաման 14, 16.13–23

Աստված նշաններ և հրաշքներ ուղարկեց՝ վկայելու Փրկչի ծննդյան և մահվան մասին

Հելաման 14 գլխում Սամուելը բացատրել է, որ Տերը նշան տվեց Փրկչի ծննդյան և մահվան մասին, որ մարդիկ «իմանան ․․․ նրա գալստի մասին» և «հավատան նրա անունին» (Հելաման 14.12): Երբ ուսումնասիրեք Հելաման 14-ը, նկատեք Փրկչի ծննդյան նշանները հատվածներ 1-8-ում և Նրա մահվան նշանները հատվածներ 20-28-ում: Ձեր կարծիքով, այդ նշաններն ինչո՞վ էին արդյունավետ Հիսուս Քրիստոսի ծնունդն ու մահը խորհրդանշելու համար:

Ավելի անձնական և ավելի քիչ արտահայտված այլ նշանները կարող են օգնել ձեզ «հավատալ [Փրկչի] անունին»: Ի՞նչ է Նա արել՝ Իր հանդեպ ձեր հավատքն ամրապնդելու համար:

Ի՞նչ նախազգուշացում է տրված նշանների մասին Հելաման 16.13-23-ում։ Ինչպե՞ս կարող եք խուսափել այս հատվածներում նկարագրված մարդկանց վերաբերմունքից:

Տես նաև Ալմա 30.43–52, Ռոնալդ Ա. Ռասբանդ, «Աստվածային ծրագրի համաձայն», Լիահոնա, նոյեմբեր 2017 թ., 55–57:

Հելաման 15.3

Տիրոջ կողմից տրվող խրատը Նրա սիրո նշանն է

Սամուելի խոսքերը պարունակում են շատ խիստ խրատներ, բայց Հելաման 15.3-ը հեռանկար է տալիս Տիրոջ կողմից տրվող խրատի վերաբերյալ: Ինչպե՞ս կարող է Տիրոջ խրատը Նրա սիրո նշանը լինել: Տիրոջ սիրո և ողորմածության ի՞նչ ապացույց եք տեսնում Սամուելի մարգարեություններում և նախազգուշացումներում:

Կարող եք ուսումնասիրել Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի «Ես որոնց որ սիրում եմ հանդիմանում եմ և խրատում եմ» ուղերձը (Լիահոնա, մայիս 2011 թ․, 97–100)՝ փնտրելով աստվածային խրատի երեք նպատակները։ Ե՞րբ եք տեսել, թե ինչպես է Աստված այս եղանակներով գործում ձեր կյանքում:

Հելաման 16

Մարգարեներն ուղղորդում են ինձ դեպի Հիսուս Քրիստոսը

Հելաման 16-ում ի՞նչ եք սովորում նրանցից, ովքեր ընդունեցին Սամուելի ուսմունքները: Ի՞նչ եք սովորում նրանցից, ովքեր մերժեցին նրան: Մտածեք, թե ինչպես է ապրող մարգարեներին հետևելը օգնել ձեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Հելաման 13.2–5

Աստված կարող է խոսել ինձ հետ իմ սրտում

  • Ինչպե՞ս կարող եք ուսուցանել ձեր երեխաներին, որ Աստված կարող է խոսել մեր սրտի հետ, ինչպես Նա խոսեց Սամուելի հետ: Դուք կարող եք խնդրել նրանց ցույց տալ առանց բառերի հաղորդակցվելու տարբեր եղանակներ (օրինակ՝ ժեստերով կամ դեմքի արտահայտություններով): Դրանից հետո կարող եք քննարկում սկսել տարբեր եղանակների մասին, որոնցով Երկնային Հայրը հաղորդակցվում է մեզ հետ: Որպես այդ քննարկման մաս, դուք և ձեր երեխաները կարող եք դիտել Սամուել Լամանացու նկարը (այս շարադրանքում տեղադրված է երկու նկար) և կարդալ Հելաման 13.2–5 հատվածները, երբ ձեր երեխաները լսում են, թե ինչպես է Աստված ասել Սամուելին՝ ինչ է պետք ասել։

  • Մեզանից շատերը, հատկապես երեխաները, օգնության կարիք ունեն, որպեսզի սովորեն ճանաչել, թե ինչպես և երբ է Աստված խոսում մեզ հետ: Կարող եք պատմել ձեր երեխաներին մի դեպքի մասին, երբ Սուրբ Հոգին օգնել է ձեզ իմանալ ձեր սրտում, թե Աստված ինչ է ուզում, որ անեք կամ ասեք։ Բացատրեք, թե ինչպես եք ճանաչել, որ Աստված էր հաղորդակցվում ձեզ հետ։ Գուցե ձեր երեխաները նույնպես կարող են կիսվել իրենց ունեցած նման փորձառություններով:

Հելաման 14.2–7, 20–25

Մարգարեներն ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին

  • «Սամուելը պատմում է մանուկ Հիսուսի մասին» (Մանկական երգարան, 36) երգը միասին երգելը լավ միջոց է ձեր երեխաներին ուսուցանելու այն, ինչ Սամուելը ուսուցանել է Հիսուս Քրիստոսի մասին: Եվս մեկ միջոց է հետևյալ գլխով կիսվելը․ «Գլուխ 40. Սամուել Լամանացին պատմում է Հիսուս Քրիստոսի մասին» (Մորմոնի Գրքի պատմությունները, 111–13)։ Ի՞նչ է ուսուցանել Սամուելը Փրկչի մասին։ Կարող եք նաև կիսվել, թե ինչ են ուսուցանում ժամանակակից մարգարեները Նրա մասին: Ինչպե՞ս են նրանց խոսքերը ամրացնում մեր հավատքը Նրա հանդեպ:

Հելաման 16.1–6

Ես օրհնվում եմ, երբ հետևում եմ մարգարեին

  • Դուք կարող եք ամրացնել ձեր երեխաների վստահությունը մարգարեի հանդեպ՝ ցույց տալով նրանց հավատարիմ մարդկանց օրինակներ: Դրանցից մի քանիսը կարելի է գտնել Հելաման 16.1, 5 հատվածներում։ Ձեր կարդալու ժամանակ երեխաները կարող են ոտքի կանգնել, երբ լսեն որևէ բան, որ մարդիկ արել են՝ հավատալով Սամուելի խոսքերին: Այնուհետև, 2 և 6 հատվածները կարդալու ժամանակ երեխաները կարող են նստել, երբ լսեն որևէ բան, որ մարդիկ արել են՝ չհավատալով Սամուելի խոսքերին։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մենք հավատում ենք ապրող մարգարեի խոսքերին: Ասացեք երեխաներին, թե ինչպես եք դուք օրհնվում, երբ հետևում եք Տիրոջ խորհրդին՝ տրված Իր մարգարեների միջոցով:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Սամուել Լամանացին

Սամուել Լամանացին, նկարի հեղինակ՝ Լեսթեր Յոկում։