Սեպտեմբերի 11-17-ը: Բ Կորնթացիս 1–7. «Հաշտուեցէք Աստուծոյ հետ» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Սեպտեմբերի 11-17-ը: Բ Կորնթացիս 1–7», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023
Սեպտեմբերի 11-17-ը
Բ Կորնթացիս 1–7
«Հաշտուեցէք Աստուծոյ հետ»
Երբ ուսումնասիրեք կորնթացիներին ուղղված Պողոսի նամակները, գրի առեք ավետարանի մի քանի սկզբունքներ, որոնք դուք հայտնաբերեցիք, և խորհեք, թե ինչպես կարող եք կիրառել դրանք ձեր կյանքում:
Գրի առեք ձեր տպավորությունները
Երբեմն Եկեղեցու ղեկավար լինելը նշանակում է` ստիպված ասել որոշ դժվար բաներ: Սա ճշմարիտ էր՝ ինչպես Պողոսի օրոք, այնպես էլ հենց մեր օրերում: Ակնհայտորեն, կորնթացի Սրբերին ուղղված Պողոսի նախորդ մի նամակում ընդգրկված էր խրատ, որն առաջացրեց վիրավորանքի զգացումներ: Նամակում, որը դարձավ Բ Կորնթացիս, նա փորձեց բացատրել, թե ինչն էր իր խիստ խոսքերի պատճառը. «Որովհետեւ շատ նեղութիւնից սրտիս տագնապից գրեցի ձեզ շատ արտասուքով. ոչ թե՝ որ տրտմիք, այլ որ իմ սէրը գիտենաք, որն ես առատորեն ունիմ ձեզ վերայ» (Բ Կորնթացիս 2.4): Երբ դուք առաջնորդից որևէ ուղղում եք ստանում, դա որոշակիորեն օգնում է իմանալ, որ այն ոգեշնչված է Քրիստոսանման սիրուց: Եվ նույնիսկ այն դեպքերում, երբ այդպես չէ, եթե մենք կամենում ենք տեսնել մյուսներին այնպիսի սիրով՝ ինչպիսին Պողոսն էր զգում, ավելի հեշտ է պատշաճ արձագանքել ցանկացած օրինազանցության: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը խորհուրդ է տվել. «Բարի եղեք մարդկային թուլությունների հանդեպ՝ ինչպես ձեր, այնպես էլ նրանց թուլությունների, ովքեր ձեզ հետ ծառայում են Եկեղեցում՝ կամավոր մահկանացու տղամարդկանց և կանանց ղեկավարությամբ: Բացառությամբ իր կատարյալ Միածին Որդու, Աստծո [երբևէ] ողջ ունեցածը անկատար մարդիկ են, որոնց հետ աշխատում է» («Հաւատո՛ւմ եմ, Տէր» Լիահոնա, մայիս 2013, 94):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Բ Կորնթացիս 1.3–7, 4.6–10, 17–18, 7.4–7
Իմ փորձությունները կարող են օրհնություն լինել
Պողոսն իր ծառայության ընթացքում դիմակայել էր շատ նեղությունների, ուստի զարմանալի չէ, որ նա շատ է գրել նեղության նպատակների և օրհնությունների մասին: Երբ կարդաք Բ Կորնթացիս 1.3–7, 4.6–10, 17–18, և 7.4–7-ը, մտածեք այն մասին, թե ձեր փորձություններն ինչպես կարող են օրհնություն լինել: Օրինակ՝ դուք կարող եք խորհել, թե ինչպես է Աստված «մխիթարում [ձեզ] [ձեր] ամեն նեղութիւնումը», և դուք ինչպես կարող եք ձեր հերթին «մխիթարել նորանց որ ամեն տեսակ նեղութիւնումն են» (Բ Կորնթացիս 1.4): Կամ կարող եք կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի լույսի վրա, որը «ծագեց մեր սրտերում», նույնիսկ, երբ «նեղուած ենք» և «տարակուսած» (Բ Կորնթացիս 4.6, 8):
Տես նաև Մոսիա 24.13–17, Հենրի Բ. Այրինգ, «Փորձված, ստուգված և հղկված», Լիահոնա, նոյեմբեր 2020, 96–99, Ավետարանի թեմաներ, «Ձախորդություն», topics.ChurchofJesusChrist.org:
Ներելը օրհնություն է, որը ես կարող եմ և՛ տալ, և՛ ստանալ։
Մենք շատ բան չգտենք այն մարդու մասին, ում մասին ակնարկում է Պողոսը Բ Կորնթացիս 2.5–11-ում, միայն այն, որ նա օրինազանցել էր (տես հատվածներ 5–6-ը), և Պողոսն ուզում էր, որ Սրբերը ներեին նրան (տես հատվածներ 7–8): Ինչո՞ւ ենք մենք երբեմն թերանում «հաստատել [մեր] սէրը նորա վերայ», ով վիրավորել է մեզ (հատված 8): Ներումից հրաժարվելով՝ ինչպե՞ս ենք վնասում ուրիշներին և ինքներս մեզ (տես հատվածներ 7,10–11): Ներումից հրաժարվելով՝ ինչպե՞ս ենք թույլ տալիս, որ «սատանան մեզ զրկանք անէ» (հատված 11):
Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 64.9–11։
Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ ես կարող եմ հաշտվել Աստծո հետ
Ինչպես բոլորը, Պողոսը նույնպես գիտեր, թե ինչ էր նշանակում դառնալ «նոր [արարած]» (Բ Կորնթացիս 5.17): Նա քրիստոնյաներին հալածողից դարձավ Քրիստոսի անվեհեր պաշտպան: Երբ կարդաք Բ Կորնթացիս 5.14–21-ը, խորհեք հետևյալ հարցի շուրջ. Ի՞նչ է նշանակում հաշտվել: Ի՞նչ է նշանակում հաշտվել Աստծո հետ։ Խորհեք, թե ինչը կարող է բաժանել ձեզ Աստծուց: Ի՞նչ պետք է անեք, որպեսզի լիովին հաշտվեք Նրա հետ: Փրկիչն ինչպե՞ս է դա հնարավոր դարձնում:
Կարող եք խորհել նաև, թե ի՞նչ է նշանակում «Քրիստոսի կողմից պատգամաւորութիւն» անել «հաշտութեան պաշտօնով» (հատված 18, 20)։ Ի՞նչ գաղափարներ եք ստանում Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի ուղերձից «Հաշտության սպասավորությունը. (Լիահոնա, նոյեմբեր 2018, 77-79)։
Տես նաև 2 Նեփի 10.23-25:
Աստծո ուզած կերպով տրտմությունը տանում է դեպի ապաշխարություն
Մենք սովորաբար չենք մտածում տրտմության մասին՝ որպես լավ բանի, բայց Պողոսը խոսել է «Աստծո ուզած կերպով տրտմության» (Բ Կորնթացիս 7.10) մասին՝ որպես ապաշխարության անհրաժեշտ մաս: Մտածեք, թե ինչ եք սովորում Աստծո ուզած կերպով տրտմության մասին հետևյալ նյութերից. Բ Կորնթացիս 7.8–11, Ալմա 36.16–21, Մորմոն 2.11–15, և քույր Միշել Դ․ Քրեյգ «Սուրբ դժգոհություն» (Լիահոնա, նոյեմբեր 2018, 52–55): Ե՞րբ եք զգացել Աստծո ուզած ձևով տրտմություն, և ինչ ազդեցություն ունեցավ այն ձեր կյանքում:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
-
Բ Կորնթացիս 3․1-3Ձեր ընտանիքի անդամները երբևէ խնդրե՞լ են մեկ ուրիշին հանձնարարական նամակ գրել իրենց համար, օրինակ՝ աշխատանքի կամ համալսարանի դիմում: Խնդրեք նրանց խոսել այդ փորձառության մասին: Պողոսն ուսուցանել է, որ Սրբերի կյանքը նման էր Հիսուս Քրիստոսի ավետարանի համար հանձնարարական նամակի՝ «գրված ոչ թե թանաքով, այլ կենդանի Աստծո Հոգով»: Երբ միասին կարդաք Բ Կորնթացիս 3.1–3-ը, քննարկեք, թե մեր օրինակներն ինչով են նման նամակների, որոնք կարող են «ամեն մարդկանցից իմացուած եւ կարդացուած» լինել՝ ցույց տալով ավետարանի ճշմարտությունն ու արժեքը: Գուցե ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է գրել մի նամակ կամ «թուղթ», բացատրելով, թե ինչպես է ընտանիքի մյուս անդամը Հիսուս Քրիստոսի աշակերտի լավ օրինակ եղել: Նրանք կարող են կարդալ իրենց նամակները ընտանիքի համար և տալ դրանք ընտանիքի անդամին, ում մասին գրել են: Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ մեր կյանքերը «Քրիստոսի թղթ[երն] են»:
-
Բ Կորնթացիս 5․6-7Ի՞նչ է նշանակում «հաւատքով ենք գնում,[եւ] ոչ թէ երեւոյթով»: Ի՞նչ ենք անում ցույց տալու համար, որ մենք հավատում ենք Փրկիչին, թեև մենք չենք կարող տեսնել Նրան:
-
Բ Կորնթացիս 5.17Կարո՞ղ է ձեր ընտանիքը մտածել կամ գտնել բնության այնպիսի օրինակներ, որոնք անցնում են նշանակալի փոխակերպումներ և դառնում նոր արարածներ (տես նկարը այս համառոտ շարադրանքի վերջում): Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի ավետարանը փոխել մեզ:
-
Բ Կորնթացիս 6․1-10Համաձայն Բ Կորնթացիս 6․1-10-ի՝ ի՞նչ է նշանակում լինել «Աստծո պաշտոնեաներ» (հատված 4): Ի՞նչ հատկանիշներ ունի «Աստծո պաշտոնեան»:
-
Բ Կորնթացիս 6.14-18Ինչպե՞ս կարող ենք հետևել Պողոսի խորհրդին. «[Անարդարների] միջիցը դուրս գնացէք եւ բաժանուեցէք», միաժամանակ սիրելով նրանց, ովքեր մեր շրջապատում են:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:
Առաջարկվող երգ. «Help Me, Dear Father», Children’s Songbook, 99