Ձեռնարկներ և կոչումներ
38․ Եկեղեցու քաղաքականություն և ուղեցույցներ


«38. Եկեղեցու քաղաքականություն և ուղեցույցներ», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«38. Եկեղեցու քաղաքականություն և ուղեցույցներ», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

38.

Եկեղեցու քաղաքականություն և ուղեցույցներ

38.1

Մասնակցությունը Եկեղեցում

Մեր Երկնային Հայրը սիրում է Իր զավակներին: «Բոլորը նույնն են Աստծո համար», և Նա հրավիրում է «բոլորին՝ գալ իր մոտ և ճաշակել իր բարությունից» (2 Նեփի 26.33):

38.1.1

Եկեղեցու ժողովների հաճախումները

Բոլորը կարող են հաճախել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հաղորդության ժողովներին, ինչպես նաև այլ կիրակնօրյա ժողովներին ու հասարակական միջոցառումներին: Նախագահող պաշտոնյան պատասխանատու է ապահովելու, որ բոլոր ներկաները հարգեն սուրբ միջավայրը:

Նրանք, ովքեր հաճախում են, պետք է խուսափեն երկրպագությանը կամ ժողովի այլ նպատակներին հակասող պառակտում և շփոթություն ստեղծելուց: Եկեղեցու տարբեր ժողովների և միջոցառումների տարիքային և վարքագծի բոլոր պահանջները պետք է հարգվեն: Դա պահանջում է զերծ մնալ բացահայտ ռոմանտիկ վարքագծից և հագուստից կամ հարդարանքից, որը շեղում է ուշադրությունը։ Այն նաև բացառում է քաղաքական հայտարարություններ անելը կամ սեռական կողմնորոշման կամ այլ անձնական հատկանիշների մասին խոսելն այնպես, որ ժողովների ժամանակ շեղի մարդկանց կենտրոնանալ Փրկչի վրա:

Եթե առկա է ոչ պատշաճ վարքագիծ, եպիսկոպոսը կամ ցցի նախագահը սիրո հոգով առանձին խորհուրդ է տալիս այդ մարդուն: Այն մարդկանց, որոնք ոչ պատշաճ վարքագիծ են դրսևորում տվյալ իրադարձության ժամանակ, նա խրախուսում է կենտրոնանալ բոլոր ներկաների համար սուրբ միջավայրը պահելու վրա՝ հատուկ շեշտը դնելով Երկնային Հորը և Փրկչին երկրպագելու վրա:

Եկեղեցու հավաքատները մասնավոր սեփականություն են, որը ենթակա է Եկեղեցու քաղաքականությանը: Այն անձանց, որոնք չեն ցանկանում հետևել այս ուղեցույցներին, հարգալից կերպով պետք է խնդրել չմասնակցել Եկեղեցու ժողովներին և միջոցառումներին:

38.2

18. Արարողությունների և օրհնությունների քաղաքականություն

Արարողությունների և օրհնությունների մասին ընդհանուր տեղեկությունները տրված են 18-րդ գլխում: Տաճարային արարողությունների մասին տեղեկատվությունը տրված է 27 և 28 գլուխներում: Եպիսկոպոսները կարող են կապվել ցցի նախագահի հետ, եթե հարցեր ունենան: Ցիցերի նախագահները կարող են կապվել Տարածաշրջանի նախագահության հետ, եթե հարցեր ունենան:

38.3

Քաղաքացիական ամուսնություն

Եկեղեցու ղեկավարները խրախուսում են անդամներին արժանանալ տաճարային ամուսնությանը և ամուսնանալ ու կնքվել տաճարում: Սակայն, եթե թույլատրվում է տեղական օրենքներով, Եկեղեցու ղեկավարները կարող են քաղաքացիական ամուսնություններ կնքել:

Քաղաքացիական ամուսնությունները պետք է կատարվեն ամուսնության կատարման վայրի օրենքներին համապատասխան:

38.3.1

Ով կարող է քաղաքացիական ամուսնություն կատարել

Երբ տեղական օրենքը թույլ է տալիս, Եկեղեցու ներկայիս ծառայող հետևյալ պաշտոնյաները կարող են իրենց կոչման բերումով քաղաքացիական ամուսնության արարողություն կատարել.

  • Միսիայի նախագահ

  • Ցցի Նախագահ

  • Շրջանի Նախագահ

  • Եպիսկոպոս

  • Ճյուղի Նախագահ

Այս պաշտոնյաները միայն կարող են քաղաքացիական ամուսնություն կատարել տղամարդու և կնոջ համար։ Բոլոր հետևյալ պայմանները նույնպես պետք է կիրառվեն.

  • Հարսը կամ փեսան Եկեղեցու անդամ է կամ ունի մկրտության ամսաթիվ:

  • Կամ հարսի կամ փեսայի անդամության գրանցումը գտնվում է, կամ մկրտությունից հետո կգտնվի Եկեղեցու այն միավորում, որտեղ նախագահում է տվյալ պաշտոնյան:

  • Եկեղեցու պաշտոնյան օրինականորեն լիազորված է քաղաքացիական ամուսնություններ պաշտոնավարելու այն իրավասության տարածքում, որտեղ տեղի կունենա ամուսնությունը:

38.3.4

Եկեղեցու շենքերում կատարվող քաղաքացիական ամուսնություններ

Հարսանեկան արարողությունը կարող է անցկացվել Եկեղեցու շենքում, եթե այն չի խախտում Եկեղեցու կանոնավոր գործառույթների ժամանակացույցը: Հարսանիքները չպետք է անցկացվեն շաբաթ կամ երկուշաբթի երեկոյան: Եկեղեցու շենքերում կատարվող հարսանիքները պետք է լինեն պարզ և արժանապատիվ: Երաժշտությունը պետք է լինի սուրբ, հարգալից և ուրախ:

Ամուսնությունները կարող են կատարվել աղոթատանը, մշակույթի սենյակում կամ մեկ այլ հարմար սենյակում։ Ամուսնությունները պետք է հետևեն հավքատան պատշաճ օգտագործման ուղեցույցներին:

38.3.6

Քաղաքացիական ամուսնության արարողությունը

Քաղաքացիական ամուսնություն կատարելու համար Եկեղեցու պաշտոնյան դիմում է զույգին և ասում. «Խնդրում եմ, բռնեք միմյանց աջ ձեռքը»: Այնուհետև նա ասում է. «[Փեսայի լրիվ անունը] և [հարսի լրիվ անունը], դուք բռնել եք միմյանց աջ ձեռքը՝ ի նշան այն երդումների, որոնք այժմ կտաք Աստծո և այս վկաների առջև»: (Զույգը նախօրոք կարող է ընտրել կամ առաջադրել այդ վկաներին):

Այնուհետև պաշտոնյան դիմում է փեսային և հարցնում. «[Փեսայի լրիվ անունը], դու ընդունո՞ւմ ես [հարսի լրիվ անունը]՝ որպես քո օրինական ամուսնացած կին, և քո կամքով ու քո ընտրությամբ հանդիսավոր կերպով խոստանո՞ւմ ես որպես նրա ուղեկից և օրինական ամուսին, որ կհարես նրան և ուրիշ ոչ մեկին, որ կպահես բոլոր օրենքները, պարտականությունները և պարտավորությունները, որոնք վերաբերում են ամուսնության սուրբ կարգին և կսիրես, կպատվես ու կփայփայես նրան, քանի դեռ երկուսդ էլ ողջ եք»։

Փեսան պատասխանում է՝ «Այո» կամ «Համաձայն եմ»:

Այնուհետև պաշտոնյան դիմում է փեսային և հարցնում. «[Հարսի լրիվ անունը], դու ընդունո՞ւմ ես [փեսայի լրիվ անունը]՝ որպես քո օրինական ամուսնացած ամուսին, և քո կամքով ու քո ընտրությամբ հանդիսավոր կերպով խոստանո՞ւմ ես որպես նրա ուղեկից և օրինական կին, որ կհարես նրան և ուրիշ ոչ մեկին, որ կպահես բոլոր օրենքները, պարտականությունները և պարտավորությունները, որոնք վերաբերում են ամուսնության սուրբ կարգին և կսիրես, կպատվես ու կփայփայես նրան, քանի դեռ երկուսդ էլ ողջ եք»։

Հարսը պատասխանում է՝ «Այո» կամ «Համաձայն եմ»:

Եկեղեցու պաշտոնյան այնուհետև դիմում է զույգին և ասում. «Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երեց, ինձ վերապահված օրինական իշխանության ուժով ես հայտարարում եմ ձեզ՝ [փեսայի անունը] և [հարսի անունը], ամուսին և կին՝ իրավական և օրինական կերպով ամուսնացած ձեր մահկանացու կյանքի ընթացքում»:

(Այլընտրանքային խոսքերը այն քահանայի համար, որը չի ծառայում որպես Եկեղեցու նախագահող պաշտոնյա. «Որպես [զինվորական կամ քաղաքացիական կազմակերպության ճյուղի] քահանա, ինձ վերապահված օրինական լիազորության ուժով ես հայտարարում եմ ձեզ՝ [փեսայի անունը] և [հարսի անունը], ամուսին և կին՝ իրավական և օրինական ամուսնացած ձեր մահկանացու կյանքի ընթացքում»:)

«Թող Աստված օրհնի ձեր միությունը և ուրախություն պարգևի ձեր սերունդներում և երջանիկ ու երկար կյանք միասին, և թող Նա օրհնի ձեզ, որպեսզի սուրբ պահեք ձեր տված երդումները: Այս օրհնությունները ես թողնում եմ ձեզ վրա՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն»:

Որպես ամուսին և կին միմյանց համբուրելու հրավերը ըստ ցանկության է` հիմնված մշակութային նորմերի վրա:

38.4

Կնքման քաղաքականություն

Տաճարային կնքման արարողությունները հավերժ միավորում են ընտանիքներին, երբ անդամները ձգտում են հարգել այն ուխտերը, որոնք կապում են, երբ նրանք ստանում են արարողությունը: Կնքման արարողություններն են.

  • Ամուսնու և կնոջ կնքում։

  • Երեխաների կնքումը ծնողներին։

Նրանք, ովքեր պահում են իրենց ուխտերը, կպահպանեն անձնական օրհնությունները, որոնք տրված են կնքմամբ: Դա ճիշտ է, եթե նույնիսկ այդ անձի ամուսինը խախտել է ուխտերը կամ դադարեցրել է ամուսնությունը։

Հավատարիմ երեխաները, որոնք կնքված են ծնողների հետ կամ ծնվել են ուխտի մեջ, պահպանում են հավերժ ծնող լինելու օրհնությունը: Դա ճիշտ է, եթե նույնիսկ նրանց ծնողները չեղյալ համարեն իրենց ամուսնության կնքումը, դադարեցնեն Եկեղեցու անդամությունը կամ հրաժարվեն իրենց անդամությունից:

Անդամները պետք է խորհրդակցեն իրենց եպիսկոպոսի հետ, եթե հարցեր ունեն կնքման քաղաքականության վերաբերյալ: Եպիսկոպոսը պետք է կապ հաստատի ցցի նախագահի հետ, եթե նա հարցեր ունենա: Ցցերի նախագահները իրենց տաճարի շրջանում կարող են կապ հաստատել տաճարի նախագահության, Տարածաշրջանի նախագահություն կամ Առաջին Նախագահության գրասենյակի հետ, եթե հարցեր ունենան:

38.5

Տաճարային հագուստ և հանդերձ

38.5.1

Տաճարային հագուստ

Տաճարում օժտման և կնքման արարողությունների ժամանակ Եկեղեցու անդամները հագնում են սպիտակ հագուստ: Կանայք կրում են հետևյալ սպիտակ հագուստը՝ երկարաթև կամ երեք քառորդ թևով զգեստ (կամ կիսաշրջազգեստ և երկարաթև կամ երեք քառորդ թևով բլուզ), գուլպաներ կամ զուգագուլպաներ, կոշիկներ կամ հողաթափեր։

Տղամարդիկ կրում են հետևյալ սպիտակ հագուստը՝ երկարաթև վերնաշապիկ, վզկապ կամ փողկապ-թիթեռնիկ, տաբատ, գուլպաներ և կոշիկներ կամ հողաթափեր։

Օժտման և կնքման արարողությունների ժամանակ անդամները իրենց սպիտակ հագուստի վրա հագնում են լրացուցիչ ծիսական հագուստ:

38.5.2

Տաճարային հագուստի և հանդերձի ձեռքբերում

Ծխերի և ցցերի ղեկավարները խրախուսում են օժտված անդամներին ձեռք բերել իրենց տաճարային հագուստը: Տաճարային հագուստը և հանդերձը կարելի է գնել Եկեղեցու բաշխման խանութներից կամ հետևյալ store.ChurchofJesusChrist.orgկայքից՝ ։ Ցցերի և ծխերի գործավարները կարող են օգնել անդամներին պատվիրել հագուստը:

38.5.5

Հանդերձի կրում և խնամք

Անդամները, որոնք ստանում են իրենց օժտումը, ուխտ են կապում իրենց կյանքի ընթացքում կրելու տաճարային հանդերձը:

Տաճարային հանդերձ կրելը սուրբ արտոնություն է: Հանդերձ կրելը Փրկիչ Հիսուս Քրիստոսին հետևելու ներքին պարտավորվածության արտաքին դրսևորումն է:

Հանդերձը տաճարում կնքված ուխտերի հիշեցումն է: Եթե պատշաճորեն կրենք կյանքի ընթացքում, այն կծառայի որպես պաշտպանություն։

Հանդերձը պետք է կրել արտաքին հագուստի տակից։ Տաճարային հանդերձի վրայից կամ տակից այլ ներքնազգեստներ կրելը անձնական նախասիրության հարց է։

Հանդերձը չպետք է հանել այնպիսի գործողությունների ժամանակ, որոնք, հիմնավոր կերպով պետք է անցկացվեն հանդերձը կրելով։ Այն չպետք է փոփոխվի՝ տարբեր ոճերի հագուստներին հարմարեցնելու համար։

Հանդերձը սուրբ է և պետք է հարգանքով վերաբերվել դրան: Օժտում ստացած անդամները պետք է փնտրեն Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի ստանան իրենց անձնական հարցերի պատասխանները հանդերձը կրելու վերաբերյալ:

38.5.7

Ինչպե՞ս ազատվել հանդերձից և արարողակարգային տաճարային հագուստից

Տաճարային մաշված հագուստները դեն նետելու համար անդամները պետք է կտրեն և ոչնչացնեն նշանները: Այնուհետև անդամները կտրտում են մնացած կտորը, որպեսզի այն հանդերձի տեսք չունենա: Մնացած կտորը կարելի է դեն նետել:

Անդամները կարող են լավ վիճակում գտնվող հանդերձներ և տաճարային հագուստ նվիրել օժտում ստացած այլ անդամներին:

38.5.8

Տաճարային հագուստ թաղման համար

Հնարավորության դեպքում, օժտում ստացած հանգուցյալ անդամների թաղումը կամ դիակիզումը պետք է կատարվի տաճարային հագուստով: Եթե մշակութային ավանդույթները կամ թաղման սովորույթները դա դարձնում են անպատշաճ կամ դժվար, հագուստը կարելի է ծալել և դնել մարմնի կողքին:

Տղամարդուն հագցնում են տաճարային հանդերձ և հետևյալ սպիտակ հագուստը՝ երկարաթև վերնաշապիկ, փողկապ կամ փողկապ-թիթեռնիկ, տաբատ, գուլպաներ և կոշիկներ կամ հողաթափեր։ Կնոջը հագցնում են տաճարային հանդերձ և հետևյալ սպիտակ հագուստը՝ երկարաթև կամ երեք քառորդ թևով զգեստ (կամ կիսաշրջազգեստ և երկարաթև կամ երեք քառորդ թևով բլուզ), գուլպաներ կամ զուգագուլպաներ, կոշիկներ կամ հողաթափեր։

Արարողակարգային տաճարային հագուստը հագցնում են մարմնին, ինչպես նշված է օժտման ժամանակ: Պարեգոտը հագցնում են աջ ուսին և թելով կապում ձախ գոտկատեղին։ Գոգնոցը կապում են գոտկատեղի շուրջը: Գոտին կապում են գոտկատեղի շուրջը և վարդակապով կապում ձախ կոնքի վրա: Տղամարդու գլխարկը սովորաբար դրվում է նրա մարմնի կողքին, քանի դեռ չի հասել դագաղը կամ արկղը փակելու ժամանակը: Այնուհետև գլխարկը հագցնում են՝ վարդակապը ձախ ականջի վրա: Կնոջ քողը կարող է դրվել նրա գլխի հետևի բարձի վրա: Հուղարկավորությունից կամ դիակիզումից առաջ կնոջ դեմքը քողով ծածկելը ըստ ցանկության է և որոշվում է ընտանիքի կողմից:

38.6

Բարոյական հարցերի քաղաքականություն

38.6.1

Վիժեցում

Տերը պատվիրել է. «Մի … սպանիր, ոչ էլ նման որևէ բան գործիր» (Վարդապետություն և Ուխտեր 59.6): Եկեղեցին դեմ է անձնական կամ սոցիալական հարմարության համար ընտրովի վիժեցմանը: Անդամները չպետք է ենթարկվեն, կատարեն, կազմակերպեն, վճարեն, համաձայնվեն կամ խրախուսեն վիժեցումը: Միակ հնարավոր բացառություններն են, երբ.

  • Հղիությունը առաջացել է բռնի ուժի գործադրմամբ՝ բռնաբարության կամ արյունապղծության արդյունքում:

  • Իրավասու բժիշկը որոշում է, որ մոր կյանքը կամ առողջությունը լուրջ վտանգի տակ է:

  • Իրավասու բժիշկը որոշում է, որ պտուղը ունի լուրջ արատներ, որոնք թույլ չեն տա երեխային գոյատևել ծնունդից հետո:

Բայց նույնիսկ այս հանգամանքները ինքնաբերաբար չեն արդարացնում վիժեցումը: Վիժեցումը լրջագույն խնդիր է։ Այն պետք է քննարկվի միայն այն բանից հետո, երբ պատասխանատու անձինք աղոթքով ստանան հաստատում: Անդամները կարող են խորհրդակցել իրենց եպիսկոպոսների հետ՝ այդ գործընթացի ժամանակ։

38.6.2

Բռնություն

Բռնությունը ուրիշների նկատմամբ վատ վերաբերմունքը կամ արհամարհանքն է, որն առաջացնում է ֆիզիկական, սեռական, էմոցիոնալ կամ ֆինանսական վնաս: Եկեղեցու դիրքորոշումն այսպիսին է՝ բռնությունը չի կարող հանդուրժելի լինել ոչ մի ձևով։ Նրանք, ովքեր բռնության են ենթարկում իրենց ամուսիններին կամ կանանց, երեխաներին, ընտանիքի այլ անդամներին կամ մեկ ուրիշի, խախտում են Աստծո և մարդու օրենքները։

Բոլոր անդամներին, հատկապես ծնողներին և ղեկավարներին, խրախուսվում է լինել զգոն և ջանասեր և անել հնարավոր ամեն ինչ՝ երեխաներին և մյուսներին բռնությունից պաշտպանելու համար: Եթե անդամները տեղյակ են դառնում բռնության դեպքերի մասին, ապա հայտնում են քաղաքացիական իշխանություններին և խորհրդակցում եպիսկոպոսի հետ: Եկեղեցու ղեկավարները պետք է լրջորեն ընդունեն բռնությունների մասին հաղորդումները և երբեք չանտեսեն դրանք:

Բոլոր չափահասները, որոնք աշխատում են երեխաների կամ երիտասարդների հետ, հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում պետք է ավարտեն երեխաների և երիտասարդների պաշտպանության ուսուցումը (տես ProtectingChildren.ChurchofJesusChrist.orgկայքում)։ Երեք տարին մեկ անգամ նրանք պետք է կրկնեն ուսուցումը։

Երբ բռնություն է տեղի ունենում, Եկեղեցու ղեկավարների առաջին և անմիջական պարտականությունն է օգնել նրանց, ովքեր բռնության են ենթարկվել և խոցելի անձանց պաշտպանել ապագա բռնություններից: Ղեկավարները չպետք է խրախուսեն մարդուն մնալ այն տանը կամ իրավիճակում, որը վիրավորական է կամ վտանգավոր է:

38.6.2.1

Բռնության օգնության թեժ գծեր

Որոշ երկրներում Եկեղեցին ստեղծել է բռնությունների օգնության գաղտնի գիծ՝ ցցերի նախագահներին և եպիսկոպոսներին օգնելու համար: Այս ղեկավարները պետք է անհապաղ զանգահարեն օգնության գիծ բոլոր այն դեպքերում, երբ անձը հավանաբար ենթարկվել բռնության կամ բռնության ենթարկվելու վտանգի տակ է: Նրանք նաև պետք է զանգահարեն այդ գիծ, եթե իմանում են, որ անդամը դիտում, գնում կամ տարածում է մանկական պոռնոգրաֆիա:

Այն երկրներում, որտեղ չկա օգնության գիծ, եպիսկոպոսը, որն իմանում է բռնությունների մասին, պետք է դիմի իր ցցի նախագահին։ Ցցի նախագահը պետք է տարածքային գրասենյակում ուղղորդում խնդրի տարածաշրջանի իրավախորհրդատուից։

38.6.2.2

Խորհրդատվություն բռնությունների դեպքերում

Բռնության զոհերը հաճախ լուրջ ցավ են ապրում: Ցցերի նախագահները և եպիսկոպոսները սրտանց կարեկցում և ցավակցում են: Նրանք հոգևոր խորհրդատվություն և աջակցություն են առաջարկում՝ օգնելով զոհերին հաղթահարել բռնության կործանարար հետևանքները:

Երբեմն զոհերն ունենում են ամոթի կամ մեղքի զգացում: Զոհերը մեղավոր չեն։ Ղեկավարներն օգնում են նրանց և նրանց ընտանիքներին հասկանալ Աստծո սերը և բժշկումը, որը ստանում ենք Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության միջոցով (տես Ալմա 15․8, 3 Նեփի 17․9

Ցցերի նախագահները և եպիսկոպոսները պետք է օգնեն նրանց, ովքեր բռնություն են կատարել, որ ապաշխարեն և դադարեցնեն իրենց բռնարար վարքագիծը: Եթե չափահասը սեռական մեղք է գործել երեխայի հանդեպ, վարքագիծը կարող է շատ դժվար լինել փոխել: Ապաշխարության գործընթացը կարող է շատ երկար լինել: Տես 38.6.2.3։

Բացի Եկեղեցու ղեկավարների ոգեշնչված օգնությունը ստանալուց, զոհերը, օրինազանցները և նրանց ընտանիքները կարող են մասնագիտական խորհրդատվության կարիք ունենալ: Տեղեկությունների համար, տես 31.3․6։

38.6.2.3

Բռնություն երեխաների կամ երիտասարդների հանդեպ

Երեխաների կամ երիտասարդների հանդեպ բռնությունը առավել ծանր մեղք է (տես Ղուկաս 17․2)։ Ինչպես օգտագործվում է այստեղ, Բռնությունը երեխաների կամ երիտասարդների հանդեպ ներառում է հետևյալը․

  • Ֆիզիկական բռնություն. ֆիզիկական ուժի միջոցով լուրջ մարմնական վնասվածքներ պատճառել: Որոշ վնասվածքներ կարող են տեսանելի չլինել:

  • Սեռական բռնություն կամ շահագործում. Սեռական հարաբերություն ունենալ երեխայի կամ երիտասարդի հետ կամ դիտավորյալ թույլ տալ կամ օգնել ուրիշներին նման գործունեություն իրականացնել: Ինչպես օգտագործվում է այստեղ, սեռական բռնությունը չի ներառում փոխհամաձայնեցված սեռական հարաբերություն երկու անչափահասների միջև, որոնք գրեթե նույն տարիքի են:

  • Զգացմունքային բռնություն. Արարքների և բառերի միջոցով լրջորեն վնասել երեխայի կամ երիտասարդի ինքնագնահատականի կամ ինքնարժեքի զգացումը։ Դրա արդյունքում հասցվում են կրկնվող և շարունակվող վիրավորանքներ, մանիպուլյացիաներ և քննադատություններ, որոնք նվաստացնում և նսեմացնում են: Դա կարող է ներառել նաև կոպիտ արհամարհանք:

  • Մանկական պոռնոգրաֆիա․ Տես 38.6.6։

Եթե եպիսկոպոսը կամ ցցի նախագահն իմանում է կամ կասկածում է երեխաների կամ երիտասարդների նկատմամբ բռնության մասին, նա անմիջապես հետևում է 38.6.2.1-ի հրահանգներին: Նա նաև քայլեր է ձեռնարկում, որպեսզի օգնի պաշտպանել հետագա բռնություններից:

Եկեղեցու անդամության խորհրդի անցկացումը և գրանցումների ծանոթագրությունը պարտադիր է, եթե չափահաս անդամը բռնության է ենթարկում երեխային կամ երիտասարդին, ինչպես նկարագրված է այս բաժնում: Տես նաև 38.6.2.5։

Եթե անչափահասը բռնության է ենթարկում երեխայի, ցցի նախագահը կապ է հաստատում Առաջին Նախագահության Գրասենյակի հետ՝ ցուցումներ ստանալու համար:

38.6.2.4

Ամուսնու կամ մեկ այլ չափահասի նկատմամբ բռնություն

Հաճախ չկա բռնության մեկ սահմանում, որը կարող է կիրառվել բոլոր իրավիճակներում: Փոխարենը՝ բռնության ծանրության աստիճանը կարող է տարբեր լինել։ Այդ միջակայքը տատանվում է՝ խիստ բառեր օգտագործելուց մինչև լուրջ վնաս պատճառելը:

Եթե եպիսկոպոսը կամ ցցի նախագահն իմանում է կնոջ/ամուսնու կամ մեկ այլ չափահասի նկատմամբ բռնության մասին, նա անմիջապես հետևում է 38.6.2.1-ի հրահանգներին: Նա նաև քայլեր է ձեռնարկում, որպեսզի օգնի պաշտպանել հետագա բռնություններից:

Ղեկավարները փնտրում են Հոգու առաջնորդությունը՝ որոշելու համար, թե արդյոք անձնական խորհրդատվությունը կամ անդամության խորհուրդը ամենահարմար միջավայրն է բռնություններին անդրադառնալու համար: Նրանք կարող են նաև տվյալ իրավիճակների շուրջ խորհրդակցել իրենց քահանայության անմիջական ղեկավարի հետ։ Սակայն, կնոջ/ամուսնու կամ մեկ այլ չափահասի նկատմամբ ցանկացած բռնության դեպքում, որը հասնում է ստորև նկարագրված աստիճաններին, պահանջվում է անցկացնել անդամության խորհուրդ:

  • Ֆիզիկական բռնություն. ֆիզիկական ուժի միջոցով լուրջ մարմնական վնասվածքներ պատճառել: Որոշ վնասվածքներ կարող են տեսանելի չլինել:

  • Սեռական բռնություն․ Տես 38.6.18.3-ում նշված իրավիճակները:

  • Զգացմունքային բռնություն. արարքների և բառերի միջոցով լրջորեն վնասել մարդու ինքնագնահատականի կամ ինքնարժեքի զգացումը։ Դրա արդյունքում հասցվում է կրկնվող և շարունակվող վիրավորանքներ, մանիպուլյացիաներ և քննադատություններ, որոնք նվաստացնում և նսեմացնում են:

  • Ֆինանսական բռնություն․ օգտագործել անձին եսասիրական նպատակներով։ Դա կարող է ներառել գույքի, փողի կամ այլ արժեքավոր իրերի անօրինական կամ չարտոնված տնօրինումը: Այն կարող է ներառել նաև ինչ-որ մեկի նկատմամբ ֆինանսական իշխանություն ձեռք բերելը: Դա կարող է ներառել նաև որոշակի վարքագիծ պարտադրելու համար ֆինանսական իշխանության կիրառումը:

38.6.2.5

Եկեղեցու կոչումներ, տաճարային երաշխավորագրեր և անդամության գրանցումների ծանոթագրություններ

Անդամներին, որոնք բռնության են ենթարկել ուրիշներին, չպետք է տրվեն Եկեղեցու կոչումներ և չեն կարող ունենալ տաճարային երաշխավորագրեր, մինչև նրանք չապաշխարեն և Եկեղեցու անդամության սահմանափակումները չվերացվեն:

Եթե անձը սեռական բռնության է ենթարկել երեխային կամ երիտասարդին կամ լուրջ ֆիզիկական կամ հուզական բռնության է ենթարկել երեխային կամ երիտասարդին, ապա նրա անդամության գրանցման վրա կդրվի ծանոթագրություն: Նրան չպետք է տրվի որևէ հանձնարարություն կամ կոչում, որը կապված է երեխաների կամ երիտասարդների հետ։ Այդ թվում՝ նրան չպետք է ծառայելու հանձնարարություններ տալ այն ընտանիքներում, որտեղ կան երիտասարդներ կամ երեխաներ։ Նաև չպետք է այդ մարդուն սպասավորող զուգընկեր կցել երիտասարդներին։ Այս սահմանափակումները պետք է ուժի մեջ մնան այնքան, քանի դեռ Առաջին Նախագահությունը չի լիազորել ծանոթագրության հեռացումը:

38.6.2.6

Ցցերի և ծխերի խորհուրդներ

Ցցերի և ծխերի խորհրդի ժողովներում ցցերի նախագահությունները և եպիսկոպոսությունները կանոնավոր կերպով վերանայում են Եկեղեցու քաղաքականությունն ու ուղեցույցները բռնությունների կանխարգելման և դրանց արձագանքման վերաբերյալ: Ղեկավարները և խորհրդի անդամները փնտրում են Հոգու առաջնորդությունը, երբ նրանք ուսուցանում և քննարկում են այս զգայուն թեման:

Խորհրդի անդամները պետք է նաև անցնեն երեխաների և երիտասարդների պաշտպանության ուսուցումը (տես 38.6.2):

38.6.2.7

Բռնության հետ կապված իրավական խնդիրներ

Եթե անդամի գործած բռնարարքները խախտել են գործող օրենքը, եպիսկոպոսը կամ ցցի նախագահը պետք է խրախուսի անդամին այդ արարքների մասին հաղորդում ներկայացնել իրավապահ մարմինների աշխատողներին կամ համապատասխան այլ պետական մարմիններին:

Եկեղեցու ղեկավարներն ու անդամները պետք է կատարեն բոլոր իրավական պարտավորությունները` բռնության մասին հաղորդելով քաղաքացիական իշխանություններին:

38.6.4

Ծննդյան հսկողություն

Երեխաներ ունենալու հնարավորություն ունեցող ամուսնացած զույգերի մեծագույն արտոնությունն է մահկանացու մարմիններ ստեղծել Աստծո այս հոգևոր զավակների համար, որոնց նրանք այնուհետև պատասխանատու են սնուցել և դաստիարակել (տես 2.1.3): Որոշումը, թե քանի երեխա ունենալ և երբ ունենալ, չափազանց անձնական և գաղտնի է: Որոշումը պետք է թողնել զույգի և Տիրոջ միջև:

38.6.5

Մաքրաբարոյություն և հավատարմություն

Տիրոջ մաքրաբարոյության օրենքը հետևյալն է․

  • Զսպվածություն ցուցաբերել տղամարդու և կնոջ օրինական ամուսնությունից դուրս սեռական հարաբերություններում։

  • Հավատարմություն ամուսնության ընթացքում:

Ամուսնու և կնոջ միջև ֆիզիկական մտերմությունը սքանչելի ու սուրբ է։ Այն կարգված է Աստծո կողմից՝ երեխաներ ստեղծելու և միմյանց հանդեպ սեր արտահայտելու համար:

38.6.6

Մանկական պոռնոգրաֆիա

Եկեղեցին դատապարտում է ցանկացած տեսակի մանկական պոռնոգրաֆիան։ Եթե եպիսկոպոսը կամ ցցի նախագահն իմանում է, որ անդամը ներգրավված է մանկական պոռնոգրաֆիայի մեջ, նա անմիջապես հետևում է 38.6.2.1-ի հրահանգներին:

38.6.8

Կանանց սեռական օրգանների խեղում

Եկեղեցին դատապարտում է կանանց սեռական օրգանների խեղումը։

38.6.10

Արյունապղծություն

Եկեղեցին դատապարտում է ցանկացած տեսակի արյունապղծությունը։ Ինչպես օգտագործվում է այստեղ, արյունապղծությունը սեռական հարաբերություն է․

  • Ծնողի և երեխայի միջև։

  • Տատիկ-պապիկների և թոռների միջև։

  • Քույրերի ու եղբայրների միջև։

  • Հորեղբոր կամ մորաքրոջ և զարմուհու կամ զարմիկի միջև:

Ինչպես օգտագործվում է այստեղ, երեխան, թոռը, քույր-եղբայրը, զարմուհին և զարմիկը ներառում են կենսաբանական, որդեգրված, խորթ կամ խնամակալության հարաբերություններ:

Երբ անչափահասը արյունապղծության զոհ է դառնում, եպիսկոպոսը կամ ցցի նախագահը զանգահարում է այն երկրի Եկեղեցու բռնությունների օգնության գիծ, որտեղ դա հասանելի է (տես 38.6.2.1): Ցցի նախագահը պետք է տարածքային գրասենյակում առաջնորդություն փնտրի տարածաշրջանի իրավախորհրդատուից։ Նա պետք է նաև խորհրդակցի Ընտանեկան ծառայությունների անձնակազմի կամ բարօրության և ինքնապահովման կառավարչի հետ։

Եկեղեցու անդամության խորհուրդը և գրանցումների ծանոթագրությունը պարտադիր է, եթե անդամը կատարում է արյունապղծություն։ Արյունապղծության պատճառով գրեթե միշտ պարտադիր է դադարեցնել անձի Եկեղեցու անդամությունը:

Եթե անչափահասը արյունապղծություն է կատարում, ցցի նախագահը կապվում է Առաջին Նախագահության Գրասենյակի հետ՝ ցուցումներ ստանալու համար:

Արյունապղծության զոհերը հաճախ լուրջ ցավ են ապրում: Ղեկավարները սրտանց կարեկցանք են ցուցաբերում: Նրանք հոգևոր աջակցություն և խորհրդատվություն են առաջարկում՝ օգնելով նրանց հաղթահարել արյունապղծության կործանարար հետևանքները:

Երբեմն զոհերն ունենում են ամոթի կամ մեղքի զգացում: Զոհերը մեղավոր չեն։ Ղեկավարներն օգնում են նրանց և նրանց ընտանիքներին հասկանալ Աստծո սերը և բժշկումը, որը ստանում ենք Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության միջոցով (տես Ալմա 15․8, 3 Նեփի 17․9

Բացի Եկեղեցու ղեկավարների ոգեշնչված օգնությունը ստանալուց, զոհերը և նրանց ընտանիքները կարող են մասնագիտական խորհրդատվության կարիք ունենալ: Տեղեկությունների համար տես 38.6.18.2.

38.6.12

Օկուլտիզմ

Օկուլտիզմը կենտրոնանում է խավարի վրա և տանում է դեպի խաբեություն։ Այն ոչնչացնում է հավատն առ Քրիստոս:

Օկուլտիզմը ներառում է սատանայի պաշտամունքը: Այն ներառում է նաև առեղծվածային գործողություններ, որոնք ներդաշնակ չեն Հիսուս Քրիստոսի ավետարանի հետ: Նման գործողությունները ներառում են (բայց չեն սահմանափակվում դրանով) գուշակություն, անեծքներ և բուժական կիրառումներ, որոնք Աստծո քահանայության զորության ընդօրինակումն են (տես Մորոնի 7.11–17):

Եկեղեցու անդամները չպետք է ներգրավվեն սատանայի երկրպագության մեջ որևէ ձևով կամ որևէ կերպ մասնակցեն օկուլտիզմին: Նրանք չպետք է կենտրոնանան այդ խավարի վրա՝ զրույցներում կամ Եկեղեցու ժողովներում:

38.6.13

Պոռնոգրաֆիա

Եկեղեցին դատապարտում է ցանկացած տեսակի պոռնոգրաֆիան։ Ցանկացած տեսակի պոռնոգրաֆիայի օգտագործումը վնասում է անհատներին, ընտանիքներին և հասարակությունը: Այն նաև վանում է Տիրոջ Հոգուն: Եկեղեցու անդամները պետք է խուսափեն պոռնոգրաֆիկ նյութերի բոլոր տեսակներից և դեմ լինեն դրանց հրատարակմանը, տարածմանը և օգտագործմանը:

Անձնական խորհրդատվությունը և անդամության ոչ պաշտոնական սահմանափակումները սովորաբար բավարար են, որպեսզի օգնեն անձին ապաշխարել պոռնոգրաֆիկ նյութեր օգտագործելու համար: Անդամության խորհուրդներ սովորաբար չեն անցկացվում: Այնուամենայնիվ, խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել պոռնոգրաֆիայի ինտենսիվ կամ հարկադիր օգտագործման դեպքում, որը զգալի վնաս է հասցրել անդամի ամուսնությանը կամ ընտանիքին (տես 38.6.5)։ Խորհուրդը պարտադիր է, եթե անդամը ստեղծում, տարածում է, պահում կամ բազմիցս դիտում է մանկական պոռնոգրաֆիկ պատկերներ (տես 38.6.6

38.6.14

Նախապաշարմունք

Բոլոր մարդիկ Աստծո զավակներն են: Բոլոր մարդիկ եղբայրներ ու քույրեր են և Նրա աստվածային ընտանիքի մի մասն են (տես «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին»)։ Աստված «մեկ մարդուց ստեղծեց բոլոր ազգերին» (Գործք Առաքելոց 17.26): «Բոլորը նույնն են» Նրա համար (2 Նեփի 26.33): Յուրաքանչյուր մարդ «նույնքան թանկ է նրա աչքում, որքան մյուսը» (Հակոբ 2․21

Նախապաշարմունքը չի համապատասխանում Աստծո կողմից տրված խոսքին։ Աստված հավանում է կամ չի հավանում մարդուն՝ կախված Իրեն և Իր պատվիրաններին նվիրվածությունից, այլ ոչ թե մարդու մաշկի գույնից կամ այլ հատկանիշներից կախված:

Եկեղեցին կոչ է անում բոլոր մարդկանց հրաժարվել ցանկացած խմբի կամ անհատի նկատմամբ նախապաշարմունքային վերաբերմունքից և գործողություններից: Եկեղեցու անդամները պետք է մասնակցեն Աստծո բոլոր զավակների հանդեպ հարգանքի խթանմանը: Անդամները հետևում են ուրիշներին սիրելու Փրկչի պատվիրանին (տես Մատթեոս 22.35–39): Նրանք ձգտում են բարի կամք դրսևորել բոլորի հանդեպ՝ մերժելով ցանկացած տեսակի նախապաշարմունք»: Դա ներառում է ռասայի, էթնիկության, ազգության, ցեղի, սեռի, տարիքի, հաշմանդամության, սոցիալ-տնտեսական կարգավիճակի, կրոնական հավատքի կամ անհավատության և սեռական կողմնորոշման վրա հիմնված նախապաշարմունքները։

38.6.15

Նույն սեռի հանդեպ հակվածություն և համասեռամոլ վարքագիծ

Եկեղեցին խրախուսում է ընտանիքներին և անդամներին զգայուն ձևով, սիրով և հարգանքով օգնության հասնել այն մարդկանց, որոնք հակվածություն են զգում նույն սեռի մարդկանց հանդեպ: Եկեղեցին նաև նպաստում է հասարակության ըմբռնմանը, որն արտացոլում է բարության, ներառականության, ուրիշների հանդեպ սիրո և բոլոր մարդկանց հանդեպ հարգանքի մասին եկեղեցու ուսմունքները: Եկեղեցին դիրքորոշում չունի անձանց կողմից՝ իրենց տրանսգենդեր համարելու պատճառների վերաբերյալ։

Աստծո պատվիրաններն արգելում են ցանկացած անբարոյական վարքագիծ՝ լինի դա տարասեռական, թե՛ նույնասեռական։ Եկեղեցու ղեկավարները խորհրդակցում են այն անդամների հետ, որոնք խախտել են մաքրաբարոյության օրենքը: Ղեկավարները օգնում են նրանց հստակ հասկանալ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ հավատը, ապաշխարության գործընթացը և երկրի վրա կյանքի նպատակը:

Եթե անդամները զգում են նույն սեռի հանդեպ հակվածություն և ձգտում են ապրել մաքրաբարոյության օրենքով, ղեկավարները պետք է աջակցեն և քաջալերեն նրանց այդ որոշման մեջ: Այդ անդամները կարող են Եկեղեցում ստանալ կոչումներ, ունենալ տաճարային երաշխավորագրեր և ստանալ տաճարային արարողությունները, եթե արժանի են: Եկեղեցու արական սեռի անդամները կարող են ստանալ և գործադրել քահանայությունը:

Բոլոր անդամները, որոնք պահում են իրենց ուխտերը, կստանան բոլոր խոստացված օրհնությունները հավերժություններում՝ անկախ նրանից՝ այս կյանքում իրենց հանգամանքները թույլ կտան նրանց ստանալ հավերժական ամուսնության և ծնող լինելու օրհնությունները, թե ոչ (տես Մոսիա 2.41):

38.6.16

Նույնասեռ ամուսնություն

Եկեղեցին հաստատում է, որ տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը՝ որպես սուրբ գրություններով հիմնված վարդապետական սկզբունք, էական է Իր զավակների հավերժական ճակատագրի համար նախատեսված Արարչի ծրագրում: Եկեղեցին նաև հաստատում է, որ Աստծո օրենքն ամուսնությունը սահմանում է որպես իրավական և օրինական միություն մի տղամարդու և մի կնոջ միջև։

38.6.17

Սեռական դաստիարակություն

Ծնողները առաջնային պատասխանատվություն են կրում իրենց երեխաների սեռական դաստիարակության համար: Ծնողները պետք է ազնիվ, հստակ և շարունակական զրույցներ ունենան իրենց երեխաների հետ՝ առողջ, արդար սեռականության մասին:

38.6.18

Սեռական բռնություն, բռնաբարություն և սեռական ոտնձգության այլ ձևեր

Եկեղեցին դատապարտում է սեռական բռնությունը։ Ինչպես օգտագործվում է այստեղ, սեռական բռնությունը սահմանվում է որպես ցանկացած անցանկալի սեռական արարքի պարտադրում մեկ այլ անձի: Սեռական գործունեությունը այն անձի հետ, ով չի տալիս կամ չի կարող տալ օրինական համաձայնություն, համարվում է սեռական բռնություն: Սեռական բռնություն կարող է նաև տեղի ունենալ ամուսնական կյանքի կամ ժամադրության ժամանակ: Երեխայի կամ երիտասարդի նկատմամբ սեռական բռնության մասին տեղեկությունների համար տես 38.6.2.3։

Սեռական բռնությունը ներառում է գործողությունների լայն շրջանակ՝ ոտնձգություններից մինչև բռնաբարություն և սեռական ոտնձգության այլ ձևեր: Այն կարող է տեղի ունենալ ֆիզիկապես, խոսքով և այլ ձևերով: Սեռական բռնության, բռնաբարության կամ սեռական ոտնձգության այլ ձևերին զոհ դարձած անդամների խորհրդատվության համար տես 38.6.18.2։

Եթե անդամները կասկածում են կամ իմանում են սեռական բռնության մասին, նրանք միջոցներ են ձեռնարկում հնարավորինս շուտ պաշտպանելու զոհերին և մյուսներին: Դա ներառում է քաղաքացիական իշխանություններին զեկուցելը և եպիսկոպոսին կամ ցցի նախագահին զգուշացնելը: Եթե երեխան բռնության է ենթարկվել, անդամները պետք է հետևեն 38.6.2-ի հրահանգներին:

38.6.18.2

Խորհրդատվություն սեռական բռնության, բռնաբարության և սեռական ոտնձգության այլ ձևերի զոհերի համար

Սեռական բռնության, բռնաբարության կամ սեռական ոտնձգության այլ ձևերի զոհերը հաճախ լուրջ ցավ են ապրում։ Երբ նրանք վստահում են եպիսկոպոսին կամ ցցի նախագահին, նա պատասխանում է սրտանց կարեկցանքով և ցավակցելով: Նա հոգևոր աջակցություն և խորհրդատվություն է առաջարկում՝ օգնելով նրանց հաղթահարել բռնության կործանարար հետևանքները: Նա նաև զանգահարում է բռնությունների օգնության գիծ, որտեղ դա հասանելի է:

Երբեմն զոհերն ունենում են ամոթի կամ մեղքի զգացում: Զոհերը մեղավոր չեն։ Ղեկավարները զոհին չեն մեղադրում։ Նրանք օգնում են զոհերին և նրանց ընտանիքներին հասկանալ Աստծո սերը և բժշկումը, որը ստանում ենք Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության միջոցով (տես Ալմա 15․8, 3 Նեփի 17․9

Թեև անդամները կարող են որոշել կիսվել բռնությունների կամ ոտնձգությունների մասին տեղեկություններով, առաջնորդները չպետք է խորապես կենտրոնանան մանրամասների վրա: Դա կարող է վնասակար լինել տուժածների համար:

Բացի Եկեղեցու ղեկավարների ոգեշնչված օգնությունը ստանալուց, զոհերը և նրանց ընտանիքները կարող են մասնագիտական խորհրդատվության կարիք ունենալ: Տեղեկությունների համար, տես 31.3․6։

38.6.18.3

Անդամության խորհուրդներ

Անդամության խորհուրդը կարող է անհրաժեշտ լինել այն անձի համար, որը սեռական ոտնձգություն կամ բռնություն է գործադրել ինչ-որ մեկի նկատմամբ: Անդամության խորհուրդը պարտադիր է, եթե անդամը բռնաբարություն է կատարել կամ մեղադրանք է առաջադրվել սեռական ոտնձգության այլ ձևերի համար։

38.6.20

Ինքնասպանություն

Մահկանացու կյանքը թանկարժեք պարգև է Աստծուց, պարգև, որը պետք է գնահատվի և պաշտպանվի: Եկեղեցին մեծապես աջակցում է ինքնասպանությունների կանխարգելմանը։

Մարդկանց մեծ մասը, որը մտածել է ինքնասպանության մասին, ցանկանում է ազատվել ֆիզիկական, մտավոր, զգացմունքային կամ հոգևոր ցավից: Նման անհատները՝ ընտանիքի, Եկեղեցու ղեկավարների և որակյալ մասնագետների սիրո, օգնության և աջակցության կարիքն ունեն:

Եպիսկոպոսը տրամադրում է հոգևոր աջակցություն, եթե անդամը մտածում է ինքնասպանության մասին կամ ինքնասպանության փորձ է կատարել: Նա նաև անմիջապես օգնում է անդամին ստանալ մասնագիտական օգնություն:

Չնայած սիրելիների, ղեկավարների և մասնագետների լավագույն ջանքերին, ինքնասպանությունը միշտ չէ, որ հնարավոր է կանխարգելել: Այն թողնում է խորը կսկիծ, հուզական ցնցումներ և անպատասխան հարցեր սիրելիների և այլոց համար: Ղեկավարները պետք է խորհուրդ տան և մխիթարեն այդ ընտանիքներին: Նրանք հոգ են տանում և աջակցում նրանց։

Ճիշտ չէ, որ մարդը զրկի իրեն կյանքից։ Սակայն, միայն Աստված կարող է դատել մարդու մտքերը, գործողությունները և պատասխանատվության մակարդակը (տես Ա Թագավորաց 16.7, Վարդապետություն և Ուխտեր 137.9):

Նրանք, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին ինքնասպանության պատճառով, կարող են հույս և բժշկություն գտնել Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մեջ:

38.6.23

Տրանսգենդերներ

Տրանսգենդերները բախվում են բարդ մարտահրավերների։ Անդամների և ոչ անդամների հանդեպ, որոնք իրենց անվանում են տրանսգենդեր, նաև նրանց ընտանիքների ու ընկերների հանդեպ պետք է ցուցաբերել զգայունություն, բարություն, կարեկցանք և Քրիստոսանման սեր: Բոլորը հրավիրվում են մասնակցել հաղորդության ժողովին, ինչպես նաև Եկեղեցու այլ կիրակնօրյա ժողովներին ու հասարակական միջոցառումներին (տես 38.1.1

Սեռը Երկնային Հոր փրկության ծրագրի առանցքային բնութագրերից է: Սեռի գործածվող իմաստը ընտանիքի հայտարարության մեջ կենսաբանական սեռն է ծնվելու պահին։ Որոշ մարդիկ անհամապատասխանություն են զգում իրենց կենսաբանական սեռի և գենդերային ինքնության միջև: Արդյունքում, նրանց կարող են անվանել տրանսգենդեր: Եկեղեցին դիրքորոշում չունի անձանց կողմից՝ տրանսգենդեր համարվելու պատճառների վերաբերյալ։

Եկեղեցու միջոցառումների մեծամասնության և քահանայության արարողությունների որոշ մասի համար սեռը կարևոր չէ: Տրանսգենդերները կարող են մկրտվել և հաստատվել, ինչպես նշված է 38.2.8.10-ում: Նրանք կարող են նաև ընդունել հաղորդությունը և ստանալ քահանայության օրհնություններ: Այնուամենայնիվ, քահանայության կարգումները և տաճարային արարողությունները ստանում են ծնվելու պահին կենսաբանական սեռի համար։

Եկեղեցու ղեկավարները խորհուրդ չեն տալիս կատարել ընտրովի բժշկական կամ վիրաբուժական միջամտություն՝ ծնվելու պահին կենսաբանական սեռից հակառակ սեռին անցնելու («սեռի փոփոխում») նպատակով: Ղեկավարները զգուշացնում են, որ այդպիսի գործողությունները Եկեղեցու անդամության սահմանափակումների պատճառ կհանդիսանան:

Ղեկավարները նաև խորհուրդ չեն տալիս դիմել սոցիալական սեռափոխության: Սոցիալական սեռափոխությունը ենթադրում է զգեստափոխություն, դիմահարդարման, անվան կամ դերանվան փոփոխություն՝ ծնվելու պահին հաստատված կենսաբանական սեռին հակառակ ներկայանալու նպատակով: Ղեկավարները զգուշացնում են, որ սոցիալական սեռափոխություն իրականացնող անձինք այդ ընթացքում կենթարկվեն Եկեղեցու անդամության սահմանափակումների:

Սահմանափակումները վերաբերում են քահանայություն ստանալուն կամ գործադրելուն, տաճարային երաշխավորագիր ստանալուն կամ օգտագործելուն և Եկեղեցու կոչումներ ստանալուն: Չնայած Եկեղեցու անդամությանը վերաբերող որոշ արտոնություններ սահմանափակվում են, այլ մասնակցությունը խրախուսվում է:

Եթե անդամը որոշում է փոխել իր նախընտրելի անունը կամ դերանունը, այդ նախընտրությունը կարող է նշվել անդամության գրանցման նախընտրելի անվան դաշտում: Անձին ծխում կարող են դիմել նախընտրած անունով:

Հանգամանքները մեծապես տարբերվում են միավորից միավոր և անձից անձ: Անդամները և ղեկավարները խորհրդակցում են միասին և Տիրոջ հետ: Տարածաշրջանի Նախագահությունները օգնում են տեղական ղեկավարներին նրբանկատորեն անդրադառնալ առանձին իրավիճակներին: Եպիսկոպոսները խորհրդակցում են ցցի նախագահի հետ: Ցցերի նախագահները և միսիաների նախագահները պետք է խորհուրդ հարցնեն Տարածաշրջանի Նախագահությունից (տես 32.6.3

38.7

Բժշկական և առողջապահական քաղաքականություն

38.7.2

Թաղում և դիակիզում

Մահացածի ընտանիքն է որոշում՝ նրա մարմինը պետք է թաղվի, թե դիակիզվի: Նրանք հարգում են անհատի ցանկությունները:

Որոշ երկրներում օրենքը պահանջում է դիակիզում: Այլ դեպքերում թաղումը կարող է գործնական կամ մատչելի չլինել ընտանիքի համար: Բոլոր դեպքերում մարմնին պետք է վերաբերվել հարգանքով և ակնածանքով: Անդամներին պետք է հավաստիացնել, որ Հարության զորությունը միշտ գործում է (տես Ալմա 11.42–45):

Հնարավորության դեպքում, օժտում ստացած հանգուցյալ անդամի մարմինը թաղելիս կամ դիակիզելիս պետք է հագցնել տաճարային արարողակարգային հագուստ (տես 38.5.8):

38.7.3

Երեխաներ, ովքեր մահանում են ծնվելուց առաջ (մեռելածին և վիժված երեխաներ)

Ծնողները կարող են որոշել, թե արդյոք պետք է կազմակերպել հիշատակի կամ թաղման արարողություն:

Տաճարային արարողությունները անհրաժեշտ չեն կամ չեն կատարվում այն երեխաների համար, որոնք մահանում են ծնվելուց առաջ: Սա չի անտեսում այն հնարավորությունը, որ այս երեխաները կարող են լինել ընտանիքի մի մասը հավերժության ընթացքում: Ծնողներին խրախուսվում է վստահել Տիրոջը և փնտրել Նրա մխիթարությունը:

38.7.4

Էվթանազիա

Մահկանացու կյանքը Աստծո թանկագին պարգև է: Էվթանազիան անբուժելի հիվանդությամբ կամ այլ հիվանդությամբ տառապող մարդուն միտումնավոր կյանքից զրկելն է։ Անձը, որը մասնակցում է էվթանազիային, այդ թվում՝ օգնելով ինչ-որ մեկին մեռնել ինքնասպանության միջոցով, խախտում է Աստծո պատվիրանները և կարող է խախտել երկրի օրենքները:

Մարդու կյանքի վերջում ծայրահեղ կենսապահովման միջոցների դադարեցումը կամ դրանից հրաժարումը չի համարվում էվթանազիա (տես 38.7.11):

38.7.5

ՄԻԱՎ վարակ և ՁԻԱՀ

Այն անդամներին, որոնք վարակված են ՄԻԱՎ-ով (մարդու իմունային անբավարարության վիրուսով) կամ ովքեր ունեն ՁԻԱՀ (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ), պետք է ողջունել Եկեղեցու ժողովներին և միջոցառումներին: Նրանց ներկայությունը վտանգ չի ներկայացնում ուրիշների առողջության համար:

38.7.8

Բժշկություն և առողջապահություն

Բժշկական իրավասու օգնության փնտրումը, հավատքի գործադրումը և քահանայության օրհնությունների ստացումը միասին աշխատում են ապաքինման համար՝ համաձայն Տիրոջ կամքի:

Անդամները չպետք է օգտագործեն կամ խթանեն բժշկական կամ առողջապահական այնպիսի կիրառություններ, որոնք էթիկական, հոգևոր կամ իրավական տեսանկյունից կասկածելի են: Նրանք, ովքեր ունեն առողջական խնդիրներ, պետք է խորհրդակցեն իրավասու բժիշկների հետ, ովքեր լիցենզավորված են այն ոլորտներում, որտեղ նրանք աշխատում են:

38.7.9

Բժշկական մարիխուանա

Եկեղեցին դեմ է ոչ բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործմանը: Sես 38.7.14։

38.7.11

Կյանքի երկարացում (ներառյալ կյանքի աջակցությունը)

Անդամները չպետք է իրենց պարտավորված զգան և մահկանացու կյանքը երկարացնեն ծայրահեղ միջոցներով: Այս որոշումները, հնարավորության դեպքում, լավագույնս ընդունվում են տվյալ անձի կողմից կամ ընտանիքի անդամների կողմից: Նրանք պետք է աղոթքի միջոցով փնտրեն իրավասու բժշկական խորհրդատվություն և աստվածային առաջնորդություն:

38.7.13

Պատվաստումներ

Բժշկական իրավասու մասնագետների կողմից իրականացվող պատվաստումները պաշտպանում են առողջությունը և պահպանում կյանքը։ Եկեղեցու անդամներին խրախուսվում է պաշտպանել իրենց, իրենց երեխաներին և իրենց համայնքները պատվաստումների միջոցով։

Ի վերջո, մարդիկ են պատասխանատվություն կրում պատվաստումների վերաբերյալ իրենց որոշումները կայացնելու համար: Եթե անդամները մտահոգություններ ունեն, նրանք պետք է խորհրդակցեն իրավասու բժշկական մասնագետների հետ և նաև փնտրեն Սուրբ Հոգու առաջնորդությունը:

38.7.14

Իմաստության խոսքը և առողջ ապրելու սկզբունքները

Իմաստության Խոսքը Աստծո պատվիրանն է: Մարգարեները պարզաբանել են, որ Վարդապետություն և Ուխտեր 89 գլխի ուսմունքները ներառում են ծխախոտից, թունդ խմիչքներից (ալկոհոլ) և տաք ըմպելիքներից (թեյ և սուրճ) հրաժարումը:

Կան այլ վնասակար նյութեր և սովորույթներ, որոնք ճշտված չեն Իմաստության Խոսքում կամ Եկեղեցու ղեկավարների կողմից: Անդամները պետք է իմաստուն լինեն և աղոթքով դատողություն անեն ընտրություն կատարելիս՝ խթանելու իրենց ֆիզիկական, հոգևոր և էմոցիոնալ առողջությունը:

38.8

Վարչական քաղաքականություն

38.8.1

Որդեգրում և խնամակալություն

Երեխաների որդեգրումը և խնամակալությունը կարող է օրհնել երեխաներին և ընտանիքներին: Որդեգրման միջոցով կարող են ստեղծվել սիրող, հավերժական ընտանիքներ։ Անկախ նրանից, թե երեխաները ընտանիքում ապրում են որդեգրման կամ այնտեղ ծնվելու արդյունքում, նրանք նույնքան թանկ օրհնություն են ընտանիքի համար:

Անդամները, որոնք ձգտում են երեխաներին որդեգրել կամ խնամակալություն ապահովել, պետք է ենթարկվեն ներգրավված երկրների և կառավարությունների բոլոր գործող օրենքներին։

38.8.4

Բարձրագույն իշխանությունների, բարձրագույն պաշտոնյաների և տարածքային յոթանասունականների ինքնագրեր և լուսանկարներ

Եկեղեցու անդամները չպետք է ձգտեն ստանալ Բարձրագույն իշխանությունների, բարձրագույն պաշտոնյաների և տարածքային յոթանասունականների ինքնագրերը: Դա շեղում է նրանց սուրբ կոչումներից և խաթարում է ժողովների ոգին: Դա նաև կարող է խանգարել նրանց բարևել մյուս անդամներին:

Անդամները չպետք է Բարձրագույն իշխանություններին, բարձրագույն պաշտոնյաներին և տարածքային յոթանասունականներին լուսանկարեն հաղորդության սենյակում։

38.8.7

Եկեղեցու ամսագրեր

Եկեղեցու ամսագրերն են․

Առաջին Նախագահությունը խրախուսում է բոլոր անդամներին կարդալ Եկեղեցու ամսագրերը: Ամսագրերը կարող են օգնել անդամներին սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանը, ուսումնասիրել ապրող մարգարեների ուսմունքները, կապվածություն զգալ Եկեղեցու համաշխարհային ընտանիքին, հավատքով դիմակայել մարտահրավերներին և ավելի մոտենալ Աստծուն:

38.8.8

Եկեղեցու անունը, բառանշանը և խորհրդանիշը

Նկար
Եկեղեցու բառանշանը և խորհրդանիշը

Եկեղեցու անունը, բառանշանը և խորհրդանիշը Եկեղեցու հիմնական նույնացուցիչներն են:

Բառանշանը և խորհրդանիշը։ Եկեղեցու բառանշանը և խորհրդանիշը (տես վերևի նկարը) պետք է օգտագործվեն միայն Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից հաստատվելու դեպքում: Դրանք չեն կարող օգտագործվել որպես դեկորատիվ տարրեր: Ոչ էլ նրանք կարող են օգտագործվել անձնական, առևտրային կամ գովազդային նպատակներով:

38.8.10

Համակարգիչներ

Եկեղեցու հավաքատներում օգտագործվող համակարգիչները և ծրագրերը տրամադրվում և կառավարվում են Եկեղեցու գլխավոր գրասենյակի կամ տարածքային գրասենյակի կողմից: Ղեկավարներն ու անդամները օգտագործում են այս ռեսուրսները Եկեղեցու նպատակներին աջակցելու համար, ներառյալ՝ ընտանեկան պատմության աշխատանքին:

Այս համակարգիչների վրա տեղադրված բոլոր ծրագրերը պետք է պատշաճ կերպով լիցենզավորված լինեն Եկեղեցու համար:

38.8.12

Ուսումնական ծրագրի նյութեր

Եկեղեցին նյութեր է տրամադրում՝ օգնելու անդամներին սովորել և ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով: Դրանք ներառում են սուրբ գրությունները, գերագույն համաժողովի ուղերձները, ամսագրերը, ձեռնարկները, գրքերը և այլ աղբյուրներ: Ղեկավարները խրախուսում են անդամներին օգտագործել սուրբ գրությունները և այլ ռեսուրսները, ըստ անհրաժեշտության, ավետարանը տանը ուսումնասիրելու համար:

38.8.14

Հագուստ և արտաքին տեսք

Եկեղեցու անդամներին խրախուսվում է հարգանք դրսևորել մարմնի նկատմամբ՝ ընտրելով պատշաճ հագուստ և արտաքին տեսք։ Այն, թե ինչն է պատշաճ, տարբերվում է տարբեր մշակույթների և տարբեր առիթների համար:

38.8.16

Ծոմապահության օր

Անդամները կարող են ցանկացած պահի ծոմ պահել: Սակայն, նրանք սովորաբար ամսվա առաջին կիրակի օրն են նշում որպես ծոմապահության օր:

Ծոմապահության օրը, որպես կանոն, անցնում է` աղոթքով, ձեռնպահ մնալով սննդից և ըմպելիքից 24 ժամվա ընթացքում (եթե առողջությունը թույլ է տալիս) և տալով ծոմի առատաձեռն նվիրատվություն։ Ծոմի նվիրատվությունը կատարվում է կարիքավորներին օգնելու համար (տես 22.2.2):

Երբեմն Եկեղեցու կամ տեղական ժողովներ են անցկացվում ամսվա առաջին կիրակի օրը: Երբ դա տեղի է ունենում, ցցի նախագահությունը այլընտրանքային կիրակի օր է նշանակում ծոմապահության օրվա համար:

38.8.17

Մոլախաղեր և վիճակախաղեր

Եկեղեցին դեմ է մոլախաղերին և խորհուրդ է տալիս հեռու մնալ ցանկացած տեսակի մոլախաղերից։ Դա ներառում է սպորտային խաղադրույքները և կառավարության կողմից հովանավորվող վիճակախաղերը:

38.8.19

Ներգաղթ

Այն անդամները, որոնք մնում են իրենց հայրենի երկրում, հաճախ հնարավորություն են ունենում այնտեղ կառուցելու և ամրացնելու Եկեղեցին: Այնուամենայնիվ, այլ երկիր ներգաղթն անձնական ընտրություն է։

Այն անդամները, որոնք տեղափոխվում են այլ երկիր, պետք է ենթարկվեն բոլոր գործող օրենքներին (տես Վարդապետություն և Ուխտեր 58.21):

Միսիոներները չպետք է ուրիշների ներգաղթը հովանավորելու առաջարկ անեն:

38.8.22

Երկրի օրենքները

Անդամները պետք է հնազանդվեն, հարգեն և պահպանեն այն երկրների օրենքները, որտեղ նրանք ապրում կամ ճանապարհորդում են (տես Վարդապետություն և Ուխտեր 58.21–22, Հավատո հանգանակ 1.12)։ Դա ներառում է այն օրենքները, որոնք արգելում են քարոզչությունը:

38.8.25

Անդամների հաղորդակցությունը եկեղեցու գլխավոր գրասենյակի հետ

Եկեղեցու անդամներին չի խրախուսվում զանգահարել, է-փոստ ուղարկել կամ նամակներ գրել Բարձրագույն իշխանություններ՝ վարդապետական հարցերի, անձնական մարտահրավերների կամ խնդրանքների վերաբերյալ: Անդամներին խրախուսվում է դիմել իրենց տեղական ղեկավարներին, ներառյալ իրենց Սփոփող միության կամ երեցների քվորումի նախագահին, երբ անհրաժեշտ է հոգևոր առաջնորդություն (տես 31.3):

38.8.27

Սահմանափակ կարողություններով անդամներ

Ղեկավարներին և անդամներին խրախուսվում է լուծել բոլոր նրանց կարիքները, ովքեր ապրում են իրենց միավորում: Սահմանափակ կարողություններով անդամները արժեքավոր են և կարող են իրենց ներդրումն ունենալ իմաստալից ձևերով։ Սահմանափակ կարողությունները կարող են լինել մտավոր, սոցիալական, զգացմունքային կամ ֆիզիկական:

38.8.29

Այլ հավատքներ

Շատ ոգեշնչող, վեհ և բարձր գնահատանքի շատ բաներ կարելի է գտնել ուրիշ հավատքներում։ Միսիոներները և մյուս անդամները պետք է զգայուն և հարգալից լինեն ուրիշների համոզմունքների և ավանդույթների նկատմամբ:

38.8.30

Քաղաքական և քաղաքացիական գործունեություն

Եկեղեցու անդամներին խրախուսվում է քաղաքական և կառավարական գործունեություն ծավալել: Շատ երկրներում դա կարող է ներառել.

  • Քվեարկություն։

  • Անդամակցել կամ ծառայել քաղաքական կուսակցություններին։

  • Տրամադրել ֆինանսական աջակցություն։

  • Շփվել կուսակցական պաշտոնյաների և թեկնածուների հետ։

  • Ծառայել տեղական և ազգային ինքնակառավարման մարմիններում՝ ընտրովի կամ նշանակված պաշտոններում:

Անդամներին նաև խրախուսվում է մասնակցել արժանավոր նախաձեռնությունների, որպեսզի իրենց համայնքները դարձնեն ապրելու և ընտանիքներ մեծացնելու համար օգտակար վայրեր։

Տեղական Եկեղեցու ղեկավարները չպետք է անդամներին կազմակերպեն քաղաքական գործերում մասնակցելու համար: Ինչպես նաև ղեկավարները չպետք է փորձեն ազդել անդամների մասնակցության վրա:

Ղեկավարները և անդամները պետք է նաև խուսափեն այնպիսի հայտարարություններից կամ վարքագծից, որոնք կարող են սխալ մեկնաբանվել, որ Եկեղեցին հավանություն է տալիս որևէ քաղաքական կուսակցության, հարթակի, քաղաքականության կամ թեկնածուի:

38.8.31

Անդամների գաղտնիությունը

Եկեղեցու ղեկավարները պարտավոր են պաշտպանել անդամների գաղտնիությունը: Եկեղեցու գրանցումները, տեղեկատուները և նմանատիպ նյութերը չեն կարող օգտագործվել անձնական, առևտրային կամ քաղաքական նպատակներով:

38.8.35

Փախստականներ

Որպես կարիքավորների մասին հոգ տանելու իրենց պարտականության մի մաս (տես Մոսիա 4.26), Եկեղեցու անդամներն առաջարկում են իրենց ժամանակը, տաղանդները և ընկերությունը՝ ընդունելով փախստականներին որպես իրենց համայնքների անդամներ:

38.8.36

Հայցել Եկեղեցու ֆինանսական աջակցությունը

Կարիքավոր անդամներին խրախուսվում է խոսել իրենց եպիսկոպոսի հետ, և ոչ թե կապ հաստատել Եկեղեցու գլխավոր գրասենյակի հետ կամ գումար խնդրել Եկեղեցու այլ ղեկավարներից կամ անդամներից:

Տպել