«3. Քահանայության սկզբունքները», Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում (2020)։
«3. Քահանայության սկզբունքները», Ընդհանուր ձեռնարկ։
3.
Քահանայության սկզբունքները
3.0
Նախաբան
Քահանայությունն Աստծո իշխանությունն ու զորությունն է: Այն միշտ գոյություն է ունեցել և գոյություն կունենա առանց վերջի (տես Ալմա 13․7–8, Վարդապետություն և Ուխտեր 84․17–18)։ Քահանայության միջոցով Երկնային Հայրը կատարում է Իր աշխատանքը՝ «իրականացնելով մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39): Աստված իշխանություն և զորություն է շնորհում Երկրի վրա գտնվող իր որդիներին և դուստրերին, որպեսզի օգնի այդ աշխատանքի իրականացմանը (տես գլուխ 1)։
3.1
Քահանայության վերականգնումը
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին երկրի վրա գտնվող միակ կազմակերպությունն է, որն ունի քահանայության իշխանությունը։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը Ահարոնյան քահանայությունը և դրա բանալիները ստացավ Հովհաննես Մկրտիչից (տես Վարդապետություն և Ուխտեր 13․1)։ Մելքիսեդեկյան քահանայությունը և դրա բանալիները նա ստացավ Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալներից (տես Վարդապետություն և Ուխտեր 27․12–13)։
Կիրթլենդի տաճարում Մովսեսը, Եղիասը և Եղիան հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին և նրան հանձնեցին իշխանության շարունակությունը, որն անհրաժեշտ էր վերջին օրերին Աստծո աշխատանքը կատարելու համար (տես Վարդապետություն և Ուխտեր 110․11–16)։
-
Մովսեսը հանձնեց Իսրայելի հավաքման բանալիները (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Իսրայել»)։
-
Եղիասը հանձնեց Աբրահամի ավետարանի տնտեսությունը։ Դրա մեջ մտնում է Աբրահամի ուխտի վերականգնումը (տես Աբրահամ 2․9–11, Սուրբ գրքերի ուղեցույց, «Աբրահամի ուխտ»)։
-
Եղիան հանձնեց կնքման զորության բանալիները (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Կնիք, կնքում»)։ Այս բանալիները շնորհում են այն իշխանությունը, որը թույլ է տալիս երկրի վրա կատարվող արարողությունները կապել հաջորդ կյանքում (տես Վարդապետություն և Ուխտեր 128.9–10)։
Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի յուրաքանչյուր անդամ այսօր կրում է քահանայության այդ բոլոր բանալիները։ Միայն Եկեղեցու Նախագահը՝ ավագ առաքյալն է լիազորված գործադրելու այս բոլոր բանալիները: Այս ղեկավարները կանչում և լիազորում են Եկեղեցու մյուս անդամներին օգտագործել Աստծո քահանայության իշխանությունն ու զորությունը՝ փրկության և վեհացման աշխատանքին օգնելու համար:
Քահանայության բանալիների մասին տեղեկություն իմանալու համար, տես 3.4.1։
3.2
Քահանայության օրհնությունները
Ուխտերի և քահանայության արարողությունների միջոցով Աստված մեծ օրհնություններ է հասանելի դարձնում Իր բոլոր զավակներին: Այս օրհնություններն են.
-
Մկրտությունը և անդամակցությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում։
-
Սուրբ Հոգու պարգևը:
-
Հաղորդության ընդունումը:
-
Եկեղեցու կոչումներում և հանձնարարություններում ծառայելու իշխանությունը և զորությունը:
-
Հայրապետական օրհնությունների և քահանայության մյուս օրհնությունների՝ բժշկման, մխիթարության և առաջնորդության ստացումը։
-
Աստծո զորությամբ տաճարում օժտում ստանալը։
-
Հավերժության համար ընտանիքի անդամների հետ կնքումը:
-
Հավերժական կյանքի խոստումը։
Աստծո զավակները կարող են ստանալ քահանայության այս օրհնությունները և ունենալ մեծ ուրախություն, երբ ապրեն Հիսուս Քրիստոսի ավետարանով:
3.3
Մելքիսեդեկյան քահանայություն և Ահարոնյան քահանայություն
Եկեղեցում քահանայությունը բաղկացած է երկու մասից՝ Մելքիսեդեկյան քահանայություն և Ահարոնյան քահանայություն (տես Վարդապետություն և Ուխտեր 107․1)։
3.3.1
Մելքիսեդեկյան քահանայություն
Մելքիսեդեկյան քահանայությունը «Սուրբ Քահանայություն է ըստ Աստծո Որդու Կարգի» (Վարդապետություն և Ուխտեր 107․3)։ Դա այն զորությունն է, որով Աստծո որդիները և դուստրերը կարող են դառնալ Նրա նման (տես Վարդապետություն և Ուխտեր 84․19–21, 132․19–20)։
«Մելքիսեդեկյան Քահանայությունը կրում է նախագահելու իրավունքը»։ Այն «զորություն ու իշխանություն ունի եկեղեցու բոլոր պաշտոնների վրա, աշխարհի բոլոր դարաշրջաններում, հոգևոր բաները ղեկավարելու համար» (Վարդապետություն և Ուխտեր 107․8): Այս իշխանության միջոցով Եկեղեցու ղեկավարներն առաջնորդում և սպասավորում են Եկեղեցու ամբողջ հոգևոր աշխատանքը (տես Վարդապետություն և Ուխտեր 107․18)։ «Եկեղեցու բոլոր մյուս իշխանությունները կամ պաշտոններն այդ քահանայության հավելումներն են» (Վարդապետություն և Ուխտեր 107․5)։
Եկեղեցու Նախագահը Մելքիսեդեկյան քահանայության նախագահող քահանայապետն է (տես Վարդապետություն և Ուխտեր 107․65–67)։ Ցցի նախագահը ցցի նախագահող քահանայապետն է (տես Վարդապետություն և Ուխտեր 107․8, 10, տես նաև այս ձեռնարկի գլուխ 5-ը)։ Եպիսկոպոսը ծխի նախագահող քահանայապետն է (տես Վարդապետություն և Ուխտեր 107․17, տես նաև այս ձեռնարկի գլուխ 7-ը)։
Մելքիսեդեկյան քահանայության պաշտոնների և պարտականությունների մասին տեղեկություն իմանալու համար, տես 8.1։
3.3.2
Ահարոնյան քահանայություն
Ահարոնյան քահանայությունը «հավելումն է … Մելքիսեդեկյան քահանայության» (Վարդապետություն և Ուխտեր 107․14)։ Այն կրում է հետևյալ բանալիները․
-
Հրեշտակների սպասավորության։
-
Ապաշխարության ավետարանի։
-
Արտաքին արարողությունների սպասավորության, ներառյալ՝ մեղքերի թողության համար մկրտությունը:
(Տես Վարդապետություն և Ուխտեր 13․1, 84․ 26-27, 107․20։)
Եպիսկոպոսը ծխի Ահարոնյան քահանայության նախագահն է (տես Վարդապետություն և Ուխտեր 107․15)։
Ահարոնյան քահանայության պաշտոնների և պարտականությունների մասին տեղեկություն իմանալու համար, տես 10.1.3։
3.4
Քահանայության Իշխանությունը
Քահանայության իշխանությունը Աստծուն ներկայացնելու և Նրա անունով գործելու լիազորությունն է: Եկեղեցում քահանայության ամբողջ իշխանությունը գործադրվում է քահանայության բանալիներ կրողների ղեկավարության ներքո:
Եկեղեցու արական սեռի արժանավոր անդամները ստանում են քահանայության իշխանություն՝ քահանայության շնորհման և քահանայության պաշտոնների ձեռնադրման միջոցով: Եկեղեցու բոլոր անդամները կարող են գործադրել պատվիրակված իշխանություն, երբ նրանք ձեռնադրվում կամ նշանակվում են՝ օժանդակելու Աստծո աշխատանքի իրականացմանը: Աստծո իշխանությունը գործադրելու համար անդամները հաշվետու են Աստծո և այն մարդկանց առաջ, ում Նա նշանակել է նախագահելու (տես 3.4.4)։
3.4.1
Քահանայության բանալիները
Քահանայության բանալիները քահանայության օգտագործումը ղեկավարելու իշխանությունն է՝ հանուն Աստծո զավակների։ Եկեղեցում քահանայության ամբողջ իշխանության օգտագործումը ղեկավարվում է նրանց կողմից, ովքեր կրում են քահանայության բանալիներ (տես Վարդապետություն և Ուխտեր 65․2)։
3.4.1.1
Նրանք, ովքեր կրում են քահանայության բանալիներ
Հիսուս Քրիստոսը կրում է քահանայության բոլոր բանալիները: Նրա ղեկավարության ներքո քահանայության բանալիները տրվում են տղամարդկանց՝ օգտագործելու հատուկ կոչումներում, որպեսզի կատարեն Աստծո աշխատանքը, ինչպես բացատրվում է ստորև:
Իր բոլոր Առաքյալներին Տերը շնորհել է երկրի վրա Աստծո արքայությանը պատկանող քահանայության բոլոր բանալիները: Ապրող ավագ առաքյալը, ով Եկեղեցու նախագահն է, միակ մարդն է, ով լիազորված է գործադրել քահանայության բոլոր բանալիները (տես Վարդապետություն և Ուխտեր 81․1–2, 107․64–67, 91–92, 132․7)։
Եկեղեցու նախագահի ղեկավարության ներքո քահանայության ղեկավարներին տրվում են բանալիներ, որպեսզի նրանք նախագահեն իրենց պարտականության շրջանակներում: Այդ ղեկավարներն են․
-
Ցցերի և շրջանների նախագահները։
-
Եպիսկոպոսները և ճյուղերի նախագահները։
-
Մելքիսեդեկյան և Ահարոնյան քահանայության քվորումների նախագահները։
-
Տաճարների նախագահները։
-
Միսիաների նախագահները և միսիոներական ուսուցման կենտրոնների նախագահները։
-
Եկեղեցու պատմական վայրերի նախագահները։
Այս ղեկավարները ստանում են քահանայության բանալիները, երբ ձեռնադրվում են իրենց կոչումներում:
Քահանայության բանալիները չեն տրվում ուրիշներին, ներառյալ՝ տեղական քահանայության ղեկավարների կամ Եկեղեցու կազմակերպությունների նախագահների խորհրդականներին: Փոխարենը՝ այս ղեկավարներին տրվում է պատվիրակված իշխանություն, երբ նրանք ձեռնադրվում և հանձնարարություններ են ստանում քահանայության բանալիներ կրողների կողմից: Եկեղեցու կազմակերպությունների նախագահները նախագահում են այն մարդկանց ղեկավարության ներքո, ովքեր կրում են քահանայության բանալիներ (տես 4.2.4)։
3.4.1.2
Տիրոջ աշխատանքի կարգը
Քահանայության բանալիներն ապահովում են, որ փրկության և վեհացման աշխատանքը կատարվի կանոնավոր կերպով (տես Վարդապետություն և Ուխտեր 42․11, 132․8)։ Նրանք, ովքեր կրում են քահանայության բանալիներ, Տիրոջ աշխատանքը ղեկավարում են իրենց պարտականության շրջանակներում: Նրանք դա անում են սիրով և արդարությամբ: Այդ նախագահող իշխանությունը գործում է միայն ղեկավարի կոչման հատուկ պարտականությունների համար: Երբ քահանայության ղեկավարներն ազատվում են իրենց կոչումներից, նրանք այլևս չեն կրում այդ բանալիները:
Բոլոր նրանք, ովքեր ծառայում են Եկեղեցում, ձեռնադրված կամ նշանակված են այն մարդու ղեկավարության ներքո, ով կրում է քահանայության բանալիները: Երբ անդամներին ձեռնադրում կամ նշանակում են ծառայության, Աստված լիազորում է նրանց ծառայել Իր աշխատանքում։
3.4.2
Քահանայության շնորհումը և կարգումը
Քահանայության բանալիներ կրողների ղեկավարության ներքո Եկեղեցու արժանավոր տղամարդկանց շնորհվում է Ահարոնյան քահանայությունը և Մելքիսեդեկյան քահանայությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 84․14–17)։ Համապատասխան քահանայություն շնորհելուց հետո այդ անձը կարգվում է տվյալ քահանայության պաշտոնում, ինչպիսիք են սարկավագը կամ երեցը: Քահանայություն կրող անձը քահանայությունը գործադրում է այդ պաշտոնի իրավունքների և պարտականությունների համաձայն (տես Վարդապետություն և Ուխտեր 107․99)։
Հիսուս Քրիստոսի Եկեղեցու յուրաքանչյուր տղամարդ պետք է ձգտի արժանի լինել, որպեսզի ուրիշներին ծառայելու համար ստանա և օգտագործի Մելքիսեդեկյան քահանայությունը։ Երբ տղամարդը ստանում է այս քահանայությունը, նա ուխտ է կապում իր քահանայության պարտականությունները հավատարմորեն կատարելու մասին: Նա Աստծուց ստանում է նաև հավերժական օրհնությունների երդում կամ խոստում (տես Վարդապետություն և Ուխտեր 84․33–44, տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց, «Քահանայության երդումը և ուխտը»)։
Քահանայության շնորհման և կարգման մասին լրացուցիչ տեղեկություն իմանալու համար, տես 8.1.1, 10.6, 18.10, և 38.2.5։
3.4.3
Քահանայության իշխանության պատվիրակումը Եկեղեցում ծառայելու համար
Եկեղեցում ծառայելու համար քահանայության իշխանությունը պատվիրակվում է անդամներին հետևյալ եղանակներով․
-
Ձեռնադրելով Եկեղեցու կոչման մեջ
-
Եկեղեցու նախագահող ղեկավարների կողմից՝ հանձնարարության միջոցով
3.4.3.1
Ձեռնադրում
Երբ տղամարդիկ ու կանայք ձեռնադրվում են քահանայության բանալիներ կրող անձանց ղեկավարության ներքո, Աստծո կողմից նրանց տրվում է այդ կոչման մեջ գործելու իշխանություն։ Երբ նրանք ազատվում են իրենց կոչումներից, նրանք այլևս չեն կրում այդ կոչման մեջ գործելու իշխանությունը։
Որոշ կոչումներ առնչվում են քահանայության պաշտոններին և քվորումներին: Օրինակ՝ այն անձը, ով ունի Մելքիսեդեկյան քահանայություն, կարող է կանչվել երեցների քվորումի նախագահ: Երբ նա ձեռնադրվում է ցցի նախագահի կողմից, նրան տրվում են քահանայության բանալիներ, իշխանություն և պարտականություն՝ երեցների քվորումի աշխատանքը ղեկավարելու համար (տես 3.4.1)։
Եկեղեցու շատ այլ կոչումներ չեն առնչվում քահանայության պաշտոններին և քվորումներին: Սակայն Եկեղեցու բոլոր ձեռնադրված անդամներին տրված է աստվածային իշխանություն և պատասխանատվություն՝ գործելու իրենց կոչումներում: Օրինակ.
-
Կինը, ով կանչվել և ձեռնադրվել է Եպիսկոպոսի կողմից որպես ծխի Սփոփող միության նախագահ, իշխանություն է ստանում ղեկավարել Սփոփող միության աշխատանքը ծխում:
-
Տղամարդը կամ կինը, ով կանչվել և ձեռնադրվել է եպիսկոպոսության անդամի կողմից որպես ծխի Երեխաների միության ուսուցիչ, իշխանություն է ստանում ուսուցանել Երեխաների միության երեխաներին ծխում:
Բոլոր նրանք, ովքեր կանչվում և ձեռնադրվում են, ծառայում են այն մարդկանց ղեկավարության ներքո, ովքեր նախագահում են իրենց վրա (տես 3.4.1.2)։
Եկեղեցու կոչումներում անդամներին ձեռնադրելու մասին լրացուցիչ տեղեկություն իմանալու համար, տես 18.11։
3.4.3.2
Հանձնարարություն
Եկեղեցու նախագահող ղեկավարներն իշխանությունը կարող են պատվիրակել հանձնարարության միջոցով։ Երբ տղամարդիկ ու կանայք ստանում են այս հանձնարարությունները, Աստծո կողմից նրանց տրվում է գործելու իշխանություն։ Օրինակ.
-
Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը իշխանությունը պատվիրակում են յոթանասունականներին, ում հանձնարարված է կառավարել տարածքները և նախագահել ցցերի համաժողովներում:
-
Միսիաների նախագահները իշխանությունը պատվիրակում են միսիոներ տղաներին ու աղջիկներին, ում հանձնարարված է ղեկավարել և ուսուցանել այլ միսիոներների:
-
Իշխանությունը պատվիրակվում է Եկեղեցու անդամներին՝ ծառայելու որպես սպասավորող եղբայրներ և սպասավորող քույրեր: Դա տեղի է ունենում, երբ եպիսկոպոսի ղեկավարության ներքո Երեցների քվորումի նախագահը կամ Սփոփող միության նախագահը տալիս են նրանց այդ հանձնարարությունները:
Հանձնարարությամբ պատվիրակված իշխանությունը սահմանափակվում է հանձնարարության հատուկ պարտականություններով և տևողությամբ:
Հանձնարարության միջոցով պատվիրակման մասին լրացուցիչ տեղեկություն իմանալու համար, տես 4.2.5։
3.4.4
Արդար գործադրել քահանայության իշխանությունը
Եկեղեցու ղեկավարներն ու անդամները շնորհված կամ պատվիրակված քահանայության իշխանությունն օգտագործում են ուրիշների կյանքն օրհնելու համար:
Այս իշխանությունը կարող է օգտագործվել միայն արդարությամբ (տես Վարդապետություն և Ուխտեր 121․36)։ Այն գործադրվում է համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ, հեզությամբ, սիրով և բարությամբ (տես Վարդապետություն և Ուխտեր 121․41–42)։ Ղեկավարներն ուրիշ մարդկանց հետ խորհրդակցում են միասնության ոգով և հայտնության միջոցով փնտրում են Տիրոջ կամքը (տես Վարդապետություն և Ուխտեր 41․2)։ Ուրիշների հետ խորհրդակցելու մասին տեղեկություն իմանալու համար, տես 4.4.3։
Նրանք, ովքեր գործադրում են քահանայության իշխանությունը, իրենց կամքը չեն պարտադրում ուրիշներին: Նրանք դա չեն օգտագործում եսասիրական նպատակներով: Եթե ինչ-որ մեկն անիրավությամբ է օգտագործում դա, ապա «երկինքները ետ են քաշվում [և] Տիրոջ Հոգին տրտմում է» (Վարդապետություն և Ուխտեր 121․37)։
Եկեղեցու որոշ կոչումներ ներառում են նախագահելու պարտականություն։ Եկեղեցում նախագահելու մասին տեղեկություն իմանալու համար, տես 4.2.4։
3.5
Քահանայության զորությունը
Քահանայության զորությունն այն զորությունն է, որով Աստված օրհնում է Իր զավակներին։ Երբ Եկեղեցու բոլոր անդամները՝ կանայք և տղամարդիկ, պահում են Աստծո հետ կապած իրենց ուխտերը, Աստծո քահանայության զորությունը հոսում է նրանց կյանք։ Անդամները կապում են այս ուխտերը, երբ ստանում են քահանայության արարողությունները: (Տես Վարդապետություն և Ուխտեր 84․19–20։)
Քահանայության զորության օրհնությունները, որոնք անդամները կարող են ստանալ, ներառում են.
-
Առաջնորդություն իրենց կյանքում։
-
Ոգեշնչում այն մասին, թե ինչպես ծառայել ընտանիքի անդամներին և այլոց:
-
Մարտահրավերները դիմակայելու և հաղթահարելու ուժ։
-
Հոգու պարգևներ՝ իրենց ունակությունները մեծարելու համար։
-
Հայտնություն այն մասին, թե ինչպես կատարել այն աշխատանքը, որին նրանց կարգել, ձեռնադրել կամ հանձնարարել են:
-
Հիսուս Քրիստոսին և Երկնային Հորն ավելի նմանվելու օգնություն և ուժ։
3.5.1
Ուխտեր
Ուխտը սրբազան խոստում է Աստծո և Նրա զավակների միջև: Աստված սահմանում է ուխտի պայմանները, իսկ Նրա զավակները համաձայնվում են հնազանդվել այդ պայմաններին: Աստված խոստանում է օրհնել Իր զավակներին, եթե նրանք պահեն ուխտը։
Անդամներն ուխտեր են կապում Աստծո հետ, երբ ստանում են փրկության և վեհացման արարողությունները (տես 18.1)։ Բոլոր նրանք, ովքեր իրենց ուխտերը կպահեն մինչև վերջ, կստանան հավերժական կյանք (տես 2 Նեփի 31․17–20, Վարդապետություն և Ուխտեր 14․7)։ Մինչև վերջ համբերելու համար անհրաժեշտ է հավատք գործադրել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ և ամեն օր ապաշխարել:
Ծնողները, Եկեղեցու ղեկավարները և այլք օգնում են անհատներին պատրաստվել ուխտեր կապել, երբ նրանք ստանում են ավետարանի արարողությունները: Նրանք համոզվում են, որ այդ անձը հասկանում է ուխտը, որը նա կապելու է։ Երբ այդ անձը կապում է ուխտը, նրանք օգնում են նրան պահել դա։ (Տես Մոսիա 18․8–11, 23–26։)
3.5.2
Արարողություններ
Արարողությունը սրբազան գործողություն է, որը կատարվում է քահանայության իշխանությամբ։ Արարողությունները միշտ եղել են Հիսուս Քրիստոսի ավետարանի մի մասը: Երկրի վրա առաջին արարողությունները կատարվել են Ադամի և Եվայի օրոք (տես Ծննդոց 1․28, Մովսես 6․64–65)։
Բազմաթիվ արարողություններում անհատներն ուխտեր են կապում Աստծո հետ: Օրինակները ներառում են մկրտությունը, հաղորդությունը, օժտումը և ամուսնության կնքման արարողությունը: Մնացած արարողություններում, ինչպիսիք են հայրապետական օրհնությունները կամ հիվանդներին օրհնություն տալը, անհատներն ուխտեր չեն կապում, բայց նրանք առաջնորդություն և ուժ են ստանում ուխտերը պահելու համար:
Արարողություններն ունեն խորհրդանշական նշանակություն, որոնք անհատներին ուղղորդում են դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը: Ուխտեր պարունակող արարողություններում խորհրդանշաններն օգնում են անհատներին հասկանալ իրենց տված խոստումները և օրհնությունները, որոնք նրանք ստանում են իրենց հավատարմության միջոցով:
Յուրաքանչյուր արարողություն թույլ է տալիս անհատներին ստանալ հոգևոր հարուստ օրհնություններ: Տերը հայտնել է, որ «[քահանայության] արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը» (Վարդապետություն և Ուխտեր 84․20)։ Փրկության և վեհացման արարողությունները կարևոր են հավերժական կյանքի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար, տես 18.1։
Ապրող մարդիկ փրկության և վեհացման արարողություններն ինքնուրույն են ստանում: Հնարավորության դեպքում նրանք վերադառնում են տաճար, որպեսզի հանդես գան փոխանորդ և կատարեն այս արարողությունները մահացածների համար։ Մահացածների համար արարողություններ կատարելու մասին լրացուցիչ տեղեկություն իմանալու համար, տես գլուխ 28։
3.6
Քահանայությունը և տունը
Եկեղեցու բոլոր անդամները, ովքեր պահում են իրենց ուխտերը, լինեն՝ կանայք, տղամարդիկ, թե երեխաներ, օրհնված են իրենց տներում Աստծո քահանայության զորությամբ, որպեսզի ամրացնեն իրենց և իրենց ընտանիքները (տես 3.5)։ Այս զորությունը կօգնի անդամներին կատարել Աստծո փրկության և վեհացման աշխատանքն իրենց կյանքում և իրենց ընտանիքներում (տես 2.2)։
Տղամարդիկ, ովքեր կրում են Մելքիսեդեկյան քահանայություն, կարող են քահանայության օրհնություններ տալ ընտանիքի անդամներին՝ առաջնորդելու, բժշկելու և մխիթարելու համար։ Անհրաժեշտության դեպքում Եկեղեցու անդամները կարող են այդ օրհնությունները ստանալ նաև հարազատներից, սպասավորող եղբայրներից կամ Եկեղեցու տեղական ղեկավարներից: Քահանայության օրհնությունների մասին լրացուցիչ տեղեկություն իմանալու համար, տես 18.13 և 18.14։
Ընտանիքում նախագահելու մասին տեղեկություն իմանալու համար, տես 2.1.3։