Ա Թեսաղոնիկեցիներին 4-5
Այն ժամը, երբ Քրիստոսը երկիր կվերադառնա
Ի՞նչ հարցեր կամ մտքեր եք ունենում, երբ մտածում եք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին: Թեսաղոնիկեցիներին ուղղված իր առաջին նամակի գլուխներ 4-5-ում Պողոս առաքյալն ուսուցանել է կարևոր մանրամասներ Փրկչի Երկրորդ Գալուստի և այն մասին, թե մենք ինչպես կարող ենք պատրաստվել դրան: Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ, թե ինչ է տեղի ունենալու, և դուք ինչպես կարող եք պատրաստվել այն ժամանակին, երբ Հիսուս Քրիստոսը երկիր վերադառնա:
Հարցեր Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին
Մի պահ նայեք նկարին և մտածեք, թե ինչպես կպատասխանեիք հետևյալ հարցերին․
-
Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին:
-
Ի՞նչ չգիտեք:
Թեսաղոնիկեցի Սրբերը նաև հարցեր ունեին Փրկչի Երկրորդ Գալուստի վերաբերյալ: Հիմնվելով այս գլուխներում ներկայացված Պողոսի ուսմունքների վրա՝ նրանք կարող են տալ նմանատիպ հարցեր. «Ե՞րբ են հարություն առնելու մեր մահացած բարեկամները», «Ե՞րբ է տեղի ունենալու Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը» կամ «Մենք ինչպե՞ս կարող ենք պատրաստվել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին»: Հավանաբար դուք ունեցել եք նմանատիպ հարցեր: Հետևյալ ուսումնական վարժությունները անդրադառնում են այդ հարցերին:
Վարժություն 1. Ի՞նչ է կատարվելու ողջերի և մահացածների հետ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի ժամանակ
Կարդացեք Ա Թեսաղոնիկեցիներին 4.13-18 հատվածները՝ փնտրելով գաղափարներ այն մասին, թե ինչ է կատարվելու արդար մարդկանց հետ, երբ Հիսուսը կրկին վերադառնա: Ուշադրություն դարձրեք, թե ինչ կլինի նրանց հետ, ովքեր մահացել են, և նրանց, ովքեր դեռ ապրում են Երկրորդ Գալուստի ժամանակ: (Այս հատվածներում նշվող «ննջեցյալներ» բառը վերաբերում է մահացածներին): Օգտակար կլինի կարդալ Ա Թեսաղոնիկեցիներին 4.15, 17 հատվածների Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը (հատված 15, ծանոթագրություն ա և հատված 17, ծանոթագրություն ա):
-
Ի՞նչն ամենաշատը տպավորեց ձեզ այս հատվածներում։
Այնուհետև կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.96-98 հատվածները՝ փնտրելով լրացուցիչ գաղափարներ այս իրադարձություններ մասին: (Կարող եք կարդալ նաև 99-101 հատվածները և իմանալ, թե ինչ է կատարվելու այն մարդկանց հետ, որոնք չեն ընդունել Հիսուս Քրիստոսին այս կյանքում):
-
Ի՞նչ նոր գաղափարներ ձեռք բերեցիք:
Բացահայտված ճշմարտություններից մեկը կարող է լինել հետևյալը. Հավատարիմ Սրբերը, որոնք մահացել են Երկրորդ Գալուստից առաջ, հարություն կառնեն, երբ Քրիստոսը կրկին գա:
«Հափշտակվել» բառը (Ա Թեսաղոնիկեցիներին 4.17) վերաբերում է արդարներին, որոնք կմիավորվեն՝ Իր Երկրորդ Գալուստի ժամանակ Փրկչին դիմավորելու համար: Քրիստոնյաներից շատերը օգտագործում են հափշտակում բառը, երբ խոսում են այդ ժամանակի մասին:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենը հետևյալն է ասել այս սրբազան իրադարձության մասին.
Ոչինչ այնքան չի մեծացնում Քրիստոսի մասին խոսելու իմ ցանկությունը, որքան Նրա վերադարձը պատկերացնելը: Չնայած մենք չգիտենք, թե Նա երբ է գալու, Նրա վերադարձի իրադարձությունները ցնցող կլինեն: Նա կգա երկնքի ամպերի մեջ՝ վեհությամբ ու փառքով, Իր բոլոր սուրբ հրեշտակներով: Ոչ թե մի քանի հրեշտակ, այլ Նրա բոլոր սուրբ հրեշտակները: Մենք չենք խոսում Ռաֆայելի նկարած վարդագույն այտերով քերովբեների մասին, որոնք կան «Վալենտինի» օրվա քարտերի վրա: Սրանք դարերի հրեշտակներն են. հրեշտակներ, որոնք ուղարկվել են՝ առյուծների բերանը փակելու և բանտի դռները բացելու համար, ազդարարելու Նրա երկար սպասված ծնունդը, սփոփելու Նրան Գեթսեմանիում, հավաստիացնելու Իր աշակերտներին Նրա Համբարձման ժամանակ, և բացելու ավետարանի փառահեղ վերականգնումը:
Կարո՞ղ եք պատկերացնել, որ մենք «կհափշտակվեն[ք] վեր, որ դիմավորեն[ք]» Նրան` վարագույրի այս կամ այն կողմում: Դա Նրա խոստումն է արդարներին: Այդ ապշեցուցիչ փորձառությունը հավերժ ազդեցություն կթողնի մեր հոգիների վրա:
(Նիլ Լ. Անդերսեն, «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին», Լիահոնա, նոյեմբեր 2020, 91)
Եթե դուք ընտրել եք այս վարժությունը, գրեք ձեր պատասխանները հետևյալ հարցերին.
Մի պահ պատկերացրեք, թե ինչ է նշանակում Փրկչի Գալուստի ժամանակ ընդգրկվել արդարների կազմում:
-
Ի՞նչ մտքեր կամ զգացմունքներ կունենայիք այդ օրը: Ի՞նչ եք զգում, երբ պատկերացնում եք, որ Փրկիչը կարող է ցանկանալ, որ դուք Իրեն միանաք Իր Գալուստի ժամանակ: Այդ ապագայի պատկերացումն ինչպե՞ս է ազդում ձեր ներկայի վրա:
Ա Թեսաղոնիկեցիներին 4.18 հատվածում Պողոսը հորդորում է Սրբերին՝ «միմյանց մխիթարեք այս խոսքերով»:
-
Ինչպե՞ս են ձեզ մխիթարում Պողոսի խոսքերը: Դրանք ինչպե՞ս կարող են մխիթարել ձեզ ապագայի հանգամանքներում, որոնց դուք կբախվեք:
Վարժություն 2. Ե՞րբ է տեղի ունենալու Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը
Դուք երբևէ մտածե՞լ եք, թե երբ է տեղի ունենալու Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը, կամ՝ արդյոք պատրա՞ստ եք դրան: Թեսաղոնիկեցի Սրբերը ունեին նմանատիպ հարցեր:
Կարդացեք Ա Թեսաղոնիկեցիս 5.1-3 հատվածները և փնտրեք, թե Պողոսն ինչպիսի փոխաբերություններ էր օգտագործում՝ Հիսուսի վերադարձը նկարագրելու համար:
-
Դուք ի՞նչ գտաք:
-
Պողոսի՝ գիշերվա գողի և ծննդաբերող կնոջ մասին փոխաբերությունները ձեզ ի՞նչ են ուսուցանում Փրկչի Երկրորդ Գալուստի մասին:
Կարդացեք Ա Թեսաղոնիկեցիս 5.4-6 հատվածները և փնտրեք, թե Պողոսն ինչ ճշմարտություններ էր ուսուցանում Երկրորդ Գալուստին պատրաստ լինելու մասին: Համեմատեք այս ուսմունքները Վարդապետություն և Ուխտեր 106․4-5 հատվածների հետ:
-
Ի՞նչ նոր գաղափարներ ձեռք բերեցիք։
Պողոսի ուսմունքներից մենք կարող ենք սովորել հետևյալ ճշմարտությունը. եթե մենք ձգտենք լինել «լույսի զավակներ»՝ հետևելով Հիսուս Քրիստոսին, մենք պատրաստ կլինենք Նրա Երկրորդ Գալուստին:
Եթե դուք ընտրել եք այս վարժությունը, գրեք ձեզ ցուցակը՝ ինչպես հրահանգված է հաջորդ պարբերությունում:
Եթե ցանկանում եք ավելին իմանալ այն մասին, թե Տերն ինչպես է մեզ հրավիրում լույսի զավակներ դառնալ, կարդացեք 3 Նեփի 18.24, Վարդապետություն և Ուխտեր 50.23–25, 88.67–68 հատվածները: Ձեր օրագրում նշեք, թե ինչ եք գտել, որն օգնում է ձեզ հասկանալ, թե ինչպես լինել լույսի զավակ:
-
Ինչպե՞ս եք Տիրոջ լույսը ձեր կյանք հրավիրում: Ինչպե՞ս կարող եք ավելի շատ Նրա լույսից ձեր կյանք հրավիրել:
Վարժություն 3. Ինչպե՞ս կարող ենք պատրաստվել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին
Պողոսն ավարտեց թեսաղոնիկեցիներին ուղղված իր առաջին նամակը մի խորհրդով այն մասին, թե Սրբերն ինչպես կարող էին ավելի լավ պատրաստվել Փրկչի Երկրորդ Գալուստին:
Կարդացեք Ա Թեսաղոնիկեցիներին 5.14-22 հատվածները և տեսեք, թե ինչ գաղափարներ եք ձեռք բերում պատրաստ լինելու մասին: Բաց եղեք մտքերի համար, թե հատկապես որ ուսմունքները կարող են օգտակար լինել ձեզ համար:
Եթե դուք ընտրել եք այս վարժությունը, պատասխանեք հետևյալ հարցերին և գրի առեք խաչաձև հղումները:
-
Այդ ուսմունքներից որո՞նք են հատկապես նշանակալից ձեզ համար: Ինչո՞ւ։
Գտեք մեկ կամ երկու սուրբ գրություն, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ ընտրված ուսմունքը: (Դուք կարող եք օգտվել ծանոթագրություններից, Սուրբ գրքերի ուղեցույցի կամ Թեմատիկ ուղեցույցի թեմաներից՝ համապատասխան սուրբ գրությունը գտնելու համար):
-
Հիսուս Քրիստոսն ինչպես է օգնել կամ ինչպես կօգնի ձեզ պատրաստ լինել Իր Երկրորդ Գալուստին: Ի՞նչ կարող եք սովորել Նրա մասին այդ հատվածից:
Խորհեք այսօր սովորած ճշմարտությունների մասին, ինչպես նաև այն գործողությունների մասին, որոնք կարող են օգնել ձեզ ավելի պատրաստ և ոգևորված լինել՝ Փրկչին դիմավորելու համար: Ձեր մտքերը գրանցեք ձեր օրագրում:
Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ա Թեսաղոնիկեցիներին 5.2 Ինչպե՞ս կարող է Փրկչի Երկրորդ Գալուստի ժամանակը համեմատվել գիշերային գողի հետ
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Բրյուս Ռ. Մակքոնքին (1915–-85) բացատրել է, որ գիշերային գողը սովորաբար գալիս է «հանկարծակի և առանց զգուշացման» (Doctrinal New Testament Commentary [1973], 3:54): Այս համեմատությունը հուշում է, որ Փրկչի Երկրորդ Գալուստը անակնկալ է դառնալու որոշ մարդկանց համար:
Ա Թեսաղոնիկեցիներ 5․21 Պողոսն ի՞նչ նկատի ուներ, երբ ասաց. «Ամեն բան քննեք. բարին ամուր պահեք»
Պողոսն առաջարկեց թեսաղոնիկեցի Սրբերին «փորձել ամեն բան»՝ այսինքն քննել կամ փորձել դրանք՝ հասկանալու համար՝ դրանք բարի են, թե չար: Նա նաև առաջարկեց «բարին ամուր պահեք»: Մենք՝ որպես Եկեղեցու անդամներ, ոչ միայն սովորում ենք ավետարանը, այլև խորհում ենք, աղոթում ենք և հասկանում ենք այն (տես 3 Նեփի 17.1–3, Վարդապետություն և Ուխտեր 68.25–26): Այնուհետև մենք պետք է ամուր և հավատարմությամբ պահենք այն բարին, որը հասկացել ենք: