Վարդապետության սերտում. Ա Պետրոս 4.6
«Մեռելներին ևս ավետարանվեց»
Ա Պետրոս 4 գլխից դուք սովորեցիք, որ Փրկիչը միսիոներական աշխատանք տարավ նաև հոգևոր աշխարհում, որպեսզի Երկնային Հոր բոլոր զավակները փրկվելու հնարավորություն ունենան: Այս դասը կարող է օգնել ձեզ մտապահել վարդապետության սերտման հղումը և հիմնական արտահայտությունը Ա Պետրոս 4.6 հատվածի համար: Այն նաև կարող է օգնել ձեզ բացատրել այդ հատվածում ուսուցանվող վարդապետությունը: Այնուհետև դուք հնարավորություն կունենաք կիրառել այդ վարդապետությունը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական սցենարում:
Մտապահեք և բացատրեք
Նկարեք փրկության ծրագրի գծապատկերը:
Թերթիկի վրա գրեք վարդապետության սերտման հղումը և հիմնական արտահայտությունը «Ա Պետրոս 4.6. Մեռելներին ևս ավետարանվեց»: Ջնջեք կամ փակեք երեքից չորս բառ կամ թիվ և փորձեք անգիր կրկնել հղումը և հիմնական արտահայտությունը: Կրկնեք այս գործընթացը, մինչև կարողանաք անգիր կրկնել հղումը և հիմնական արտահայտությունը:
Գործնական կիրառում
Նախորդ դասին Ա Պետրոս 4.6 հատվածից դուք սովորեցիք հետևյալ ճշմարտությունը. Ավետարանը քարոզվում է մեռելներին, որպեսզի նրանք ունենան նույն հնարավորությունները, ինչպիսիք ունեն նրանք, ովքեր լսում են ավետարանը մահկանացու կյանքի ընթացքում:
Օգտագործեք հետևյալ սցենարը՝ այս ճշմարտությունը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կիրառելու համար:
Սցենար. մաս 1
Պատկերացրեք, որ դուք ունեք Ջեյսոն անունով մի ընկեր, որը հանդիպում է միսիոներների հետ: Ջեյսոնը ցանկություն է հայտնում ձեզ հետ գալ սեմինարիայի՝ ավետարանի մասին ավելին սովորելու համար: Սեմինարիայի առաջին օրը ձեր ուսուցիչը խնդրում է դասարանին զուգընկերոջ հետ կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Ջեյսոնը հարցնում է ձեզ. «Որո՞նք են հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները»:
-
Ինչպե՞ս կներկայացնեիք Ջեյսոնին հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: («Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնից կրկնեք պարբերություններ 5–12 Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022), եթե օգնության կարիք ունեք այս հարցին պատասխանելու համար):
Սցենար. մաս 2
Այդ շաբաթվա վերջում Ջեյսոնը և միսիոներները հանդիպում են ձեր տանը: Դուք օգնում եք միսիոներներին ուսուցանել ավետարանի առաջին սկզբունքների և արարողություններ մասին, այդ թվում՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի և մեղքերի թողության համար ընկղմումով մկրտության մասին: Միսիոներները օգտագործում են Հովհաննես 3.5 հատվածը՝ ուսուցանելով, որ համապատասխան քահանայության իշխանության միջոցով կատարված մկրտությունը անհրաժեշտ է երկնային արքայությունում փրկվելու համար: Ջեյսոնը մտածում է դրա մասին և մի փոքր տխրում: Միսիոներներից մեկը հարցնում է, թե նա ինչու է տխուր, իսկ Ջեյսոնը պատասխանում է. «Իմ պապիկը երբևէ չէր մկրտվել, բայց նա շատ լավ մարդ էր և միշտ ասում էր, որ ցանկանում է լավ կյանք ապրել, ուստի նա կարող էր երկինք գնալ: Արդյոք նա կգնա՞»: Դուք լուռ աղոթում եք՝ հարցնելով Երկնային Հորը, թե ինչպես կարող եք օգնել Ջեյսոնին: Ձեր միտքն է գալիս մի գաղափար՝ օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և Ա Պետրոս 4.6 հատվածում ուսուցանվող վարդապետությունը: