Մատթեոս 2․11–23
«Եւ երազում հրաման առան [Աստծուց]»
Երբ մոգերը իրենց նվերները տվեցին մանուկ Քրիստոսին, Տերը նրանց նախազգուշացրեց չվերադառնալ Հերովդեսի մոտ: Երազում մի հրեշտակ եկավ Հովսեփի մոտ և ասաց, որ ընտանիքը տանի Եգիպտոս: Այս նախազգուշացումները մանուկ Հիսուսին փրկեցին Հերովդեսի հրամանից՝ սպանել մինչև երկու տարեկան բոլոր մանուկներին Բեթլեհեմի մոտակայքում: Հերովդեսի մահից հետո Տերը կարգադրեց Հովսեփին վերադառնալ Իսրայել: Ճիշտ ինչպես Տերը հայտնությամբ օրհնեց մոգերին, Հովսեփին և Մարիամին, Նա ցանկանում է ձեզ նույնպես օրհնել հայտնությամբ: Այս դասի ժամանակ դուք կբացահայտեք, թե Տերը ինչպես կարող է հաղորդակցվել ձեզ հետ: Ձեզ նաև կխնդրեն փնտրել այս հաղորդակցությունը ձեր կյանքում:
Տերը նախազգուշացնում է մոգերին և Հովսեփին
Մտածեք, թե Երկնային Հայրն ինչպես է հաղորդակցվել ձեզ հետ ձեր կյանքի ընթացքում և պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս եք հասկանում, որ Տերը հաղորդակցվում է ձեզ հետ:
-
Ի՞նչ ուղիներով է Աստված ձեզ հայտնություն կամ ուղղորդում տվել:
-
Կյանքի ո՞ր ոլորտներում եք ամենից շատ զգում Երկնային Հոր առաջնորդության և ուղղորդման կարիքը:
Մատթեոս 2 գլուխն ուսումնասիրելիս դուք հնարավորություն կունենաք սովորել, թե ինչպես առաջնորդություն և ուղղորդում ստանալ Երկնային Հորից:
Երբ ծնվեց Փրկիչը, Հրեաստանի թագավորը Հերովդես Մեծն էր: Նա ամբարիշտ մարդ էր: Երբ նա հանդիպեց մոգերի հետ, նրանց խնդրեց վերադառնալ և տեղեկացնել իրեն, թե ինչ են բացահայտել մանուկ Քրիստոսի մասին (տես Մատթեոս 2.8): Քանի որ Հերովդեսը չար մարդ էր, Աստված նախազգուշացրեց մոգերին և հրեշտակ ուղարկեց՝ Հովսեփին երազում նախազգուշացնելու համար:
Երբ ուսումնասիրեք սուրբ գրությունները, կարևոր է կարողանալ սկզբունքներ բացահայտել: Սկզբունքը հավերժական ճշմարտություն է, որը կարող է ձեզ հեռանկար ապահովել և օգնել որոշումներ կայացնելիս: Մենք հաճախ կարող ենք սկզբունքներ բացահայտել՝ նմանատիպ հարցերի պատասխանելիս․
-
Ձեր կարծիքով, ո՞րն է այս պատմության իմաստը:
-
Ձեր կարծիքով, հեղինակն ինչո՞ւ է այս իրադարձություններն ու հատվածները ընդգրկել իր գրանցումներում:
-
Ըստ հեղինակի, մենք ի՞նչ դասեր պետք է սովորենք այդ հատվածներից:
Ընտրեք և պատասխանեք վերոնշված հարցերից մեկին՝ Մատթեոս 2.11-16 հատվածների շուրջ խորհելիս:
1.
-
Ի՞նչ սկզբունք բացահայտեցիք Մատթեոս 2.11-16 հատվածներում:
-
Ինչպե՞ս կարող է ձեր բացահայտած սկզբունքն օգնել ձեզ՝ կյանքում որոշումներ կայացնելիս:
Տերը կնախազգուշացնի մեզ
Մատթեոս 2.11-16 հատվածներում դուք կարող եք բացահայտել Տիրոջից նախազգուշացում ստանալու մասին մի սկզբունք: Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Բոյդ Ք. Փաքերը (1924-2015) խոստում է տվել Սուրբ Հոգու միջոցով նախազգուշացումներ ստանալու վերաբերյալ․
Հասկանալի է, որ ձեր կյանքը չի լինի առանց սխալների, սակայն, եթե մեծ սխալի առաջ կանգնեք, Սուրբ Հոգին կնախազգուշացնի ձեզ դրա մասին: Այս խոստումը վերաբերում է Եկեղեցու բոլոր անդամներին:
(Բոյդ Ք․ Փաքեր, «Խորհուրդ երիտասարդներին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 18):
Մտածեք հետևյալ հարցերի շուրջ.
-
Սուրբ Հոգու միջոցով մեզ նախազգուշացնելու Երկնային Հոր ցանկությունը ի՞նչ է մեզ հուշում Նրա բնույթի և բնավորության մասին:
-
Արձագանքելով Սուրբ Հոգու հուշումներին և նախազգուշացումներին, ինչպե՞ս կարող եք օգնել ձեզ հիմա և ապագայում:
Հովսեփը, Մարիամն ու Հիսուսը վերադառնում են Եգիպտոսից
Մատթեոս 2.19-23 հատվածներում մենք կարդում ենք, որ երբ Հերովդեսը մահացավ, Տերը մեկ այլ ուղերձ ուղարկեց Հովսեփին, երբ նա, Մարիամը և Հիսուսը Եգիպտոսում էին: Հովսեփի հետ այս հաղորդակցումից մենք սովորում ենք, որ եթե մենք պատրաստակամորեն լսենք և հնազանդվենք, մենք կարող ենք հայտնություն և առաջնորդություն ստանալ:
Կարդացեք Մատթեոս 2.19-23 հատվածները՝ փնտրելով այս սկզբունքն ուսուցանող մանրամասները:
Մատթեոս 2 հատվածում Աստված մոգերի և Հովսեփի հետ հաղորդակցվեց երազների և հրեշտակների այցերի միջոցով: Երկնային Հայրը կարող է հաղորդակցվել Իր զավակների հետ բազմաթիվ այլ ձևերով, այդ թվում՝ Սուրբ Հոգու ոգեշնչման և հայտնության միջոցով: Տանը և սեմինարիայում ավետարանն ուսումնասիրելիս ուշադիր եղեք, թե ինչ եք սովորում սուրբ գրություններից, և Երկնային Հայրն ինչ է ուսուցանում ձեզ Սուրբ Հոգու միջոցով: Ավետարանի ձեր ուսումնասիրությունը կարող է ավելի խորը և անձնական լինել, եթե լսեք, թե Աստված ինչ է ուսուցանում ձեզ Սուրբ Հոգու միջոցով:
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երկուսին.
2.
-
Ի՞նչ ուղիներով է Տերը հաղորդակցվում մեզ հետ:
-
Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, երբ Սուրբ Հոգին նախազգուշացրել կամ առաջնորդել է ձեզ: Այդ փորձառություններն ինչպե՞ս ազդեցին ձեր կյանքի վրա:
-
Եթե ուսումնասիրելիս լսեիք Փրկիչի ձայնը, որը խոսում է ձեզ հետ Սուրբ Հոգու միջոցով, դա ինչպե՞ս կազդեր սեմինարիայի ձեր փորձառության վրա:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անեք, որ ավելի ընկալունակ դառնաք այն առաջնորդության և հայտնության հանդեպ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են ձեզ հաղորդել Սուրբ Հոգու միջոցով:
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին օգնել ինձ
Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է.
Սուրբ Հոգու ընկերակցությունը լավն ավելի գրավիչ է դարձնում, իսկ գայթակղությունը՝ պակաս գերող: Միայն դա պետք է որ բավարար լինի, որպեսզի մենք վճռական տրամադրվենք և արժանավոր դառնանք, որ Հոգին միշտ մեզ հետ լինի:
(Հենրի Բ. Այրինգ, «Սուրբ Հոգին որպես ձեր ուղեկից», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 104)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա․ Ռասբանդն ուսուցանել է.
Մեր Երկնային Հայրը գիտեր, որ մահկանացու կյանքում մենք բախվելու էինք մարտահրավերների, նեղությունների և խառնաշփոթի: Նա գիտեր, որ մենք գոտեմարտելու ենք հարցերի, հիասթափությունների, գայթակղությունների և թուլությունների հետ: Մեզ մահկանացու ուժ և աստվածային առաջնորդություն տալու համար Նա տվել է Սուրբ Հոգին՝ մեկ այլ անուն Հոգու համար:
(Ռոնալդ Ա. Ռասբանդ, «Թող Սուրբ Հոգին առաջնորդի», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 93)
Ինչպե՞ս կարող եմ հասկանալ, թե երբ է Տերը խոսում ինձ հետ
Դուք կարող եք լսել օրինակներ, թե ինչպես են տարբեր մարդիկ հայտնություն ստացել, դիտելով «Ստանալ հայտնություն» տեսաֆիլմը (4:17), որը կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում:
Եթե ցանկանում եք ավելին իմանալ այն մասին, թե ինչպես է Սուրբ Հոգին խոսում ձեզ հետ, կարող եք կարդալ «Ութ եղանակ, որոնցով Աստված կարող է խոսել մեզ հետ» ուղերձը, հեղինակ՝ Դալլին Հ. Օուքս՝ Առաջին Նախագահությունից (New Era, սեպտեմբեր 2004, 4-8):
Ինչո՞ւ էր Հերովդեսը սպանում անմեղ մանուկներին
Հերովդես թագավորը «շփոթուեցաւ» այն լուրից, որ մեկ այլ «Հրեաների թագավոր» է ծնվել, և ( Մատթեոս 2.2-3) ցանկացավ սպանել Հիսուսին՝ իր սեփական գահն ապահովելու համար: Իմանալով, որ Հիսուսը ծնվել է Բեթլեհեմում մոտ երկու տարի առաջ, Հերովդեսը հրամայեց սպանել բոլոր մանուկներին, որոնց երկու տարին դեռ չէր լրացել (տես Մատթեոս 2.4, 7, 12-16): Հերովդեսը չափազանց անողոք էր կասկածելի սպառնալիքների հանդեպ, անգամ մահապատժի ենթարկեց իր կնոջն ու երեք որդիներին (տես Աստվածաշնչի բառարան, «Հերովդես»):