Մատթեոս 22․34–40
Երկու մեծ պատվիրանները
Ցանկանալով փորձել Փրկիչին՝ փարիսեցիներից մեկը հարցրեց նրան, թե օրենքի որ պատվիրանն է ամենամեծը: Փրկիչը պատասխանեց՝ ուսուցանելով, որ առաջին պատվիրանն է՝ սիրենք Աստծուն ամբողջ սրտով, հոգով և մտքով, և երկրորդ պատվիրանն է՝ սիրենք մեր ընկերոջն այնպես, ինչպես սիրում ենք ինքներս մեզ: Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես ապրել երկու մեծ պատվիրանների համաձայն:
Մեծ պատվիրանները
Պատկերացրեք, թե մի ընկերոջ հետ խոսում եք ձեր կրոնական համոզմունքների մասին: Աստծո պատվիրանների կարևորությունը քննարկելիս ձեր ընկերը հարցնում է, թե ինչ հատուկ պատվիրաններ է ուսուցանում ձեր եկեղեցին:
Մեկ րոպե ժամանակ խնդրեք և թվարկեք որքան հնարավոր է շատ Աստծո պատվիրաններ և չափանիշներ:
Երբ դուք թվարկեցիք Աստծո պատվիրանները, ձեր ընկերը հարցրեց ձեզ, թե որ պատվիրաններն են ամենակարևորը:
Վերընթերցեք ձեր ցուցակը և մտածեք, թե ինչպես կպատասխանեիք:
Երբ Հիսուսն ուսուցանում էր մարդկանց, փարիսեցիները Նրան հարցեր տվեցին՝ փորձելով նվաստացնել Նրան մարդկանց առջև: Կարդացեք Մատթեոս 22.36-40-ը՝ փնտրելով, թե ինչ հարց տվեցին Փրկիչին, և Նա ինչ պատասխանեց:
-
Ի՞նչ մտքեր և զգացումներ ունեք Փրկիչի պատասխանի վերաբերյալ:
Փրկիչը բացատրեց, որ առաջին մեծ պատվիրանն է՝ սիրել Աստծուն մեր ողջ սրտով, հոգով և մտքով: Երկրորդ մեծ պատվիրանն է՝ սիրել մեր ընկերոջն այնպես, ինչպես ինքներս մեզ: Այս երկու պատվիրանները Երկրորդ Օրինաց 6.5 և Ղևտացոց 19.18 հատվածներից են: Մատթեոս 22.36 հատվածներում հիշատակված «օրենքը» Մովսեսի օրենքն է:
-
Ի՞նչ է նշանակում սիրել Աստծուն ձեր ողջ սրտով, հոգով և մտքով։ (Եթե ցանկանում եք ավելի լավ հասկանալ այս խոսքերը, կարող եք տեսնել դրանց սահմանումները Սուրբ գրքերի ուղեցույցում):
-
Ի՞նչ օրինակներ կան Քրիստոսի կյանքից, երբ Նա ցույց է տվել, որ Ինքն այսպես է սիրում Աստծուն:
-
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում սիրել ընկերոջը սեփական անձի պես:
-
Այս երկու մեծ պատվիրաններին հնազանդվելով՝ ինչպե՞ս կարող ենք մեզ օգնել ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին:
Նկատեք, որ Մատթեոս 22.40-ում Հիսուսն ուսուցանել է, որ Աստծո բոլոր պատվիրանների նպատակն է օգնել մարդկանց ցուցադրել իրենց սերը Աստծո և ընկերոջ հանդեպ:
-
Այդ երկու մեծ պատվիրաններին հնազանդվելով՝ ինչպես ենք օգնում մեզ հնազանդվել Աստծո մյուս պատվիրաններին:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է Աստծո հանդեպ մեր սիրո կապը ուրիշների հանդեպ մեր սիրո հետ:
Երբ մենք սիրում ենք Աստծուն մեր ողջ սրտով, Նա դարձնում է մեր սիրտը դեպի ուրիշների բարեկեցությունը մի գեղեցիկ, առաքինի շրջադարձով։
(Ռասսել Մ. Նելսոն, «Երկրորդ մեծ պատվիրանը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019, 97)
-
Աստծո հանդեպ մեր սերը ինչո՞ւ կարող է մեր սրտերը դարձնել դեպի ուրիշները:
-
Ո՞ւմ եք դուք ճանաչում, ով այս երկու պատվիրանները պահելու լավ օրինակ է հանդիսանում:
-
Ինչպե՞ս է նա ցուցադրում իր սերը: Ինչպես կարող եք հետևել նրա օրինակին՝ պարզ ամենօրյա ձևերով ուրիշների հանդեպ սեր ցուցաբերելու հարցում:
Կարող եք դիտել «Գիտակցելով, թե Ասված ինչ է արել, ինչպե՞ս կարող եմ չօգնել | Նրա ձեռքերը» տեսանյութը (2:50)՝ տեսնելով օրինակն այն բանի, թե Աստծո սերը մեր հանդեպ ինչպես կարող է դարձնել մեր սրտերը դեպի Նա և ուրիշները: Այս տեսանյութը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:
Ձեր օրագրում գրեք, թե ինչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը մղում է ձեզ պահել երկու մեծ պատվիրանները: Օգտակար կլինի հիշել, թե երբ եք զգացել Նրանց սերը ձեր հանդեպ:
Աստծո հանդեպ սերը պետք է լինի մեր առաջնահերթությունը
Չնայած երկու մեծ պատվիրաններն էլ կարևոր են, նախագահ Դալլին Հ․ Օուքսը զգուշացրել է.
Այս երկրորդ պատվիրանը պահելու մեր նախանձախնդրությունը չպետք է մեզ մոռացնել տա առաջին պատվիրանը՝ սիրել Աստծուն մեր բոլոր սրտովը, բոլոր անձովը և մեր բոլոր մտքովը: Մենք ցույց ենք տալիս այդ սերը, երբ «պահում ենք [Նրա] պատվիրանները» [ Հովհաննես 14.15 ]:
(Dallin H. Oaks, “Two Great Commandments,” Ensign or Liahona, Nov. 2019, 73–74)
-
Այս պատվիրանների հերթականությունն ինչո՞ւ է կարևոր:
-
Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե մենք ավելի շատ սիրենք մեր ընկերոջը, քան Աստծուն:
-
Ո՞ր դեպքերում կամ հանգամանքներում Աստծո հանդեպ սերը պետք է առաջնահերթ լինի:
Կարող եք դիտել «Հոգևոր պտտահողմեր» տեսանյութը, 7:40-9:13-ը, որտեղ դուք կտեսնեք մի կնոջ, ով առաջնահերթություն էր տալիս Աստծու հանդեպ իր սիրուն: Այս տեսանյութը կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում։
Ծրագիր կազմեք
Խորհեք, թե վերջերս ինչ հնարավորություններ եք ունեցել՝ հնազանդվելու երկու մեծ պատվիրաններին: Ըստ մեկից հինգ սանդղակի գնահատեք, թե ինչպես եք հնազանդվում այս պատվիրաններից յուրաքանչյուրին, որտեղ մեկը նշանակում է «շատ լավ», իսկ հինգը՝ «վատ»:
1. Կատարեք հետևյալը.
Ձեր օրագրում ծրագրեք, թե ինչպես լիարժեք հնազանդվել այս երկու մեծ պատվիրաններին:
-
Թվարկեք, թե ինչ գործողություններ կարող եք կատարել այս երկու մեծ պատվիրաններով ավելի լավ ապրելու համար: Ուշադիր լսեք Սուրբ Հոգուց ստացած հուշումները և ընտրեք, թե դրանցից որն եք իրագործելու կյանքում:
-
Գրեք, թե ինչպես եք դա անելու: Կարող եք ձեր ծրագրով կիսվել ծնողների կամ վստահելի մի ընկերոջ հետ և խնդրեք նրանց օգնել ձեզ: Իմացեք, որ Աստված կօգնի ձեզ, քանի որ դուք անում եք ամեն բան, որ ձեր ուժի սահմաններում է ( Վարդապետություն և Ուխտեր 123․17):
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ինչպե՞ս կարող եմ սովորել ինքս ինձ սիրել
«Սա մեր ժամանակն է» ելույթում Յոթանասունից երեց Ս. Գիֆորդ Նիլսենը խոսում է ինքներս մեզ սիրելու կարևորության մասին (Լիահոնա, մայիս 2021, 64-67): Դիտեք տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում, 7:36-9:32-ը: Հետևյալ հոդվածը նույնպես ուսուցանում է այն մասին, թե մենք ինչպես կարող ենք սովորել սիրել ինքներս մեզ. «Ինչպես կարող եք սիրել սեփական անձը, այնպես ինչպես Աստվածն է ձեզ սիրում» (ChurchofJesusChrist.org):
Երկու մեծ պատվիրաններն ինչպե՞ս են աշխատում միասին (տես նաև Ա Հովհաննես 4.7-11, 20-21)
Երեց Պիտեր Մ․ Ջոնսոն Յոթանասունից ուսուցանել է.
Առաջինը՝ հիշեք, որ առաջին և մեծ պատվիրանն է՝ սիրել Աստծուն մեր ողջ սրտով, ուժով, մտքով և զորությամբ [տես Մատթեոս 22.37–38 ]: Այն, ինչ անում ենք, պետք է մղված լինի Նրա և Նրա Որդու հանդեպ սիրուց։ Մինչ մենք սեր կզարգացնենք Նրանց հանդեպ, պահելով Նրանց պատվիրանները, մեր անձը և ուրիշներին սիրելու մեր ունակությունը կմեծանա։ Մենք կսկսենք ծառայել ընտանիքին, ընկերներին և հարևաններին, քանի որ կտեսնենք նրանց այնպիսին, ինչպիսին Փրկիչն է տեսնում նրանց՝ որպես Աստծո որդիներ և դուստրեր [տես Հովհաննես 3.16 , Ա Հովհաննես 4.19 , Մոսիա 2.17 ]:
(Պիտեր Մ. Ջոնսոն, «Հակառակորդին հաղթելու զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019, 111)
Աստծուն և ուրիշներին սիրելու պատվիրանին հնազանդվելն ինչպե՞ս է ազդում իմ կյանքի վրա
Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահ Մ. Ռասսել Բալլարդը համաձայնել է այս մտքի հետ։
Այդ երկու մեծ պատվիրաններին հնազանդվելը տալիս է ավելի մեծ խաղաղություն և ուրախություն զգալու ուղի։ Եթե մենք սիրենք ու ծառայենք Աստծուն և մեր մերձավորներին, մենք բնականորեն կզգանք ավելի մեծ ուրախություն, որն այլ եղանակով չէինք ստանա։
(Մ. Ռասսել Բալլարդ, «Հիսուս Քրիստոսի ճշմարիտ, մաքուր և հասարակ ավետարանը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 29)
Ինչո՞ւ երկու պատվիրաններում էլ սերն է շեշտվում
Դիտեք «Օրենքը և սերը» տեսանյութը (3:21): Այս տեսանյութը կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում։
Աստծո սերն ինչպե՞ս է ստիպում մեզ հնազանդվել երկու մեծ պատվիրաններին
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, վկայել է.
Ողջ հավերժության առաջին մեծ պատվիրանն է սիրել Աստծուն մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով, դա է առաջին մեծ պատվիրանը։ Բայց ողջ հավերժության առաջին մեծ ճշմարտությունն է, որ Աստված սիրում է մեզ Իր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով։ Այդ սերը հավերժության հիմնական սկզբունքն է, և այն պետք է լինի հավերժության հիմնական սկզբունք մեր առօրյա կյանքում։ Իրոք, միայն մեր հոգում վառվող հավաստիացման դեպքում մենք կարող ենք վստահ լինել, որ կշարունակենք կատարելագործվել, կփնտրենք թողություն մեր մեղքերից և կշարունակենք այդ շնորհը փոխանցել մեր մերձավորներին։
(Jeffrey R. Holland, “Tomorrow the Lord Will Do Wonders among You,” Ensign or Liahona, May 2016, 127)