Մատթեոս 23
Փրկիչը դատապարտում է կեղծավորությունը
Իր մահկանացու ծառայության վերջին շաբաթվա ընթացքում Փրկիչը դատապարտեց դպիրների և փարիսեցիների կեղծավորությունը: Այս դասը կօգնի ձեզ խուսափել կեղծավորությունից և դառնալ Հիսուս Քրիստոսի խոնարհ հետևորդ:
Ի՞նչ է կեղծավորությունը
Պատկերացրեք, որ կան երեք բաժակներ, որոնցից դուք կարող եք խմել: Առաջին բաժակը կեղտոտ է դրսից, երկրորդ բաժակը կեղտոտ է ներսից, իսկ երրորդ բաժակը մաքուր է:
-
Ինչպե՞ս են կեղտոտ բաժակները խորհրդանշում կեղծավորներին։
Կեղծավոր բառը հունարենից թարգմանվում է «դերասան» և վերաբերում է մեկին, ով ձևացնում է, ինչ-որ չափով չափազանցնում է կամ խաբեությամբ անհետևողական է իր գործողություններում: «Ընդհանուր առմամբ բառը վերաբերում է նրան, ով ձևացնում է, որ կրոնասեր է, բայց իրականում այդպիսին չէ» (Աստվածաշնչի բառարան, « Կեղծավոր »): Դա կարող է նաև վերաբերել մեկին, ով ձևացնում է, որ կրոնասեր չէ, երբ նա իրականում կրոնասեր է:
Մատթեոս 23 գլուխը ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք ճշմարտություններին, որոնք կօգնեն ձեզ խուսափել կեղծավորությունից և ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին:
Իր մահկանացու ծառայության վերջին շաբաթվա ընթացքում, որպես Իր վերջնական հասարակական ուղերձի մաս Երուսաղեմի տաճարում, Փրկիչը դատապարտեց դպիրների և փարիսեցիների կեղծավորությունը: Նա նշեց, որ դպիրները և փարիսեցիները «Մովսեսի աթոռի վրա նստեցին» ( Մատթեոս 23.2), ինչը նշանակում է, որ նրանք ձեռք բերեցին վարդապետությունը ուսուցանելու, ինչպես նաև օրենքը մեկնաբանելու և սպասավորելու իշխանությունը: Նրանք իրենց համարում են ավելի արժանավոր, քան որևէ մեկը ժողովարանում:
Կարդացեք Մատթեոս 23.3-7-ը՝ փնտրելով, թե ըստ Տիրոջ, դպիրները և փարիսեցիները ինչպես էին կեղծավորաբար վարվում: Կարդալուց առաջ օգտակար կլինի իմանալ, որ «գրապանակները» ( հատված 5) կաշվե արկղիկներ էին, որոնք հրեաները ամրացնում էին ճակատին և ձախ ձեռքին: Այդ գրապանակների ներսում մագաղաթե փոքր գլանափաթեթներ էին դրված, որոնք Հին Կտակարանից հատվածներ էին պարունակում: Հրեաները կրում էին գրապանակները, որպեսզի դրանք իրենց հիշեցնեին Աստծո պատվիրաններին հետևելու պարտավորության մասին:
Կարդալուց հետո կարող եք դիտել նաև «Գրապանակներ» տեսանյութը (1:06) ChurchofJesusChrist.org կայքում:
-
Ըստ հատված 5 , ինչո՞ւ էին դպիրներն ու փարիսեցիները լայնացրել իրենց գրապանակները և «հանդերձի քղանցքները»։
Տերը չէր դատապարտում նրանց, ովքեր կրում էին գրապանակներ, սակայն Նա դատապարտում էր նրանց, ովքեր կեղծավորությամբ էին օգտագործում դրանք կամ լայնացնում էին դրանք, որպեսզի նկատելի լինեին ուրիշների աչքում կամ ավելի կարևոր տեսք ունենային։
1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Որո՞նք են արտաքին գործողությունների միջոցով երկրպագելու վտանգները, երբ դուք երկրպագում եք Աստծուն, որպեսզի ուրիշները նկատեն դա:
-
Ձեր կարծիքով, Աստված ինչո՞ւ է ցանկանում, որ դուք երկրպագեք Իրեն անկեղծությամբ և արդար մտադրությամբ:
Բացի նրանից, որ Փրկիչը զգուշացրեց մարդկանց չվարվել այնպես, ինչպես դպիրներն ու փարիսեցիներն էին վարվում, Նա նաև ուղղակիորեն դիմեց դպիրներին և փարիսեցիներին: Նա հայտարարեց, թե ինչ վայեր կգան նրանց գլխին՝ իրենց կեղծավորության պատճառով (տես Մատթեոս 23.13-33): Վայը նշանակում է դժբախտության, փորձանքի ու վշտի վիճակ:
Կարդացեք Մատթեոս 23.23-28-ը փնտրելով, թե Փրկիչն ինչ ասաց դպիրներին և փարիսեցիներին:
2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Այս հատվածներն ինչպես են օգնում ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ է կեղծավորությունը:
-
Ի՞նչ կասեիք այն մարդուն, ով անհանգստանում է կեղծավոր լինելու մասին, սակայն սխալներ է թույլ տալիս՝ ձգտելով ապրել ավետարանով:
Մենք ինչպե՞ս կարող ենք խուսափել կեղծավորությունից և հաղթահարել այն
Ի տարբերություն դպիրների և փարիսեցիների, Փրկիչը երբեք կեղծավորություն չի դրսևորել իր գործողություններում: Նա Իր ժողովրդին ուսուցանում էր չհամարել իրենց ուրիշներից լավը, քանզի նրանք բոլորը Աստծո զավակներն էին և հավասար էին Նրա աչքում: Նա վկայել է, որ Երկնային Հայրը մեր Արարիչն է, և որ Ինքը՝ Քրիստոսը, ուղարկվել է Հոր կողմից, և մեր ճշմարիտ Տերն է, ով մեզ կյանք է պարգևում (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 23.6 [ Մատթեոս 23.9 , ծանոթագրություն ա ], Մատթեոս 23.8-10):
Կարդացեք Մատթեոս 23.11-12-ը՝ փնտրելով ուսմունքները, որոնք կարող են օգնել մեզ հաղթահարել կեղծավորությունը և խուսափել դրանից: Հատված 12 -ում բարձրացնել բառը նշանակում է վեր դնել, իսկ խոնարհեցնել նշանակում է իջեցնել, նվաստացնել:
-
Ձեր կարծիքով, Փրկիչն ի՞նչ սկզբունքներ է ուսուցանում այս հատվածներում:
Փրկիչն ուսուցանել է, որ եթե մենք խոնարհ ենք և ծառայում ենք ուրիշներին, Տերը կբարձրացնի մեզ: Նա կօգնի մեզ ավելի նմանվել Իրեն, և Իր պատվիրաներին հնազանդվելու և ճշմարիտ ապաշխարության շնորհիվ Աստված մեզ վեհացում կպարգևի սելեստիալ արքայությունում:
3. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս է օրինակ ծառայում, թե ինչպես կարելի է խոնարհ լինել, ծառայել ուրիշներին և խուսափել կեղծավորությունից:
-
Խոնարհ լինելով և ուրիշներին ծառայելով՝ ինչպե՞ս եք օգնում ձեզ խուսափել կեղծավորությունից և ավելի նմանվել Փրկիչին:
Կարդացեք հետևյալ հայտարարությունները և խորհեք դրանց շուրջ: Ընտրեք մեկ կամ երկու հայտարարություն, որոնք ամենից շատ են արտացոլում ձեր իրավիճակը:
-
Ես ձևանում եմ, որ այն չեմ ինչ կամ:
-
Ես բարի գործեր եմ անում, որպեսզի ուրիշները նկատեն ինձ:
-
Ես հաճախ մտածում եմ, որ ավելի լավն եմ քան ուրիշները:
-
Չնայած ես սխալներ եմ գործում, սակայն ազնվորեն ձգտում եմ ավետարանով ապրել:
-
Ես փորձում եմ ծառայել ուրիշներին և բարի գործեր անել առանց ճանաչում փնտրելու:
-
Ես փորձում եմ խոնարհ լինել և ինքս ինձ չհամարել ուրիշներից լավը:
Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, երբ բացահայտեք, թե որ ոլորտներում կարող եք ավելի լավը դառնալ: Հիշեք, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են ձեզ և ճանաչում ավետարանով ապրելու ցանկացած անկեղծ ջանքը: Եթե դուք Երկնային Հորից օգնություն խնդրեք, Նա կօգնի ձեզ հաղթահարել ցանկացած թուլություն կամ կեղծավորություն:
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Փրկիչն ինչպե՞ս էր վերաբերվում կեղծավոր դպիրներին և փարիսեցիներին
Իր «Զգուշացման ձայնը» ելույթում երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է, թե Հիսուսն ինչպես է դատապարտել դպիրներին և փարիսեցիներին (Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 108-11):
Արդյո՞ք ես կեղծավոր եմ, եթե սխալներ եմ գործում, երբ ձգտում եմ ապրել ավետարանով
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեզանից յուրաքանչյուրը ձգտում է ապրել ավելի Քրիստոսանման կյանքով, քան մեզ սովորաբար հաջողվում է ապրել: Եթե մենք անկեղծորեն ընդունում ենք սա և փորձում կատարելագործվել, ուրեմն մենք կեղծավորներ չենք, մենք մարդիկ ենք:
(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Արդ դուք կատարեալ եղիք, ի վերջո», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 42)