Ղուկաս 17.11–19
«Քո հավատքն ապրեցրեց քեզ»
Գալիլեայից Երուսաղեմ ճամփորդելիս Հիսուսը տասը բորոտների բժշկեց: Եվ նրանցից միայն մեկը վերադարձավ՝ Հիսուսին երախտագիտություն հայտնելու համար: Այս դասը կօգնի երախտագիտություն զգալ Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և ուրիշների հանդեպ և արտահայտել այն:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ձեր ներկա զգացմունքները երախտագիտության մասին
Օգտագործելով «սովորաբար», «երբեմն» և «երբեք» բառերը՝ գնահատեք ինքներդ ձեզ հետևյալ հայտարարություններում.
-
Ես երախտագիտություն եմ զգում Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և ուրիշների հանդեպ:
-
Ես արտահայտում եմ երախտագիտության իմ զգացմունքները:
-
Երախտագիտություն հայտնելը դրական ազդեցություն է թողնում իմ կյանքի վրա:
Ձեր ուսումնասիրությունը շարունակելիս փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի իմանաք, թե երախտագիտություն հայտնելն ինչպես կարող է օրհնել ձեր կյանքը:
Բորոտություն
-
Ի՞նչ գիտեք բորոտություն հիվանդության մասին:
Բորոտությունը, որը շատ ավելի էր տարածված հնում, քան այսօր, մաշկի հիվանդություն է, որը կարող է հանգեցնել մարմնի աղճատման և մահվան: Աստվածաշնչյան ժամանակներում բորոտները մեկուսացված էին հասարակությունից` պահպանելով ուրիշների առողջությունը, և նրանցից պահանջվում էր բացականչել «Անմաքուր»` որպես նախազգուշացում նրանց, ովքեր կմոտենային իրենց (տես Աստվածաշնչի բառարանը, « Բորոտ »,« Բորոտություն »):
-
Ինչպիսի՞ն կարող էին լինել բորոտի առօրյա զգացմունքներն ու փորձառությունները աստվածաշնչյան ժամանակներում:
-
Ի՞նչ պատճառներով կարող է այսօրվա երիտասարդությունը նմանատիպ զգացմունքներ ունենալ:
Կարդացեք Ղուկաս 17.11-14-ը ՝ ուշադիր պատկերացնելով այն, ինչ կարդում եք: Ուշադիր ընթերցումը, մանրամասներին ուշադրություն դարձնելը և կարդացածը պատկերացնելը կարող են ավելի իմաստալից դարձնել սուրբ գրությունների ուսումնասիրությունը:Այս հատվածները կարդալուց հետո փորձեք պատասխանել Ղուկաս 17.11-14 -ում ներկայացված մանրամասների մասին հետևյալ հինգ հարցին՝ առանց սուրբ գրությունների օգնության:
Ուշադիր կարդացեք՝ ուշադրություն դարձնելով մանրամասներին
-
Որքա՞ն մոտ էին կանգնած բորոտները Փրկիչին:
-
Ի՞նչ հարցրին բորոտները Փրկիչին։
-
Փրկիչն ի՞նչ ասաց նրանց:
-
Բորոտներից քանի՞սը բավականաչափ հավատք ունեին՝ Փրկիչի ասածը կատարելու համար:
-
Բորոտներն ի՞նչ արեցին բուժվելուց հետո:
Պատկերացրեք այն, ինչ կարդում եք
Պատկերացրեք ձեզ բժշկված բորոտներից մեկի փոխարեն:
-
Մարդը ի՞նչ կարող է զգալ բորոտությունից բուժվելուց հետո: Դուք ի՞նչ կզգայիք:
-
Ձեր կարծիքով, այս պատմության մեջ բժշկումն ինչո՞ւ տեղի ունեցավ այն ժամանակ, երբ բորոտները գնացին ( հատված 14):
-
Ձեր կարծիքով ի՞նչ կանեիք դուք, եթե գիտակցեիք, որ Փրկիչը բուժել է ձեզ:
Ուշադիր կարդացեք Ղուկաս 17.15-19-ը, շարունակեք պատկերացնել ձեր կարդացածը և կարևոր մանրամասներ փնտրեք:
-
Այս հատվածի մանրամասներից որո՞նք են առավել կարևոր ձեզ համար:
-
Ի՞նչ սովորեցիք երախտագիտություն հայտնելու և դրանից օրհնություններ ստանալու մասին:
-
Ի՞նչ սովորեցիք Հիսուս Քրիստոսի մասին՝ երախտապարտ բորոտին տրված Իր պատասխանից:
Երկնային Հայրը ցանկանում է օրհնել մեզ և դա անում է տարբեր ձևերով: Նա նաև ուղարկեց Փրկիչ Հիսուս Քրիստոսին և օրհնեց Իր զավակներին Փրկիչի միջոցով: Այս պատմությունից սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ եթե մենք երախտագիտություն ենք հայտնում Երկնային Հորն և Հիսուս Քրիստոսին՝ ստացած օրհնությունների համար, մենք «կապրենք»:
Օգտակար կլինի իմանալ, որ եթե բորոտը բուժվում էր բորոտությունից, նա, ըստ Մովսեսի օրենքի, պարտավոր էր ներկայանալ քահանային, որպեսզի հայտարարվեր մաքուր և կարողանար տուն և համայնք վերադառնալ (տես Ղևտացոց 14): Մենք չգիտենք, թե ինչու մնացած ինը տղամարդիկ չվերադարձան՝ շնորհակալություն հայտնելու համար: Նրանք հավատում էին Փրկիչին, հնազանդ էին և բժշկվեցին, սակայն միայն այն մեկին, ով սամարացի էր և վերադարձավ ու շնորհակալություն հայտնեց, Փրկիչն ասաց, որ նրա հավատքն «ապրեցրեց» նրան ( Ղուկաս 17.19):
-
Ո՞րն է տարբերությունը բորոտությունից բուժվելու և ապրեցվելու միջև:
-
Ի՞նչ սովորեցիք այս պատմությունից, որ կարող է ազդել Փրկիչի հետ ձեր հարաբերությունների վրա:
-
Այս հատվածը ուշադիր կարդալով, մանրամասներ նկատելով և պատկերացնելով՝ ինչպե՞ս եք ազդել ձեր ուսումնական փորձառության վրա:
Կարդացեք հետևյալ մարգարեական հայտարարությունները և մտածեք, թե երախտագիտության մասին այս ուսմունքներն ինչ առնչություն ունեն երախտապարտ բորոտի և ձեր սեփական կյանքի հետ:Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է.
Անկեղծորեն հայտնված շնորհակալությունը ոչ միայն օգնում է մեզ տեսնել մեր օրհնությունները, այլև բացում է երկնքի դռները և օգնում է մեզ զգալ Աստծո սերը:
(Թոմաս Ս. Մոնսոն, «Երախտագիտության աստվածային պարգևը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010, 87):
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը շեշտել է Տիրոջը երախտապարտ լինելու արժեքը: Դիտեք «Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խոսքը երախտագիտության բժշկող զորության մասին» տեսանյութը 3:42-4:28-ը կամ կարդացեք ստորև ներկայացված տեքստը:
Ինն ու կես տասնամյակ ապրելուց հետո ես եկա այն եզրակացության, որ մեր օրհնությունները հաշվելը շատ ավելի լավ է, քան խնդիրները պատմելը: Անկախ իրավիճակից՝ մեր արտոնությունների համար երախտագիտություն հայտնելը արագ և երկարաժամկետ ազդեցություն ունեցող հոգևոր դեղատոմս է:
Արդյո՞ք երախտագիտությունը մեզ փրկում է տառապանքից, տխրությունից, վշտից և ցավից: Ոչ, բայց այն հանգստացնում է մեր զգացմունքները: Այն մեզ ավելի լայն հեռանկար է տալիս կյանքի նպատակի և ուրախության վերաբերյալ:
(«Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խոսքը երախտագիտության բժշկող զորության մասին», ChurchofJesusChrist.org:
Որպեսզի կարողանաք ճանաչել և բարելավել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր երախտագիտության արտահայտումը, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում արտագրեք հետևյալ աղյուսակը:
Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից ստացած օրհնությունները. |
Ինչպես կարող եմ երախտագիտություն հայտնել այդ օրհնությունների համար. |
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը օրհնել են ձեզ իմաստալից և անհատական ճանապարհներով: Խորը մտածեք այդ օրհնությունների մասին և գրեք դրանք առաջին սյունակում: Օգտակար կլինի լուռ աղոթել և խնդրել Երկնային Հորը, որ Նա օգնի ձեզ գիտակցել այն բազմաթիվ եղանակները, որոնց միջոցով Նա օրհնել է ձեզ: Այնուհետև, երկրորդ սյունակում գրեք մի քանի եղանակ, որոնց միջոցով դուք կարող եք երախտագիտություն հայտնել այդ օրհնությունների համար: Հետևյալ հատվածները կարող են ձեզ գաղափարներ հուշել. Մոսիա 2.20-22 , Մատթեոս 25.40 , Փիլիպպեցիս 1.1-3 , Ա Մնացորդաց 16.29 :
-
Խորհելով այս օրհնությունների մասին՝ ինչպե՞ս եք անհատապես օրհնվել:
-
Երախտագիտություն հայտնելու եղանակների ձեր ցուցակից ո՞րը կցանկանայիք բարելավել կամ սկսել կիրառել: Ինչո՞ւ: Ինչպե՞ս կարող եք սկսել:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Ղուկաս 17.14 Արդյո՞ք նշանակություն ունի այն փաստը, որ այն բորոտը, ով վերադարձել էր, սամարացի էր
Սամարացիներն ապրում էին Սամարիայում և «նրանց կրոնը հրեական և հեթանոսական հավատալիքների ու սովորությունների խառնուրդ էր» (Սուրբ գրքերի ուղեցույց, « Սամարացիներ »): Հրեաների մեծամասնությունն արհամարհում էր նրանց: Մտածեք, թե Ղուկասն ինչու է նշել, որ երախտապարտ բորոտը սամարացի էր: Այդ մանրամասնությունն ի՞նչ է ավելացնում այս պատմության վերաբերյալ ձեր հասկացողությանը: Դա ի՞նչ է ուսուցանում ձեզ Փրկիչի մասին:
Երախտագիտությունն ինչո՞վ է տարբերվում շնորհակալություն ասելուց
Նախագահ Դեյվիդ Օ. ՄակՔեյն ուսուցանել է երախտագիտության և շնորհակալության մասին.
Երախտագիտությունն ավելի խորը զգացմունք է, քան շնորհակալությունը: Շնորհակալությունը երախտագիտության սկիզբն է: Երախտագիտությունը շնորհակալության ավարտն է: Շնորհակալությունը կարող է պարզապես կազմված լինել բառերից: Երախտագիտությունը գործով է ցուցադրվում:
(Դեյվիդ Օ. ՄակՔեյն, «Երախտագիտության նշանակությունը», Improvement Era, նոյեմբեր 1964, 914)
Երախտագիտությունն ինչպե՞ս կարող է ազդել իմ կյանքի վրա
Հետևյալ տեսանյութերը ցուցադրում են երախտագիտության ազդեցությունը: