Գլուխ 13
Հուդան և Երուսաղեմը կպատժվեն իրենց անհնազանդության համար – Տերը բարեխոսում է և դատում իր ժողովրդին – Սիոնի դուստրերն անիծված են և տանջված իրենց աշխարհիկության համար – Համեմատեք Եսայիայի Գ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:
1 Քանզի, ահա, Տերը՝ Զորաց Տերը, վերցնելու է Երուսաղեմից և Հուդայից հենարանն ու նեցուկը, ողջ նեցուկը՝ հացի և ողջ հենարանը՝ ջրի,
2 Հզոր մարդուն և պատերազմի մարդուն, դատավորին և իմաստունին, մարգարեին և ծերին.
3 Հիսնապետերին և պատվավոր մարդուն և խորհրդականին և վարպետ արհեստավորին և պերճախոս հռետորին:
4 Եվ ես կտամ երեխաներին լինելու նրանց համար իշխաններ, և մանուկները կկառավարեն նրանց վրա:
5 Եվ մարդիկ կլինեն ճնշված՝ ամեն մեկը մյուսից, և ամեն ոք՝ իր հարևանից. երեխան իրեն հպարտ կպահի ծերերի դեմ, և անարգը՝ պատվավորի դեմ:
6 Երբ մի մարդ կբռնի իր եղբորն իր հոր տան մեջ և կասի. Դու հագուստ ունես, մեր վրա ղեկավար եղիր և մի թող այս ավերածությունը գա քո ձեռքի տակ,
7 Այդ օրը նա կերդվի՝ ասելով. Ես չեմ կամենում բժշկող լինել. քանզի իմ տանը ո՛չ հաց կա, ո՛չ հագուստ. ինձ ժողովրդի ղեկավար մի՛ դարձրու:
8 Քանզի Երուսաղեմն ավերված է, և Հուդան՝ ընկած, որովհետև նրանց խոսելաձևը և նրանց արարքները դեմ են եղել Տիրոջը՝ զայրացնելով նրա փառաց աչքերը:
9 Նրանց դեմքի արտահայտությունը վկայում է իրենց դեմ և հայտարարում նրանց մեղքի գոյությունը, ճիշտ ինչպես Սոդոմը, և նրանք չեն կարող թաքցնել այն: Վա՜յ նրանց հոգիներին, քանզի նրանք իրենք իրենց չարիքով են հատուցել:
10 Ասեք արդարներին, որ նրանց համար լավ է. քանզի նրանք կճաշակեն իրենց արարքների պտուղը:
11 Վա՜յ ամբարիշտներին, քանզի նրանք կկորչեն. քանզի հատուցումը նրանց ձեռքերի կլինի նրանց վրա:
12 Եվ իմ ժողովո՛ւրդ, երեխաներն են նրանց բռնացողները, և կանայք են իշխում նրանց վրա: Ո՜վ իմ ժողովուրդ, նրանք ովքեր առաջնորդում են քեզ, մղում են քեզ սխալի և կործանում քո շավիղների ճանապարհը:
13 Տերը ոտքի է կանգնում՝ բարեխոսելու, և կանգնում է՝ դատելու ժողովրդին:
14 Տերը դատի մեջ կմտնի իր ժողովրդի ծերերի և նրա իշխանների հետ. քանզի դուք խժռել եք այգին և աղքատից կողոպտածը ձեր տներում է:
15 Ի՞նչ նկատի ունեք դուք: Դուք մասնատում եք իմ ժողովրդին և ջարդում աղքատների երեսը, ասում է Զորաց Տեր Աստվածը:
16 Դեռ ավելին, Տերն ասում է. Որովհետև Սիոնի դուստրերը գոռոզ են և քայլում են առաջ ձգված պարանոցներով և ցանկասեր աչքերով՝ քայլելով և կաքավելով, երբ գնում են և զնգզնգոց հանում իրենց ոտքերով,
17 Հետևաբար, Տերը կզարկի Սիոնի դուստրերի գլխի գագաթը՝ քոսով, և Տերը կմերկացնի նրանց գաղտնի մասերը:
18 Այն օրը Տերը կվերացնի նրանց զնգզնգացող զարդերի ճոխությունը և քողերը և լուսնաձև մահիկները.
19 Շղթաները, ապարանջանները և վզնոցները.
20 Գլխադիրները և ոտքերի զարդերը, ապարոշները, բուրալից տուփերը և ականջօղերը.
21 Մատանիները և քթի զարդերը.
22 Հագուստի փոփոխվող տեսակները և թիկնոցները, գլխաշորերը և գանգրացնող հերակալները.
23 Հայելիները և բեհեզները, խույրերը և շղարշները:
24 Եվ պիտի լինի այնպես, որ հաճելի հոտի փոխարեն պիտի լինի գարշահոտություն. և գոտիի փոխարեն՝ պատռվածք. և լավ հարդարված մազերի փոխարեն՝ ճաղատություն. և լանջագեղ կամարի փոխարեն՝ քրձե գոտի. գեղեցկության փոխարեն՝ այրվածք:
25 Քո տղամարդիկ պիտի ընկնեն սրից, և քո հզորները՝ պատերազմում:
26 Եվ նրա դռները պիտի ողբան և սգան. և նա լքված պիտի լինի և պիտի նստի գետնին: