Գլուխ 17
Եփրեմը և Ասորիքը պատերազմ են մղում Հուդայի դեմ – Քրիստոսը կծնվի կույսից – Համեմատեք Եսայիայի Է: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:
1 Եվ եղավ այնպես, Հուդայի թագավոր՝ Ոզիայի որդի, Հովաթամի որդի Աքազի օրերում, որ Ռասինը՝ Ասորիքի թագավորը և Փակեեն՝ Ռովմելայի որդին, Իսրայելի թագավորը, եկան դեպի Երուսաղեմ՝ պատերազմելու նրա դեմ, բայց չկարողացան հաղթել նրան:
2 Եվ լուր տրվեց Դավթի տանը՝ ասելով. Ասորիքը դաշնակից է Եփրեմի հետ: Եվ դողաց նրա սիրտը և նրա ժողովրդի սիրտը, ինչպես անտառի ծառերը դողում են քամուց:
3 Հետո Տերն ասաց Եսայիային. Առաջ գնա այժմ դիմավորելու Աքազին, դու և քո որդին՝ Սեար-յասուբը, վերին ավազանի ջրախողովակի վերջում, թափիչի դաշտի ճանապարհին:
4 Եվ ասա նրան. Զգույշ եղիր և հանգիստ կաց. մի վախեցիր և ոչ էլ եղիր թուլասիրտ, այս երկու ծայրը ծխացող խանձողներից՝ Ռասինի ու Ասորիքի կատաղի բարկությունից և Ռովմելայի որդուց:
5 Որովհետև Ասորիքը, Եփրեմը և Ռովմելայի որդին չար խորհուրդ են արել քո դեմ՝ ասելով.
6 Եկեք գնանք Հուդայի դեմ և ահաբեկենք նրան, և եկեք ճեղք բացենք նրա մեջ մեզ համար և թագավոր դնենք նրա մեջ, այո, Տաբեելի որդուն:
7 Այսպես է ասում Տեր Աստված. Դա չի հաստատվի, ոչ էլ կլինի դա:
8 Քանզի Ասորիքի գլուխը Դամասկոսն է և Դամասկոսի գլուխը՝ Ռասինը. և ոչ ուշ, քան վաթսունևհինգ տարում Եփրեմը կջարդվի այնպես, որ այն ժողովուրդ չի լինի:
9 Եվ Եփրեմի գլուխը Սամարիան է, և Սամարիայի գլուխը Ռովմելայի որդին: Եթե դուք չհավատաք, դուք, անշուշտ, չեք հաստատվի:
10 Դեռ ավելին, Տերը դարձյալ խոսեց Աքազի հետ՝ ասելով.
11 Խնդրիր մի նշան Տիրոջից՝ քո Աստծուց. խնդրիր այն կամ խորը՝ խորքերում, կամ վերը՝ բարձրերում:
12 Բայց Աքազն ասաց. Ես չեմ խնդրի, ոչ էլ կփորձեմ Տիրոջը:
13 Եվ նա ասաց. Հիմա լսեք, ո՛վ Դավթի տուն. ձեզ համար քի՞չ է հոգնեցնել մարդկանց, բայց իմ Աստծուն է՞լ եք ուզում հոգնեցնել:
14 Հետևաբար, Տերն ինքը կտա ձեզ նշան,– Ահա, մի կույս կհղիանա և կծնի որդի և կկոչի նրա անունը Էմմանուել:
15 Կարագ ու մեղր նա կուտի, որպեսզի կարողանա գիտենալ՝ մերժել չարը և ընտրել բարին:
16 Քանզի մինչև երեխան գիտենա մերժել չարը և ընտրել բարին, երկիրը, որ դուք ատում եք, լքված կլինի իր երկու թագավորներից:
17 Տերը քո վրա, և քո ժողովրդի վրա, և քո հոր տան վրա պիտի բերի Ասորեստանի թագավորին, օրեր, որ չէին եկել այն օրից, որ Եփրեմը բաժանվեց Հուդայից:
18 Եվ կլինի այնպես, այն օրը, որ Տերը կսուլի ճանճին, որը Եգիպտոսի ամենահեռավոր մասում է, և մեղվին, որ Ասորեստանի հողում է:
19 Եվ նրանք կգան ու կհանգչեն ամենքն ամայի դաշտավայրերում և ժայռերի խոռոչներում, և բոլոր փշերի, և բոլոր թփերի վրա:
20 Նույն օրը, Տերն ածելիով, որը վարձված է, նրանց միջոցով՝ գետի այն կողմից, Ասորեստանի թագավորի միջոցով, կսափրի գլուխը և ոտքերի մազը. և նա կվերացնի նաև մորուքը:
21 Եվ կլինի այնպես, այն օրը, որ մի մարդ կպահի մի երինջ և երկու ոչխար.
22 Եվ կլինի այնպես, որ կաթի առատությունից, որ կտան նրանք, նա կուտի կարագ. քանզի կարագ ու մեղր կուտի ամեն ոք, որ մնացել է երկրում:
23 Եվ կլինի այնպես, այն օրը, որ ամեն տեղ, որտեղ կային հազար որթ, հազար արծաթի, դրանք կլինեն ցախեր և տատասկափշեր:
24 Նետերով և աղեղներով կգան մարդիկ այդտեղ, որովհետև ողջ երկիրը ցախ և փուշ կդառնա:
25 Եվ բոլոր սարերը, որ կփորվեն բրիչով, այդտեղ չի գա ցախի և փշի վախը. այլ դրանք կլինեն արջառներին արոտի ուղարկելու և մանր անասունների կոխկրտման համար: