Սուրբ գրություններ
2 Նեփի 18


Գլուխ 18

Քրիստոսը կլինի՝ որպես գայթակղության քար և գլորման վեմ – Որոնե՛ք Տիրոջը, ոչ թե քրթմնջացող կախարդներին – Դիմե՛ք օրենքին և վկայությանը՝ առաջնորդության համար – Համեմատեք Եսայիայի Ը: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Բացի այդ, Տիրոջ խոսքն ասաց ինձ. Վերցրու մի մեծ փաթեթ և գրիր նրա մեջ մարդու գրիչով Մահեր-շալալ-հաշ-բազի մասին:

2 Եվ ես վերցրեցի ինձ հետ հավատարիմ վկաներ արձանագրելու համար՝ Ուրիա քահանային և Զաքարիային՝ Բարաքիայի որդուն:

3 Եվ ես մտա մարգարեուհու մոտ. և նա հղիացավ ու ծնեց մի որդի: Հետո Տերն ասաց ինձ. Կոչի՛ր նրա անունը Մահեր-շալալ-հաշ-բազ:

4 Քանզի, ահա, երեխան գիտություն չի ունենա կանչելու. հա՜յր իմ, և մա՜յր իմ, նախքան այդ Դամասկոսի հարստությունները և Սամարիայի ավարը կտարվի Ասորեստանի թագավորի առաջը:

5 Տերը նաև խոսեց ինձ հետ՝ կրկին ասելով.

6 Նկատի ունենալով, որ այս ժողովուրդն արհամարհում է Սիլովայի ջրերը, որոնք հոսում են հանդարտ և ուրախանում է Ռասինով և Ռովմելայի որդով:

7 Այժմ, ուրեմն, ահա, Տերը բերում է նրա վրա ուժեղ ու առատ ջրերը գետի, այսինքն՝ Ասորեստանի թագավորին և ողջ նրա փառքը. և նա դուրս կհորդի իր ողջ հունից և կհեղեղի իր բոլոր ափերը:

8 Եվ նա կանցնի Հուդայի միջով. կհեղեղի և կողողի, նա կհասնի նույնիսկ մինչև պարանոցը. և նրա թևերի տարածությունը լցնելու է քո երկրի լայնությունը, ո՜վ Էմմանուել:

9 Միավորվեք, ո՜վ ժողովուրդ, և դուք ջարդուփշուր կլինեք. և ականջ դրեք, բոլորդ հեռու երկրներից. պատրաստվեք և ջարդուփշուր կլինեք. պատրաստվեք, և ջարդուփշուր կլինեք:

10 Խորհուրդ արեք միասին, և այն կդառնա ի չիք. խոսեք խոսքը և այն չի հաստատվի. քանզի Աստված մեզ հետ է:

11 Քանզի Տերն այդպես խոսեց ինձ հետ, իր հզոր ձեռքով, և կարգադրեց, որ ես չպետք է քայլեմ այս ժողովրդի ճանապարհով՝ ասելով.

12 Մի ասեք Դաշնակցություն այն բոլորին, որին այս ժողովուրդը Դաշնակցություն է ասում. ո՛չ վախեցեք նրանց վախով, ո՛չ էլ երկյուղեք:

13 Սրբացրեք նրան՝ Զորաց Տիրոջը, և թող նա լինի ձեր վախը, և թող նա լինի ձեր սարսափը:

14 Եվ նա կլինի՝ որպես սրբարան. բայց գայթակղության քար և գլորման վեմ՝ Իսրայելի երկու տների համար, որպես թակարդ և որոգայթ՝ Երուսաղեմի բնակիչների համար:

15 Եվ նրանց միջից շատերը կսայթաքեն և կընկնեն, կջարդվեն և կորոգայթվեն և կբռնվեն:

16 Կապիր վկայությունը, կնքիր օրենքն իմ աշակերտների մեջ:

17 Եվ ես կսպասեմ Տիրոջը, որը թաքցնում է իր երեսը Հակոբի տնից, և ես կակնկալեմ նրան:

18 Ահա, ես և այն զավակները, որոնց Տերը տվել է ինձ, նշանների ու հրաշքների համար ենք Իսրայելում, Զորաց Տիրոջ կողմից, որը բնակվում է Սիոն սարում:

19 Եվ երբ նրանք ասեն քեզ. Հարցրեք նրանց, ովքեր մեռելահարցուկներ են, և կախարդներին, որ փսփսում են և քրթմնջում,– չէ՞ որ ժողովուրդը պետք է իր Աստծուն հարցնի, կենդանիների համար մեռածների՞ց լսի.

20 Օրենքին ու վկայությանը. և եթե նրանք չեն խոսում՝ համաձայն այս խոսքի, դա այն պատճառով է, որ չկա լույս նրանց մեջ:

21 Եվ նրանք կանցնեն նրա միջով՝ նեղված դժվարություններից և սոված. և կլինի այնպես, որ երբ սոված լինեն, իրենք իրենց կուտեն և կանիծեն իրենց թագավորին ու իրենց Աստծուն, և կնայեն դեպի վեր:

22 Եվ նրանք կնայեն երկրին և կտեսնեն նեղություն ու խավար, տառապանքի մշուշ, և կքշվեն դեպի խավարը: