Սուրբ գրություններ
2 Նեփի 20


Գլուխ 20

Ասորեստանի կործանումը՝ ամբարիշտների կործանման մի մարմնավորում է Երկրորդ Գալստյան ժամանակ – Քիչ մարդիկ կմնան Տիրոջ կրկին գալուց հետո – Հակոբի մնացորդը կվերադառնա այն օրը – Համեմատեք Եսայիայի Ժ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Վա՜յ նրանց, ովքեր հրամանագրում են անարդար հրամանագրեր և գրում են անիրավություն, որ իրենք են սահմանել,

2 Մերժելու համար կարիքավորին դատաստանից, խլելու իրավունքն իմ ժողովրդի աղքատից, որպեսզի որբևայրիները լինեն իրենց զոհը, և որպեսզի նրանք կարողանան թալանել հայրազուրկներին:

3 Եվ ի՞նչ եք անելու այցելության օրը և աղետի մեջ, որը կգա հեռվից. ո՞ւմ մոտ եք դուք փախչելու օգնության համար. և որտե՞ղ եք թողնելու դուք ձեր փառքը:

4 Առանց ինձ նրանք վայր կխոնարհվեն գերիների մեջ, և նրանք կընկնեն սպանվածների տակ: Այս բոլորի պատճառով նրա բարկությունը չի անցել, բայց նրա ձեռքը դեռևս մեկնված է:

5 Ո՜վ Ասորիք՝ գավազանն իմ բարկության, և ցուպը նրանց ձեռքում՝ իրենց զայրույթն է:

6 Ես կուղարկեմ նրան մի կեղծավոր ազգի դեմ, և իմ ցասման ժողովրդի դեմ ես կտամ հրաման՝ վերցնելու ավարը և վերցնելու թալանը և ոտնակոխ անելու նրանց, ինչպես փողոցների ցեխը:

7 Այնուամենայնիվ, նա նկատի ունի ո՛չ այդ, ո՛չ էլ սիրտն է խորհում այդպես. այլ նրա սրտում կործանելն է և ոչ քիչ ազգեր բնաջնջելը:

8 Քանզի նա ասում է. Մի՞թե իմ իշխանները բոլորն էլ թագավորներ չեն:

9 Մի՞թե Քաղանեն Քարքամիսի պես չէ: Մի՞թե Եմաթը Արփադի պես չէ: Մի՞թե Սամարիան Դամասկոսի պես չէ:

10 Ինչպես որ իմ ձեռքը հիմնադրել է կուռքերի թագավորությունները, և որոնց քանդակած արձանները գերազանցում էին Երուսաղեմինը և Սամարիայինը.

11 Մի՞թե չպիտի անեմ այնպես, ինչպես արեցի Սամարիային և նրա կուռքերին, նմանապես անեմ Երուսաղեմին և նրա կուռքերին:

12 Ուստի, կլինի այնպես, որ երբ Տերը կատարած կլինի իր ողջ գործը Սիոն սարի վրա և Երուսաղեմի վրա. Ես կպատժե՛մ Ասորեստանի թագավորի համառ սրտի պտուղը և նրա բարձրամիտ նայվածքի փառքը:

13 Քանզի նա ասում է. Իմ ձեռքի ուժով և իմ իմաստությամբ եմ արել այս բաները. քանզի ես խելամիտ եմ. և տեղաշարժել եմ ժողովուրդների սահմանները և հափշտակել եմ նրանց գանձերը, և ես հպատակեցրել եմ բնակիչներին մի զորավոր մարդու պես.

14 Եվ իմ ձեռքը գտել է ժողովրդի հարստությունները. ինչպես մի բույն, և ինչպես մեկը, որ հավաքում է ձվերը, որոնք թողնված են, ես էլ հավաքեցի ողջ երկիրը. և չկար մեկը, որ շարժեր թևը, կամ բացեր բերանը, կամ ծվար:

15 Մի՞թե կացինը կպարծենա իրենով՝ նրա դեմ, ով կտրում է իրենով: Մի՞թե սղոցը կմեծարի իրեն՝ նրա դեմ, ով քաշում է իրեն: Կարծես թե գավազանն ինքն իրեն պիտի թափահարեր նրանց դեմ, ովքեր բարձրացնում են այն, կամ կարծես թե ցուպն ինքն իրեն պիտի բարձրանար, կարծես թե փայտ չէր:

16 Հետևաբար, Տերը՝ Զորաց Տերը, նրա պարարտների մեջ նիհարություն պիտի ուղարկի. և նրա փառքի տակ նա կրակ պիտի վառի՝ հրդեհի կրակի պես:

17 Եվ Իսրայելի լույսը կլինի կրակի պես, և նրա Սուրբը՝ բոցի պես, և կայրի ու կլափի նրա փշերն ու նրա ցախերը մեկ օրում.

18 Եվ կոչնչացնի նրա անտառի և նրա մրգառատ դաշտի փառքը՝ և՛ հոգին, և՛ մարմինը. և նրանք կլինեն այնպես, ինչպես երբ դրոշակակիրը թուլանում է:

19 Եվ նրա անտառի ծառերի մնացածը կլինի քիչ, այնքան որ երեխան կարող է դրանք գրի առնել:

20 Եվ այն օրը կլինի այնպես, որ Իսրայելի մնացորդը, Հակոբի տնից նրանք, ովքեր ազատվել են, այլևս կրկին չեն կռնի նրա վրա, ով զարկել էր իրենց, այլ կապավինեն Տիրոջը՝ Իսրայելի Սուրբին, ճշմարտությամբ:

21 Մնացորդը, այո, այսինքն՝ Հակոբի մնացորդը, կվերադառնա դեպի հզոր Աստվածը:

22 Քանզի, չնայած քո ժողովուրդը, Իսրայե՛լ, լինի ծովի ավազի չափ էլ, սակայն նրանցից մի մնացորդ կվերադառնա. ավերումը, հռչակված, կհորդի արդարությամբ:

23 Քանզի Զորաց Տեր Աստվածը կանի մի ավերում, նույնիսկ որոշված է ողջ երկրի մեջ:

24 Հետևաբար, այսպես է ասում Զորաց Տեր Աստվածը. Ո՜վ իմ ժողովուրդ, որ բնակվում ես Սիոնում, մի՛ վախեցիր Ասորիքից. նա կզարկի քեզ գավազանով և կբարձրացնի ցուպը քո դեմ՝ Եգիպտոսի պես:

25 Քանզի դեռ մի քիչ ժամանակ անց, և զայրույթը կհանդարտվի, և իմ բարկությունը՝ նրանց կործանումով:

26 Եվ Զորաց Տերը մի մտրակ կսարքի նրա համար՝ Օրեբ լեռան մոտ Մադիամի ջարդի պես. և հենց այնպես, ինչպես նրա գավազանը ծովի վրա էր, նա նույն ձևով վեր կբարձրացնի այն, ինչպես Եգիպտոսի վրա:

27 Եվ կլինի այնպես, այն օրը, որ նրա բեռը կվերցվի քո ուսի վրայից, և նրա լուծը՝ քո վզից, և լուծը կկործանվի՝ օծման պատճառով:

28 Նա եկել է Անգե, նա անցել է Մագրոնը, Մաքմասում է նա տեղավորել իր կառքերը:

29 Նրանք անցնում են լեռնանցքով, նրանք օթևան են վերցրել Գաբայում. Ռաման վախեցած է. Սավուղի Գաբաան փախած է:

30 Բարձրացրու ձայնդ, ո՜վ Գաղղիմի դուստր. լսել տուր այն Լայիսի համար, ո՜վ խեղճ Անաթովթ:

31 Մադմենան տարագրված է. Գեբիմի բնակիչները հավաքվում են՝ փախչելու:

32 Քանի դեռ նա կմնա Նոբում այն օրը. նա իր ձեռքը թափ կտա Սիոնի դստեր սարի՝ Երուսաղեմի բլրի դեմ:

33 Ահա, Տերը՝ Զորաց Տերը, կխուզի ճյուղերը՝ սարսափով. և հասակով բարձրերը գետնահար կարվեն. և գոռոզները կխոնարհեցվեն:

34 Եվ նա կկտրի անտառի ծմակները երկաթով, և Լիբանանը կընկնի մի հզոր մեկից: