Գլուխ 30
Դարձի եկած հեթանոսները կհամարվեն ուխտի ժողովրդի հետ – Շատ Լամանացիներ և հրեաներ կհավատան խոսքին և կդառնան հրաշալի – Իսրայելը կվերականգնվի և ամբարիշտները կկործանվեն: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:
1 Եվ այժմ, ահա, իմ սիրելի՛ եղբայրներ, ես կկամենայի խոսել ձեզ հետ. քանզի ես՝ Նեփիս, չէի հանդուրժի, որ դուք ենթադրեք, թե դուք ավելի արդար եք, քան կլինեն հեթանոսները: Քանզի ահա, եթե դուք չպահեք Աստծո պատվիրանները, դուք բոլորդ նմանապես կկորչեք. և այն խոսքերի պատճառով, որոնք խոսվել են, դուք կարիք չունեք ենթադրելու, որ հեթանոսները լիովին կործանվելու են:
2 Քանզի ահա, ես ասում եմ ձեզ, որ հեթանոսներից բոլոր նրանք, որ կապաշխարեն, Տիրոջ ուխտյալ ժողովուրդը կլինեն. և հրեաներից բոլոր նրանք, որ չեն ապաշխարի, դուրս կգցվեն. քանզի Տերը չի ուխտում որևէ մեկի հետ, բացի դա լինի նրանց հետ, ովքեր ապաշխարում են և հավատում նրա Որդուն, որը Սուրբն է Իսրայելի:
3 Եվ այժմ, ես կկամենայի դարձյալ մարգարեանալ որոշ բան ևս հրեաների և հեթանոսների վերաբերյալ: Քանզի հետո, երբ գիրքը, որի մասին ես խոսել եմ, ի հայտ կգա և կգրվի հեթանոսներին, և դարձյալ կկնքվի Տիրոջ համար, կլինեն շատերը, ովքեր կհավատան խոսքերին, որոնք գրված են. և նրանք կփոխանցեն դրանք մեր սերնդի մնացորդին:
4 Եվ այն ժամանակ մեր սերնդի մնացորդը կիմանա մեր մասին, թե ինչպես մենք դուրս եկանք Երուսաղեմից, և որ նրանք հրեաների հետնորդներն են:
5 Եվ Հիսուս Քրիստոսի ավետարանը կհրապարակվի նրանց մեջ, ուստի նրանք ետ կբերվեն իրենց հայրերի մասին իմացությանը և նաև Հիսուս Քրիստոսի իմացությանը, որը եղել էր իրենց հայրերի մեջ:
6 Եվ այն ժամանակ նրանք կհրճվեն, քանզի նրանք կիմանան, որ դա օրհնություն է իրենց համար՝ Աստծո ձեռքից. և նրանց խավարի թեփուկները կսկսեն ընկնել իրենց աչքերից. և շատ սերունդներ չեն անցնի նրանց մեջ, մինչև որ նրանք կլինեն մի անարատ ու սքանչելի ժողովուրդ:
7 Եվ կլինի այնպես, որ հրեաները, որոնք ցրված են, նույնպես կսկսեն հավատալ Քրիստոսին. և նրանք կսկսեն ի մի հավաքվել երկրի երեսի վրա. և բոլոր նրանք, ովքեր կհավատան Քրիստոսին, նույնպես կդառնան սքանչելի ժողովուրդ:
8 Եվ կլինի այնպես, որ Տեր Աստված կսկսի իր գործը բոլոր ազգերի, ցեղերի, լեզուների, և ժողովուրդների մեջ՝ իրագործելու իր ժողովրդի վերականգնումը երկրի վրա:
9 Եվ արդարությամբ Տեր Աստված կդատի աղքատներին և կհանդիմանի անաչառությամբ, երկրի հեզերի համար: Եվ նա կզարկի երկիրն իր բերանի գավազանով. և իր շրթունքների շնչով նա կսպանի ամբարիշտներին:
10 Քանզի սրընթաց մոտենում է ժամանակը, երբ Տեր Աստված մեծ բաժանում կառաջացնի ժողովրդի մեջ. և ամբարիշտներին նա կկործանի. և նա կխնայի իր ժողովրդին, այո՛, նույնիսկ, եթե այնպես լինի, որ նա պետք է կործանի ամբարիշտներին կրակով:
11 Եվ արդարությունը կլինի նրա մեջքի գոտին և հավատարմությունը՝ իրանի գոտին:
12 Եվ այն ժամանակ գայլը կբնակվի գառի հետ. և ընձառյուծը կպառկի ուլի հետ, և հորթը, և կորյունը, և պարարտ զվարակը՝ միասին. և մի փոքր երեխա կառաջնորդի նրանց:
13 Եվ կովն ու արջը կարածեն. նրանց ձագերը կպառկեն միասին. և առյուծը ծղոտ կուտի, ինչպես արջառը:
14 Եվ ծծկեր երեխան կխաղա իժի անցքի վրա, և կաթից կտրված երեխան ձեռքը քարբի բնի վրա կդնի:
15 Նրանք չեն վնասի կամ ավերի իմ ողջ սուրբ սարում. քանզի երկիրը Տիրոջ գիտությունով լցված կլինի, ինչպես ջրերն են ծածկում ծովը:
16 Ուստի, բոլոր ազգերի գործերը հայտնի կդարձվեն. այո՛, բոլոր բաները հայտնի կդարձվեն մարդկանց զավակներին:
17 Չկա ոչինչ, որը գաղտնի է, որ չբացահայտվի. չկա ոչ մի խավարի գործ, որը ցույց չտրվի լույսի մեջ. և չկա ոչինչ, որը կնքված է երկրի վրա, որ չարձակվի:
18 Ուստի, բոլոր բաները, որոնք բացահայտվել են մարդկանց զավակներին, այն օրը կբացահայտվեն. և Սատանան այլևս զորություն չի ունենա մարդկանց զավակների սրտերի վրա երկար ժամանակի ընթացքում: Եվ այժմ, իմ սիրելի՛ եղբայրներ, ես վերջ եմ դնում իմ խոսելուն: