Սուրբ գրություններ
3 Նեփի 25


Գլուխ 25

Երկրորդ Գալստի ժամանակ, հպարտներն ու ամբարիշտները հարդի պես կայրվեն – Եղիան կվերադառնա մինչև այն մեծ և ահեղ օրը – Համեմատեք Մաղաքիա Դ: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

1 Քանզի ահա, օրը գալիս է, որը կայրի թոնրի պես. և բոլոր հպարտները, այո, և բոլորը, որ գործում են ամբարշտորեն, հարդի պես կլինեն. և օրը, որ գալիս է, պիտի այրի նրանց, ասում է Զորաց Տերը, այնպես որ այն չպիտի թողնի նրանց՝ ո՛չ արմատ, ո՛չ ճյուղ:

2 Բայց ձե՛զ համար, որ երկյուղում եք իմ անունից, պիտի Արդարության Որդին բարձրանա՝ իր թևերի մեջ ունենալով բժշկություն. և դուք պիտի առաջ գնաք ու մեծանաք, ինչպես հորթերը գոմում:

3 Եվ դուք պիտի ոտնատակ անեք ամբարիշտներին. քանզի նրանք մոխիր պիտի դառնան ձեր ոտքերի թաթերի տակ՝ այն օրը, երբ ես կանեմ այդ, ասում է Զորաց Տերը:

4 Հիշե՛ք իմ ծառայի՝ Մովսեսի օրենքը, որը ես պատվիրեցի նրան Քորեբի վրա՝ ողջ Իսրայելի համար՝ կանոններով և դատաստաններով:

5 Ահա, ես կուղարկեմ ձեզ Եղիա մարգարեին, մինչև Տիրոջ այն մեծ ու ահեղ օրվա գալը.

6 Եվ նա պիտի հայրերի սիրտը դարձնի դեպի զավակները, և զավակների սիրտը՝ դեպի իրենց հայրերը, որ չլինի թե ես գամ և երկիրը զարկեմ անեծքով: