Սուրբ գրություններ
Եթեր 4


Գլուխ 4

Մորոնիին պատվիրվում է կնքել Հարեդի եղբոր գրածները – Դրանք չեն բացահայտվի, մինչև որ մարդիկ Հարեդի եղբոր նման հավատք չունենան – Քրիստոսը պատվիրում է, որ մարդիկ հավատան իր խոսքերին և իր աշակերտների խոսքերին – Մարդկանց պատվիրվում է ապաշխարել, հավատալ ավետարանին և փրկվել:

1 Եվ Տերը պատվիրեց Հարեդի եղբորը՝ վար իջնել սարից՝ Տիրոջ ներկայությունից, և գրել այն բաները, որոնք նա տեսել էր. և արգելեց դրանք հայտնի դարձնել մարդկանց զավակներին, նախքան նրա խաչ բարձրացվելը. այս պատճառով թագավոր Մոսիան պահեց դրանք, որպեսզի դրանք հայտնի չդարձվեն աշխարհին, նախքան Քրիստոսի իրեն ցույց տալն այս ժողովրդին:

2 Եվ հետո, երբ Քրիստոսը, հիրավի, իրեն ցույց տվեց իր ժողովրդին, նա պատվիրեց, որ դրանք ցույց տրվեն:

3 Եվ արդ, դրանից հետո նրանք բոլորն ընկան անհավատության մեջ. և նրանք ուրացան Քրիստոսի ավետարանը, և չմնաց ոչ մեկը, բացի Լամանացիներից. այդ պատճառով ինձ պատվիրվում է, որ ես կրկին թաքցնեմ դրանք հողի մեջ:

4 Ահա, ես գրել եմ այս թիթեղների վրա հենց այն բաները, որոնք Հարեդի եղբայրը տեսավ. և երբեք չէին եղել ավելի մեծ բաներ ցույց տրված, քան դրանք, որոնք ցույց էին տրվել Հարեդի եղբորը:

5 Ուստի, Տերը պատվիրել է ինձ գրել դրանք. և ես գրել եմ դրանք: Եվ նա պատվիրել է ինձ, որ ես կնքեմ դրանք. և նա նաև պատվիրել է, որ ես կնքեմ դրանց թարգմանությունը. ուստի, ես կնքել եմ մեկնիչները՝ ըստ Տիրոջ պատվիրանի:

6 Քանզի Տերն ասաց ինձ. Դրանք չպիտի հասնեն հեթանոսներին, մինչև այն օրը, երբ նրանք կապաշխարեն իրենց անօրինությունից և կդառնան մաքուր Տիրոջ առջև:

7 Եվ այն օրը, երբ նրանք հավատք կգործադրեն առ ինձ, ասում է Տերը, ճիշտ ինչպես Հարեդի եղբայրն արեց, որպեսզի նրանք սրբագործվեն ինձանով, այն ժամանակ ես ցույց կտամ նրանց այն բաները, որոնք տեսավ Հարեդի եղբայրը, մինչև իսկ բացելով նրանց բոլոր իմ հայտնությունները, ասում է Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, Հայրը երկինքների և երկրի, և բոլոր բաների, որ դրանց մեջ են:

8 Եվ նա, ով կհակառակի Տիրոջ խոսքին, թող անիծված լինի. և նա, ով կուրանա այս բաները, թող անիծված լինի. քանզի նրանց ես ցույց չեմ տա ավելի մեծ բաներ, ասում է Հիսուս Քրիստոսը. քանզի ես եմ նա, ով խոսում է:

9 Եվ իմ հրամանով երկինքները բացվում են և փակվում. և իմ խոսքով երկիրը կցնցվի. և իմ հրամանով դրա բնակիչները կանհետանան, ճիշտ ինչպես կրակից:

10 Եվ նա, ով չի հավատում իմ խոսքերին, չի հավատում իմ աշակերտներին. և եթե լինի այնպես, որ ես չխոսեմ, ինքներդ դատեք. քանզի վերջին օրը դուք կիմանաք, որ այդ ես եմ, որ խոսում եմ:

11 Բայց նա, ով հավատում է այս բաներին, որոնք ես խոսել եմ, նրան ես կայցելեմ իմ Հոգու դրսևորումներով, և նա կիմանա և կվկայի: Քանզի իմ Հոգու շնորհիվ նա կիմանա, որ այս բաները ճշմարիտ են. քանզի այն կհամոզի մարդկանց բարիք անել:

12 Եվ ինչ բան, որ համոզում է մարդկանց անել բարիք, ինձանից է. քանզի բարին չի գալիս ոչ մեկից, բացի դա լինի ինձանից: Ես եմ նա, որ առաջնորդում է մարդկանց դեպի ամենայն բարին. նա, ով չի հավատա իմ խոսքերին, չի հավատա ինձ, որ ես եմ. և նա, ով չի հավատա ինձ, չի հավատա Հորը, ով ուղարկել է ինձ: Քանզի ահա, ես եմ Հայրը, ես եմ լույսը և կյանքը և ճշմարտությունն աշխարհի:

13 Եկեք ինձ մոտ, ո՛վ դուք, հեթանոսնե՛ր, և ես ցույց կտամ ձեզ ավելի մեծ բաներ, գիտելիք, որը գաղտնի է պահվում՝ անհավատության պատճառով:

14 Եկեք ինձ մոտ, ո՛վ դուք, Իսրայելի՛ տուն, և ձեզ ցույց կտրվի, թե որքան մեծ բաներ է Հայրը պատրաստել ձեզ համար, աշխարհի հիմնադրումից ի վեր. և դրանք չեն հասել ձեզ՝ անհավատության պատճառով:

15 Ահա, երբ դուք պատռեք անհավատության այդ վարագույրը, որը ստիպում է ձեզ մնալ ամբարշտության և սրտի կարծրության և մտքի կուրության ձեր սոսկալի վիճակում, այն ժամանակ կլինեն մեծ և զարմանալի բաներ, որոնք աշխարհի հիմնադրումից ի վեր թաքցվել են ձեզանից, այո, երբ դուք կանչեք առ Հայրն իմ անունով, կոտրված սրտով և փշրված հոգով, այն ժամանակ դուք կիմանաք, որ Հայրը հիշել է ուխտը, որը նա արել էր ձեր հայրերի հետ, ո՛վ Իսրայելի տուն:

16 Եվ այն ժամանակ իմ հայտնությունները, որոնք ես գրել եմ տվել իմ ծառա Հովհաննեսին, պիտի բացվեն բոլոր մարդկանց աչքերին: Հիշե՛ք, երբ դուք տեսնեք այս բաները, դուք կիմանաք, որ ժամանակը մոտ է, որ դրանք ցույց պիտի տրվեն հենց գործով:

17 Հետևաբար, երբ դուք ստանաք այս հիշատակարանը, դուք կարող եք իմանալ, որ Հոր գործը սկսել է երկրի ողջ երեսին:

18 Հետևաբար, ապաշխարե՛ք, դո՛ւք, աշխարհի բոլո՛ր ծայրեր, և եկե՛ք ինձ մոտ, և հավատացե՛ք իմ ավետարանին, և մկրտվե՛ք իմ անունով. քանզի նա, ով հավատում է և մկրտվում, կփրկվի. բայց նա, ով չի հավատում, կնզովվի. և նշաններ կհետևեն նրանց, որ հավատում են իմ անունին:

19 Եվ օրհնված է նա, որ հավատարիմ կլինի իմ անունին վերջին օրը, քանզի նա կբարձրացվի՝ բնակվելու արքայությունում, պատրաստված իր համար աշխարհի հիմնադրումից ի վեր: Եվ ահա, ե՛ս եմ, որ ասում է դա: Ամեն: