Սուրբ գրություններ
Մոսիա 29


Գլուխ 29

Մոսիան առաջարկում է, որ թագավորի փոխարեն դատավորներ ընտրվեն – Անարդար թագավորները մեղքի մեջ են գցում իրենց ժողովրդին – Ալմա կրտսերը, ժողովրդի ձայնով, ընտրվում է գլխավոր դատավոր – Նա նաև քահանայապետն է Եկեղեցու վրա – Ալմա Ավագը և Մոսիան մահանում են: Մոտ 92–91թթ. Ք.ծ.ա.:

1 Արդ, երբ Մոսիան արել էր այս, նա ուղարկեց ամբողջ երկրով մեկ, ողջ ժողովրդի մեջ՝ ցանկանալով իմանալ նրանց կամքն այն բանի վերաբերյալ, թե ով պիտի լինի իրենց թագավորը:

2 Եվ եղավ այնպես, որ ժողովրդի ձայնը եկավ՝ ասելով. Մենք ցանկանում ենք, որ Ահարոնը՝ քո որդին, լինի մեր թագավորն ու մեր կառավարիչը:

3 Արդ, Ահարոնը գնացել էր Նեփիի երկիրը, այդ պատճառով թագավորը չէր կարող նրան շնորհել թագավորությունը. ոչ էլ Ահարոնը կկամենար թագավորությունը վերցնել իր վրա. ոչ էլ Մոսիայի որդիներից որևէ մեկը կամեցավ վերցնել թագավորությունն իր վրա:

4 Հետևաբար, թագավոր Մոսիան ուղարկեց նորից ժողովրդի մեջ. այո, այսինքն՝ մի գրավոր խոսք ուղարկեց նա ժողովրդի մեջ: Եվ սրանք էին խոսքերը, որ գրված էին՝ ասելով.

5 Ահա, ո՛վ դուք, իմ ժողովո՛ւրդ, կամ իմ եղբայրնե՛ր, քանզի ես ձեզ համարում եմ որպես այդպիսիք, ես ուզում եմ, որ դուք խորհրդածեք այն հարցի շուրջ, որ դուք կանչված եք խորհրդածելու, քանի որ դուք ցանկանում եք ունենալ թագավոր:

6 Արդ, ես հայտարարում եմ ձեզ, որ նա, որին արդարացիորեն պատկանում է թագավորությունը, հրաժարվել է, և չի կամենում իր վրա վերցնել թագավորությունը:

7 Եվ արդ, եթե մեկ ուրիշը լինի նշանակված նրա տեղում, ահա, ես վախենում եմ ձեր մեջ հակառակություններ բարձրանան: Եվ ով գիտի, միգուցե իմ որդին, որին պատկանում է թագավորությունը, փոխվի, բարկանա ու իր ետևից հեռու տանի այս ժողովրդի մի մասին, որը պատերազմներ ու հակառակություններ կառաջացնի ձեր մեջ, որը շատ արյուն թափելու և Տիրոջ ճանապարհը խեղաթյուրելու պատճառ կլինի, այո, և կկործանի շատ մարդկանց հոգիները:

8 Արդ, ես ասում եմ ձեզ, եկեք լինենք իմաստուն ու խորհրդածենք այս բաները, քանզի մենք իրավունք չունենք կործանել իմ որդուն, ոչ էլ որևէ իրավունք ունենք կործանել մեկ ուրիշին, եթե նա՛ նշանակվի նրա տեղում:

9 Եվ եթե իմ որդին նորից դառնա դեպի իր հպարտությունն ու սին բաները, նա ետ կվերցնի այն, ինչ նա ասել է և կպահանջի իր իրավունքը թագավորության վրա, որը կստիպի նրան, և այս ժողովրդին ևս, շատ մեղքեր գործել:

10 Եվ արդ, եկե՛ք լինենք իմաստուն ու հաշվի առնենք այս բաները, և անենք այն, ինչը կապահովի այս ժողովրդի խաղաղությունը:

11 Հետևաբար, ես կլինեմ ձեր թագավորը մնացած իմ օրերում. այնուամենայնիվ, եկեք դատավորներ նշանակենք՝ դատելու այս ժողովրդին ըստ մեր օրենքի. և մենք նորովի կկարգավորենք այս ժողովրդի գործերը, քանզի մենք կնշանակենք իմաստուն մարդկանց՝ լինելու դատավորներ, որոնք կդատեն այս ժողովրդին՝ Աստծո պատվիրանների համաձայն:

12 Արդ, ավելի լավ է, որ մարդ դատվի Աստծո կողմից, քան մարդու կողմից, քանզի Աստծո դատաստանները միշտ արդար են, իսկ մարդու դատաստանները միշտ չեն արդար:

13 Հետևաբար, եթե հնարավոր լիներ, որ դուք կարողանայիք ունենալ ձեզ թագավորներ արդար մարդկանց, ովքեր կհաստատեին Աստծո օրենքները, և կդատեին այս ժողովրդին՝ համաձայն նրա պատվիրանների, այո, եթե դուք կարողանայիք ունենալ ձեզ թագավորներ այնպիսի մարդկանց, ովքեր կանեին, ճիշտ ինչպես իմ հայր Բենիամինն արեց այս ժողովրդի համար, ես ասում եմ ձեզ՝ եթե միշտ այդպես լիներ հանգամանքը, այդ դեպքում անհրաժեշտ կլիներ, որ դուք միշտ ունենայիք թագավորներ՝ կառավարելու ձեզ վրա:

14 Եվ, իրականում, ես ինքս տքնել եմ ողջ զորությամբ և ունակությամբ, որով ես օժտված եմ եղել սովորեցնելու ձեզ Աստծո պատվիրանները և հաստատելու խաղաղություն երկրով մեկ, որ չլինեին ո՛չ պատերազմներ, ո՛չ հակառակություններ, ո՛չ գողություն, ո՛չ կողոպուտ, ո՛չ սպանություն, ո՛չ էլ որևէ ձևի անօրինություն.

15 Եվ ով որ անօրինություն է գործել, նրան ես պատժել եմ՝ համաձայն այն հանցանքի, որը նա գործել է, համաձայն այն օրենքի, որը տրվել է մեզ մեր հայրերի կողմից:

16 Արդ, ես ասում եմ ձեզ, որ քանի որ բոլոր մարդիկ չեն արդար, հարկավոր չէ, որ դուք ունենաք թագավոր կամ թագավորներ՝ կառավարելու ձեզ վրա:

17 Քանզի ահա, որքա՜ն շատ անօրինություն կատարվելու պատճառ է դառնում մի ամբարիշտ թագավոր, այո, և ինչպիսի մեծ կործանման:

18 Այո՛, հիշե՛ք թագավոր Նոյին, նրա ամբարշտությունը, և նրա պղծությունները, և նաև ամբարշտությունն ու պղծությունները նրա ժողովրդի: Տեսեք, ինչ մեծ կործանում եկավ նրանց վրա. և նաև, իրենց անօրինության պատճառով՝ նրանք բերվեցին ճորտության:

19 Եվ, չլիներ նրանց ամենագետ Ստեղծողի միջամտությունը, և սա՝ նրանց անկեղծ ապաշխարության շնորհիվ, նրանք պետք է անխուսափելիորեն մնային ճորտության մեջ մինչև այժմ:

20 Բայց ահա, նա ազատեց նրանց, որովհետև նրանք իրենց խոնարհեցրին նրա առաջ. և որովհետև նրանք ուժգին աղաղակեցին առ նա, նա նրանց ազատեց ճորտությունից. և այսպես է Տերը գործում իր զորությամբ, բոլոր դեպքերում, մարդկանց զավակների մեջ՝ մեկնելով ողորմության բազուկը դեպի նրանց, ովքեր դնում են իրենց վստահությունը նրա վրա:

21 Եվ ահա, այժմ ես ասում եմ ձեզ՝ դուք չեք կարող գահազրկել մի անօրեն թագավորի, եթե դա չլինի մեծ կռվի և շատ արյուն թափելու միջոցով:

22 Քանզի ահա, նա իր ընկերներն ունի անօրինության մեջ, և նա պահում է իր պահակախումբն իրեն մոտիկ. և նա պատռում է օրենքները նրանց, ովքեր թագավորել են արդարությամբ իրենից առաջ. և նա կոխկրտում է Աստծո պատվիրաններն իր ոտքերի տակ:

23 Եվ նա սահմանում է օրենքներ, և ուղարկում դրանք առաջ՝ ժողովրդի մեջ, այո, օրենքներ՝ իր սեփական ամբարշտության համաձայն. և նա կարգադրում է կործանել նրան, ով չի հնազանդվում իր օրենքներին. և ով որ ապստամբում է նրա դեմ, նա կուղարկի իր զորքերը նրանց դեմ՝ պատերազմելու, և եթե նա կարող է, նա կկործանի նրանց. և այսպես մի անարդար թագավոր խեղաթյուրում է բոլոր արդարության ուղիները:

24 Եվ արդ, ահա ես ասում եմ ձեզ, հարկավոր չէ, որ այսպիսի պղծություններ գան ձեզ վրա:

25 Հետևաբար, ընտրե՛ք դատավորներ ժողովրդի ձայնով, որ դուք կարողանաք դատվել այն օրենքների համաձայն, որոնք տրվել են ձեզ մեր հայրերի կողմից, որոնք ճիշտ են, և որոնք տրվել են նրանց՝ Տիրոջ ձեռքով:

26 Արդ, ընդունված չէ, որ ժողովրդի ձայնը ցանկանա որևէ բան հակառակ նրա, ինչը ճշմարիտ է. բայց ընդունված է, որ ժողովրդի ավելի քիչ մասը ցանկանա այն, ինչը ճշմարիտ չէ. հետևաբար, դուք այս պետք է պահեք ու դարձնեք այն ձեր օրենքը՝ կատարել ձեր գործը ժողովրդի ձայնով:

27 Եվ եթե ժամանակը գալիս է, երբ ժողովրդի ձայնն ընտրում է անօրինություն, ուրեմն ժամանակն է, որ Աստծո դատաստանները գան ձեր վրա. այո, ուրեմն ժամանակն է, որ նա այցելի ձեզ մեծ ավերումով, ճիշտ ինչպես նա մինչև այժմ այցելել է այս երկիրը:

28 Եվ արդ, եթե դուք ունեք դատավորներ, և նրանք չեն դատում ձեզ համաձայն այն օրենքի, որը տրված է, դուք կարող եք պահանջել, որ նրանք դատվեն մի վերադաս դատավորից:

29 Եթե ձեր վերադաս դատավորները չեն դատում արդար դատաստաններ, դուք պետք է պահանջեք, որ ձեր ստորադաս դատավորների մի փոքր խումբ ի մի հավաքվի, և նրանք պետք է դատեն ձեր վերադաս դատավորներին՝ համաձայն ժողովրդի ձայնի:

30 Եվ ես հրամայում եմ ձեզ անել այս բաները Տիրոջ հանդեպ երկյուղով. և ես պատվիրում եմ ձեզ անել այս բաները, և որ դուք չունենաք ոչ մի թագավոր. որ եթե այս ժողովուրդը գործի մեղքեր ու անօրինություններ, դրանք պիտի դրվեն իրենց իսկ գլխին:

31 Քանզի ահա, ես ասում եմ ձեզ, շատ մարդկանց մեղքերի պատճառը եղել են իրենց թագավորների անօրինությունները. հետևաբար, նրանց անօրինությունները կդրվեն իրենց թագավորների գլխին:

32 Եվ արդ, ես ուզում եմ, որ այս անհավասարությունն այլևս չլինի այս երկրում, հատկապես՝ իմ այս ժողովրդի մեջ. այլ ես ուզում եմ, որ այս երկիրը լինի ազատության մի երկիր, և ամեն մարդ կարողանա օգտվել իր իրավունքներից ու արտոնություններից նույն ձևով՝ այնքան, որքան Տերը հարմար է տեսնում, որ մենք ապրենք ու ժառանգենք երկիրը, այո, մինչև իսկ այնքան, որքան մեր ժառանգներից որևէ մեկը կմնա այս երկրի երեսին:

33 Եվ շատ ու շատ բաներ էր թագավոր Մոսիան գրել նրանց՝ բացատրելով նրանց արդար թագավորի բոլոր փորձություններն ու փորձանքները, այո, հոգու բոլոր երկունքներն իրենց ժողովրդի համար, և նաև ժողովրդի բոլոր տրտունջները դեպի իրենց թագավորը. և նա բացատրեց նրանց այդ բոլորը:

34 Եվ նա ասաց նրանց, որ այս բաները չպետք է լինեն. այլ որ բեռը պիտի լինի ողջ ժողովրդի վրա, որ ամեն մարդ կարողանա կրել իր բաժինը:

35 Եվ նա բացատրեց նրանց նաև բոլոր դժվարությունները, որոնց ներքո նրանք կտառապեին՝ իրենց վրա կառավարող ունենալով մի անարդար թագավորի:

36 Այո, բոլոր նրա անօրինություններն ու պղծությունները, բոլոր պատերազմները և հակառակությունները և արյունահեղությունը, գողությունը և կողոպուտը, պոռնկություններ անելը և ամեն ձևի անօրինությունները, որոնք չեն կարող թվարկվել, ասելով նրանց, որ այս բաները չպետք է լինեն, որ դրանք, հատկապես, հակասում են Աստծո պատվիրաններին:

37 Եվ արդ եղավ այնպես, հետո, երբ թագավոր Մոսիան ուղարկեց այս բաները ժողովրդի մեջ, նրանք համոզվեցին նրա խոսքերի ճշմարտացիության մեջ:

38 Հետևաբար, նրանք հրաժարվեցին թագավորի համար իրենց ցանկություններից, և դարձան չափազանց մտահոգ, որ ամեն մարդ պիտի ունենա հավասար հնարավորություն ամբողջ երկրով մեկ. այո, և ամեն մարդ պատրաստակամություն հայտնեց պատասխան տալ իր անձնական մեղքերի համար:

39 Հետևաբար, եղավ այնպես, որ նրանք խմբերով ի մի հավաքվեցին ողջ երկրում՝ տալու իրենց ձայնն այն բանի վերաբերյալ, թե ովքեր պետք է լինեին իրենց դատավորները՝ դատելու իրենց համաձայն այն օրենքի, որը տրված էր նրանց. և նրանք չափազանց ուրախ էին ազատության համար, որը շնորհվել էր իրենց:

40 Եվ նրանց սերն ուժեղացավ հանդեպ Մոսիան. այո, նրանք գնահատում էին նրան ավելի շատ, քան որևէ այլ մարդու. քանզի նրանք չէին նայում նրա վրա որպես բռնակալի, որն օգուտ էր փնտրում, այո, այն շահը, որն ապականում է հոգին. քանզի նա չէր բռնագանձել նրանց հարստությունները, ոչ էլ արյուն թափելով հաճույք ստացել. այլ նա հաստատել էր խաղաղություն երկրում, և նա շնորհել էր իր ժողովրդին, որ նրանք ազատված լինեին ամեն ձևի ճորտությունից. ուստի, նրանք գնահատում էին նրան, այո, անչափ՝ չափից դուրս:

41 Եվ եղավ այնպես, որ նրանք նշանակեցին դատավորներ՝ կառավարելու իրենց վրա, կամ դատելու իրենց՝ ըստ օրենքի. և այս նրանք արեցին ամբողջ երկրով մեկ:

42 Եվ եղավ այնպես, որ Ալման նշանակվեց՝ լինելու առաջին գլխավոր դատավորը, նա լինելով նաև քահանայապետը, նրա հայրը՝ պաշտոնը շնորհած լինելով նրան, և տված լինելով նրան պարտականությունները եկեղեցու բոլոր գործերի վերաբերյալ:

43 Եվ այսպիսով, եղավ այնպես, որ Ալման քայլում էր Տիրոջ ուղիներում և պահում էր նրա պատվիրանները, և նա դատում էր արդար դատավճիռներ. և երկրով մեկ տիրում էր անընդմեջ խաղաղություն:

44 Եվ այսպես սկսվեց դատավորների կառավարումն ամբողջ Զարահեմլայի երկրով մեկ, ողջ ժողովրդի մեջ, ովքեր կոչվում էին Նեփիացիներ. և Ալման առաջին և գլխավոր դատավորն էր:

45 Եվ այժմ եղավ այնպես, որ նրա հայրը մահացավ՝ լինելով ութսունևերկու տարեկան, ապրած լինելով՝ կատարելու Աստծո պատվիրանները:

46 Եվ եղավ այնպես, որ Մոսիան նույնպես մահացավ, իր թագավորման երեսունևերեքերորդ տարում՝ լինելով վաթսունևերեք տարեկան. լրացնելով ընդամենը հինգ հարյուրևինը տարիներ այն ժամանակից, երբ Լեքին թողեց Երուսաղեմը:

47 Եվ այսպես վերջացավ Նեփիի ժողովրդի վրա թագավորների թագավորումը. և այսպես վերջացան Ալմայի օրերը, որը նրանց եկեղեցու հիմնադիրն էր: