2019
Ինչպես վարվեցի այն բանից հետո, երբ իմացա, որ փեսացուս պոռնոգրաֆիայից կախվածություն ունի
Հոկտեմբեր 2019


Ինչպես վարվեցի այն բանից հետո, երբ իմացա, որ փեսացուս պոռնոգրաֆիայից կախվածություն ունի

Փեսացուս, ի վերջո պատմեց, որ պոռնոգրաֆիայի հետ կապված խնդիր ունի: Կարո՞ղ էի արդյոք ամուսնանալ նրա հետ:

Հեղինակն ապրում է Ֆրանսիական Պոլինեզիայում:

Ես հանդիպեցի իմ ամուսնուն, երբ մենք երկուսս էլ «Երիտասարդների համար» ծրագրի (EFY) խորհրդականներ էինք: Ինձ տպավորել էր նրա ամուր վկայությունը և նրա մոտեցումը՝ ինչպես էր նա ուսուցանում և շփվում երիտասարդների հետ:

Երբ մենք սկսեցինք հանդիպել, զգում էինք, որ Տերը որոշ ակնկալիքներ ունի մեր հարաբերություններից: Այնուամենայնիվ, մեր հարաբերությունների զարգացման հետ նա ավելի համառորեն էր ցույց տալիս իր կապվածությունը: Ես սկսեցի կասկածել, որ նա պոռնոգրաֆիայից կախվածություն ունի, սակայն երբ մենք խոսեցինք այդ մասին, նա հերքեց, որ այդ բնույթի որևէ խնդիր ունի:

Մենք սկսեցինք խիստ կանոններ սահմանել, որպեսզի պաշտպանեինք մեզ: Երբ նա առաջարկեց, ես ընդունեցի և ամեն ինչ կարգավորվեց: Բայց մի օր նա կրկին սկսեց համառորեն ցույց տալ իր սերը և դա այնպես էր անում, որ ես ինձ անհարմարավետ էի զգում:

Ես դեռ կասկածում էի, որ նա պոռնոգրաֆիայից կախվածություն ունի, և մի օր ես պատմեցի նրան իմ միսիայի զուգընկերուհու մասին, ով նախքան իր միսիան ունեցել էր այդպիսի կախվածություն: Ես աշխատում էի խոսել այդ մասին հասկացող, սիրող, բայց ոչ դատող տեսանկյունից, որովհետև զուգընկերուհիս իսկապես լավ մարդ է: Այնուհետև ես նորից հարցրի նրան, թե արդյո՞ք նա պոռնոգրաֆիայից կախվածություն ունի և, վերջապես, նա ընդունեց, որ ունի:

Վիրավորություն և բուժում

Սկզբում, ինձ համար դժվար էր խոսել նրա հետ և նայել նրա աչքերի մեջ: Իմ զգացմունքները գրեթե անտանելի էին դարձել, որովհետև ես զգացել էի, որ Տերն ասել էր ինձ, որ այս մարդը կարող էր լինել իմ հավերժական զուգընկերը: Բայց չնայած ես վիրավորված էի, ես գիտեի, որ պետք է աշխատեմ նրան ներելու ուղղությամբ, և ես հուշում ստացա, որ չհրաժարվեմ մեր հարաբերություններից:

Ես շատ էի աղոթում և կարդում էի պոռնոգրաֆիկ նյութերի օգտագործման և ներման մասին ելույթներ: Ես կարդացի ամուսնացած մարդկանց կողմից գրված շատ հոդվածներ և վկայություններ, ում ամուսինները կամ կանայք ունեցել են այս թունավոր կախվածությունը: Կարդալիս, ես զգացի Փրկիչի սերը իմ և իմ փեսացուի հանդեպ, և ես մեկ այլ հաստատում ստացա, որ այս մարդը իրոք իմ հավերժական զուգընկերն է: Ես նաև իմացա Փրկիչի Քավության մեկ այլ դերի մասին՝ թե Նա ինչպես կարող է բուժել (իմ փեսացուի) ապաշխարող հոգին և (իմ) վնասված սիրտը:

Այդ գործընթացի վրա կարևոր ազդեցություն ունեցավ իմ փեսացուի զրույցը եպիսկոպոսի հետ: Նրա առաջնորդությունն օգնեց մեզ բուժվել և, որպես զույգ, ավելի մտերիմ լինել: Նա շատ համբերատար էր, երբ ամուսնուս մոտ այդ հակումը կրկնվեց և նրա Քրիստոսանման, սիրող օրինակը ոգեշնչեց և օգնեց ինձ, որ ներեմ ու աշխատեմ այդ խնդրի վրա իմ փեսացուի հետ:

Որոշ ժամանակ փեսացուիս շատ դժվար էր տեսնել, թե ես ինչպես եմ տանջվում իր ընտրությունների պատճառով, և նա գրեթե չէր ուզում ամուսնանալ ինձ հետ: Սակայն, երբ ամիսներ շարունակ միասին աշխատեցինք, որպեսզի նա մաքրվի, նա վերջապես զգաց, որ թե՛ Տերը, և թե՛ ես անկեղծորեն ներել ենք նրան:

Վերջապես մենք ամուսնացանք, և մեր հարաբերություններն այժմ անհամեմատ ամուր են: Այս փորձառությունն օգնեց մեզ, որ չամաչենք խոսել իրար հետ մեր խնդիրների մասին: Եվ, թեև նա այլևս կախվածություն չունի պոռնոգրաֆիայից, մենք շարունակում ենք մեկս մյուսի հետ նրբազգաց և հաշվետու լինել:

Ձեր հարաբերությունը կարող է շարունակվել

Եթե ձեր հարաբերությունները վնասվել են պոռնոգրաֆիայի ազդեցության պատճառով, իմացեք, որ հնարավոր է ներել: Հնարավոր է շարունակել սիրել միմյանց և միասին աշխատել լուծումներ գտնելու և դա հաղթահարելու ուղղությամբ: Մենք բոլորս ենթակա ենք բուժման Փրկիչի Քավությամբ: Մենք պետք է ընդունենք, որ վիրավորված ենք և միայն Փրկիչի օգնությամբ կարող ենք լիովին բուժվել:

Յուրաքանչյուր մարդու պատմությունը բացառիկ է և յուրաքանչյուր փոխհարաբերությունն է բացառիկ: Ոմանց համար հարաբերությանը վերջ տալն է ճիշտ որոշում: Սակայն ես հույս ունեմ, որ մեր պատմությունը կօգնի նրանց, ովքեր նմանատիպ իրավիճակում են: Քանի որ ես ստացել էի հաստատումը Սուրբ Հոգուց, ապա Փրկիչի և Նրա Քավության օգնությամբ կարողացա ներել իմ փեսացուին և շարունակել մեր հարաբերությունները: Ես գիտեմ, որ դա ճիշտ ընտրություն էր իմ դեպքում:

Եթե դուք հայտնվել եք նման իրավիճակում, աղոթքով դիտարկեք ձեր ներկա հանգամանքները և ապագա սպասելիքները: Եթե Հոգու կողմից դուք ստանաք հաստատում, որ ձեր հարաբերությունները շարունակելը ճիշտ է, և զգաք վստահություն դրանում, ապա իմացեք, որ երկուսդ միասին աշխատելով և Երկնային Հորն ապավինելով, ձեր հարաբերությունները կարող են կարգավորվել:

Իմ ամուսինը հիանալի մարդ է, և ես նրան սիրում եմ: Ես չեմ դադարում շնորհակալություն հայտնել Տիրոջը, որ օգնեց մեզ բուժվել և հնարավոր դարձրեց, որ մենք ամուսնանանք: Տերն օգնեց մեզ միասին աճել որպես զույգ, որը պատրաստ է միասին դիմակայել ամեն բանի, ինչ Նա նախատեսել է մեր կյանքի համար:

Տպել