ւսուցանել կրոնը երիտասարդներին և չափահաս երիտասարդներին․ ներածական խոսք
Քննարկում. մաս 2․ նախագահ Օուքս, Չադ Վեբ, Ադամ Սմիթ
Նախագահ Դալլին Հ. Օուքս․ Եղբայր Վեբ, ուրախ եմ, որ այստեղ եք։ Եղբայր Սմիթ։ Եկեք շարունակենք։
Եղբայր Չադ Վեբ. Շնորհակալություն։ Ուրախ ենք, որ ձեզ հետ ենք այսօր։ Շնորհակալություն այդ հրաշալի ելույթի համար։ Իրականում, ձեր խորհուրդը լսելիս մի շարք հարցեր առաջացան, որոնց մասին կզրուցենք։ Նախ՝ դուք խոսեցիք մեր ուսանողների հանդեպ սիրուց, և այդ սիրուց դրդված մենք պետք է նրանց ուսուցանենք ավետարանը և օգնենք նրանց հասկանալ ամենարժեքավորը։ Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ մեր կողմից ուսուցանվող բազմաթիվ նյութերում կարող ենք առաջնահերթ ուսուցանել այն բաները, որոնք ամենարժեքավորն են մեր ուսանողների համար:
Նախագահ Օուքս. Այն, ինչը եզակի է դարձնում մեր Եկեղեցու կրթական համակարգը, մեր սուրբգրային պարտականությունն է՝ փնտրել ուսում ոչ միայն ուսումնասիրելով, այլև հավատքով:
Եղբայր Ադամ Սմիթ. Երբ մտածում եմ, թե ինչ կարող ենք սովորեցնել մեր ուսանողներին, որը մեծագույն արժեք կլինի նրանց համար, ես առաջնորդվում եմ նախագահ Այրինգի ուսմունքներով, որոնցով կցանկանայի կիսվել։ Նախագահ Այրինգն ասել է․ «Սուրբ գրությունների այս բաժնի բոլոր ճշմարտությունների մեջ, որ կարելի է շեշտադրել, որո՞նք կօգնեն իմ ուսանողներին ավելի մոտենալ Երկնային Հորը և Փրկչին և կառաջնորդեն դեպի փրկություն»: Նախագահ Այրինգը հավելել է. «Երբ պատրաստում եք դասը, այնտեղ փնտրեք դարձի բերող սկզբունքներ: Դարձի բերող սկզբունքն այն է, որն առաջնորդում է հնազանդվել Աստծո կամքին»։1 Նախագահ Այրինգի այս հրաշալի ուսմունքից ես սովորում եմ, որ այն ամենը, ինչը մեծագույն արժեք ունի մեր ուսանողների համար, անձնական և խորը ձևերով նրանց կկապի Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Մենք պետք է ուսուցանենք այն, ինչն ուսանողին կօգնի զգալ և հասկանալ ավետարանի ճշմարտությունները, հատկապես՝ Հիսուս Քրիստոսի իրական լինելու և Նրա Քավության ու Հարության վերաբերյալ ճշմարտությունները, ինչպես նաև կօգնի նրան զգալ, որ գործնականում Հիսուս Քրիստոսը բուժելու, օգնելու, մխիթարելու և մաքրելու զորություն ունի։ Կարծում եմ, սրանք ամենակարևոր բաներն են, որոնց վրա պետք է կենտրոնանանք։
Նախագահ Օուքս․ Զորեղ և ճշմարիտ է։
Եղբայր Վեբ․ Շնորհակալություն։ Եվ դա համահունչ է հավատքով սովորելու գաղափարին, որ նրանք գործեն հավատքով և ապա ունենան այդ հաստատումը Սուրբ Հոգուց, որ այն բաները, որոնք նրանք սովորում և կիրառում են, իրոք գալիս են մեր Երկնային Հորից: Շնորհակալություն: Նախագահ, դուք նաև նշեցիք մեր ուսմունքներում Սուրբ Հոգու ունեցած դերը: Կցանկանայի հարցնել, թե Սուրբ Հոգու և մեր դասարաններում Նրա ազդեցության և դերի վերաբերյալ լրացուցիչ ի՞նչ ճշմարտություններով կկիսվեք մեզ հետ:
Նախագահ Օուքս․ Կարծում եմ, Սուրբ Հոգու կողմից ոգեշնչում ունենալու համար պետք է ճաշակել հաղորդությունը։ Քանի որ հաղորդություն ընդունելիս ուխտ ենք կապում, որտեղ կա խոստում, որ «մենք միշտ կունենանք նրա Հոգին [մեզ հետ]»: Դա կարևոր է։
Եղբայր Վեբ․ Գիտե՞ք, լավ է, որ դուք դա ասացիք։ Դա ինձ հիշեցրեց այն մասին, որ երբ երիտասարդ ուսուցիչ էի, ես ամիսներ շարունակ ուսումնասիրում էի Սուրբ Հոգու հրավերը ղեկավարող սկզբունքները: Կարծում եմ, որ սա լավ առիթ է հիշեցնելու մեզ, որ շարունակենք ուսումնասիրել դա։ Բայց միակ և ամենակարևոր բանը, որ ես հասկացա, այն էր, ինչ դուք նոր ասացիք․ հաղորդության աղոթքներում գրված է, որ եթե մենք միշտ հիշենք Նրան, մենք Նրա Հոգին մեզ հետ կունենանք։ Եվ դա ոչ միայն հաղորդության ժամանակ և կիրակի օրերին, այլև ընդմիշտ, նույնիսկ՝ մեր դասարաններում։ Երբ մենք կենտրոնանանք Փրկիչի վրա, երբ հիշենք Նրա օրինակը, թե ինչպես ապրել ավետարանով և կիրառել Նրա զորությունն ու Նրա ուսմունքները, երբ հիշենք Նրան, ապա Սուրբ Հոգին ներկա կլինի մեր ուսումնառության ժամանակ։ Սուրբ Հոգու առաջնային պատասխանատվությունը կամ դերն է՝ վկայել մեր սիրող Երկնային Հոր մասին և Նրա ծրագրում Հիսուս Քրիստոսի կենտրոնական դերի մասին։ Այսպիսով, եթե մենք ուզում ենք, որ Սուրբ Հոգին ներկա լինի մեր դասերին, մենք պետք է կենտրոնանանք այն բանի վրա, թե Նա ինչի մասին կվկայեր։ Այնպես որ ինձ դուր եկավ ձեր ասածը։ Շնորհակալություն:
Նախագահ Օուքս․ Եվ Նախագահ Նելսոնն այս խոսքերով հաստատել է դրա ներկայիս նշանակությունը: Նա ասել է․ «Բայց գալիք օրերում, հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման և մշտապես մխիթարող ազդեցության»:2
Եղբայր Վեբ․ Շնորհակալություն։ Ինձ իսկապես դուր եկան ձեր խոսքերը, և դա ինձ հուշում է տալ հետևյալ հարցը. մենք մի քիչ խոսեցինք այն մասին, թե Սուրբ Հոգին հրավիրելու համար ուսուցիչներն ինչին պետք է առաջնահերթություն տան։ Ինչպե՞ս կարող ենք օգնել մեր ուսանողներին առաջնահերթություն տալ նրան, ինչն ամենակարևորն է իրենց կյանքում:
Նախագահ Օուքս․ Երբ մտածում եմ, թե մեր օրերում որքան շատ են մեր շրջապատի աշխարհիկ ազդեցությունները, ես կարծում եմ, որ մենք պետք է հիշենք, որ այն ամենը, ինչ աշխարհն է կարևորում, ժամանակավոր արժեք ունի, ինչպիսին էլ որ լինի այն: Ժամանակի ընթացքում դրանք պակաս կարևոր են, քան այս կյանքի նպատակն ու հավերժության մեջ մեր ճակատագրի մասին սովորելու սկզբունքները: Ի՞նչ կավելացնեիք եղբայր Սմիթ։
Եղբայր Սմիթ․ Նախագահ Օուքս, երբ դուք ուսուցանում էիք, ես հիշեցի մի հատված, երբ Փրկիչը Գեթսեմանիի պարտեզ մտնելուց առաջ աղոթեց և ասաց. «Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած և Հիսուս Քրիստոսին»:3 Կարծում եմ, որ եթե օգնենք մեր ուսանողներին հասկանալ, թե որտեղ են ծախսում իրենց ժամանակը և որտեղ են կենտրոնացնում իրենց ուշադրությունը, արդյո՞ք կօգնի նրանց ճանաչել և սիրել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Մի նմանատիպ միտք ևս, որ դուք՝ նախագա՛հ Օուքս, ուսուցանեցիք մեզ վերջին գերագույն համաժողովի ժամանակ. «Ի՞նչ հետևանքներ կունենա այդ արարքը»: Եվ մտածել այդ հարցի շուրջ․ «Արդյո՞ք դա ինձ ավելի է մոտեցնում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Արդյո՞ք սա ինձ օգնում է իրագործել իմ աստվածային ինքնությունը կամ նպատակը»: Կարծում եմ, դա զորեղ զտիչ կարող է հանդիսանալ մեզ համար։ Կարող ենք օգնել ուսանողներին հասկանալ, որ սա նաև զտում է նրանց այն որոշումները, թե որտեղ են ժամանակ անցկացնում և ինչ են լսում կամ դիտում։ Նրանք պետք է ինքնուրույն որոշումներ կայացնեն։ Բայց, եթե կարողանանք օգնել, որ նրանք հարցնեն․ «Ի՞նչ հետևանքներ կունենա այս արարքը, և արդյո՞ք դա ինձ ավելի է մոտեցնում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին»:
Նախագահ Օուքս․ Շատ կարևոր է, որ այդ սկզբունքը հասկանան մեր բոլոր ուսանողները։
Եղբայր Վեբ․ Իսկ ուսուցիչները պետք է կարևորեն և բերեն վկայություն այդ մասին և թույլ տան, որ Սուրբ Հոգին հաստատի ոչ միայն դրա ճշմարտացիությունը, այլև այդ սկզբունքների կարևորությունն իրենց կյանքում։ Նաև կցանկանայի խոսել այդ գաղափարի համապատասխանության մասին։ Կարծում եմ, որ պետք է օգնենք ուսանողներին հասկանալ այդ սկզբունքների նշանակությունն իրենց կյանքում։ Կարծում եմ, երբեմն այս բաների մասին խոսելիս փորձում ենք խլել նրանց ժամանակն ու ուշադրությունը։ Եվ երբեմն մենք իսկապես պետք է կարևորենք մեծագույն արժեք ունեցող բաները։ Բայց կարծում եմ, որ մենք կարող ենք նաև օգնել նրանց տեսնել, թե ինչպես է ավետարանը կիրառելի իրենց առօրյա կյանքում: Օրինակ՝ ուսանելու տարիներին իմացա, որ եթե ես կիրակին սուրբ պահեմ, և եթե սուրբ գրություններն ուսումնասիրեմ նախքան իմ դասերը, ես ավելի լավ ուսանող կլինեմ և կկարողանամ ավելի լավ տարանջատել հետևյալը․ «Ես ժամանակ եմ ծախսելու հոգևորի վրա, և ես ժամանակ եմ հատկացնելու աշխարհիկին»: Բայց իմ կյանքի յուրաքանչյուր ոլորտում, երբ ընդգրկում եմ Երկնային Հորը, երբ հրավիրում եմ Իր Հոգուն օգնել ինձ, ապա մեր ուսանողներն իրենց կյանքում կտեսնեն ավետարանի կարևորությունն այն բաների մեջ, որոնք նրանց կարող են նյութական թվալ։ Իրենց ժամանակը վատնելու փոխարեն նրանք կմիավորվեն։
Նախագահ Օուքս․ Եվ պետք է հիշել Տիրոջ խոսքը, որ Նա երբեք նյութական պատվիրաններ չի տալիս։ Նրա բոլոր պատվիրաններն ու առաջնորդությունը հոգևոր են։
Եղբայր Սմիթ․ Մի միտք ևս սեմինարիայի մեր ուսանողների համար. դա Եկեղեցու երեխաների և երիտասարդների ծրագիրն է: Դա ավետարանն արդիական դարձնելու և գործնական նպատակներ սահմանելու հզոր միջոց է, որը կօգնի մեզ մեր կյանքի ցանկացած փուլում նմանվել Փրկիչին:
Նախագահ Օուքսը․ Անշուշտ։ Այժմ ես կցանկանայի մի հարց ուղղել երկու մարդու, ովքեր կրոնի արհեստավարժ ուսուցիչներ են. Համավարակի ընթացքում դուք և ձեր գործընկերները ի՞նչ եք սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսուցման մասին։
Եղբայր Սմիթ․ Առաջին հերթին մեզ հիշեցրել են, թե ինչպիսի հրաշալի ուսուցիչներ ունենք, որ նրանք իսկապես սիրում են Աստծուն, սիրում են ուսանողներին, որ նրանք արել են առավելագույնը, և մենք խորապես շնորհակալ ենք նրանց։ Նաև կարծում եմ, որ համավարակի շնորհիվ սպասավորությունը, որը բնորոշ է ավետարանական ուսուցմանը, ավելի կարևոր է դարձել։ Կարծում եմ, որ ավելի լավ ենք լսում ուսանողներին, որոշում նրանց կարիքներն ու ունակությունները, և սիրում նրանց այնպիսին, ինչպիսին կան, ստեղծագործական ուղիներ գտնում, որոնք օգնում են նրանց ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Կարծում եմ, համավարակի բազում դժվարությունների ժամանակ մենք տեսել ենք, որ աստվածային օգնություն ստանում է այն ուսուցիչը, որն իսկապես փորձում է սիրել Աստծուն, սիրել իր աշակերտներին և անել հնարավոր ամեն բան:
Եղբայր Վեբ. Լավ էր ասված։ Ուզում եմ շնորհակալություն և երախտագիտություն հայտնել։ Կան ուսուցիչներ, ովքեր ցանկանում են ուսուցանել դեմ առ դեմ և փորձում են սովորել՝ ինչպես ուսուցանել առցանց։ Նրանք կրում են դիմակ, որը երբեմն անհարմար է։ Նրանք վտանգում են իրենց և դա անում են ուսանողների և Երկնային Հոր հանդեպ մեծ սիրով ու նվիրվածությամբ։ Պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել դժվարին պայմաններում ձեր կատարած զոհաբերությունների և ջանքերի համար։
Նախագահ Օուքս․ Առաջին Նախագահության անունից ես նույնպես իմ շնորհակալությունն եմ հայտնում ուսուցիչներին։ Մենք սիրում ենք այն եղբայրներին և քույրերին, ովքեր ուսուցանում են սեմինարիաներում, ինստիտուտներում, համալսարաններում և քոլեջներում։
Եղբայր Վեբ. Շնորհակալություն։ Ցանկանում եմ ևս մեկ հարց տալ այն բանի մասին, որը դուք մեկ ուրիշ առիթով ուսուցանել եք․ Ինչո՞ւ է կարևոր ուսուցանել սկզբունքները, այլ ոչ թե՝ կանոնները։
Նախագահ Օուքս․ Ուրախ եմ, որ հարցրիք։ Դա իմ սիրելի թեմաներից է։ Եկեղեցու նորությունների մի տեսանելի սյունակում Կիրակնօրյա դպրոցի նախկին նախագահ Թադ Ռ․ Քալիսթերը հետևյալն է ասել դրա մասին․ «Նախ՝ կանոնները հաճախ սահմանափակվում են մեկ կամ գուցե մի քանի հատուկ իրավիճակներով, մինչդեռ սկզբունքներն ունեն շատ ավելի լայն կիրառություն: Երկրորդ՝ սկզբունքները ստեղծում են մի միջավայր, որն առավելագույնի է հասցնում ազատ կամքը, մինչդեռ կանոնները հակված են նվազագույնի հասցնել ազատ կամքը՝ սահմանափակելով, երբեմն նույնիսկ՝ թելադրելով մեր ընտրությունները»: Կավելացնեմ այն, որ Մովսեսի Օրենքը, որը ղեկավարվում էր կանոններով, Փրկիչը փոխարինեց Քրիստոսի բարձր օրենքով, որը ղեկավարվում էր սկզբունքներով։ Եղբայր Քալիսթերն այդ սկզբունքը հետևյալ կերպ է մեկնաբանել։ Նա ասել է․ «Սկզբունքները համատեղելի են ավելի բարձր օրենքի հետ, իսկ կանոնները՝ ավելի ցածր օրենքի հետ: Մենք մշտապես պետք է կենտրոնանանք վարդապետական սկզբունքների ուսուցման վրա: Ինչո՞ւ: Քանի որ սկզբունքները մեծագույն կարողություն ունեն մեզ բարձրացնել երկնային բարձունքներ, և, ի վերջո, սելեստիալ արքայությունում կղեկավարեն սկզբունքները, ոչ թե կանոնները»:4 Մեջբերումն ավարտվում է։
Եղբայր Վեբ. Շնորհակալություն։ Այդտեղ կա մի առավելություն։ Վերջերս մի խումբ ուսուցիչների հետ էի, ովքեր պատմում էին, որ իրենց դասարաններում ավելի շատ «հակառակություն» կա, քանի որ ուսանողներն ավելի շատ հարցեր են տալիս և տարբեր տեսակետներ ու ընկալումներ ունեն ամեն ինչի վերաբերյալ: Ինձ դուր եկավ այն, ինչ հենց նոր մեզ սովորեցրիք, քանի որ հիշեցի այդ զրույցը և հասկացա, որ ձեր մոտեցման ձևերից մեկը ոչ այնքան կիրառության ուսուցումն է, երբ նրանք քննարկում են իրենց կիրառումն իրենց հանգամանքներում, որքան ավետարանի սկզբունքի ուսուցումը: Մեր նպատակն է ուսուցանել փրկության ծրագիրը, Քրիստոսի վարդապետությունը, ավետարանի սկզբունքները և Սուրբ Հոգու օգնությամբ թույլ տալ գտնել անձնական կիրառություն:
Նախագահ Օուքս․ Լավ է ասված։
Եղբայր Վեբ. Կարծում եմ, որ դա գործնական է և օգտակար այն համատեքստում, ինչ մենք փորձում ենք անել: Շնորհակալություն: Եղբայր Սմիթ, ի՞նչ կավելացնեիք ասվածին։
Եղբայր Սմիթ. Նման կարծիք ունեմ, եղբայր Վեբ։ Բացի այդ, ուսման մեջ կիրառության փոխարեն սկզբունքն ուսուցանելով, մենք ուսանողին հրավիրում ենք գործել որպես գործակալ իր անձնական զարգացման գործընթացում։ Սկզբունքն իմանալով՝ նա փնտրում է անձնական հայտնություն, այն ավելի շատ է ուսումնասիրում և որոշում է իր համար այն լավագույն քայլը, որի դեպքում կիրառում է այդ սկզբունքն իր անձնական հանգամանքներում։
Եղբայր Վեբ․ Շնորհակալություն։ Բնականից հարց է առաջանում․ «Աշխարհիկ ազդեցությունների և ձայների մեջ ինչպե՞ս ենք օգնում մեր ուսանողներին կողմնորոշվել հանրային այս բազում կարծիքների մեջ»։
Նախագահ Օուքս․ Մենք պետք է հասկանանք, որ սատանան ստի հայրն է` «ստախոս ի սկզբանե»,5 ինչպես ասվում է հատվածում։ Իր ստերը նա խելացի կերպով հրամցնում է՝ դրանք ճշմարտության հետ խառնելով։ Այսպիսով, ստի ու ճշտի խառնուրդով նա գրավում և վարակում է լավ մարդկանց որոնումները։ Հետևաբար, մահկանացու կյանքում ամենաթանկ բաների շարքում կան Սուրբ Հոգու ուսմունքները, որոնք թույլ են տալիս մեզ զգոն լինել, թե ինչն է ճշմարիտ, և ինչը՝ ոչ:
Եղբայր Սմիթ․ Նմանապես, ճշմարտության և ստի այս խառնուրդում հակառակորդը նաև հեռացնում է ճշմարտությունը իր հավերժական համատեքստից և Աստծո ծրագրից։ Դա մեծացնում է ճշմարտության սխալ օգտագործման կամ սխալ ընկալման հավանականությունը: Օրինակ՝ ընդամենը մի քանի րոպե առաջ Նախագահ Օուքսը մեզ գեղեցիկ կերպով սովորեցրեց սիրո սկզբունքի և Աստծո ծրագրի մեջ նրա դերի մասին, Աստծուն սիրելու և մերձավորին սիրելու կարևորության մասին։ Այդ սերն իսկապես Երկնային Հոր ցանկության շարժիչ ուժն է՝ պատրաստելու մեզ հավերժական կյանքին, որը, ինչպես գիտենք, ամենամեծն է Աստծո բոլոր պարգևներից: Եվ Աստծո հանդեպ մեր սերն է, որ դրդում է մեզ անձնուրաց սիրել և ծառայել ուրիշներին: Երբ հակառակորդը հաջողությամբ զատում է սիրո սկզբունքը իր համատեքստից, այն հեշտությամբ կարող է խեղաթյուրվել: Եվ սիրո մասին թյուր կարծիք ունեցող մեկը կարող է սխալ գործել: Նա նույնիսկ կարող է հակադրվել Աստծո օրենքներին և Նրա մարգարեներին, քանի որ ճշմարտության այդ տարանջատումը հավերժական համատեքստից կարող է հանգեցնել կեղծված կամ տեքստից դուրս ըմբռնման: Եվ հակառակորդը դա կիրառում է շատ սկզբունքների համար։
Նախագահ Օուքս․ Մենք դրա ականատեսն ենք լինում մեզ շրջապատող աշխարհում։ Եղբա՛յր Վեբ, որպես ուսուցիչ, ինչպե՞ս եք լավագույնս պատասխանում ձեր ուսանողներին մտահոգող հարցերը, ինչպիսիք են՝ Եկեղեցու պատմության խնդրահարույց թեմաները, ԼԳԲՏ հարցերը, համավարակին առնչվող պետական վերահսկողության հետ կապված հարցերը և այլն: Հարցերն անվերջ են։ Ինչպե՞ս եք լավագույնս անդրադառնում այդ հարցերին մեր կրոնի դասարաններում։
Եղբայր Վեբ․ Դա լավ հարց է, որին ուսուցիչները հաճախ են բախվում։ Նախ՝ Պողոս Առաքյալը պատվիրել է մեզ ճշմարտությունն ուսուցանել կամ ասել սիրով։ Իհարկե, մենք պետք է ուսուցանենք ավետարանը: Մենք պետք է ուսուցանենք սուրբ գրությունները և ժամանակակից մարգարեների ուսմունքները: Մենք պետք է ուսուցանենք ճշմարտությունը: Ոչ մեկին օգուտ չի տալիս ուսուցանել այնպիսի բաներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, դա երջանկություն չի բերում: Եվ մյուս կողմից կարևոր է, որ Նա ասում է՝ սիրով արեք դա, ինչպես այսօր կրկին նշեցիք: Կարծում եմ՝ կարևոր կլիներ սկսել հարաբերություններից: Կատարվել են բազմաթիվ հետազոտություններ, որոնք հստակ ցույց են տալիս, որ ուսանողների ուսումը կախված է հարաբերություններից: Ինձ համար այդ հարաբերությունները սկսվում են ուսուցիչներից, ովքեր պատրաստ են լսել և իսկապես հասկանալ ուսանողների հանգամանքները և կարեկցել` փորձելով հասկանալ նրանց կարիքները: Կարևոր է նաև գիտակցել, որ յուրաքանչյուրը պետք է ներդնի մի բան, որը մենք արժևորում ենք, որ մեզ անհրաժեշտ են միմյանց փորձառությունները, որոնցից պետք է սովորենք։ Այս հարցի մասին այնքան շատ բան կա ասելու, և ես սիրում եմ այս հարցը: Ինձ համար կարևոր է ճշմարտությունն ասել սիրով և հարաբերությունների մեջ վստահել ու սովորել միմյանցից և Սուրբ Հոգուն հրավիրել այդ միջավայր։
Նախագահ Օուքս․ Հարաբերությունների մասին ձեր խոսքերն ինձ հիշեցրին մեր Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահ Սթիվեն Լանդի հրաշալի ելույթը ԲՅՀ Կանանց վերջին համաժողովում: Նա հարաբերությունները նկարագրեց որպես խթանող ազդեցություն, որը մենք կարող ենք թողնել նրանց կյանքում, ովքեր ցանկանում են ընդօրինակել օրինակելի մարդկանց և մենթորներին: Նա ասաց, որ մեր հետազոտողները պարզել են, որ ՎՕՍ երիտասարդների հոգևոր զարգացումը մեծապես կախված է նրանց հարաբերությունների որակից՝ ներառյալ ծնողների, հասակակիցների և ուսուցիչների հետ: Եվ ղեկավարների հետ այդ հարաբերությունները լավագույնս զարգացած են սեմինարիայում, կիրակնօրյա դպրոցում և քվորումի դասարաններում, որտեղ նրանք հարգում և սիրում են իրենց ղեկավարներին և ընկերակից սրբերին:6 Մեջբերումն ավարտվում է։ Ես եզրակացնում եմ, որ այս ամենը նշանակում է, թե որքան կարևոր են այն ուսուցիչները, ովքեր սիրում և աշխատում են իրենց ուսանողների հետ: Այս եղանակով զարգացած վստահությունը դաստիարակչական ազդեցություն կթողնի, որը կզորացնի նրանց՝ պատասխանելու իրենց մտահոգող հարցերին:
Եղբայր Վեբ․ Շնորհակալություն։ Այո, կարծում եմ, որ դա իսկապես կարևոր է այն բանի համար, ինչ փորձում ենք իրականացնել՝ կառուցել հարաբերություններ: Եվ ձեր ասածը մենք կարող ենք կիրառել սեմինարիայում, որպեսզի օգնենք նրանց ամրապնդել մյուս հարաբերությունները: Դուք նշեցիք երիտասարդների զարգացման ծրագիրը: Մենք կարող ենք մատնացույց անել իրենց երիտասարդների ղեկավարներին, իրենց եպիսկոպոսներին, իրենց Երիտասարդ կանանց ղեկավարներին: Մենք կարող ենք ամրապնդել նրանց հարաբերությունները իրենց ծնողների հետ՝ ընտանիքների մասին խոսելու և նրանց դեպի իրենց ծնողները դարձնելու եղանակով: Կարծում եմ, որ այդ ամենն իրոք կարևոր է։ Կարևոր է ոչ միայն հարաբերություններ զարգացնել նրանց հետ, այլ նաև ամրապնդել նրանց հարաբերություններն այն մարդկանց հետ, ովքեր նրանց կառաջնորդեն ճիշտ ուղղությամբ: Շնորհակալություն ձեր խոսքերի համար: Կարո՞ղ ենք մի փոքր ավելի շատ խոսել նաև այն մասին, թե ինչպես ենք ուսուցանում այս հիմնարար բաները, որ չվիրավորենք կամ չշեղենք երիտասարդներին ավետարանից: Թույլ տվեք մի օրինակով ձևակերպեմ իմ հարցը։ Դարձյալ, հենց այս անցած շաբաթ, ինձ զանգահարեց մի ուսուցիչ, ով ասաց, որ մի ծնող եկել է իր դստերը սեմինարիայից հանելու, քանի որ ինքը սովորեցրել էր որոշ սկզբունքներ ընտանիքի և ընտանիքի կարևորության մասին: Եվ այս ծնողը վիրավորվել էր իրենց ընտանիքի զարգացումների պատճառով և չէր ցանկանում, որ երեխային ուսուցանվեր ընտանիքի կենտրոնական դերը, նույնիսկ՝ փրկության ծրագրի համատեքստում: Այս ուսուցիչը չափազանց տխրեց, որ կորցրեց այդ աշակերտին և հարց տվեց ինձ. «Ինչպե՞ս պետք է ուսուցանեմ ճշմարտությունը: Նման դեպքերում ինչպե՞ս պետք է վարվեմ մի աշխարհում, որտեղ մենք չենք ուզում մարդկանց վանել, բայց պետք է ավետարանը մաքուր ձևով ուսուցանենք մեր ուսանողներին»:
Նախագահ Օուքս․ Շատ ազդեցիկ օրինակ է։ Եղբայր Սմի՞թ, ի՞նչ կասեք դրա մասին։
Եղբայր Սմիթ. Դե մենք նոր խոսեցինք հարաբերությունների մասին։ Կարծում եմ, որ այն ուսանողը, ով վստահում և սիրված է զգում ուսուցչի կողմից, անկեղծ կխոսի նրա հետ։ Երբեմն կարող է պաշտպանական մի պատ առաջանալ, երբ մենք կատարյալ մի բան ենք ուսուցանում, որն իրականություն չէ ուսանողի կյանքում։ Իսկ երբեմն այդ պատերը կարող են փլվել, եթե ուսանողը սիրում և վստահում է իր ուսուցչին։ Դա շատ կարևոր է։ Ես ուզում եմ ընդգծել նախորդ հարցի՝ ուսանողների հետ այդ հարաբերությունների կառուցման պատասխանը:
Նախագահ Օուքսը․ Անշուշտ։ Կարևոր է հասկանալ, որ մենք պարտավոր չենք համաձայնվել այն ամենի հետ, ինչ ասվում է մեզ՝ լինի դա ուսանողի, նրա ծնողների կամ հասարակության մյուս անդամների կողմից: Մենք չենք զբաղվում տարակարծիք հասարակությունում բոլոր համոզմունքները հաստատելու գործով: Մենք պարտավոր ենք ուսուցանել ճշմարտությունը։ Բայց դա անելիս մենք պետք է շատ զգույշ լինենք, որ երբեք չնահանջենք մեր մերձավորին սիրելու՝ Փրկիչի կողմից մեզ տրված պատասխանատվությունից։ Ինչ էլ որ անենք, պետք է լինի սիրո համատեքստում, որ չհակադրվենք մարդկանց, այլ մատուցենք մեր ուսմունքները, որպեսզի ուսմունքները հակադրվեն սխալ համոզմունքներին: Բրիգամ Յանգը, ով բնույթով հակառակվող անձնավորություն էր, մի շատ լավ տարբերակում է դրել, որը ես վերջերս կարդացի Բրիգամ Յանգի ուսմունքներում: Իր ելույթներից մեկում նա ասել է. «Անկախ նրանից, մարդիկ ինձ նման հավատում են, թե՝ ոչ, երբեք չի փոխել իմ զգացմունքները անհատների, տղամարդկանց կամ կանանց նկատմամբ։ Կարո՞ղ եք ապրել իմ հարևանությամբ։ Ես կարող եմ ապրել ձեր հարևանությամբ և դա ինձ առանձնապես չի մտահոգում՝ հավատում եք ինձ, թե՝ ոչ»:7 Բրիգամ Յանգի մեջբերումն ավարտվում է այստեղ։ Կարծում եմ, որ անսպասելի էր բացահայտել այն փաստը, որ մենք կարող ենք սիրով ապրել նրանց հետ, ում հետ համաձայն չենք:
Եղբայր Վեբ․ Այո, դա տեղին էր ասված մեր ուսուցիչների համար։ Կարծում եմ, այսօր Փրկիչի աշակերտի ամենակարևոր հատկանիշներից մեկն է՝ կարողանալ չհամաձայնել և շարունակել սիրել մարդկանց, մարդկանց հետ անկեղծ լինել այդ հարաբերություններում՝ չնայած համոզմունքների անհամաձայնությանը:
Նախագահ Օուքս․ Դրա մյուս կողմն այն է, որ մենք պետք է ձգտենք, որ մարդկանց հետ շփվելիս մեր սիրող, ընդունող, նույնիսկ՝ խրախուսող կեցվածքը, չընկալվի որպես համաձայնություն: Դրանք բաժանված են մի նուրբ թելով։ Քաղաքականության, հանրային քննարկումների և աշխարհի տարբեր աղբյուրներից մենք ականատես ենք լինում, որ սա չի հասկացվում։ Հաճախ մարդիկ ենթադրում են, որ մենք հաստատում ենք ինչ-որ բան, քանի որ մենք սիրով ենք վերաբերվել դրանում ներգրավված մարդկանց:
Եղբայր Վեբ. Դրանք փոխկապակցված են։ Դրանք հարաբերությունների, լսելու և կարեկցանքի մասին են։ Դա նաև սկզբունքն ուսուցանելու մասին է։ Դա այն նախադրյալի մասին է, թե փրկության ծրագրի և Քրիստոսի վարդապետության վրա հիմնվելով, մենք ինչո՞ւ ենք հավատում նրան, ինչ անում ենք։ Ինչպես դուք նկարագրեցիք, դրանք փոխկապակցված են։
Նախագահ Օուքս. Ես կարծում եմ, որ դա նաև վերաբերում է Աստծուն սիրելու առաջին և մեծ պատվիրանին, ապա Փրկիչի ուսմունքին. «Եթե սիրում ես ինձ, պահիր իմ պատվիրանները»:8 Եվ երկրորդ պատվիրանը՝ սիրել մեր ընկերոջը։ Այն փաստը, որ մենք սիրում ենք մեր ընկերոջը, չի նշանակում, որ մենք Աստծուն չենք սիրում և չենք պահում Նրա պատվիրանները:
Եղբայր Վեբ․ Շնորհակալություն։
Եղբայր Սմիթ. Պատկերացնում եմ մի ուսուցչի, ով սիրով ասում է ճշմարտությունը և համարձակ պաշտպանում է Քրիստոսի վարդապետությունը, բայց նաև սիրում է իր ուսանողներին, ինչի շնորհիվ նրանք իրենց ապահով են զգում, և ուսանողը վստահում ու սիրում է ուսուցչին: Գուցե կա մի ուսանող, որը համաձայն չէ Քրիստոսի վարդապետության կամ ավետարանի որևէ սկզբունքի հետ և, հավանաբար, պետք է դա ասի ուսուցչին, բայց նա դեռ դասի է գալիս: Նա դեռ հաճախում է ինստիտուտ կամ սեմինարիա, քանի որ իրեն ապահով է զգում և զգում է, որ այդ միջավայրում կարող է հավատ ստեղծել Հիսուս Քրիստոսի հանդեպ: Կարծում եմ, որ այս հավասարակշռությունը, որի մասին մենք խոսում ենք, շատ կարևոր է պահել. համարձակ պաշտպանել ճշմարտությունը և սիրել նրանց, ովքեր կարող են չհամաձայնվել ճշմարտության հետ, որ դասարանը, սեմինարիան կամ ինստիտուտը կարողանան ապահով վայր դառնալ ուսանողի համար:
Նախագահ Օուքս. Պետք է նաև ասեմ, որ նրանց համար, ովքեր ընդգրկված են ինստիտուտում և կրոն են դասավանդում համալսարաններում ու քոլեջներում, ավելի դժվար կլինի այս թեմային անդրադառնալ։ Ավելի հասուն տարիքի ուսանողները ավելի շատ են հակված ինքնուրույն մտածելու և հակառակվելու, քան օրինակ՝ սեմինարիայի ուսանողները: Բայց սկզբունքները նույնն են: Կիրառությունը որոշ չափով տարբերվում է՝ կախված անհատից և հասունությունից, բայց սկզբունքները նրանք են, որոնք մենք քննարկել ենք:
Եղբայր Վեբ․ Շնորհակալություն։
Նախագահ Օուքս. Հետևյալ հարցը մի փոքր տարբեր է թեմայից, բայց մեր օրերում այն շատ արդիական է. Ինչպե՞ս կարող ենք համոզել մեր ուսանողներին մի կողմ դնել իրենց բջջային հեռախոսները այն ժամանակ, երբ մենք փորձում ենք սովորեցնել նրանց:
Եղբայր Վեբ. Իրականում դա հրաշալի հարց է, որը վերաբերում է հակառակվելու կամ դասարանում առկա տարաձայնություններին, որովհետև երբեմն հենց դա է պատճառը, այնպես չէ՞: Եղբայր Սմի՞թ։
Եղբայր Սմիթ․ Այո, ես կարծում եմ, որ սովորելիս կան պահեր, երբ ուսանողները պետք է անջատեն և մի կողմ դնեն իրենց բջջային հեռախոսները: Կարծում եմ, որ ամենալավ բանը, որը կօգնի նրանց անել դա, ներգրավվածությունն ու ակտիվ ուսուցումն է: Նախագահ Բալարդը մի անգամ ասել է, որ պետք է համոզվենք, որ մեր ուսուցումը ոգևորիչ է: Բայց նաև կարծում եմ, որ կան պահեր, երբ կարող ենք ուսուցանել, որ ուսանողն օգտագործի իր բջջային հեռախոսն ուսման ընթացքում: ChurchofJesusChrist.org-ում և Gospel Library հավելվածում մենք ունենք նյութեր և անկասկած կարող ենք ուսանողին հրավիրել մասնակցելու ուսման փորձառությանը՝ օգտագործելով իր հեռախոսում առկա հավատք ամրապնդող նյութերը: Կարծում եմ, որ դա կարող է օրհնություն լինել և դասերից դուրս դրական ազդեցություն ունենալ նրանց վրա, որ նրանք այդ սարքերը դիտարկեն ավելին, քան պարզապես խաղերի կամ սոցիալական մեդիայի սարքեր, իսկ ոմանց համար, երբեմն՝ գայթակղության աղբյուր: Եվ նրանք կարող են սովորել, որ երբեմն այդ նույն սարքը կարող է օգտագործվել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ ստեղծելու համար: Կարծում եմ, որ դրան հասնելու համար ուսուցիչը պետք է ոգեշնչի և հավասարակշռություն պահի։ Կարծում եմ, որ Տերը կօգնի մեզ սարքի օգտագործման միջոցով հնարավորություններ գտնել հավատ ստեղծելու համար, և հասկանալու այն պահերը, երբ այն պետք է անջատվի և մի կողմ դրվի:
Նախագահ Օուքս․ Ձեր առաջարկը, որ մենք չպետք է թշնամանքով վերաբերվենք բջջային հեռախոսներին, ինձ հիշեցնում է ավելի վաղ մի փորձառություն. ես հիշում եմ 10 կամ 15 տարի առաջ, երբ գնացի սեմինարիայի տարիքի երիտասարդ տղամարդկանց և կանանց կիրակնօրյա դպրոցի դասարան: Եվ դասին գնացի բջջային հեռախոսների նկատմամբ թշնամանք տածելով: Բայց երբ նայեցի դասարանում նստած շուրջ մեկ տասնյակ ուսանողների, հասկացա, որ ամբողջ դասարանում կար միայն մեկ թղթային սուրբ գրություն: Բոլորը սուրբ գրությունները կարդում և դասին հետևում էին իրենց բջջային հեռախոսներով։ Այդ ժամանակ հասկացա, որ խնդիրն արգելելու մեջ չէր, այլ՝ հավասարակշռելու։
Եղբայր Վեբ. Լավ է ասված։ Շնորհակալություն։ Դե նախագա՛հ, շնորհակալություն այսօրվա ձեր խորհրդի համար, և կխնդրեինք, որ հակիրճ կիսվեիք ձեր վկայությամբ, առաջինը դուք՝ եղբայր Սմիթ, ապա ուրախ կլինեմ ես կիսվել իմ վկայությամբ և մնացած ժամանակը թողնել ձեզ։
Եղբայր Սմիթ. Շնորհակալություն Երբ մտածում եմ Եկեղեցու երիտասարդներին, չափահաս երիտասարդներին և CES հաստատություններում սովորողներին ուսուցանելու սուրբ հնարավորության մասին, ես մտածում եմ մեր սիրելի մարգարե՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ուսմունքի մասին: Նա ասել է․ «[Աստծո] ամենաազնվական հոգիներից շատերը … Նրա լավագույն թիմը … ուղարկվել է երկիր այս հատուկ ժամանակ։ … [Նրանք] այն լավագույնների շարքում են, որոնց Տերը երբևէ ուղարկել է այս աշխարհ»։9 Ես պարզապես կցանկանայի կիսվել այն մասին, որ այն երիտասարդները, որոնց հետ շփվելու հնարավորություն ունենք, հենց նրանք են, ում մասին Աստծո մարգարեները մեզ ուսուցանում են: Եվ սրբազան մեծ արտոնություն է նրանց վկայել, որ Հիսուս Քրիստոսն իրական է և վկայել Նրա Քավության և հարության մասին: Այսօր ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի Քավության և Հարության իրական լինելու մասին, որ սա Նրա Եկեղեցին է, որ մեզ ղեկավարում են Նրա կենդանի մարգարեները, տեսանողները և հայտնողները, որ մենք ներգրավված ենք Նրա գործում, երբ ուսուցանում ենք երիտասարդներին վերջին օրերին: Ես կիսվում եմ իմ վկայությամբ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:
Եղբայր Վեբ Ամեն։ Նույնպես կցանկանայի կիսվել մեր սիրող Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի՝ որպես աշխարհի Փրկիչի և Քավիչի իրական լինելու մասին իմ վկայությամբ, որ սա Նրա Եկեղեցին է և արքայությունն է Երկրի վրա: Ես երախտապարտ եմ, որ կարողացել եմ իմ կյանքի յուրաքանչյուր օրն անցկացնել՝ վկայելով Նրա մասին և ուրիշներին ուսուցանել Նրա ավետարանը: Ես երախտապարտ եմ նրանց, ովքեր ուսուցանել և օրհնել են ինձ Փրկիչի հանդեպ իրենց հավատքով և վկայությամբ, և ես երախտապարտ եմ, որ ձեզ հետ միասին ընդգրկված եմ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը ուսուցանելու այս աշխատանքում: Հակիրճ կուզեի նաև ասել, որ երբ մտածում ենք մեր Երկնային Հոր սիրո մասին, մենք հաճախ խոսում ենք այն մասին, թե որքան շատ է Երկնային Հայրը սիրում մեր ուսանողներին: Կուզեի պարզապես ասել, որ մեր Երկնային Հայրը սիրում է ձեզ, որ Նա շատ երախտապարտ է, որ ցանկանում եք ձեր կյանքը նվիրել Իր զավակներին ուսուցանելու գործին, որ Նա սիրում է ձեր ընտանիքները, որ երբ շարունակեք հավատարմորեն ծառայել և ուսուցանել Իր զավակներին, Նա կօրհնի ձեզ և ձեր ընտանիքները, ինչպես դուք եք օրհնում Նրա զավակներին ձեր դասերով, վկայությամբ և օրինակով: Այնպես որ, շնորհակալություն այն ամենի համար, ինչ դուք անում եք, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:
Նախագահ Օուքսը․ Ամեն։ Ես ավելացնում եմ իմ վկայությունը այն ամենին, ինչ ասացին Տիրոջ այս հիանալի ծառաները: Ես Սուրբ Հոգու զորությամբ վկայում եմ Հոր և Որդու մասին, որ սա Նրա աշխատանքն է, և որ դուք Նրա ծառաներն եք, Հիսուս Քրիստոսի ավետարանի ընկերակից ուսուցիչները: Ես երկնքի օրհնություններն եմ թողնում ձեզ վրա, երբ դուք ծառայեք Տիրոջը և ձեր ընտանիքների հետ միասին քայլեք դեպի այն ճակատագիրը, որն Աստված նշանակել է Իր արժանի զավակների համար՝ դեպի հավերժական կյանք: Եվ այդ անում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:
Բոլորը․ Ամեն։