Ուսուցանել կրոնը երիտասարդներին և չափահաս երիտասարդներին․ եզրափակիչ քննարկում
Մաս III. Քննարկում—ԴՀՕ/ՔՄՕ
ՆԱԽԱԳԱՀ ՕՈՒՔՍ. Ուրախ եմ միանալ Քրիսթենին մեր վերջնական քննարկման համար: Նա փորձառու պրոֆեսիոնալ ուսուցիչ է` ներառյալ մեկ տարի ԲՅՀ-ում, վերադարձած միսիոներ, կին, և տատիկ: Նա կխոսի ելնելով այդ փորձառություններից և որպես Տիրոջ ծառայի կին: Այստեղ մեր նպատակն է օգնել ձեզ՝ կրոնի ուսուցիչներին, և նաև օգնել ձեր կողակիցներին՝ իրենց աջակցող մեծ դերում:
ՔՈՒՅՐ ՕՈՒՔՍ. Նախագահ Օուքս շնորհակալ եմ այս երեկո քո հետ լինելու համար: Եվ ես շնորհակալ եմ ուսուցիչների հետ լինելու համար: Դուք ներկայացնում եք բոլոր նրանց, ովքեր ուսուցանել են ավետարանը և օրհնել իմ ընտանիքը: Մենք կարծում ենք, որ դուք շատ առանձնահատուկ եք: Մեր ընկերներից և ընտանիքից շատերը ցանկացել են ունենալ այդ աշխատանքները, որոնք դուք այժմ ունեք, բայց նրանց չի տրվել այդ արտոնությունը: Այսպիսով, իրականում մենք նայում ենք ձեզ, որպես Տիրոջ կողմից ընտրված ուսուցիչներ` Իր զավակների համար: Սա դժվարին ժամանակներ են ուսուցանելու համար`առկա մտահոգություններով, սոցիալական խնդիրներով և ճիշտ սկզբունքների և ճշմարտության դեմ իրական ընդդիմությամբ:
ՆԱԽԱԳԱՀ ՕՈՒՔՍ. Դուք կհիշեք, որ մենք սկսեցինք` խոսելով մեր հարաբերություններում սիրո ուժի մասին` Աստծո սիրո, Իր զավակների հանդեպ Նրա սիրո, միմյանց հանդեպ մեր սիրո, և այս նպատակի համար ամենակարևորը` ձեր ուսանողների հանդեպ ձեր սիրո մասին: Մենք անցանք II մասին` առաջին քննարկմանը և մենք խոսեցինք այնպիսի բաների մասին, ինչպես օրինակ «Ինչպե՞ս կարող եմ ուսուցանել մի բան, որը կլինի մեծագույն արժեք» և «Ինչո՞ւ է ավելի կարևոր ուսուցանել սկզբունքներ, քան կանոններ» և «Ինչպե՞ս օգնենք մեր ուսանողներին կողմնորոշվել աշխարհիկ գաղափարների և արժեքների միջև»․ այդ ամենի մեջ սեր ցուցաբերելով յուրաքանչյուրի հանդեպ:
ՔՈՒՅՐ ՕՈՒՔՍ. Դե, ես գիտեմ, որ դուք այստեղ եք այսօր, որպեսզի լինեք լավագույն ուսուցիչները, որ կարող եք լինել, և ահա ինձ տրված բանալու կախազարդի լուսանկարը: Այն ասում է. «Մնա ինչպիսին կաս: Մնացած բոլորն արդեն վերցրել են»: Սա մեջբերում է Օսկար Ուայլդից: Եվ երբ ես ստացա այն, սկզբում այն չհամարեցի որպես հաճոյախոսություն: Փաստորեն, դա մեծագույն հաճոյախոսություններից մեկն էր, որ ես երբևէ ստացել էի և ես այն տալիս եմ ձեզ:
Երբ խոսքը վերաբերում է ավետարանը ուսուցանելուն, դուք Տիրոջ ընտրյալն եք: Դուք այդպիսիներից մեկն եք և ունեք հատկանիշներ, ուժեղ կողմեր և տաղանդներ, որոնք հատուկ են միայն ձեզ: Դուք նաև առանձնահատուկ դիրքում եք, որպեսզի հաղթահարեք աշխարհիկ ընդդիմությանը և ուսուցանեք հավերժական ճշմարտություններ: Որպես ծնող, տատիկ և նույնիսկ մեծ տատ, ես վստահում եմ ձեզ: Եվ ես մեծապես կախված եմ ձեզնից` ընտանիքիս ճիշտ սկզբունքներ սովորեցնելու, նրանց իրենց շրջապատող խավարից պաշտպանելու գործում: Դուք բառացիորեն առաջարկում եք վահան չարի դեմ և դուք մեր ընտանեկան աղոթքների պատասխանն եք։
ՆԱԽԱԳԱՀ ՕՈՒՔՍ. Մենք շնորհակալ ենք ձեզ, որ ամեն անգամ մեր ընտանիքին և Եկեղեցու երիտասարդներին օգնում եք հասկանալ և ընդունել իրենց ճշմարիտ ինքնությունը՝ որպես սիրառատ Երկնային Հոր զավակներ։ Ձեր մեծագույն ընծան մեզ բոլորիս` պատանիներին և երիտասարդներին ճիշտ սկզբունքներ և հավերժական ճշմարտություններ սովորեցնելն է, որպեսզի օրհնեք նրանց կյանքը․ ճշմարտություններ, որոնցից նրանք կարող են կառչել, երբ միայնակ են ընդունում որոշումներ: Մենք հավատում ենք, որ սա լավագույնս կզինի նրանց` աշխարհին դիմակայելու համար:
ՔՈՒՅՐ ՕՈՒՔՍ. Մեր տունը գտնվում է Սոլթ Լեյք Տաճարի դիմաց՝ փողոցի հակադիր կողմում: Եվ հենց այժմ այնտեղ մեծ շինարարություն է տեղի ունենում։ Ամենուրեք տախտակամածներ են, բեռնատարներ ու ամբարձիչ կռունկներ: Տաճարը, կարծես, ծածկոցի տակ է գտնվում: Այն վերակառուցվում է, ճիշտ ինչպես մենք COVID-19-ի այս ժամանակաշրջանում: Տաճարը ծածկված է, բայց ավելի ամուր և ավելի գեղեցիկ է դարձվում: Ամեն օր աշխատողները մի քիչ ավելին են անում` տաճարն ամրացնելու և ամրապնդելու համար: Երեք տարի անց այն վեր կխոյանա ավելի գեղեցիկ, ավելի կատարյալ և ավելի դիմացկուն` կանգուն մնալու ցանկացած պայմաններում:
ՆԱԽԱԳԱՀ ՕՈՒՔՍ. Մենք և մեր ուսանողները կարող ենք նման լինել տաճարին` ամեն օր ենթարկվելով վերափոխումների` մեզ դարձնելով ավելի ուժեղ, ավելի նվիրված, ավելի հավատարիմ, նույնիսկ՝ դժվարին պայմաններում: Երբ մենք վերակառուցվում ենք խոստացված օրհնություններով, մենք ևս կարող ենք դառնալ Տիրոջ Տուն:
Պատճառներից մեկը, որ ես ուրախ եմ Քրիսթենին կողքիս ունենալ այս ուսուցման ընթացքում, այն է, որ նա վճռորոշ նշանակություն ունի Հոգին մեր տանն ունենալու համար: Ինչպես Նախագահ Նելսոնն է ասել ապրիլյան համաժողովում. «Երկրի վրա ամենասուրբ վայրերից մեկը տունն է: Մենք բոլորս պետք է անենք ավելին` մեր տունը իսկապես սուրբ վայր դարձնելու համար։ Եթե ամուսնացած եք, խորհրդակցեք ձեր կնոջ հետ [կամ կողակցի] այս կարևոր հարցի շուրջ՝ որպես ձեզ հավասար գործընկերոջ: Այս պահից մինչև Տիրոջ կրկին գալուստը, մենք բոլորս պետք է մեր տները դարձնենք հանգստության և անվտանգության վայրեր»։1 Մեր կողակիցները շատ կարևոր են` դա իրականացնելու համար:
ՔՈՒՅՐ ՕՈՒՔՍ. Որպես մի անձնավորության կողակից, ով բառացիորեն կարիք ունի, որ Հոգին գործի իր կոչուման և աշխատանքի մեջ, ճիշտ ձեզանից յուրաքանչյուրի նման, ես գործադրում եմ ամեն ջանք` մեր տունը սուրբ և սիրո վայր դարձնելու համար: Եվ Սուրբ Հոգին միշտ ներկա է եղել մեր տանը կամ մեր դասասենյակներում: COVID-19-ը փաստորեն օգնեց մեզ: Մենք ավելի շատ ժամանակ ենք անցկացնում միասին: Եվ իմ ամուսինը` ձեր կողակիցների նման, լավագուն ձևով է գործում հոգևոր մթնոլորտում: Այն, ինչ ես դիտում եմ, կարդում եմ ու բերում մեր տուն, նշանակություն ունի: Մեր տանը չի կարող հակառակություն լինել և ես փորձում եմ լավատես և աջակցող լինել: Ես գիտեմ, որ իմ աջակցությունը էական է իմ ընտանիքի և իմ ամուսնու միասնությունը պահպանելու համար և ես իսկապես ամեն օր փորձում եմ պահել դա:
ՆԱԽԱԳԱՀ ՕՈՒՔՍ. Շնորհակալություն սիրելիս: Ձեր ուսանողներն աշխարհիկ արժեքների և գայթակղությունների կողմից նշանակալից ընդդիմության են հանդիպում: Մորմոնի Գիրքը մարգարեացել է այդ մասին: Մենք ապրում ենք մի ժամանակներում, որտեղ «երկրագնդի բոլոր երկրներում … հարբած կլինեն անօրինությամբ և ամեն ձևի պղծություններով»:2 Այն նախազգուշացնում է սատանայի մեքենայությունների դեմ այս ժամանակներում:
Օրինակ 2 Նեփի 28.20-ում մենք կարդում ենք, որ սատանան «կմոլեգնի մարդկանց զավակների սրտերում և կդրդի նրանց բարկության ընդդեմ նրա, ինչը բարի է»: Թվում է ամեն ինչ` ճանապարհին մեքենայի անկանոն վարումից, ցուցարարներից և ընտանեկան վիճաբանություններից սկսած, թեժացել է: Ձեր դասարանը կարող է լինել խաղաղության և ապահովության ապաստանավայր այդ ամենից: Այն կարող է բարեկրթության մոդել լինել ձեր ուսանողների զգացմունքները կարգավորելու համար:
ՔՈՒՅՐ ՕՈՒՔՍ. Ձեր դասերը կարող են ապահով վայր լինել նրանց համար: Ձեր դասերի ընթացքում ուսուցանվող սկզբունքները, այնտեղ բերվող վկայությունները և զգացած Հոգին կարող են սնուցել և պաշտպանել ձեր ուսանողներին:
ՆԱԽԱԳԱՀ ՕՈՒՔՍ. Հատված 21-ում սատանան ասում է, որ նա «կխաղաղեցնի» մյուսներին և «կհանդարտեցնի նրանց» այն մտքով, որ «ամեն ինչ լավ է Սիոնում»:3
ՔՈՒՅՐ ՕՈՒՔՍ. Սրա մասին խոսվել է, բայց ոչ մի ժամանակակից տեխնոլոգիա չի հանդարտեցրել մեզ կամ այնպես գերել մեր ուշադրությունը, ինչպես բջջային հեռախոսը: Ես ուզում եմ կիսվել ինստիտուտի մի ուսուցչուհու մասին պատմությամբ, ով երկու տարի տեղաշարժման սահմանափակում ուներ: Երբ նա վերադարձավ, նա պատմեց, որ ցնցված էր: Հեռախոսի անընդհատ ծանուցումներն ու տեքստերը շեղում են ուսանողների ուշադրությունը մտածելուց և դասարանում սովորելուց : Եվ ավելի վատթար, ասաց նա, այն հեռացնում է նրանց միմյանցից և Հոգուց: Բայց ես իսկապես հավատում եմ, որ կա հույս և դա կայանում է նրանում, որ խնդրենք նրանց, ովքեր մեր շրջապատում են, վար դնել իրենց հեռախոսները: Եվ եթե հնարավոր է, մենք գուցե նույնիսկ խրախուսենք մի զրույց ունենալ հեռախոսի օգուտների և վտանգների մասին նրանց համար, ում մենք սիրում և ուսուցանում ենք և թույլ տանք մեր ուսանողներին պատմել մեզ` իրենց մտահոգությունների մասին ու ինքնուրույն լուծումներ գտնել բջջային հեռախոսի խնդրի վերաբերյալ: Որպես ծնողներ մեզ դուր է գալիս այդ միտքը: Մենք կցանկանայինք դա իրագործել:
ՆԱԽԱԳԱՀ ՕՈՒՔՍ. Վերջին օրինակը, որը տրված է 2 Նեփի 28.22-ում, այն է, որ սատանան կշողոքորթի մյուսներին հեռու տանելով «[կասի] նրանց, որ դժոխք չկա, և … ես դև չեմ, քանզի այդպիսին չկա»: Ձեր ուսուցումները կօգնեն ձեր ուսանողներին ճանաչել սատանայի շողոքորթությունները և խաբեությունները, որոնք հակասում են Աստծո պատվիրաններին: Կան հետևանքներ սատանայի կողմից ոգեշնչված վարքի համար և ձեր ուսուցումները կտան հույս, որը մենք ստանում ենք ապաշխարության ողորմածությունից և աստվածային ներողամտությունից:
ՔՈՒՅՐ ՕՈՒՔՍ. Սիրուն է ասված: Ես ամուսնացած եմ Առաքյալի հետ և մոտիկից ծանոթ եմ մյուս Առաքյալներին: Ես գիտեմ, որ Տիրոջ ծառաները շատ հնազանդ են և ձգտում են, որ Տիրոջ Հոգին առաջնորդի իրենց: Ես գիտեմ նաև, որ հոգևոր առաջնորդությունը հասանելի է մեզնից յուրաքանչյուրին, և դուք կարող եք ուսուցանել ձեր ուսանողներին գտնել այն և հնազանդ լինել:
ՆԱԽԱԳԱՀ ՕՈՒՔՍ. Եվ վերջում, 2 Նեփի 28.32-ումՏերը հայտարարում է, որ Նա «ողորմած» կլինի բոլորի հանդեպ, ովքեր «ապաշխարում և գալիս են [Իր] մոտ»: Նա միշտ հասնում է օգնության` բարձրացնելու և փրկելու մեզ: Դուք եք այն մարդիկ, ովքեր ուսուցանում են այդ հավաստիացումը և այդ հույսը ձեր ուսանողներին: Թույլ տվեք նրանց իմանալ, որ ապաշխարությունը մեծագույն պարգևներից մեկն է, որ մենք ունենք: Դուք պատասխանատու եք` օգնել նրանց հասնելու իրենց լիակատար ներուժին և ճակատագրին, որպես Աստծո զավակներ:
ՔՈՒՅՐ ՕՈՒՔՍ. Եվ երբեք մի մոռացեք մեր տրամադրության տակ եղած ամենամեծ զենքը այդպիսի չարիքներին հաղթելու համար։ Ալմա 31.5-ում մեզ ուսուցանվում է, որ «[Աստծո] խոսքի քարոզելն ուներ մեծ միտում՝ առաջնորդել ժողովրդին անելու այն, ինչն արդար էր, այո, այն ունենում էր [մի] ավելի զորավոր ազդեցություն մարդկանց մտքերի վրա, քան սուրը», և ես կավելացնեմ նաև բջջային հեռախոսը: Դուք այդ խոսքի ուսուցիչներն եք և դուք ունեք այդ զորությունը և այդ խոստումը:
ՆԱԽԱԳԱՀ ՕՈՒՔՍ. Ուսանողներին ուսուցունելու ժամանակ կենտրոնում դրեք Փրկիչին, և դուք կունենաք այդ զորությունը: Որպես ավետարանի ուսուցիչներ, Սուրբ Հոգու ուղղորդմամբ, դուք անում եք այս, և դուք կարող եք նույնիսկ ավելի արդյունավետ լինել: Երբ դուք ավելի մոտենաք Քրիստոսին, ձեր ուսանողներն ավելի կմոտենան ձեզ և Նրան։ Նրանց համար անհրաժեշտ ճշմարտությունն ուսուցանելու ձեր կարողությունը կավելանա, և կմեծանա նրանց սիրելու և նրանց կարիքները նկատելու ձեր կարողությունը:
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, իմ ավելի վաղ ասածին ի հավելում, ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի` մեր Փրկիչի, մեր Քավիչի մասին, ով կանգնած է այս Եկեղեցու գլխին Դուք Նրա ծառաներն եք։ Մենք միասնական ենք Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարիտ սկզբունքներն ուսուցանելիս: Ես օրհնում եմ ձեզ` որպես Նրա ծառաներ, որպես Նրա ուսուցիչներ և որպես հայրեր և մայրեր Սիոնում, որպես Տեր Հիսուս Քրիստոսի արժանավոր ծառաներ` կատարելու ձեր պարտականությունները, պահելու Նրա պատվիրանները, լինելու արդարակեցության մեծ օրինակներ և ուսուցանելու ճշմարիտ սկզբունքներ: Եվ ես օրհնում եմ ձեզ այդ նպատակով, երբ վկայում եմ այն բաների ճշմարտության մասին, որոնք դուք ուսուցանվել եք այսօր, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: