Համաշխարհային հոգևոր հավաքներ
Դարձնենք մեր սրտերը դեպի Սուրբ Հոգու ձայնը


Դարձնենք մեր սրտերը դեպի Սուրբ Հոգու ձայնը

ԵԿՀ-ի հոգևոր երեկո երիտասարդ ամուրիների համար • 2 մարտի, 2014 • Բրիգամ Յանգի Համալսարան - Այդահո

Ինձ համար արտոնություն է Ձեզ հետ այս հոգևոր երեկոյին հանդիպելը: Ես աղոթել եմ, որ Տերն օրհնի ձեզ լսել մի բան, որը կօգնի մեծացնել Սուրբ Հոգու ձայնը ճանաչելու ձեր ունակությունը: Դուք գուցե արդեն ստացաք մի ուղերձ, որը զգացիք հենց ձեզ համար է այդ գեղեցիկ երաժշտության մեջ, որը մենք հենց նոր լսեցինք:

Մոտ 41 տարի առաջ ես դժկամորեն հաճախեցի Տաճարային Հրապարակում կազմակերպված երիտասարդ ամուրիների հոգևոր երեկոյին: Հսկայական ձնաբուքը, որը սկսվեց հոգևոր հավաքույթի կեսօրին, փորձեց իմ հավատքը: Բայց քանի որ ինձ խնդրել էին ունենալ իմ փոքր մասնակցությունը, ես գնացի, որպեսզի կատարեմ իմ պարտականությունը: Տարիների ընթացքում ես սովորել եմ, որ այն, ինչով կիսվեց Նախագահ Այրինգը, ճիշտ է. «Մարդ չի կարող տալ մի կտոր չորուկ Տիրոջը` առանց ստանալու մի բոքոն ի հատուցում»:1 Իմ հիանալի ամուսինն այն «բոքոնն» է, որը ես ստացա մասնակցության միջոցով մատուցած իմ «չորուկի» փոխարեն: Այդ հոգևոր երեկոյի ժամանակ էր, որ ես հանդիպեցի նրան: Նա երգում էր երգչախմբում և երեկոյի ավարտին խիզախորեն մոտեցավ ինձ ու ներկայացավ: Որքա՜ն երախտապարտ եմ ես, որ այդ երեկոյին ներկա լինելու պարտավորվածություն զգացի, և որ մեր գթասիրտ Երկնային Հայրն ընդունեց նույիսկ իմ դժկամ ջանքը լինել այնտեղ, որտեղ պետք է լինեի:

Ես երախտապարտ եմ, որ մեր երեխաներից մի քանիսը և մեր ավագ թոռնուհին այստեղ են այս երեկոյան: Միքայելան ջութակ է նվագում: Երեք տարեկան հասակում նա սկսեց ջութակի դասընթացները և այժմ, 16 տարեկանում, նա բավականին տաղանդավոր երաժիշտ է: Ես դա կարող եմ ասել, քանի որ նրա տատիկն եմ, իսկ տատիկները չե՜ն չափազանցնում: Ոգևորիչ էր տեսնել նրա քայլ առ քայլ առաջընթացը` մինչ նա սովորում էր օգտագործել իր գործիքը, որպեսզի օրհներ ոչ միայն իր սեփական կյանքը, այլ նաև շատ ուրիշների կյանքեր: Նա սովորել է իր գործիքը լարելու արվեստը, ամենօրյա ջանասիրաբար պրակտիկայով զբաղվելու կարևորությունը և նվագելու ու իր գործիքով այլ գործիքների հետ նվագակցելու ուրախությունը:

Երբ ամուսնուս հետ մի քանի տարի առաջ ծառայում էի միսիայում, ես սովորեցի կարդալ կորեական այբուբենի տառերն ու արտասանել հնչյունները: Ես սովորեցի ողջույնի մի քանի հիմնական խոսք, երկու արտահայտություն ու ավետարանի մի քանի տերմին և կարողանում էի զանազանել կորերենը այլ լեզուներից: Ես կորորենով հիշում էի իմ սիրելի հիմներից մի քանիսն ու Երեխաների Միության երգերը: Բայց այդ գեղեցիկ լեզվով խոսելու և հասկանալու իմ ունակությունը շատ սահմանափակ էր:

Ինչո՞ւ եմ ձեզ հետ կիսվում այս, ըստ երևույթին, առնչություն չունեցող օրինակներով: Որովհետև կուզենայի, որ մենք քննարկեինք Սուրբ Հոգու լեզուն սովորելու մասին – թե ինչպես է Նա խոսում մեզ հետ և մենք ինչպես ենք կարող մեծացնել Նրա ձայնը լսելու մեր ունակությունը: Ճիշտ այնպես, ինչպես երաժշտական գործիք կամ լեզու ուսումնասիրելն է գործընթաց, Սուրբ Հոգու լեզուն սովորելը նույնպես գործընթաց է, որը կարևոր է յուրաքանչյուրիս համար` լինենք մենք վերջերս մկրտված, թե Եկեղեցու երկար ժամանակվա անդամներ:

Փրկիչն ուսուցանել է Մորմոնի Գրքում, որ Լամանացիները «մկրտվեցին կրակով և Սուրբ Հոգով ... և չիմացան դա»:2 Իմ խորը ցանկությունն է, որ մենք մեծացնենք Սուրբ Հոգու հուշումները լսելու և հասկանալու մեր ունակությունը, և գործենք համաձայն այն հուշումների, որոնք ստանում ենք Սուրբ Հոգուց: Որպեսզի դա անենք, մենք առաջին հերթին պետք է սովորենք ճանաչել Նրա ձայնը:

Եկեք մի պահ գնահատենք մեր փորձառությունը: Հիմա, քանի որ այստեղ մեր լսարանը մեծ է, և նաև մեզ են միացել ողջ աշխարհի երիտասարդ ամուրիները, ես կուզենայի հրավիրել ձեզ մի բան անել: Չլինելով շատ անհատական, կկիսվեի՞ք միմյանց հետ հետևյալ հարցերի հետ առնչվող ձեր որոշ փորձառություներով Twitter-կայքում: Երբ ունենաք ժամանակ, նշեք ձեր պատասխանը #cesdevo-ի ներքո:

Ահա հարցը, որին պետք է պատասխանեք. ինչպե՞ս կարող ենք հասկանալ, արդյոք լսել ենք Սուրբ Հոգու ձայնը:

Ինքներս մեզ կարող ենք մի քանի հավելյալ հարց տալ մինչ կխորհենք այս հարցի շուրջ.

•  Ես ունեցե՞լ եմ սիրո, ուրախության, խաղաղության, համբերատարության, հեզության, հավատքի, հույսի և սփոփանքի զգացումներ:

•  Ունեցե՞լ եմ գաղափարներ իմ մտքում կամ զգացումներ իմ սրտում, որոնք իմացել եմ, որ գալիս են Տիրոջից, այլ ոչ թե ինձանից:

•  Երբևէ իմ ձայնը արտաբերե՞լ է ճշմարտությունը` առանց ծրագրելու, թե ինչ պետք է ասեմ:

•  Զգացե՞լ եմ իմ հմտությունների ու կարողությունների մեծացում:

•  Զգացե՞լ եմ առաջնորդություն և եղե՞լ եմ պաշտպանված խաբեությունից:

•  Ճնանաչե՞լ եմ մեղքն իմ կյանքում և ցանկացե՞լ եմ ուղղել այն:

•  Զգացե՞լ եմ, երբ Սուրբ Հոգին փառաբանել ու վկայել է Հայր Աստծո ու Հիսուս Քրիստոսի մասին:3

Եթե այս հարցերից որևէ մեկին «այո» պատասխանեցիք, ապա դուք զգացել եք Տիրոջ Հոգին ձեր կյանքի որոշակի հատվածում: Բայց ամենակարևոր հարցն է` «այժմ դուք ունե՞ք այդպիսի զգացում»: 4

Քրիստոսի Լույսին հետևելու մասին մարգարե Մորմոնի խորհուրդը կարող է օգնել մեզ հասկանալ, թե ինչպես ստանանք Սուրբ Հոգին: Մորմոնն ասել է.

«Քանզի ահա, Քրիստոսի Հոգին տրվում է ամեն մարդու, որպեսզի նա կարողանա բարին տարբերել չարից. ուստի, ես ցույց եմ տալիս ձեզ դատելու ուղին. քանզի ամեն բան, որ հրավիրում է անել բարիք, և համոզում է հավատալ Քրիստոսին, առաջանում է Քրիստոսի զորությամբ ու պարգևով. ուստի, դուք կարող եք կատարյալ իմացությամբ իմանալ` դա Աստծուց է:

«Բայց ինչ բան, որ համոզում է մարդկանց գործել չարիք, և չհավատալ Քրիստոսին, և ուրանալ նրան, և չծառայել Աստծուն, այդ դեպքում դուք կարող եք իմանալ մի կատարյալ իմացությամբ` դա դևից է. քանզի այս ձևով է դևը գործում, քանզի նա ոչ մի մարդու չի համոզում բարիք գործել, ո՛չ, ոչ մեկին. ո՛չ էլ նրա հրեշտակներն են անում այդ. ո՛չ էլ նրանք են անում այդ, ովքեր ենթարկվում են նրան»: 5

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին նկատել է. «Սա է ստուգման ձևը, երբ ամեն ինչ ասվել և արվել է: Համոզո՞ւմ է այն արդյոք մարդուն անել բարին, բարձրանալ, հասակով մեկ կանգնել, անել ճիշտը, լինել բարի, առատաձեռն: Ուրեմն դա Աստծո Հոգին է»: 6

Ինչո՞ւ է Սուրբ Հոգու շշունջները նկատելն այդքան դժվար թվում: Պատճառներից մեկը գուցե այն է, որ Սուրբ Հոգին հաղորդակցվում է և՛ մեր մտքերի, և՛մեր սրտերի հետ: Սուրբ Հոգու լեզուն սովորելիս` մենք երբեմն շփոթում ենք մեր սեփական մտքերն ու մեր սեփական հույզերը Սուրբ Հոգու հուշումների հետ: Պատճառներից մեկն էլ այն է, որ Սուրբ Հոգին նկատելը Սուրբ Հոգու պարգև է: Հենց այնպես, ինչպես լեզու սովորելն է ոմանց մոտ հեշտությամբ ստացվում, իսկ ոմանց մոտ ոչ, այնպես էլ Սուրբ Հոգու հուշումները հասկանալու ունակությունն է: Շատ հաճախ երաժշտական գործիք կամ լեզու ուսումնասիրելը մեծ ջանքեր է պահանջում` այդ թվում այն կիրառելն ու երբեմն սխալներ անելը: Այդպես է նաև Սուրբ Հոգու լեզուն սովորելու գործընթացը:

Օգտակար կլինի՞ ձեզ համար իմանալ, որ անձնական հայտնությունը տող առ տող, ցուցում առ ցուցում գործընթաց է, որ նույնիսկ մարգարեները, տեսանողներն ու հայտնողները պետք է սովորեն հասկանալ: Հետևյալը ներկայացնում է մի օրինակ Երեց Ջեֆրի  Ռ. Հոլանդի կյանքից:

«Կան պահեր, երբ Ա կետից Գ կետը հասնելու միակ ուղին  Բ կետով անցնելն է:

«Մեծացած լինելով հարավային Յուտայում և վայելելով հարավային Յուտայի և հյուսիսային Արիզոնայի հրաշքներն ու գեղեցկությունը` ես ուզում էի որդուս ծանոթացնել դրա հետ և ուզում էի ցույց տալ նրան այն վայրերը, որոնք ես տեսել ու վայելել էի նրա տարիքում: Այսպիսով, նրա մայրը թեթև ընթրիք փաթեթավորեց մեզ համար և մենք նստեցինք նրա պապիկի ավտոմեքենան և ուղեևորվեցինք դեպի հարավ` դեպի այն կողմ, որը մենք անվանում ենք Արիզոնայի կզղիացած տարածքներ:

«Երբ նկատեցինք, որ արևը մայր է մտնում, մենք որոշեցինք, որ ավելի լավ է հետ վերադառնանք: Բայց մենք հասանք մի որոշակի ճամփաբաժանի, որն, իսկապես, այդ պահին բացարձակապես անճանաչելի էր: Ես խնդրեցի որդուս աղոթել այն մասին, թե որ ուղին պետք է ընտրենք, և նա հաստատուն կերպով զգաց, որ մենք պետք է աջ թեքվենք, ես նույնպես նույնը զգացի: Եվ մենք աջ թեքվեցինք, բայց դա փակուղի էր: Մենք գնացինք չորս, հինգ կամ վեց հարյուր մետր, և դա բացարձակ փակուղի էր` ակնհայտորեն սխալ ճանապարհ:

«Մենք պտտվեցինք, հետ վերադարձանք և գնացինք մյուս ճանապարհով: Եվ ահա, ձախ թեքվող ճանապարհը ճիշտ ճանապարհն էր:

Ճանապարհին Մեթն հարցրեց. «Հայրի՛կ, ինչո՞ւ այդ մասին աղոթելուց հետո մենք զգացինք, որ աջ թեքվող ճանապարհն իսկական ճանապարհն էր, ճիշտ ճանապարհն էր, սակայն դա այդպես չէր»: Եվ ես ասացի, «Ես կարծում եմ, որ Տերը, Նրա ցանկությունը մեզ համար այդ իրավիճակում, և Նրա պատասխանը մեր աղոթքին մեզ որքան հնարավոր է շուտ դեպի ճիշտ ճանապարհն առաջնորդելն էր` հավաստիացնելով, հուշելով, որ մենք ճիշտ ճանապարհին ենք և չպետք է անհանգստանանք այդ մասին: Եվ այս դեպքում այդպես անելու ամենահեշտ եղանակը մեզ 400 կամ 500 մետր սխալ ճանապարհով գնալ թույլ տալն էր և շատ արագ, առանց որևէ կասկածի իմանալը, որ դա սխալ ճանապարհն էր, և, հետևաբար, նույնքան վստահությամբ, նույնքան համոզվածությամբ, որ մյուսը ճիշտ ճանապարհն էր»:

Ես ունեմ բացարձակ գիտելիք, կատարյալ գիտելիք, որ Աստված սիրում է մեզ: Նա բարի է: Նա մեր Հայրն է, և Նա ակնկալում է մեզանից աղոթել, վստահել և լինել հավատացող, չհանձնվել ու խուճապի չմատնվել, հետ չընկրկել, նպատակներն անավարտ չթողնել, երբ թվում է, թե ինչ-որ բան ճիշտ ձևով չի ընթանում: Մենք շարունակում ենք նվիրվել, աշխատել, վստահել, հետևել այդ նույն ուղղուն մինչև որ հասնենք Նրա գիրկը ու զգանք Նրա գրկախառնումն ու լսենք Նրան` ասելիս, «Ես քեզ ասում էի, որ լավ է լինելու, ես քեզ ասում էի, որ ստացվելու է»: 7

Մինչ ես պատրաստվում էի խոսել այս երեկոյի ընթացքում, ես ունեցա Երեց Հոլանդի փորձառության նման մի փորձառություն: Ես սկսել էի աշխատել մի թեմայի շուրջ` ուսումնասիրելով ու գրի առնելով այդ թեմայի հետ առնչվող իմ մտքերը, որպեսզի խոսեմ այդ մասին, սակայն անհանգստություն էի զգում: Ես զգում էի, որ դրա փոխարեն կար մի ուրիշ բան, որ պետք է հղեի: Այդ ժամանակ էր, որ ես հիշեցի մի փորձառության մասին, որ ունեցել էի մոտ երկու տարի առաջ: Երբ առաջին անգամ ես կանչվեցի ծառայելու որպես Սփոփող Միության Գերագույն Նախագահ, ես անցկացրեցի մի քանի անքուն գիշերներ: Այդ գիշերներից մեկի ընթացքում շատ գաղափարներ հեղեղեցին միտքս, և ես զգացի, որ դրանք շատ կարևոր էին: Ես գրի առա դրանք և մի կողմ դրեցի` այլևս չհիշելով դրանց մասին մինչև մի քանի շաբաթ առաջ, երբ իմ առաջին թեմայի հետ առնչվող այն անհարմար զգացումները սկսեցին անհանգստացնել ինձ: Երկնային Հայրը թույլ տվեց, որ ես որոշ ժամանակ գնայի մյուս ճանապարհով, բայց Նա հետ առաջնորդեց ինձ դեպի այս ճանապարհը` Սուրբ Հոգու պարգևի շնորհիվ իմ սրտում մեղմ զգացումի, ու իմ մտքում արթնացրած հիշողության միջոցով:

Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ավելի լավ հասկանանք Սուրբ Հոգու ձայնը: Մենք կարող ենք սկսել` ընդունելով, որ մեր Երկնային Հայրն ուզում է հաղորդակցվել մեզ հետ: Մենք գիտենք սա, քանի որ վերջին օրերի բոլոր մարգարեներն ուսուցանել են անձնական հայտնության վարդապետության մասին: Մտածեք այն բազմաթիվ օրհնությունների մասին, որ Տերը տվել է մեզ, որպեսզի մենք կարողանանք հաղորդակցվել Նրա հետ ու ստանալ Իր խոսքերը`սուրբ գրություններ, հայրապետական օրհնություն, աղոթք, արարողություններ, ոգեշնչված ղեկավարներ ու ծնողներ և Սուրբ Հոգու պարգև:

Ինչպե՞ս կարող ենք սկսել ավելի մոտենալ Աստծուն և լսել մեզ հետ խոսող Նրա ձայնը: Մենք սկսում ենք հիմնական բաներից: Մենք անում ենք այն պարզ ու հասարակ բաները, որոնք ցույց են տալիս, որ Նա մեր կյանքում ամենակարևոր տեղում է, և որ մենք ուզում ենք հայտնություն ստանալ Նրանից: Երբ ես այցելեցի Արևմտյան Աֆրիկա, ես սովորեցի մի արտահայտություն, որն ինձ շատ է դուր գալիս, որը կարծես կիրառելի է անձնական հայտնության գործընթացում` «կամաց-կամաց, քիչ-քիչ»: Ո՞րոնք են այդ քայլ առ քայլ գործողությունները, որ կարող ենք անել:

Համար  1. Անկեղծորեն ու խոնարհաբար աղոթեք:

Իմ մայրական սիրտը հուզվել է տարիներ շարունակ, երբ ես տեսել եմ իմ սեփական երեխաներին ու թոռնիկներին հավատք գործադրելիս` խոնարհ ու անկեղծ աղոթքով խնդրելով Տիրոջ օգնությունը իրենց փոքր խնդիրների լուծման համար: Մեր ընտանիքի կողմից շատ սիրված մի հիշողություն ցույց է տալիս սա:

Մեր որդին մեր ընտանիքի ավագ երեխան է: Նա ունի հինգ քույր և ոչ մի եղբայր: Մեր երրորդ դստեր ծնունդից առաջ ամուսինս մեր տղային շուն խոստացավ, եթե այս երեխան նույնպես աղջիկ լիներ: Երբ մեր դուստրը ծնվեց, իմ բարի ամուսինը կատարեց իր խոստումը: Շունը դարձավ մեր որդու լավագույն ընկերը: Նա սիրում էր այդ շանը: Բայց մի օր շունը կորավ: Մենք փնտրում ու փնտրում էինք, սակայն չէինք գտնում: Մենք զանգահարեցինք կենդանիների վերահսկման ծառայողին: Նա մեզ շատ հույս չտվեց, քանի որ մենք բավականին մոտ էինք ապրում մայրուղուն: Ծառայողը նկատեց, որ բավականաչափ ժամանակ է անցել, որպեսզի շունը հնարավորություն ունենար դուրս գալ դեպի մայրուղի ու վրաերթի ենթարկվել ինչ-որ մեքենայի կողմից:

Մենք լավագույն կերպով փորձեցինք մխիթարել մեր որդուն, երբ ասացինք այն, ինչ լսել էինք, բայց նա ընկճված էր: Ես հիշում եմ, որ հրավիրեցի նրան աղոթել Երկնայի Հորը սփոփանքի համար: Մեր քաղցր փոքրիկ տղան նայեց աչքերիս մեջ և ասաց. «Մամ, ես շարունակ աղոթում եմ»:

Երկու օր անցավ: Մի օր վաղ առավոտյան մեր դուռը թակեցին: Երեխաներից մեկը պատասխանեց և վազելով եկավ, որպեսզի կանչի ինձ: Ես մտահոգվեցի, քանի որ մեր դռան առջև կանգնած մի մեքենա նկատեցի, որի վրա գրված էր «Կենդանիների վերահսկում»: Դռան մոտ կանգնած մարդն ինձ նայեց ու ասաց. «Տիկին Բըրթըն, կարծում եմ մի բան կա իմ մեքենայում, որը պատկանում է ձեր որդուն:

Ես վախ զգացի: Հիշում եմ անհանգստանում էի` մտածելով, որ նա գտել է շանը, որը կարող է մահացած լինել կամ ծանր վնասված: Ի ուրախություն ինձ` մեր շունը մեքենայի հետևի մասում էր – ուրախ, առողջ ու պատրաստ մեքենայից դուրս ցատկել ու գրկախառնվել մեր փոքրիկ տղայի հետ:

Ես հարցրեցի կենդանիների վերահսկման ծառայողին, արդյոք որտեղից է գտել մեր շանը: Նա ասաց. «Այս առավոտյան, երբ ես տանից դուրս էի գալիս, մի շատ արտասովոր բան տեղի ունեցավ: Հենց իմ տան առջև կար մի շուն, որը համապատասխանում էր հեռախոսով ինձ հաղորդած ձեր նկարագրությանը: Շունն արձագանքեց, երբ ես կանչեցի նրա անունը: Այսպիսով, որոշեցի նրան տուն բերել և հանգստացնել ձեր որդուն նախքան իր դպրոց գնալը»:

Ես գիտեմ, որ Տերը պատասխանում է անկեղծ, գորովագութ ու երեխայական աղոթքներին: Երկնային Հայրն ուզում է, որպեսզի երեխաներն իմանան, որ Նա ի սկզբանե իրենց կյանքում է, և այսպիսով նրանք կշարունակեն վստահել Նրան, երբ դառնան հասուն: Քանի որ երեխաները սովորաբար լի են հեզությամբ, նրանք արժանի են ստանալ Երկնային Հոր խոստումը, ինչպես ասվում է Վարդապետություն և Ուխտերում. «Եղիր խոնարհ. ; և Տերը՝ քո Աստվածը, ձեռքդ բռնած կառաջնորդի քեզ և կպատասխանի քո աղոթքներին»։8

Մինչ կկիսվեմ հետևյալ հարցերով, որ Նախագահ Սպենսեր  Վ. Քիմբալն ուղղել էր նման մի խմբի, խորհեք ձեր սեփական խոնարհության ու ձեր սեփական աղոթքների անկեղծության մասին: «Դուք ուզում եք առաջնորդությո՞ւն: Աղոթե՞լ եք Տիրոջը ոգեշնչման համար: Դուք ուզում եք գործել շիտա՞կ, թե ուզում եք գործել այնպես, ինչպես դուք եք ուզում, լինի դա շիտակ, թե չլինի: Դուք ուզո՞ւմ եք անել այն, ինչը լավ կլինի ձեզ համար հետագայում, թե՞ այն, ինչն ավելի ցանկալի է թվում այդ պահին: Դուք աղոթե՞լ եք: Որքա՞ն եք աղոթել: Ինչպե՞ս եք աղոթել: Աղոթե՞լ եք այնպես, ինչպես աղոթեց Փրկիչը … թե՞ խնդրել եք այն, ինչ ուզում եք` անկախ նրանից պատշաճ է դա, թե ոչ»:

Այնուհետև Նախագահ Քիմբալը շարունակել էր: «Դուք ասո՞ւմ եք ձեր աղոթքներում. «Լինի քո կամքը»: Դուք ասե՞լ եք, «Երկնային Հայր, եթե դու ոգեշնչես ու ներշնչես ինձ ճշմարտությամբ, ես կանեմ ճիշտը»: … Ասե՞լ եք, «Երկնային Հայր, ես սիրում եմ քեզ, ես հավատում եմ քեզ, ես գիտեմ, որ դու ամենագետ ես: Ես ազնիվ եմ: Ես անկեղծորեն ցանկանում եմ անել ճիշտը: Ես գիտեմ, որ դու կարող ես տեսնել վերջն ի սկզբանե: Դու կարող ես տեսնել ապագան: Դու կարող ես տեսնել, որ այս իրավիճակում, որը ես ներկայացնում եմ, ունենալու եմ խաղաղություն, թե ահնանգստություն, երջանկություն, թե վիշտ, հաջողություն, թե ձախողում: Ասա ինձ, խնդրում եմ, սիրելի Երկնային Հայր, և ես խոստանում եմ անել այն, ինչ դու կասես ինձ, որ անեմ»: Դուք աղոթե՞լ եք այդպես: Չե՞ք կարծում, որ այդպես իմաստուն է: Դուք ունեք բավականաչափ խիզախություն այդպես աղոթելու համար»:9

Անկեղծորեն աղոթելու եղանակներից մեկն անկեղծ ու սրտաբուխ հարցերի մասին խորհել սովորելն ու դրանք խոնարհաբար Տիրոջը ներկայացնելն է: Ուշադրություն դարձրեք Ջոզեֆ Սմիթի հարցերին. «Ի՞նչ անել։ Այս բոլոր խմբակցություններից ո՞րն է ճիշտ. կամ, միգուցե նրանք բոլորը սխա՞լ են։ Եթե դրանցից որևէ մեկը ճիշտ է, ապա ո՞րն է այն, և ի՞նչպես կարող եմ դա իմանալ»:10 Իմաստունորեն նա դիմեց սուրբ գրություններին` աստավածային ճշմարտության աղբյուրին, որը «լուրջ մտախոհության» պատճառ հանդիսացավ և առաջնորդեց նրան «որոշել, խնդրել Աստծուց»`11 հավատալով, որ իր աղոթքը կստանա պատասխան:

Անկեղծորեն աղոթել նշանակում է, որ մենք մտադրված ենք գործել համաձայն մեր ստացած պատասխանի: Սրբազան Պուրակում իր ջերմեռանդ աղոթքի մասին Ջոզեֆը հիշատակել է. «Տիրոջը դիմելու իմ նպատակն էր՝ իմանալ, թե բոլոր աղանդներից որն էր ճշմարիտը, որպեսզի իմանայի, թե որին միանամ»: 12Ակնհայտ է, որ Ջոզեֆը մտադրված էր գործել համաձայն այն բանի, ինչ Տերը կկամենար հայտնել նրան: Այնուամենայնիվ, նույնիսկ նախքան նա կտար իր պարզ հարցը, նա ստացավ շատ ավելին, քան երբևիցե հույս ուներ, որ կստանար: Նրան տրվեց մեր Երկնային Հորն ու Նրա Սիրելի Որդուն տեսնելու յուրահատուկ արտոնություն: Ես հրճվում եմ երիտասարդ մարգարե Ջոզեֆ Սմիթի ստացած այս փառահեղ պատասխանով, որը տրվեց ի պատասխան իր պարզ բայց գիտելիք ձեռք բերելու համար ի սրտե ցանկությանը:

Համար  2. Անմիջապես հետևեք հոգևոր տպավորություններին:

Մեր սիրելի մարգարե, Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի կյանքից մի կարևոր իրողություն ցույց է տալիս Սուրբ Հոգու տպավորություններին անմիջապես հետևելու էական կարևորությունը:

«[Պատմող.] Մինչ Եպիսկոպոս Մոնսոնը ձեռք էր բերում փորձառություն իր պատասխանատվություններում, նա շատ դասեր քաղեց, այդ թվում Սուրբ Հոգուն հետևելու կարևորության և Տիրոջը վստահելու մասին:

«Մի երեկո, ցցի քահանայության ղեկավարների ժողովի ընթացքում Նա մի յուրահատուկ տպավորություն ստացավ, որ պետք է անմիջապես դուրս գա ժողովից և ուղևորվի դեպի վետերանների հիվանդանոց, որը գտնվում է Սոլթ-Լեյք Սիթիի հյուսիսարևելյան հատվածում: Այդ երեկո, տանից դուրս գալուց առաջ, նա մի հեռախոսազանգ էր ստացել, որը տեղեկացրել էր նրան, որ իր ծխի տարեց անդամներից մեկը հիվանդ է և տեղափոխվել է հիվանդանոց, որպեսզի լինի հսկողության ներքո: Զանգահարողը հարցրել էր, արդյոք եպիսկոպոսը կարո՞ղ էր մի պահ գալ հիվանդանոց և օրհնություն տալ: Երիտասարդ զբաղված եպիսկոպոսը բացատրել էր, որ նա հանդիպում ունի և որ նա այնտեղ գնալու ճնապարհին է, բայց դրանից հետո, անշուշտ, կգնա հիվանդանոց: Այժմ հուշումն ավելի զորեղ էր, քան երբևէ. «Թո՛ղ ժողովը, և շտապ գնա հիվանդանոց»:

Եպիսկոպոս Մոնսոնը նայեց ամբիոնին: Ցցի նախագահն էր խոսում: Նա չէր պատկերացնում, թե ինչպես կարող էր վեր կենալ նրա ելույթի ընթացքում և անցնել տղամարդկանց զբաղեցրած նստարանների ողջ շարքով: Չնայած որ անհանգստություն էր զգում, նա սպասեց մինչև ցցի նախագահի ուղերձի ավարտը և այնուհետև արագ գնաց դեպի դուռը` նույնիսկ մինչև կասվեր փակման աղոթքը: Վազելով հիվանդանոցի չորրորդ հարկի միջանցքի ողջ երկայնքով` երիտասարդ եպիսկոպոսը տեսավ նշված սենյակից մարդկանց շտապ ելք:

Մի բուժքույր կանգնեցրեց նրան ու ասաց. «Դուք Եպիսկոպոս Մո՞նսոնն եք»:

«Այո՛», - պատասխանեց նա:

«Ցավում եմ», - ասաց նա: «Հիվանդը ձեր անունն էր կանչում նախքան մահանալը»:

«Զսպելով արցունքները` Եպիսկոպոս Մոնսոնը դուրս եկավ: Այդ պահին նա խոստացավ, որ երեբք չի ձախողվի գործել համաձայն Տիրոջ հուշումների: Նա անմիջապես կհետևի Սուրբ Հոգու տպավորություններին, ուր էլ որ դրանք առաջնորդեն իրեն»:

[Երեց Ջեֆրի Ռ. Հոլանդ.] Ոչ ոք չի կարողանա հասկանալ Նախագահ Թոմաս  Ս. Մոնսոնին, եթե նա իր կյանքում չի նկատում նման հոգևոր հուշումների հաճախականությունն ու կրկնությունը, և դրանց արձագանքելու իր բացարձակ հավատարմությունը: 13

Համար   3. Ամեն օր ուսումնասիրեք սուրբ գրությունները:

Երեց Ռոբերտ  Դ. Հեյլսն ուսուցանել է. «Երբ մենք ուզում ենք խոսել Աստծո հետ, մենք աղոթում ենք: Իսկ երբ մենք ուզում ենք, որ Նա խոսի մեզ հետ, մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները. քանզի Նրա խոսքերն ասվում են Իր մարգարեների միջոցով»: 14

Երբ ես 20 տարեկան էի, ինձ անհանգստացնում էր մի դժվար որոշում, և թվում էր, պատասխան չէի ստանում իմ աղոթքներին: Մի գիշեր հայրս Եկեղեցական հանդիպումից հետո ուշ տուն վերադարձավ և նկատեց, որ իմ ննջասենյակի լույսը վառվում է: Նա նստեց իմ անկողնու ծայրին և, զգալով իմ անհանգստությունը, հարցրեց, արդյոք կարող է օգնել: Ես անկեղծացա նրա հետ: Նա խորհուրդ տվեց, որ ես դիմեմ սուրբ գրությունների օգնությանն իմ որոշման մեջ առաջնորդվելիս` առաջարկելով որոշակի հատվածներ, որոնց մասին ես կարող էի խորհել ու աղոթել: Ես հետևեցի նրա ոգեշնչված խորհրդին և ուսումնասիրեցի սուրբ գրությունները: Որոշ ժամանակ անց ու շարունակական ջանքերից հետո ես օրհնվեցի իմ աղոթքի անսխալ պատասխանով: Ես հայտնել էի Տիրոջը իմ լավագույն մտքերի ու որոշման մասին և անկեղծորեն խնդրել էի հաստատել այդ որոշումը և իմ սրտում զգացի հանգիստ, խաղաղ հավաստիացում:

Մենք սուրբ գրություններում սովորում ենք, որ Հելամանի արդար որդիները` Լեքին ու Նեփին, «ամեն օր բազմաթիվ հայտնություններ»15 էին ունենում: Երբ մենք ամեն օր սնվում ենք Քրիստոսի խոսքերով, որոնք գտնվում են սուրբ գրություններում, և խորհում ենք մեր կարդացած բաների մասին, մենք նույնպես Սուրբ Հոգու պարգևի շնորհիվ կարող ենք ունենալ ամենօրյա հայտնություններ, հատկապես, երբ ուշադիր կերպով գրի ենք առնում մեր մտքերն ու զգացումները, որոնք ստանում ենք:

Համար  4. Ապրեք ծոմապահության օրենքով:

Որպեսզի մեծացնենք Սուրբ Հոգու ձայնը լսելու մեր ուանկությունը, լավ կլինի, որ մենք բոլորս յուրաքանչյուր ծոմապահության կիրակի 24 ժամ ծոմ պահենք և կատարենք ծոմապահության նվիրատվություն, որպեսզի օգնենք նրանց, ովքեր կարիքի մեջ են: Նախագահ Հարոլդ Բ. Լին խորհուրդ է տվել. «Տերն ասել է Եսայիային, որ նրանք, ովքեր ծոմ կպահեն ու իրենց հացից բաժին կհանեն սովածին, կկանչեն, և Տերը կպատասխանէ, կաղաղակեն, և Տերը կասէ, «Ահա ես»: [Տես Եսայա 58.6–9:] Սա Տիրոջ հետ խոսելու եղանակներից մեկն է: Փորձեք այն այս տարի: Ծոմապահության օրենքով ապրեք կատարելապես»: 16

Ալմայի գրքում մենք սովորում ենք, որ Մոսիայի որդիները «նվիրվել էին շատ աղոթքի ու ծոմի. այդ պատճառով նրանք ունեին մարգարեության ոգին ու հայտնության ոգին, և երբ նրանք ուսուցանում էին, նրանք ուսուցանում էին Աստծո զորությամբ ու իշխանությամբ»: 17 «Նվիրվել էին» արտահայտությունը խորհելու առիթ է տալիս, երբ մենք գնահատում ենք իսկական ծոմ պահելու մեր ջանքերը:

Համար  5. Արժանի եղեք ու երկրպագեք տաճարում:

Համաձայն Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթի` «Մեզանից յուրաքանչյուրն իրավունք ունի Տիրոջ ոգեշնչումն ունենալու այնքան, որքան մենք ապրում ենք բարեպաշտ կյանքով»:18Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք, որ նա չի ասում մենք պետք է կատարյալ լինենք, որպեսզի ստանանք ոգեշնչում: Բայց մենք պետք է գործի դնենք մեր բոլոր ջանքերը արժանի ապրելու համար:

Հիշեք և սովորեք Մորմոնի Գրքում Լիմքի թագավորի ժողովրդի բացասական օրինակից. «Տերը դանդաղ էր նրանց աղաղակը լսելիս՝ նրանց անօրինությունների պատճառով»: 19

Թվում է արժանավորությունը փոքր գին է, որպեսզի վճարենք երկնքի պատուհանների բացման համար: Երբ մենք պահում ենք մեր ուխտերը և արժանավորությամբ ճաշակում ենք հաղորդությունից, մենք խոստում ենք ստանում, որ միշտ մեզ հետ կունենանք Սուրբ Հոգին: 20 Բայց դա տեղի է ունենում, երբ մենք խոստանում ենք ու պահում ենք այն ուխտը, որ մենք միշտ կհիշենք Փրկչին: Ավելին, կենտրոնանալով տաճարի վրա և արժանի կերպով ապրելով այնտեղ մտնելու համար, և որքան հնարավոր է հաճախ այդպես անելով, մենք կարողանում ենք «աճել [առ Տերը] և ստանալ Սուրբ Հոգու լիությունը»:21

Համար6. «Մի կատակիր սրբազան բաների հետ»: 22

Ընդունեք, որ Տիրոջից ստացած հայտնությունը սրբազան վստահություն է: Երեց Ռիչարդ  Գ. Սքոթն ուսուցանել է, որ «ոգեշնչումը զգուշությամբ գրառելը ցույց է տալիս Տիրոջը, որ Նրա հաղորդակցությունները սուրբ են մեզ համար: … Այսպիսի առաջնորդությունների գրառումը պետք է պահպանել, որ այն չկորի կամ այլ մարդկանց համար մատչելի չդառնա»:23

Այդ ուսմունքի վերաբերյալ երկրորդ ապացույցը գալիս է Նախագահ Հարոլդ  Բ. Լիի փորձառությունից, ով ասել է. «Երբեմն կեսգիշերին ես արթնանում էի ու չէի կարողանում քնել մինչև որ անկողնուց վեր չկենայի ու գրի չառնեի այն, ինչն ինձ տանջում էր: Սակայն մեծ խիզախություն է պահանջվում, երբ առաջնորդվում ես աղոթքների պատասխանով»:24

Համար  7. Պատրաստ եղեք առաջ գնալ հավատքով:

Երբ ամուսինս ու ես պատրաստվում էինք ամուսնանալ, մենք երկար քննարկումներ էինք ունենում միասին մեր ապագայի մասին: Ի՞նչ պետք է անենք ուսման հետ կապված: Ե՞րբ պետք է երեխաներ ունենանք: Ինչպիսի՞ կարիերան կկարողանա ապահովել մեր ընտանիքի կարիքները և թույլ կտա, որ ծառայենք Եկեղեցում: Քանի որ մենք հավատացինք կենդանի մարգարեի տված խորհրդին, ով ուսուցանում էր, որ մենք կարող ենք ունենալ երեխաներ կրթություն ստանալու ընթացքում և միևնույն ժամանակ աշխատել, մենք առաջ գնացինք հավատքով:

Դա հեշտ չէր: Ամուսինս ուներ երեք աշխատանք կես դրույքաչափով, միևնույն ժամանակ նա սովորում էր` թույլ տալով, որ ես սկսեմ իմ նոր կարիերան որպես մայր և դաստիարակ: Այդ ապրելակերպը ամբողջովին հակառակ էր աշխարհի մտածելակերպի հետ, նույնիսկ այդ ժամանակ: Հետադարձ հայցք գցելով` այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես հավատքի այդ քայլերը կատարելը հանգեցրել է հավերժական օրհնությունների, օրհնություններ, որոնք մենք կարող էինք բաց թողնել, եթե չլսեինք Հոգու ձայնը Տիրոջ ընտրյալ մարգարեի միջոցով:

Առաջ բերելով հաջորդ օրինակը` ուշադրություն դարձրեք Երեց Ռոբերտ  Դ. Հեյլսի փորձառությանը: Նրան հանձնարարվել էր լինել Նախագահ Էզրա Թավթ Բենսոնի կրտսեր զուգընկերը ցցի համաժողովի ժամանակ, որի ընթացքում ցցի նոր նախագահ էր կանչվելու: Նա պատմում է հետևյալը. «Աղոթելուց, հարցազրույց անցկացնելուց, ուսումնասիրելուց ու կրկին աղոթելուց հետո, Երեց Բենսոնը հարցրեց, թե արդյոք գիտե՞ի, թե ով էր լինելու նախագահ: Ես ասացի, որ դեռ չեմ ստացել այդ ոգեշնչումը: Նա երկար նայեց ինձ վրա և պատասխանեց, որ ինքն էլ չի ստացել: Այնուամենայնիվ, մենք ոգեշնչվեցինք խնդրել երեք արժանի քահանայություն կրողների խոսել համաժողովի շաբաթ օրվա երեկոյան նիստին: Երրորդ խոսնակի սկսելուց մի քանի րոպե անց, Հոգին հուշեց ինձ, որ նա պետք է լինի ցցի նոր նախագահը: Ես նայեցի Նախագահ Բենսոնին և տեսա նրա դեմքի վրայով հոսող արցունքներ: Մեզ երկուսիս էլ հայտնություն էր տրվել, բայց միայն այն ժամանակ, երբ հավատքով շարժվեցինք առաջ` շարունակելով որոնել մեր Երկնային Հոր կամքը»: 25

Համար  8. Թող որ Տերը որոշի այն մանրամասները, թե ինչ է Նա ընտրում հայտնել, և երբ է Նա ընտրում հայտնել դա:

Հեղինակ Կորի Թեն Բումի նկատառումը թվում է կիրառելի է այստեղ. մեջբերում «Յուրաքանչյուր փորձառություն, որ Աստված տալիս է մեզ, յուրաքանչյուր անձնավորության, ում նա ուղարկում է մեր կյանք, հանդիսանում է կատարյալ նախապատրաստություն ապագայի համար, որը միայն Նա կարող է տեսնել»: 26

Գուցե ձեզանից ոմանք ունեցել են նման փորձառություն, ինչպես մեր վեց երեխաները, երբ նրանք փնտրում էին արժանի հավերժական զուգընկեր: Քանի որ միայն որոշում ընդունելուց հետո է պարզ դառնում, թե որը պետք է լիներ ճիշտ որոշումը, նրանք այժմ հասկանում են, որ իրենց անհրաժեշտ էր ունենանալ որոշակի փորձառություններ, որպեսզի կարողանային ճանաչել Տիրոջ ձեռքը դեպի իրենց հավերժական զուգընկերն առաջնորդելիս: Այս փորձառություններից մի քանիսը պահանջում էին համբերատարությամբ սպասել տարիներ և առաջ ընթանալ հավտքով: Երբեմն թվում էր երկինքները նույնիսկ փակ էին նրանց համար, երբ նրանք աղոթում էին: Երբ Տիրոջ ժամանակի ընտրությունը հակադրվում է մեր սեփական ցանկություններին, վստահ եղեք, որ այդտեղ մի քանի նախապատրաստական փորձառություններ կան, որ Տերը կամենում է մենք ունենանք նախքան մեր աղոթքները պատասխան կստանան:

Երեց Դալին Հ. Օուքսն ուսուցանել է.

«Մենք պետք է ընդունենք, որ Տերը Սուրբ Հոգու միջոցով մեզ հետ կխոսի իր ժամանակին և իր ձևով: Շատ մարդիկ չեն հասկանում այս սկզբունքը: Նրանք կարծում են, որ երբ իրենք պատրաստ են, ու երբ իրենց հարմար է, կարող են զանգահարել Տիրոջը, և Նա անմիջապես կպատասխանի, նույնիսկ իրենց պատվիրած ձևով: Հայտնությունը չի գալիս նման կերպ:  …

«… Մենք չենք կարող ուժ գործադրել հոգևոր բաների նկատմամբ»: 27

Մոտ 15 տարի առաջ մայրս կորցրեց իր տեսողությունը: Ամիսներ շարունակ նա չէր համակերպվում այս դժվար փորձության հետ: Քանի որ նա ջերմեռանդորեն աղոթում էր, նա սփոփանք գտավ մի պարզ բանաստեղծության մեջ, որը դարձավ իր սիրելի բանաստեղծությունը: Վերջերս այն հղվել է Նախագահ Մոնսոնի կողմից:

Չգիտեմ ինչպես,

Բայց գիտեմ, որ Ասված պատասխանում է աղոթքին:

Գիտեմ, Նա մեզ ասել է,

Որ աղոթքը միշտ լսվում է,

Եվ վաղ, թե ուշ պատասխանվում է:

Ահա ես աղոթում եմ ու հանգիստ սպասում:

Ես չգիտեմ, արդյոք իմ փնտրած օրհնությունները

Գալու են այնպես, ինչպես ես եմ կարծում.

Բայց ես աղոթում եմ միայն Նրան,

Ում կամքն իմ կամքից ավելի իմաստուն է,

Եվ ես վստահ եմ, Նա շնորհ կանի իմ խնդրին,

Կամ կուղարկի ավելի մեծ օրհնություն`ի պատասխան իմ աղոթքի: 28

Ինչպես մեզանից շատերը, մայրս մինչև հիմա շարունակում է դնել իր վստահությունը Նրա կամքի ու Նրա ժամանկի ընտրության վրա: Երբ մենք այդպես ենք անում, մենք պետք է հիշենք Երեց Ռիչարդ  Գ. Սքոթի այս ուսմունքը. «Ի՞նչ եք անում, երբ խնամքով պատրաստվել եք, ջերմեռանդորեն աղոթել, բավականին ժամանակ սպասել եք պատասխանի և դեռ չեք զգում պատասխան: Դուք գուցե ցանկանաք շնորհակալություն հայտնել, երբ դա տեղի է ունենում, քանի որ դա ցույց է տալիս, որ վստահում եք [Երկնային Հորը]: Երբ ապրում եք արժանի, և ձեր ընտրությունը Փրկչի ուսմունքների համաձայն է, և դուք պետք է գործեք, առաջ գնացեք վստահությամբ: Երբ դուք զգայուն եք Հոգու հուշումների հանդեպ, երկու բաներից մեկը անպայման տեղի կունենա պատշաճ ժամանակին. կամ մտքի ընդարմացում, ցույց տալով ոչ ճիշտ ընտրություն, կամ խաղաղություն կամ էլ կրծքի այրում կզգաք` հաստատելով, որ ձեր ընտրությունը ճիշտ է: Երբ արդար եք ապրում և գործում եք վստահորեն, Աստված թույլ չի տա, որ դուք շատ հեռուն գնաք առանց նախազգուշացնելու ձեզ, եթե դուք սխալ որոշում եք ընդունել»:29

Հոգու այդ զգուշացնող ձայնը հաճախ գալիս է Տիրոջ ընտրյալ ծառաների միջոցով, որը մեզ ուղեկցում է դեպի հաջորդ կետը.

Համար  9. Հետևեք մարգարեական զգուշացումներին:

Ուշադրություն դարձրեք մեր օրերում տրված մի քանի մարգարեական զգուշացումների: Առաջին` մի քանիսը Նախագահ Բոյդ  Ք. Փաքերից.

«Այժմ զգուշացում: Որոշ երաժշտություն հոգեպես շատ կործանարար է: … Տեմպը, հնչյունները և այն կատարողների ապրելաոճը հեռացնում են Հոգին: Դա շատ ավելի վտանգավոր է, քան դուք կարող եք ենթադրել, քանի որ այն կարող է ընդարմացնել ձեր հոգևոր զգայարանները»: …

Եվս մեկ զգուշացում.

«Կարող են առաջ գալ հակառակ հայտնություններ, հուշումներ դևից, գայթակղություններ:  …

Եթե դուք երբևէ ինչ-որ բան անելու հուշում կստանաք, որը ձեզ կստիպի անհարմար զգալ, մի բան, որը դուք գիտեք ձեր մտքում, որ սխալ է կամ հակառակ է արդարակեցության սկզբունքներին, մի արձագանքեք դրան»:

Ահա ևս մեկը. «Եթե ինչ-որ մեկը բացասական զգացումներ է տածում, Հոգին հեռանում է»:30

Եվ մեր սիրելի մարգարեն` Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը զգուշացման ձայն աբրձրացրեց, երբ նա ասաց, «Զգուշացեք այն ամենից, ինչը կխլի ձեր հավրժության օրհնությունները»:31

Ինչո՞ւ մենք պետք է մեր սրտերը ներդաշնակ դարձնենք Սուրբ Հոգու ձայնի հետ: Ինչպիսի՞ օրհնութնուններ են գալիս, երբ մենք այդպես ենք անում:

Ես նոր եմ վերադարձել Ֆիլիպիններից, որտեղ տեսել եմ Հայան կոչվող ուժեղ փոթորիկի հետևանքները: Ես լսել եմ Ֆիլիպիններում ապրող մեր սիրելի եղբայրների ու քույրերի փորձառությունների մասին, երբ նրանք վկայում էին, թե դժվարության ժամանակ ինչպես էին առաջնորդվում Սուրբ Հոգու կողմից, այսպիսով նրանք գիտեին ինչ պետք է անեին և ուր պետք է գնային: Նրանք պատմում էին հավատքով առաջ գնալու մասին այն պահերին, երբ ուղին անորոշ էր: Ես լսեցի երիտասարդ միսիոներների` քույրերի ու երեցների նմանատիպ պատմություններն այն հուշումներին հետևելու մասին, որոնք առաջնորդում էին իրենց դեպի ֆիզիկական անվտանգություն` չնայած դժվարագույն իրավիճակներին: Որքա՜ն երախտապարտ եմ ես «Սուրբ Հոգու անասելի պարգևի»32 համար, որը զգուշացնում է, ուղղորդում է, մխիթարում ու առաջնորդում է նրանց, ովքեր ձգտում են ապրել արժանի կյանքով:

Բոլոր պարգևներից, որ մեր Երկնային Հայրը կարող էր ընտրել Իր որդիներին ու դուստրերին մկրտության ջրերից դուրս գալուց հետո շնորհելու համար, Նա ընտրեց մեզ տալ Սուրբ Հոգու պարգևը:

«Սուրբ Հոգին գործում է Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի հետ կատարյալ միասնականությամբ:  …

«Նա «վկայում է Հոր ու Որդու մասին» (2 Նեփի 31.18) և հայտնում է ու ուսուցանում է «ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ» (Մորոնի 10.5): Մենք կարող ենք ստանալ հավաստի վկայություն Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին միայն Սուրբ Հոգու զորությամբ: Նրա հաղորդակցումը մեր հոգու հետ հաղորդում է շատ ավելի մեծ համոզվածություն, քան ցանկացած հաղորդակցություն, որ մենք կարող ենք ստանալ մեր բնական զգայարանների միջոցով»:33

Եղբայրներ ու քույրեր, ինչպես բոլորդ գիտեք, մեծ ու ընդարձակ շենքը` լի այն մարդկանցով, ովքեր ծաղր ու ծանակ են անում ու արհամարհանքով մատնացույց են անում, մեր կողքին է: Աշխարհի ազդեցությունը մեծ է, անողորմ, համոզիչ ու հետևողական: Եթե մենք չսովորենք մեր սրտերը դեպի Սուրբ Հոգու ձայնը դարձնել և կատարելագործել փնտրելու, ստանալու և անձնական հայտնության համաձայն գործելու մեր ունակությունը, ապա մենք ոչ կայուն հիմիքի վրա կլինենք: Մենք ունենք Սուրբ Հոգու ձայնի կարիքը, որպեսզի այն մեզ հեռացնի այն ամենից, ինչն անմաքուր է, անմիտ, գռեհիկ, բռնի, եսասեր ու մեղսավոր: Մենք ունենք Սուրբ Հոգու կարիքը ոչ միայն նրա համար, որպեսզի Նա մեզ առաջնորդի դեպի այն ամենը, ինչը «առաքինի է, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի»,34 այլ նաև, որպեսզի Նա մեզ օգնի զարգացնել ցանկություն այդ բաների նկատմամբ, որպեսզի դիմակայենք աշխարհի ձգողությանը:

Լավագույն օրհնություններից մեկը, որ մենք կարող ենք ստանալ Սուրբ Հոգու ձայնը լսել սովորելիս, ինքներս մեզ այնպիսին տեսնելն է, ինչպիսին մեզ տեսնում է մեր Երկնային Հայրը, և «կամաց-կամաց, քիչ-քիչ» մեր լավագույն ես-ը դառնալն է:

Ուշադրություն դարձրեք վերջին օրերի Առաքյալի այս գեղեցիկ մեջբերմանը. «Սուրբ Հոգու պարգևը … խթանում է բոլոր մտավոր ունակությունները, ավելացնում է, մեծացնում է, ընդլայնում ու մաքրագործում է բոլոր բնական զգացմունքներն ու զգացումները. իմաստության պարգևի շնորհիվ հարմարեցնում է իրենց օրինական կիրառմանը: Այն ոգեշնչում է, կատարելագործում է, զարգացնում ու լրացնում է բոլոր օգտակար փոխըմբռնումները, ուրախությունները, ճաշակները, բարեկամական զգացումներն ու մեր էության հուզումները: Այն ոգեշնչում է առաքինություն, բարություն, մեծահոգություն, ջերմություն, մեղմություն ու գթություն: Այն ձևավորում է մարդու գեղեցկությունը, կերպարն ու առանձնահատկությունները: Այն ուղղորդում է դեպի առողջություն, ուժ, աշխույժություն և հասարակական զգացումներ: Այն զարգացնում ու զորացնում է մարդու բոլոր ֆիզիկական ու մտավոր ունակությունները: Այն ամրացնում ու կազդուրում է նյարդերը: Կարճ ասած, այն կարծես լինի ամրություն ոսկորներում, ուրախություն սրտում, լույս աչքերում, երաժշտություն ականջներում և կյանք ողջ գոյությանը»:35

Սուրբ Հոգին մեզ կարող է օգնել ֆիզիկապես, հոգեպես, էմոցիոնալ, մտավոր ու ինտելեկտուալ կերպով, որին մարդու կողմից պատրաստած ոչ մի միջոց չի կարող կրկնօրինակել:

Մի՞թե չեք համաձայնվի, որ նման օրհնությունները ստանալու համար արժի ամեն ինչ անել, նույնիսկ, եթե այն պահանջում է նշանակալի զոհաբերություն: Դա այն «բոքոնն» է, որը մենք ստանում ենք մեր համեմատական ջանքերի «չորուկի» փոխարեն: Ես բոլորին հրավիրում եմ սկսել այսօր մեր սիրտը դեպի Սուրբ Հոգու ձայնը դարձնել:

Պատահական չէ, որ Տերը կանչել է Նախագահ Թոմաս  Ս. Մոնսոնին որպես Իր կենդանի մարգարե, որպեսզի մեզ առաջնորդի այս վերջին օրերին: Նախագահ Մոնսոնը նա է, ով լավ է սովորել լսել ու արձագանքել Սուրբ Հոգու հուշումներին: Լավ կլինի, որ մենք հետևենք նրա օրինակին:

Ես վկայում եմ, որ նա Տիրոջ խոսնակն է մեր օրերում: Ես նաև վկայում եմ, որ մեր Երկնային Հայրն ուզում է, որ մենք վերադառնանք դեպի Իր ներկայություն, և այդ նպատակով ապահովել է միջոցներ մեզ համար` տալով Իր Միածին Որդուն ու Սուրբ Հոգու պարգևը: Ես վկայում եմ, որ այդ աննկարագրելի պարգևը ստանալու ու պահելու համար արժի գործադրել ցանկացած ջանք մեր կողմից, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

©  2014 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Անգլերենի հաստատումը 1/14: Թարգմանության հաստատումը 1/14. Tuning Our Hearts to the Voice of the Spirit-ի թարգմանությունը: Armenian PD10050686 201

Հղումներ

  1. Մելվին  Ջ. Բալլարդ, Հենրի  Բ. Այրինգի, «Բարիք անելու հնարավորություններ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011,  25:

  2. 3  Նեփի 9.20:

  3. Տես Քարոզիր իմ ավետարանը (2004),89–102:

  4. Ալմա 5.26:

  5. Մորոնի 7.16–17:

  6. Teachings of Gordon B. Hinckley (1997), 261.

  7. Jeffrey R. Holland, “Wrong Roads,” Mormon Messages video; lds.org/media-library/video.

  8. Վարդապետություն և Ուխտեր 112.10, շեշտադրումն ավելացված է:

  9. Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2006), 246–47.

  10. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.10:

  11. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.8, 13:

  12. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.18:

  13. On the Lord’s Errand: The Life of Thomas S. Monson; lds.org/media-library/video.

  14. Robert D. Hales, “Holy Scriptures: The Power of God unto Our Salvation,” Ensign or Liahona, Nov. 2006, 26–27.

  15. Հելաման 11.23:

  16. Teachings of Presidents of the Church: Harold B. Lee (2000), 54–55.

  17. Ալմա 17.3, շեշտադրումն ավելացված է:

  18. Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջորջ Ալբերտ Սմիթ (2011),  117:

  19. Մոսիա 21.15:

  20. Տես Մորոնի 4.3:

  21. Վարդապետություն և Ուխտեր 109.15, շեշտադրումն ավելացված է:

  22. Վարդապետություն և Ուխտեր 6.12:

  23. Ռիչարդ Գ. Սքոթ, «Ինչպես ստանալ հայտնություն և ոգեշնչում ձեր անձնական կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012,  46:

  24. Teachings: Harold B. Lee, 54.

  25. Ռոբերտ Դ. Հեյլս, «Անձնական հայտնություն. Մարգարեների ուսմունքներն ու օրինակները», Ensign կամ Լիահոնա,, նոյ. 2007, 87–88:

  26. Corrie ten Boom, with Elizabeth and John Sherrill, The Hiding Place, 35th anniversay ed. (2006), 12.

  27. Dallin H. Oaks, “In His Own Time, in His Own Way,” Ensign, Aug. 2013, 22, 24.

  28. Eliza M. Hickok, “Prayer,” in James Gilchrist Lawson, ed., The Best Loved Religious Poems, Gleaned from Many Sources (1933), 160.

  29. Ռիչարդ Գ. Սքոթ, «Օգտագործելով աղոթքի երկնային պարգևը», Ensign կամ Լիահոնա , մայիս, 2007,  8:

  30. Boyd K. Packer, “Personal Revelation: The Gift, the Test, and the Promise,” Ensign, Nov. 1994, 61.

  31. Թոմաս Ս. Մոնսոն, “May You Have Courage,” Ensign or Liahona, May 2009, 125.

  32. Վարդապետություն և Ուխտեր 121.26:

  33. Gospel Topics, “Holy Ghost”; LDS.org.

  34. Հավատո հանգանակները, 1.13:

  35. Parley P. Pratt, Key to the Science of Theology, 5th ed. (2000), 101–2.

Տպել