Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Պարգև Հորից․ ընդունված կամ մերժված


Պարգև Հորից․ ընդունված կամ մերժված

Ինչպիսի՜ գեղեցիկ երաժշտություն և ինչպիսի՜ հրաշալի ուղերձ էր Քույր Յուբենկի կողմից։ Որքա՜ն հրաշալի է քավության շնորհի շավիղներում քայլելիս։ Այսպիսով, դեկտեմբեր ամիսն է։ Օդը սառն է Յուտայում և այստեղ ձյուն է տեղացել։ Շատերի համար դա նշանակում է, որ Սուրբ Ծնունդը շատ մոտ է։ Բայց այս եղանակը չի համընկնում Սուրբ Ծննդյան իմ պատկերացումներին։

Այս երկրի վրա ապրած իմ տարիների ընթացքում երկար, տաք օրերն ու խաղաղ գիշերն են, որոնք ազդարարել են Սուրբ Ծննդյան մոտեցումը: Դա այն պատճառով է, որ դեկտեմբեր ամիսը Ավստրալիայում ամառ է։ Իսկ Արևմտյան Աֆրիկայում, որտեղ կնոջս հետ բնակվել ենք վերջին հինգ տարիների ընթացքում, միշտ շոգ է։

Այսպիսով, դեկտեմբեր ամիսը, սովորաբար, առնչվել է լողափի, սյորֆինգի և խորովածի հետ: Սուրբ Ծննդյան օրերին, մեր տունը լցվում է մանգոյի բույրով և ծիծաղով։ Սակայն, Սուրբ Ծննդյան օրվա զգացողությունը նույնն է ամենուր։ Լինի այն Սիդնեյում, Սոլթ Լեյքում կամ Սիեռա Լեոնեյում կամ լինի այն Նուկուալաֆայում, Նյուֆաունդլանդում կամ Նիգերիայում, մեր Փրկիչի ծնունդը ներշնչում է մարդկանց բարի գործեր կատարել։

Շատ վայրերում, մարդիկ փոխանակվում են նվերներով, այցելում են միմյանց և բարի գործեր կատարում, որպեսզի զգան Սուրբ Ծննդյան ոգին։ Սամոայում մեր ընկերները մի ավանդույթ ունեն, որով Սուրբ Ծննդյան օրը նրանք ուտելիք և այլ հյուրասիրություն են տեղադրում տուփերի մեջ և տալիս այն ամենակարիքավոր ընտանիքներին ոչ միայն ծխերում, այլև՝ համայնքի այլ մարդկանց։ Նրանք նաև ունեն 8100 մետր բանջարեղենի այգի, որի արտադրանքի մեծ մասը նրանք տալիս են կարիքի մեջ գտնվող մարդկանց։

Սինեգալից (Արևմտյան Աֆրիկա) մի շատ սիրելի ընկեր պատմել է, որ Էյվորի Քոստի իր ծննդավայր գյուղում, Սուրբ Ծննդյան նախօրեին, նվերներ բերելու փոխարեն այդ գյուղի բնակիչները չլուծված հակասություններն են բերում իրենց ղեկավարներին։ Ապա, այդ ղեկավարներն օրվա մեծ մասը ծախսում են այդ ընտանիքների հակասությունները լուծելու վրա։ Գյուղացիները պահանջում են, որ Սուրբ Ծննդյան տոնի ժամանակ խաղաղությունն ու ներդաշնակությունը տիրի այդ գյուղաբնակների բոլորի տներում, քանի որ նրանք նշում են Քրիստոսի ծնունդը, ով ծնվել է աշխարհին խաղաղություն պարգևելու նպատակով:

Այս տարվա սկզբին մենք հանդիպեցինք մի երիտասարդ միսիոների, Ռուանդայից Քույր Ջեն Ինգաբիրին, ով իր միսիան ծառայում է Լիբերիայում: Նա պատմել է մի սրտաճմլիկ պատմություն այն մասին, թե ինչպես է 1994 թվականի Ռուանդայի ցեղասպանությունն ազդեցություն ունեցել իր վրա։ Նրա հայրը Հուտու ցեղից էր, ով ատելությամբ էր լցված Տուտսի ցեղի անդամների նկատմամբ: Բայց նրա մայրն այդ Տուտսի ցեղից էր։ Իր կնոջ և չորս դուստրերի կյանքը փրկելու նպատակով, այդ խիզախ հայրը թաքցրել է իր ընտանիքը հեռու մի վայրում և միայնակ վերադարձել իր գյուղ։ Նրա կինն ու դուստրերն այլևս չտեսան նրան և տառապեցին գոյատևելու համար։ Նրանք, վերջապես, վերադարձան ինը տարի անց, որպեսզի մասնակցեն կառավարության կողմից կազմակերպված հաշտեցման հանդիպմանը, որտեղ նրանք իմացան, որ իրենց ամուսինը և հայրը սպանվել է, երբ վերադարձել է իր գյուղ: Այնուամենայնիվ, աներևակայելի էր, Քույր Ինգաբիրի մայրը և նրա երեխաները ներում են այն մարդկանց, ովքեր խլել էին իրենց ամուսնու և հոր կյանքը:

1838 թվականի Սուրբ Ծննդյան օրերից մի քանի ամիս անց, երբ Ջոզեֆ Սմիթը կարող էր լցված լինել բարկությամբ այն բանի համար, որ անմեղ կերպով բանտարկվել էր Լիբերթիի բանտում, Տերը հայտնեց Վարդապետություն և Ուխտեր 121-րդ բաժինը: Այս հայտնության մեջ Տերն օգնում է Ջոզեֆին հաղթահարել այս հատվածի սկզբում արտահայտված հուսահատության զգացմունքները և սովորեցնում է Մարգարեին, որ բարությունը, երկայնամտությունը, մեղմությունը, հեզությունը և անկեղծ սերը Քրիստոսանման հատկանիշներ են, որոնք կարևոր են աշակերտ լինելու համար:

Սուրբ Ծննդյան տոները բերում են ընտանեկան թանկագին հիշողություններ։ Այնուամենայնիվ, ոչ բոլոր հիշողություններն են բարի։ Ես հիշում եմ, որ մանկության տարիներին իմ հորից նվեր ստացա փոքրիկ մի մեքենա, որը ես շատ էի սիրում: Մենք, համեմատաբար, աղքատ ընտանիք էինք և ինձ դուր եկավ այդ նվերը։ Սակայն, օրերից մեկ օր, ինչ-որ աննշան բանի համար ծագած երեխայական զայրույթից դրդված, ես այն շպրտեցի մեր ցանկապատից դուրս գտնվող լոբազգիներին պատկանող մի թփի մեջ։ Անմիջապես զղջացի արարքիս համար, և ոչ թե այն պատճառով, որ խաղալիքը մի կողմ շպրտեցի, այլ այն պատճառով, որ զգում էի, որ այդ արարքը խորհրդանշում էր հայրիկիս սիրո արտահայտման մերժումը։ Ես երկար ու ապարդյուն փնտրեցի այն։ Երբ ձմեռը եկավ և այդ թուփը տերևաթափ եղավ, ես կրկին փնտրեցի այն, բայց ապարդյուն։ Ես դեռևս ցավ էի զգում, որ վիրավորել եմ հայրիկիս։ Այդ հիշողությունը դեռևս ցավ է պատճառում։

Հասկանո՞ւմ եք, դա կարծես թե նման է նրան, որ երբեմն, մենք մերժում ենք մեր հանդեպ ունեցած մեր Երկնային Հոր սերը և Նրա պատրաստած պարգևները մեզ համար, որոնցից մեծագույնն այն է, որ ուղարկեց Իր Որդուն՝ տառապելու և քավելու մեզ համար: Ինչպիսի՜ ողբերգություն, եթե մերժենք Նրա քավող զոհաբերությունը կամ Նրա ավետարանի ուխտերն ու արարողությունները:

Օ՜, եթե միայն մենք միշտ կարողանայինք ավելի նման լինել նրանց, ովքեր ձգտում են սեր ցուցաբերել մյուսների հանդեպ։ Վերջերս, շատ մարդիկ փորձել են օգնել Ֆլորիդայի և Կառոլինայի բնակիչներին, ովքեր տուժել են ավերիչ փոթորիկներից և նրանց, ովքեր տուժել են Կալիֆորնիայի հրդեհներից կամ օգնություն են ցույց տվել ուրիշներին, ովքեր տառապել են նման կերպ ամբողջ աշխարհում:

1974 թ. դեկտեմբերի 25-ին Ավստրալիայի Հյուսիսային տարածքների մայրաքաղաքն ավերվեց: Սուրբ Ծննդյան օրվա հենց սկզբում Տրեյսի ցիկլոնը հարվածեց Դարվին քաղաքը: Շատերը մահացան, իսկ Դարվին քաղաքի բնակչության մեծ մասն անտուն մնաց։ Ֆլորիդայի ավերածությունների պատկերը նման է Դարվինի ավերածություններին։ Սակայն, Սուրբ Ծննդյան խաղաղ տրամադրությունը հաղթեց հուսահատությանը։ Նվիրաբերություններ էին ստացվում Ավստրալիայի ողջ բնակչությունից, իսկ շատերը թողնում էին ամեն ինչ և գնում Դարվին՝ օգնելու վերականգնել ավերվածը:

Շատ տարիներ առաջ, երբ մեր ավագ դուստրն ընդամենը երկու տարեկան էր, նա կոտրեց իր ոտքն անմիջապես Սուրբ Ծնունդից առաջ և շատ շաբաթներ անցկացրեց հիվանդանոցում՝ ոտքը գիպսի մեջ և պարաններով վեր պահված վիճակում: Դա շատ դժվարին Սուրբ Ծննդյան օրեր էին։ Մեր ծխից մի ընտանիք, ով ֆինանսապես ապահովված չէր, եկավ այցելելու նրան Սուրբ Ծննդյան օրը։ Այդ ընտանիքի փոքր երեխաներից յուրաքանչյուրն իր սիրելի նվերն էր բերել, որոնք ստացել էին առավոտյան, որ իրենց կողմից նվիրեն մեր դստերը: Ես և կինս, Քեյը, արտասվեցինք այդ երեխաների և նրանց ծնողների մաքուր ու անկեղծ բարության արարքից։

Դա է Սուրբ Ծննդյան իրական ոգին, երբ անհատներն օգնում են ուրիշներին։ Ի վերջո, Փրկչի ժառանգության կարևոր մասը նրա ծառայությունն էր «մեկին»: Սա, անշուշտ, մի սկզբունք է, որն ընդունված է և կիրառվում է Աֆրիկայի Եկեղեցու անդամների կողմից, և դա այն է, ինչ Նա պահանջում է մեզանից:

Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդը նշել է, որ Քավությունը Փրկիչի այն վերջնական արարքն է, ով այդ ամենը կատարել է հենց մեզանից «մեկի» համար։ Նախագահ Բալլարդի խոսքերն էին․

«Եթե մենք իսկապես հասկանայինք Քավությունը և յուրաքանչյուր ոգու հավերժական արժեքը, մենք կփնտրեինք Աստծո բոլոր կամակոր զավակներին։ Մենք կօգնեինք նրանց իմանալ Քրիստոսի սերն իրենց հանդեպ։ Մեր ուժերի ներածին չափով կփորձեինք օգնել նրանց նախապատրաստվել ստանալու ավետարանի փրկարար արարողությունները։

Անշուշտ, եթե Քրիստոսի Քավությունն առաջնահերթ լիներ ծխի և ճյուղի ղեկավարների մտքում, նոր կամ կրկին ակտիվացած անդամներից և ոչ մեկը չեր անտեսվի: …

… Քավության պարադոքսն այն է, որ այն անսահման և հավերժական է, սակայն կիրառվում է անհատապես, ամեն մեկի համար առանձին: …

Եղբայրներ և քույրեր, երբեք չթերագնահատեք, թե որքան թանկ է այդ մեկը»։1

Արդյո՞ք հրաշալի չէր լինի, եթե մենք բոլորս հետևեինք այդ խորհրդին և մեր սիրելի մարգարե Նախագահ Ռասել Մ. Նելսոնի խորհրդին և ապրել երկու մեծ պատվիրաններով՝ ավելի բարձր և սրբազան ձևով: Իսկ եթե թերահավատ եք, որ դա անելով կարող եք այդպիսի ազդեցություն ունենալ, ապա մտածեք այս աֆրիկյան առակի մասին. «Եթե կարծում եք, որ չափազանց փոքր եք փոփոխություն կատարելու համար, ապա երբեք գիշերը չեք անցկացրել մոծակների ներկայության մեջ»:

Կարիք չկա, որ Սուրբ Երկիր ճամփորդենք, որպեսզի փոփոխություն կատարենք կամ ավելի մոտենանք մեր Փրկիչին։ Սուրբ Ծնունդն այն ժամանակն է, երբ մենք կարող ենք կենտրոնանալ Փրկչի համար ունեցած մեր անձնական նվերի վրա՝ շարունակելով սիրել և օգնել ուրիշներին: Ապա, Բեթլեհեմն այդքան էլ հեռու չի գտնվի մեզանից յուրաքանչյուրի համար։ Մենք ենք Քրիստոսին դարձնում մեր կյանքի մի մասը՝ ընդունելով Նրա առաջարկած պարգևները և նվիրելով Նրան մեր սրտերի պարգևը։ Ես սիրում եմ Նրան և վկայում եմ բոլորիս հանդեպ Նրա ունեցած անվերջ սիրո մասին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղում

  1. M. Russell Ballard, “The Atonement and the Value of One Soul,” Liahona, May 2004, 86–87.

Տպել