Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Լուռ գիշեր, լուսե սեր


Լուռ գիշեր, լուսե սեր

Ուզում եմ պատմել ինձ հետ տեղի ունեցած երկու պատմություն, որ մնացել են իմ հիշողության մեջ երկար տարիներ ի վեր և մինչ այժմ ուսուցանում են ինձ անհրաժեշտ դասեր։

Առաջինը տեղի ունեցավ, երբ ես 6 տարեկան էի։ Հանթեր 5-րդ ծխի մեր խմբավարը Քույր Բեվերլի Վիթլին էր։ Այժմ հասկանում եմ, որ նա նույնիսկ 40 տարեկան չկար, սակայն ուներ պատանի զավակներ և շատ հասուն ու իմաստուն էր թվում մեզ՝ Երեխաների Միության կրտսեր խմբին։ Նա զվարճալի էր և մեզ վերաբերվում էր փոքրիկ չափահասների պես, և մեզ դա դուր էր գալիս։ Մենք հիանում էինք նրանով և ցանկանում գոհացնել նրան։ Նա ասում էր մեզ, որ մենք կարող ենք այնքան բարձր երգել, որ մեր ծնողները կլսեն մեզ մյուս սենյակներում։ Ոչ թե գոռալ, այլ իսկապես երգել։ Եվ մենք երգում էինք մեր ողջ սրտով։ Նա նաև սովորեցրեց մեզ մի երգ չափահասների երգարանից, ասելով, որ գիտեր, որ մենք բավականաչափ խելացի երաժիշտներ ենք, որպեսզի կարողանանք անգիր սովորել դժվար բառերը։ Ապա նա բացատրեց բոլոր բառերի իմաստը, որպեսզի մենք հասկանանք։ Նա սովորեցրեց մեզ, որ յուրաքանչյուր երգ հատուկ ուղերձ ուներ հենց մեզ համար, և եթե մենք մտածենք բառերի շուրջ, մենք կգտնենք ուղերձը, որը նախատեսված էր հատկապես մեր իսկ կյանքի համար։

Այդ Սուրբ Ծնունդին ես փորձեցի կիրառել այն, ինչ Քույր Վիթլին մեզ սովորեցրել էր, և սովորեցի «Լուռ գիշեր» երգի բոլոր բառերը։ Այժմ, ես ուզում եմ հայցել թարգմանիչների ներողամտությունը, քանի որ սա բավականին բարդ է լինելու։ Որպես 6-ամյա՝ ես լրջորեն սկսեցի մտածել երրորդ տան բառերի շուրջ, սակայն ես չէի հասկանում կետադրությունը։ Փոխանակ երգեի «Սուրբ մանուկ, լուսե սեր», որը նշանակում է, որ Հիսուսը լույսն է, որը ճառագում է մաքուր սիրուց, ես կարծում էի, թե այն ասում էր, որ Սուրբ մանուկը սիրում էր լույսը․ Նա հիանում էր ամեն բանով, որ պատրաստված էր լույսից։ Մտածելով Քույր Վիթլիի նման, ես փորձում էի պարզել, թե ինչպես կարող եմ «սիրել լույսը», ինչպես Հիսուսն էր անում։

Երկրորդ պատմությունը տեղի ունեցավ, երբ ես 9 տարեկան էի։ Ինչպես շատ երեխաներ, ես հաճախում էի դաշնամուրի դասերի։ Ես այդքան էլ տաղանդավոր չէի, և գուցե ինձ խրախուսելու համար, իմ եպիսկոպոսը խնդրեց ինձ Սուրբ Ծննդյան մի երգ նվագել Նոր տարվա նախօրեի հաղորդության ժողովին։ Ես վորոշեցի նվագել «Լուռ գիշերը»։ Դաշնամուրի ուսուցիչն օգնեց ինձ նախապատրաստվել։ Ծնողներս բառիս բուն իմաստով 100 անգամ լսել էին, թե ինչպես էի ես կատարում այն ներքնահարկում գտնվող սև դաշնամուրի վրա։ Մեկը նշել էր, որ ես հավանաբար կարող էի անգիր սովորել և չօգտվել նոտաներից, սակայն ես չափազանց հուզվում էի, երբ մտածում էի մեր ծխի բոլոր անդամների առջև նվագելու մասին, ուստի, չկարողացա անգիր սովորել երաժշտությունը։ Դրա փոխարեն, ես մի բան մտածեցի։ Ես ինձ հետ կվերցնեմ նոտաները, սակայն դրանք դաշնամուրին դնելու փոխարեն, ես կդնեմ այն իմ ծնկներին։ Ես կկարողանայի ցած նայել իմ ձեռքերին և տեսնել նոտաները, և այնպիսի տպավորություն կստեղծվեր, որ ես անգիր գիտեի երաժշտությունը։ Մոտ 20 վայրկյան դա հաջողվեց ինձ անել։ Ես դրեցի նոտաները իմ տոնական շրջազգեստի վրա և երբ սկսեցի նվագել, առաջին տան կեսին նոտաները սահեցին շրջազգեստիս վրայից և անհայտացան դաշնամուրի տակ։ Ես անելանելի վիճակում հայտնվեցի։ Հնարավոր չէր վերցնել նոտաները, իսկ ես ոչ մի նոտա չէի հիշում։ Ես սեղմեցի ատամներս և փորձեցի գործադրել իմ լավագույն ջանքերը։ Ես շատ վատ նվագեցի։

Անընդհատ սեղմում էի սխալ նոտաներ և տեսնում, թե ինչպես են մարդիկ անհարմար զգում նայել ինձ։ Ես մի կերպ նվագեցի նաև երկրորդ տունը։ Բայց իմաստուն գտնվեցի չնվագել երրորդ տունը և ամոթից կարմրած վազելով անցա շարքերի արանքով՝ փորձելով զսպել արցունքներս։ Ծնողներս շշնջացին․ «Ի՞նչ պատահեց։ Դու շատ լավ գիտեիր երգը»։ Անհամբեր սպասում էի, թե երբ պիտի դուրս գայի եկեղեցուց։ Ես չէի ուզում տեսնել կամ խոսել որևէ մեկի հետ․ ես ինձ նվաստացած էի զգում ու ամաչում էի։ Երբ ժողովն ավարտվեց, կիրակնօրյա դպրոցի իմ տարեց ուսուցիչներից մեկը՝ Քույր Ալմա Հիթոնը, մոտեցավ ինձ։ Ես փորձեցի խուսափել հանդիպումից, սակայն նա բռնեց իմ ձեռքը։ Ինձ ասելու փոխարեն, թե որքան լավ նվագեցի, որը բոլորը գիտեին, որ սուտ էր, նա ասաց մի բան, ինչը ես կհիշեմ մինչև կյանքիս վերջը։ Նա ասաց․ «Շարոն, կարևոր չէ, թե ինչպես դու նվագեցիր։ Բոլորը կարող էին տեսենլ, թե որքան ջանք էիր դու ներդրել դրա մեջ, և մենք սիրում ենք քեզ, անկախ այն բանից՝ դու կարող ես դաշնամուր նվագել, թե ոչ։

Ահա անկեղծ ճշմարտությունը։ Սակայն դա այնքան էլ չխոցեց ինձ, ինպես ես էի ակնկալում։ Ճշմարտությունն այն էր, որ ես ջանասիրաբար աշխատել էի և նրանք սիրում էին ինձ, չնայած ես չէի կարողացել լավ նվագել։ Մի փոքր ժպիտ հայտնվեց իմ դեմքին և նա տարեց կնոջ հոգատարությամբ գրկեց ինձ և հանկարծ ամեն ինչ իր տեղն ընկավ։

Այսպիսով, Բեվերլի Վիթլին և Ալմա Հիթոնը ոչ մի արտառոց բան չարեցին։ Նրանք ոչինչ չգրեցին իրենց օրագրերում։ Նրանց ընտանիքի անդամներից ոչ մեկը չգիտի այս պատմությունները։ Նրանք պարզապես սովորեցնում էին փոքրիկ երեխաներին, թե ինչպես երգել և ինչպես հասկանալ ավետարանը։ Գուցե՞ դա հասարակ մի բան թվա։ Սակայն դա այդպես չէր։ Եթե դուք հարցնեք ինձ, թե ինչ է նշանակում «սիրել լույսը», ես կասեմ՝ Դա նշանակում է լինել Վեվերլի Վիթլին։ Դա նշանակում է լինել Ալմա Հիթոն։ Նրանցից յուրաքանչյուրը կարողացավ նկատել «լույսը» մի մանկան, ով փորձում էր գործադրել իր լավագույն ջանքերը և սիրել նրան դրա համար, նույնիսկ երբ ամեն բան կատարյալ արդյունքի չէր հասնում։

Մեր Երկնային Հայրը հենց այդպիսին է։ Նա տեսնում է, որ մենք՝ Իր փոքր զավակները, փորձում ենք։ Մեր ջանքերը միշտ չէ, որ հաջողության են հասնում, սակայն նա գիտի, թե մենք որքան ջանք ենք թափում, երբեմն սեղմելով մեր ատամներն անհաջողությունների մեջ, և Նա սիրում է մեզ դրա համար։ Մեր բոլոր անհաջողությունների համար Նա ուղարկեց Իր Միածին Որդուն, ով լուսե սեր է։ Հիսուս Քրիստոսը կուղղի բոլոր սխալ նոտաները և կփրկագնի մեզ, եթե մենք դառնանք դեպի Նա և օգնություն խնդրենք Նրանից։ Հիսուս Քրիստոսի ծննդյան, Քավության և մահվան շնորհիվ մենք բոլորս կարող ենք անուշ քուն ունենալ։1

Որքան ուրախ եմ, որ այս Սուրբ Ծննդյան տոներին կարող ենք երգել երգեր, որոնք յուրահատուկ ուղերձ ունեն աշխարհի Փրկչի կողմից՝ ուղղված վիրավոր սիրտ ունեցողներին։ Ես խոստանում եմ ձեզ նույնը, ինչ Քույր Վիթլին խոստացավ Երեխաների Միությանը։ Եթե դուք խորհեք բառերի շուրջ, որոնք կերգեք այս տոներին, դուք կգտնեք աստվածային ուղերձ, որն ուղղված է հենց ձեզ, որը կբարձրացնի և կմխիթարի ձեզ։ Ահա դրանցից մեկը, որ ես գտա Սուրբ Ծննդի այս տոներին։ Ես մտահոգվում էի բոլոր այն մարդկանց համար, ում հասանելի չեն մեր մարդասիրական օգնությունները և ինչպես են տարբեր երկրներ երբեմն բարդություններ առաջացնում մեզ համար հասնելու եղբայրներին և քույրերին, ովքեր տառապում են։ Ապա, հենց այս առավոտ, Սփոփող Միությունում ես ուշադրություն դարձրի երգին, որը մենք երգում էինք։

Օրհնիր բոլոր երեխաներին քո քնքուշ հոգատարությամբ,

Եվ օգնիր, որ գանք երկինք՝ ապրելու այնտեղ քեզ հետ։2

Ես վկայում եմ, որ Աստծո Որդին սիրում է լույսը․ Նա է լուսե սերը։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. «Լուռ գիշեր, սուրբ գիշեր», Օրհներգեր, հ․ 204։

  2. «Հեռու մսուրում», Օրհներգեր, հ. 206։

Տպել