Սեմինարիաների և ինստիտուտների հասանելիությունն ու ազդեցությունը
2024 թվականի հունիսի կրոնի ուսուցիչների համաժողով
Ուրախ եմ, որ կարող եմ ձեզ հետ կիսվել, թե ինչպես են սեմինարիաներն ու ինստիտուտներն ավելի շատ տարածվում և ավելի մեծ ազդեցություն թողնում և թե ինչ է կատարվում երիտասարդների հետ ամբողջ աշխարհում: Ձեզանից ոմանք գուցե տարբեր վայրերում տեսել կամ լսել են այս ցուցադրության տարբեր մասեր։ Բայց կարծում եմ, որ արժե տեսնել, թե ինչպես է պատկերն ամբողջանում, և թե ինչ է լինելու հաջորդիվ:
Ձեզանից նրանց համար, որոնք չեն աշխատում Ս&Ի-ում, հուսով եմ, որ այս տեղեկությունը հետաքրքիր կլինի և օգտակար կլինի նաև ձեզ համար:
Եկեղեցու կրթական համակարգում աշխատողներս անընդհատ մտածում ենք այն մասին, թե ինչպես կարող ենք զարգացնել հավատքը Փրկչի հանդեպ և ավելի լավ աջակցենք մեր ուսանողներին՝ ավետարանով ապրելու իրենց ջանքերում: Մոտ հինգ կամ վեց տարի առաջ մենք հասկացանք, որ ինստիտուտ ընդունվողների թիվը մի քանի տարի շարունակ նվազում էր, ինչը մեզ համար մեծ անհանգստության պատճառ էր: Նաև գիտակցում էինք, որ շատ երիտասարդ ամուրիներ բախվում են իրենց հավատքի հետ կապված դժվար մարտահրավերների, և, հետևաբար, մենք ցանկանում էինք օգնել, քանի որ գիտենք, որ ինստիտուտը կարող է նրանց համար անհրաժեշտ աջակցությունը ստանալու հիանալի միջոց լինել: Մենք ցանկանում էինք իմանալ, թե ուրիշ ինչ կարող էինք անել՝ ոչ միայն քաջալերելու նրանց մասնակցել, այլև իմանալու, թե ինչպես կարող ենք ավելի մեծ ազդեցություն ունենալ նրանց կյանքում: Մենք կարծում էինք, որ գուցե կարևոր էր մի ուղի գտնել՝ նրանց իսկապես լսելու, նրանց մարտահրավերները հասկանալու և պարզելու համար, թե ինչ կարող էր անել ինստիտուտը օգնելու համար: Այսպիսով, մենք ստեղծեցինք մի թիմ սեմինարիաների և ինստիտուտների ներսում, որը սկզբում մենք անվանեցինք Ինստիտուտի արդիականացման հանձնաժողով:
Այդ հանձնաժողովը նախ աշխատեց Correlation Research-ի հետ՝ Եկեղեցու չափահաս երիտասարդների վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու համար: Այնուհետև նրանք աշխատեցին BYU AdLab-ի հետ՝ տեսնելու, թե ինչ փոփոխություններ կարող ենք կատարել ինստիտուտում, որպեսզի օգնենք չափահաս երիտասարդներին հոգալ իրենց կարիքները:
Այս փորձառությունները շատ օգտակար էին, բայց մեզ մղեցին նաև ավելին անել՝ հնարավորություններ բացահայտելու, ինստիտուտի հասանելիությունը և մեր ազդեցությունն ավելի ընդլայնելու համար: Այսպիսով, մենք պայմանագիր կնքեցինք Bonneville Communications-ի հետ՝ ավելի մանրակրկիտ վերլուծություն կատարելու համար:
Նրանք կենտրոնացան ավելի քան 5000 չափահաս երիտասարդների խմբերի և հարցումների վրա, ներառյալ բազմաթիվ երիտասարդների, որոնք ներկայումս չեն մասնակցում ինստիտուտին կամ Եկեղեցուն: Հետազոտությունն իրականացվել է հինգ մայրցամաքներում և չափազանց արժեքավոր տեղեկություններ է տվել:
Չափահաս երիտասարդների պատմածի հիմքում ընկած էր այն, որ նրանք կամենում էին և կարիք ունեին չորս բանի․
Նրանք ցանկանում էին, որ ինստիտուտն ավելի համապատասխան լինի իրենց կարիքները բավարարելու և իրենց հարցերին պատասխանելու հարցում:
Նրանք ցանկանում էին պատկանելության զգացում ունենալ՝ պատկանելով մարդկանց մի խմբի, որն օգնում է իրենց ապրել ավետարանով, և պատկանել ինչ-որ գործի, զգալ, որ իրենք ինչ-որ կարևոր բանի մաս են հանդիսանում:
Նրանք խնդրեցին նաև, որ մենք ինստիտուտն ավելի հասանելի դարձնենք, որպեսզի իրենք կարողանան մասնակցել՝ չնայած զբաղված գրաֆիկին և իրենց ժամանակի և ուշադրության պահանջներին։
Ամենատարածված պատասխանն այն էր, որ ուզում էին զգալ իրենց Երկնային Հոր սերը և ավելի մոտ զգալ Փրկչին: Սա մենք պիտակեցինք որպես «դարձ դեպի Հիսուս Քրիստոսը»։ Երեց Գիլբերտն օգնեց մեզ հասկանալ, որ այս մեկն իր էությամբ տարբերվում էր մյուսներից:
Ինստիտուտի նպատակն է խորացնել դարձը առ Հիսուս Քրիստոս և Նրա վերականգնված ավետարանը: Մյուսները միջոցներ են՝ այդ նպատակին հասնելու համար։ Դրանք պետք է կապված լինեն դարձի նպատակին, այլապես դրանք երբեք իրականում երկարատև օգուտ չեն ունենա երիտասարդ ամուրիների համար: Մենք կարող ենք ստեղծել համապատասխանություն, որը չի հանգեցնում դարձի կամ ակումբի և սպորտային թիմին պատկանելության: Սակայն դա այն չէ, ինչին մենք ձգտում ենք: Մենք պետք է օգնենք նրանց տեսնել, թե ինչպես է ավետարանը պատասխանում իրենց հոգու հարցերին և օգնում առօրյա մարտահրավերներին: Եվ մենք պետք է ստեղծենք ուխտի պատկանելություն: Այն ամենը, ինչ մենք անում ենք, պետք է տանի դեպի դարձ:
Ուստի, կապվելով չափահաս երիտասարդների հետ և հարցրինք նրանց․ «Ինչպիսին պետք է լինի ինստիտուտը, որպեսզի ավելի արդիական լինի, ստեղծի պատկանելություն և ավելի մատչելի լինի այն ուղիներով, որոնք կխորացնեն դարձը»:
Արդյունքը եղավ վերջին չորս տարիների ընթացքում ընտրված ծրագրերում իրականացված մի քանի նախաձեռնությունների ստեղծումը։ Ահա մի քանի օրինակներ:
Ինստիտուտը ավելի արդիական դարձնելու համար մենք ստեղծեցինք սեմինարներ: Սեմինարները երկուսից հինգ շաբաթ տևողությամբ դասեր են, որոնք հիմնված են հատկապես չափահաս երիտասարդների կողմից բացահայտված կարիքների վրա: Այսպիսով, բացի կիսամյակային դասերից, նրանք կարող են գալ և ավելի կարճ ժամանակահատվածում ուղղակիորեն անդրադառնալ նրան, ինչ կա իրենց մտքում: Այս սեմինարները դեռևս հիմնված են ժամանակակից մարգարեների և Եկեղեցու այլ ղեկավարների սուրբ գրությունների և ուսմունքների վրա:
Մենք ավելացրել ենք նաև նոր դասեր: Օրինակ՝ մենք դասընթաց ստեղծեցինք երեց Անդերսոնի Ներման աստվածային պարգևը գրքի հիման վրա, որը նշանակալիորեն լավ ընդունվեց:
Մենք նաև երախտապարտ ենք երեց Ուխդորֆին, ով ներկայացրեց Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկը մեր բոլոր ուսուցիչներին: Այն հիմք ծառայեց մեր ամբողջ ուսուցման համար, ներառյալ, թե մեր դասերն ինչպես դարձնենք ավելի արդիական։
Պատկանելության զգացման մեծացմանն ուղղված ջանքերում մենք շեշտեցինք նախագահ Նելսոնի այն գաղափարը, որ ամեն անգամ, երբ դուք որևէ բան եք անում օգնելու որևէ մեկին գալ դեպի Հիսուս Քրիստոսը և ուխտեր կապել, դուք հավաքում եք Իսրայելը: Շնորհակալություն, որ տարածում եք այդ հրավերը և քաջալերում ամեն մի հնարավոր ուսանողի:
Ուղղակի օրինակի համար՝ անցյալ տարի միայն Կենտրոնական Ամերիկայում մեր ուսուցիչներն անհատապես հրավիրել էին ավելի քան 25000 երիտասարդների և չափահաս երիտասարդների հաճախել դասերին։ Մենք նաև խնդրեցինք մեր ուսանողներին հրավիրել իրենց ընկերներին: Արդյունքում եղան ավելի քան 30000 ընկերներ այլ հավատքներից, որոնք հաճախեցին, որն էլ հանգեցրեց ավելի քան 9000 մկրտության: Չնայած մեր կատարած բոլոր փոփոխություններին, ես կարծում եմ, որ ամենամեծ պատճառը, որ սեմինարիաների և ինստիտուտների գրանցումները մեծացել են, այն է, որ ձեզնից շատերն են որդեգրել նախագահ Նելսոնի տեսլականը՝ հավաքելու երիտասարդների և չափահաս երիտասարդների մի սերունդ: Շնորհակալություն հավաքողի սիրտ ունենալու և շատ երիտասարդների Հիսուս Քրիստոսի մոտ բերելու համար: Որքան շատ համահունչ լինենք մարգարեական տեսլականին, այնքան ավելի մեծ ուժ կունենանք այս աշխատանքում:
Մենք արել ենք այլ բաներ, ինչպիսիք են՝ դասասենյակների վերանորոգումը և ուսանողների կարիքները բավարարելու շեշտադրումը, այլ ոչ թե պարզապես նյութի հաղորդումը: Մենք նույնիսկ ավելի շատ խոսելու հնարավորություն ենք տվել ուսանողներին այն մասին, թե մեր ուսումնական ծրագրի որ մասերին են ցանկանում ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ հատկացնել:
Ինչ վերաբերում է մատչելիությանը, ապա հիմնական փոփոխությունը առցանց ինստիտուտն է։ Տարեկան առցանց գրանցումներն ավելացել են և հասել ավելի քան 25000-ի՝ երկու տարի առաջ ունեցած 9000-ի համեմատ: Դա հիմնականում պայմանավորված է BYU–Pathway Worldwide-ի հետ մեր համագործակցությամբ և կլինի մեր շարունակական աճի հիմնական պատճառը ապագայում:
Մենք նաև ավելի շատ ճկունություն ենք հանդես բերել դասաժամերի և վայրերի հարցում, որպեսզի հեշտացնենք ուսանողների հաճախումը:
Մենք միջոցառումներ և այլ ռեսուրսներ ենք ներգրավվել ինստիտուտի շենքերում, ինչը ավելի շատ եռանդ, ոգևորություն է առաջ բերել և լրացուցիչ երիտասարդներ են հաճախում՝ ինստիտուտին մասնակցելու համար: Մենք նաև համագործակցում ենք Եկեղեցու միավորների հետ՝ նոր հաստատված հավաքման վայրերում ինստիտուտ անցկացնելու համար:
Ավելի շատ ուսանողների մասնակցությունը խրախուսելու համար նախագահ Նելսոնը ստեղծեց տեսահրավեր: Մենք նաև նկարահանեցինք ուսանողների մեկնաբանությունները իրենց ինստիտուտի փորձառության վերաբերյալ: Տեսաֆիլմն անվանել ենք «Ես սիրում եմ ինստիտուտը»: Այս հատվածը համատեղում է երկու տեսանյութը:
[տեսանյութ]
Քոֆի. Կարծում եմ, որ ինստիտուտն իրականում օգնել է ինձ իսկապես ճանաչել իմ Փրկչին և ոչ միայն ճանաչել Նրան, այլև սովորել Նրա մասին, և իմանալ, թե ինչը կարող եմ փոխել իմ կյանքում, որպեսզի դառնամ Նրա նման:
Լիլի. Ես սիրում եմ ինստիտուտը, քանի որ սիրում եմ Հիսուս Քրիստոսին, և այնտեղ ես միշտ կարող եմ խոսել Նրա մասին: Եվ խոսելով Հիսուս Քրիստոսի մասին՝ զորություն ենք զգում։ Եվ զգում եմ այդ զորությունը իմ կյանքում։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն Սիրելի եղբայրներ և քույրեր, ես սիրում եմ ձեզ: Ես մտածում եմ ձեր մասին և հաճախ եմ աղոթում ձեզ համար։ Դուք ապրում եք այնպիսի դարաշրջանում, որը նման չէ որևէ այլ դրաշրջանի։ Դուք այն տարիքում եք, երբ կարևոր որոշումներ եք կայացնում․ որոշումներ, որոնք կազդեն ձեր մահկանացու և հավերժական կյանքի ընթացքի վրա։ Այդ որոշումների կայացումը երբեմն կարող է դժվար կամ նույնիսկ վախեցնող թվալ, բայց դա նաև ոգևորող է, քանի որ մենք ապրում ենք մի կարևոր ժամանակաշրջանում։
Կարո՞ղ եմ առաջարկել ձեզ անել մի բան, որը կօգնի ձեզ այնպես, որ քիչ այլ բաներ կարող են օգնել. հաճախեք ինստիտուտ: Ես մինչ այժմ ականատես եմ եղել, թե ինչպես են իմ երեխաները, թոռները և շատ ծոռներ հաճախում ինստիտուտ։ Ինստիտուտ հաճախելը փոխել է նրանց կյանքը։ Ինստիտուտն օգնել է նրանց և կօգնի ձեզ խորացնել ձեր դարձը դեպի Հիսուս Քրիստոսը։ Ինստիտուտ հաճախելը կօգնի ձեզ ավելի շատ զգալ Երկնային Հոր մեծ սերը ձեր հանդեպ։
Ինստիտուտը ձեզ կառաջարկի ոգեշնչող ուսուցիչներ, հավատարիմ ընկերներ և պատկանելության զգացում։ Դա կօգնի ձեզ հասկանալ, թե ինչու է ավետարանով ապրելը տանում դեպի երբեք չավարտվող երջանկություն։ Ինստիտուտ հաճախելը կօգնի ձեզ ապրել ավետարանով և ավելի շատ ուրախություն զգալ ներկայում։
Եթե ցանկանում եք իմանալ ճշմարտությունն այն մասին, թե ով եք դուք իրականում, այցելեք ինստիտուտ։ Եթե ցանկանում եք իմանալ կյանքի նպատակը, այցելեք ինստիտուտ։ Եթե ցանկանում եք մնալ ուխտի ուղու վրա, այցելեք ինստիտուտ։ Եթե ցանկանում եք սովորել, թե ինչպես թույլ տալ, որ Աստված տնօրինի ձեր կյանքը, հաճախեք ինստիտուտ։ Եթե ցանկանում եք լինել խաղաղարար, հաճախեք ինստիտուտ։
Ես խոստանում եմ ձեզ այս օրհնությունները և իմ սերն եմ հայտնում ձեզ, Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն։
[Տեսանյութի ավարտ]
Այդ տեսաֆիլմերը տեղադրված են Եկեղեցու կայքում: Դրանք օգտագործվել են սոցիալական ցանցերում, դասարաններում, քահանայության ղեկավարների հետ, և ձեզանից շատերն օգտագործել են դրանք ԵԱ-ի հոգևոր հավաքների ժամանակ: Շնորհակալություն այս նյութերի միջոցով մարգարեի հրավերներն ու խոստումները տարածելու համար:
Ինձ դուր է գալիս ուսանողների տեսանյութերը: Նրանց խոսքերը գրված չեն, և նրանցից շատերը խոսեցին, թե ինչպես են դասերն օգնում նրանց ճանաչել Փրկչին և հետևել Նրան: Այսպիսով, շնորհակալություն ձեր ծառայության համար։ Ինձ դուր են գալիս նրանց վկայությունները։ Եվ, իհարկե, մենք շատ երախտապարտ ենք նախագահ Նելսոնին իր ուղերձի համար, որն իսկապես հուզել է մի շարք չափահաս երիտասարդների։
Երբ ես Սան Դիեգոյում էի երեց Սթիվենսոնի հետ, մի երիտասարդ աղջիկ մոտեցավ ինձ հոգևոր հավաքից հետո և ասաց, որ ավարտականից հետո կարծում եր, թե ավարտել էր ինստիտուտի դասերը: Բայց մարգարեի այդ խոստումները լսելուց հետո, նա անմիջապես նորից գրանցվեցին դասի համար, և դա մի հսկայական օրհնություն էր նրա համար:
Այս բոլոր ջանքերի և ոչ միայն դրանց արդյունքն այն է, որ ինստիտուտն աճում է։
Հինգ տարվա նվազումից հետո մենք վերջին երկու տարում ավելացրել ենք 57000 լրացուցիչ ուսանող: Դա 20 տոկոս աճ է, և մենք նաև գիտենք, որ կան մեծ թվով հաճախող ուսանողներ, որոնք պաշտոնապես չեն գրանցվել: Դա ամենամեծ թիվն է վերջին ութ տարիների ընթացքում, և մենք ոգևորված ենք՝ տեսնելով իրար հաջորդող տարիների աճ:
Գրանցման աճը այդ պատմության ուղղակի մի մասն է: Ճամփորդելիս ամենուրեք լսում եմ պատմություններ մարդկանց կյանքի փոփոխության մասին: Երբ երիտասարդները սկսում են սուրբ գրությունները լուրջ ուսումնասիրել, նրանք օրհնվում են և ստանում ոգեշնչում և հույս: Եվ դա տեղի է ունենում մեր դասարաններում ամեն օր:
Ի հավելումն այս տարեկան գրանցումների` մենք գիտենք, որ ակտիվ երիտասարդ ամուրիների մոտ 95 տոկոսը ինչ-որ պահի հաճախում է ինստիտուտ` որպես չափահաս երիտասարդ, մեծամասնությունը 18-ից 24 տարեկանում: Բայց մենք չենք բավարարվում սրանով, մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք` օգնության հասնելով բոլորին (ակտիվ և ոչ ակտիվ) չափահաս երիտասարդներին: Այսպիսով, հույս կա, որ տոկոսը ավելի բարձր կլինի, քան ակտիվ երիտասարդների 100 տոկոսը, քանի որ ինստիտուտը կարող է հասնել եկեղեցու բոլոր մասնակից ԵԱ-ներին և չմասնակցողներից շատերին` օգնելու նրանց վերադառնալ ակտիվության:
Այս տարի մենք պատրաստվում ենք ավելացնել ևս 20,000 ինստիտուտի ուսանող: Դա նշանակում է, որ մենք կավելացնենք ավելի քան 77,000 ինստիտուտի ուսանող վերջին երեք տարիների ընթացքում, ավելի քան 100,000-ը սեմինարիայում և ինստիտուտում միասին վերցրած: Թույլ տվեք կրկնել։ Ավելի քան 100,000 լրացուցիչ ուսանող երեք տարվա ընթացքում՝ ձեր ջանքերի շնորհիվ:
Դա նշանակում է, որ ևս 100․000 մարդ հնարավորություն կունենա տեսնելու ավետարանի արդիականությունը իր կյանքում, զգալու պատկանելիության զգացում և խորացնելու իր դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը: Շնորհակալություն:
Այսպիսով, ի՞նչ է սպասվում ինստիտուտին հաջորդ քայլում։
Մենք միշտ պետք է կենտրոնանանք մեր սեմինարիաների և ինստիտուտների նպատակների վրա և համահունչ լինենք դրանց: Մենք պարզապես նորարարություն չենք անում հանուն նորարարության: Մենք նորարարություն ենք անում՝ ընդլայնելու մեր հասանելիությունը և մեծացնելու մեր ազդեցությունը:
Դա անելու համար մենք տրամադրում ենք լրացուցիչ ուղեցույց և գործընթաց ապագա նորարարության համար: Այս գործընթացի առաջին քայլը լսելն է՝ օգնելով երիտասարդներին զգալ սիրված և լսված: Ձգտեք հասկանալ նրանց կարիքները: Հրավիրեք նրանց գործընթացի մասը կազմել:
Ապա միասին խորհրդակցեք և ուսումնասիրեք հնարավոր լուծումները՝ հաշվի առնելով քաղաքականությունը և առկա ռեսուրսները:
Այնուհետև փնտրեք հաստատում այդ լուծումներն իրականացնելու և արդյունքները չափելու, արդյունքները արդյունավետության համար գնահատելու և լսարանին կրկին լսելու համար:
Այս շարունակական և կրկնվող գործընթացի ընթացքում սերտորեն աշխատեք ձեր տարածաշրջանի կամ տարածքի տնօրենի հետ: Նրանք իմաստալից առաջնորդություն և ցուցումներ կտան:
Ինչպես վերջերս ասաց երեց Նիլ Լ. Անդերսենը.
«Մենք բոլորս նորարարներ ենք: Պարզապես խնդիրը այդ ոգին պահելն է մեր մտքում և գիտակցելը, որ այս Եկեղեցին նորարարական եկեղեցի է: Մենք ենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, այնպես որ այդ սկզբունքներն այնքան հին են, որքան հավերժությունն է: Բայց մենք նորարարական ենք, որովհետև մենք միշտ հարմարեցնում ենք, մենք միշտ աճում ենք, մենք միշտ ինչ-որ բան մի փոքր ավելի լավ ենք անում: Բայց միևնույն ժամանակ ես ակնկալում եմ, որ մենք լավ հետևորդներ ենք։ Ամեն մարդ նորարար է»։
Ինձ դուր է գալիս, թե ինչպես է երեց Անդերսենը ուսուցանում։ Որոշ բաներ երբեք չեն փոխվի, ինչպես ավետարանի հավերժական սկզբունքները։ Բայց մենք հարմարեցնում ենք Եկեղեցու ծրագրերը, որպեսզի ավելի լավ բավարարեն նրա անդամների կարիքները:
Ամեն ինչի առանցքում մենք միշտ Սուրբ Հոգու միջոցով կուսուցանենք Հիսուս Քրիստոսի ավետարանը այնպես, ինչպես կարդում ենք Աստծո խոսքում։
Փորձելով դա անել ուսանողակենտրոն ձևով, մենք խրախուսում ենք ձեզ լինել այս գործընթացի մի մասը՝ լսելով և պատասխանելով ուսանողներին:
Եվ հիշեք, այն ամենը, ինչ մենք անում ենք ինստիտուտը արդիականացնելու համար, պետք է համահունչ լինի նպատակի հետ և օգնի չափահաս երիտասարդներին խորացնել իրենց դարձը առ Հիսուս Քրիստոսը:
Ուրեմն, ի՞նչ կասեք սեմինարի մասին: Ինչպես նշեցի, սեմինարիան նույնպես աճ է ունեցել։ Աճն այնքան կտրուկ չէ՝ ինչպես ինստուտի դեպքում, բայց սեմինարիայում մենք աճել ենք 5 տոկոսով վերջին երկու տարիների ընթացքում: Սա զգալի առաջընթաց է, քանի որ չնայած 2018 թվականից ի վեր սեմինարիայի ներուժը նվազել է 50000 ուսանողով, սակայն մենք աճում ենք։ Այս տարի մենք հասանք 54,4 տոկոսի սեմինարիայի հնարավոր ընդգրկվածության։ Ամենաբարձր տոկոսը, որ մենք երբևէ ունեցել ենք, իսկ այն հինգ տարի առաջվա 49 տոկոսից է բարձրացել: Այս տարի մենք հետևում ենք, որ այդ տոկոսը նորից հասցնենք 56 տոկոսի և ավելացնենք ևս 3000 ուսանող:
Մենք ոգևորված ենք այդ թվերով։ Մենք Եկեղեցու գրասենյակի շենքում ունեինք մի բաժնի տնօրեն, ով, երբ իր թիմին ինչ-որ բան էր հաջողվում, պարզապես բղավում էր. «Պաղպաղակ բոլորի համար: Ես ուզում եմ դա ասել ամբողջ աշխարհին»: Այս ամբողջ ուշագրավ աշխատանքը, որը դուք արել եք՝ ավելացնելու գրանցումները և ձեր ունեցած ազդեցությունը․ գնացեք պաղպաղակ վերցրեք, խնդրում եմ: Եվ տոնե՜ք։ Այս ամենը հրաշալի է։ Շնորհակալություն։ Այնուամենայնիվ, երջանիկ, բայց ոչ բավարարված լինելու ոգով մենք շարունակում ենք ինքներս մեզ հարցնել. «Ավելին ի՞նչ կարող ենք անել սեմինարիայի երիտասարդներին օրհնելու համար»:
Մի քանի տարի առաջ ես կիսվել էի, որ լավագույն բանը, որ մենք կարող ենք անել սեմինարիան նորարարական դարձնելու համար, դա շարունակելն է Վարդապետության սերտումը: Որքան շատ մենք կարողանանք ներառել Վարդապետության սերտումը նախատեսված ձևով, այնքան ավելի շատ այն կօրհնի Եկեղեցու երիտասարդությանը: Վարդապետության սերտումը մեր սեմինարիայի ուսանողներին կհրավիրի դարձի, համապատասխանության և պատկանելության խորացված փորձառությունների:
Այդ ժամանակից ի վեր մենք ներառել ենք ևս մեկ նշանակալից նախաձեռնություն. 2025 թվականից սկսած մենք կներկայացնենք կյանքի նախապատրաստությա դասեր ամբողջ աշխարհում՝ ի պատասխան մեր երիտասարդների և ղեկավարների բացահայտած ընթացիկ կարիքներին:
Այս ոգեշնչված դասերն անդրադառնում են այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ միսիոներական և տաճարային պատրաստությունը, կրթությունը, ֆիզիկական և էմոցիոնալ առողջությունը, ժամանակակից մարգարեների ուսմունքները և այլն: Դասերը կհամալրվեն մեր շարունակական հաջորդական սուրբ գրությունների ուսուցումով և Վարդապետության սերտման ջանքերով:
Երիտասարդների հետ խոսելիս մեր հանձնակատարը՝ երեց Քլարկ Գ. Գիլբերտը, ասել է. «Կյանքի նախապատտրաստության այս դասերը նախատեսված են` օգնելու ձեզ ամրապնդել ձեր կապը Աստծո հետ և ստանալու Նրա օգնությունը»։
Ապա նա մեջբերում է նախագահ Նելսոնին․ «Նա խոստացել է, որ սեմինարիա հաճախելով, [երիտասարդները] կստանան [իրենց] ամենադժվար հարցերի պատասխանները։ [Նրանք] կգտնեն ընկերներ, որոնց [նրանք] կարող են վստահել։ [Նրանք] կդառնան Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտ»։
Այսպիսով, եթե դուք մտածում եք սեմինարիան նորարար դարձնելու մասին, այժմ եկեք կենտրոնանանք սուրբ գրությունները հաջորդաբար զորավոր կերպով ուսուցանելու, Վարդապետության սերտումը լիովին կիրառելու և կյանքի նախապատրաստության դասերը արդյունավետորեն ուսուցանելու վրա: Իմ կարծիքով այդպես մենք լավագույնս կբավարարենք Եկեղեցու երիտասարդների կարիքները այս պահին:
Շնորհակալ եմ այն ամենի համար, որ դուք անում եք` աջակցելու երիտասարդներին և չափահաս երիտասարդներին ամենուրեք: Ձեր ջանքերը մեծացնում և ամրապնդում են սեմինարիաների և ինստիտուտների ազդեցությունը նշանակալի ձևերով:
Ես շատ ոգևորված եմ վերջին մի քանի տարիների ընթացքում մեր դասարաններում 100,000 հավելյալ ուսանողների աճով, և արդիականության, պատկանելության և մատչելիության աճով, որը հանգեցնում է Հիսուս Քրիստոսի հանդեպ նրանց դարձին:
Եկեք այս նույն թափով շարունակենք գալիք տարիներին՝ օրհնելով մեր Երկնային Հոր ավելի ու ավելի շատ զավակների:
Ես վկայում եմ, որ Տերն արագացնում է Իր աշխատանքը: Ինչպիսի՜ արտոնություն է դրա մի մասը լինելը։ Եվ ես վկայում եմ, որ Հիսուսը Քրիստոսն է՝ աշխարհի Փրկիչը. որ Երկնային Հայրը կատարյալ ծրագիր ունի Իր զավակների համար. որ Հիսուս Քրիստոսը կենտրոնական կերպարն է Երկնային Հոր զավակներին փրկելու և վեհացնելու այդ կատարյալ ծրագրի մեջ: Սա Նրա թագավորությունն է երկրի վրա, և արտոնություն է դրա մի մասը կազմել։ Արտոնություն է մեր ողջ կյանքում Հիսուս Քրիստոսի մասին վկայություն բերելը։ Ես շատ երախտապարտ եմ, որ դրա մի մասնիկն եմ և կարող եմ վկայել երկրի վրա Հիսուս Քրիստոսի, Նրա ճշմարիտ Եկեղեցու, կենդանի մարգարեների, Մորմոնի Գրքի, բոլոր օրհնությունների մասին, որոնք մեզ տրվել են երկրի վրա Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի շնորհիվ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: